Wednesday, May 15, 2013

Հատվածներ «Վիճակախաղ» վեպից


Խուլիո Կորտասար
(1914-1984թթ. Արգենտինա)

Վիճակախաղ
(Վեպ)
իսպաներենից թարգմանեց Հովհաննես Գրիգորյանը

«Սովետական գրող» հրատարակչություն
Երևան, 1983թ.



Յուրաքանչյուր գործի, փաստի վրա պետք է գրոհել տարբեր կողմերից: Մարդիկ գրեթե միշտ ընտրում են մի կողմը և այդ պատճառով հասնում են կիսատ- պռատ արդյունքների…

Ես նախընտրում եմ push-pull-ը…որոշ առարկաներ կարծես թե ընկած են մեր ճանապարհի վրա և հարկավոր է դրանք տեղաշարժել տեսադաշտը բացելու համար: Իսկ ոմանց էլ հարկավոր է բռնել ձեռքերից և ձգել: Դալին խելքը գլխին տղա է, հասկանում է , թե ինչ է անում (գուցե չի էլ հասկանում, բայց ինչ տարբերություն), երբ մարդ է նկարում կազմված բազմաթիվ դարակներից: Իմ կարծիքով շատ երևույթների վրա բռնակներ կան: Ուշադրություն դարձրեք ապա բանաստեղծական պատկերների վրա: Հեռվից նայելի այնպես է թվում, թե ամեն ինչ պարզ է ու մատչելի, բայց այնպես խոր իմաստներ են մնում քողարկված: Դուք բավարարվու՞մ եք միայն մակերեսային հատկանիշներով: Ոչ սենյոր: Հարկավոր է ձգել բռնակը և տեսնել, թե ինչ կա դարակի ներսում: Ձգել այսինքն տիրապետել, յուրացնել և դուրս գալ սովորական շրջանակներից:

…Այստեղ օրինակ բոլոր տարրերը բերնեբերան լցված են իմաստով: Ամեն մի սեղան, ամեն մի փողկապ: Այս զարհուրելի խառնաշփոթության մեջ ես նշմարում եմ կարգ ու կանոնի տարրերը: Եվ հարց եմ տալիս` ինչ է լինելու սրա վերջը: Զվարճալին միշտ էլ տեսանելի է, բայց չարժե խորանալ վերլուծության մեջ, այլապես կհայտնաբերեք էության այլանդակությունը: Ի դեպ, զվարճության դեմ ես ոչինչ չունեմ, բայց ամեն անգամ նախքան զվարճությունը, ես փակում եմ լաբարատորիան, թափում եմ թթվուտներն ու մոխրաջրերը: Այսինքն ես զիջում եմ, ենթարկվում եմ պայմանականություններին: Դուք լավ գիտեք, թե որքան դրամատիկ է հումորը: Յուրաքանչյուր զվարճություն մեր խիղճը ծածկում է դիմակի նման, որն հետո ասես կենդանանալով փոխարինում է իսկական դեմքին: Մարդն ի՞նչու է ծիծաղում: Թերևս , բացի հենց ծիծաղից նա ծիծաղի էլ ուրիշ առարկա չունի: Ուշադրություն դարձրու և կհամոզվես, որ այն երեխաները, որոնք շատ են ծիծաղում, հետո անվերջ լալիս են…

…Բոլոր բաժանումներն էլ տխուր են, որովհետև ոմանք գնում են, մյուսները մնում, և քանի դեռ առողջությունները կների, ճամփորդությունները միշտ էլ ոմնաց ուրախություն են պատճառելու, ոմանց էլ վիշտ: Լավ չի դասավորված աշխարհը: Նույն բանը հա կրկնվում է` մեկին ամեն ինչ, մյուսին` ոչինչ:

…Ներկայից անկրկնելի համ առնելու պատճառը, թերևս լոկ այն է, որ այն համեմված է ապագայի համեմունքով: Սակայն կծու համեմունքները բոլորի քիմքին չէ, որ դուրս են գալիս:

…Ինչն է մեզ մերձեցնում առարկային, ինչն է մեզ մղում և ուղղում դեպի այն : Առեղծվածը` առարկայի հակառակ երեսը, որը և ստիպել է նրան, հենց սիտպել է, ոչ թե «հանգեցրել», դառնալ այնպիսն, ինչպիսն որ այն կա: Հանս Արպի նկարների ցուցասրահով անցնելիս, պատմաբանը ի վիճակի չէ շրջելու այդ նկարները, նա ստիպված է դրանք սրահի երկու պատերին միայն երեսանց դիտել, կարծես թե հանս Արպի նկարները ընդամենը պաստառներ են պատերից կախված: Զամայի մեձակայքում տեղի ունեցած ճակատամարտի պատճառները քաջ հայտնի են պատմաբանին, անտարակույս հայտնի են, բայց նրան հայտնի այդ պատճառները, ընդամենը, հանս Արպի մեկ այլ կտավներն են այլ պատկերասրահներում կախված և այդ պատճառների պատճառները, կամ էլ այդ պատճառների պատճառական հետևանքները ցանկացած որևէ պատկերասրահում ցուցադրվող Հանս Արպի կտավների նման հրաշալիորեն լուսավորված են երեսի կողմից: Եվ ահա այն, ինչը մեզ մերձեցնում է առարկային, այսինքն առարկայի հակառակ երեսը, կանաչ լինի այն, թե փափուկ, հետևանքների և պատճառների հակառակ երեսները կկարողանան այս անգամ մեկ այլ հայացքով կամ շոշափելիքով պատկերասրահում, որը հրաշալիորեն լուսավորված է, զգուշորեն վերցնել վարդագույն և կամ երկանգույն քողը երեսի, տարեթվի և իրավիճակի վրայից և համբերության ցուցափայտով առաջնորդել մեծ պոեզիայի անցուղիներով:

…Յուրաքանչյուր խենթության հմայքը կայանում է նրանում, որ այն միշտ էլ տխուր ավարտ է ունենում:

…Ինչ-որ նոր բան ձեռնարկելիս մենք աննկատ կորուստներ ենք տալիս, որպեսզի առնչվնեք գրեթե միշտ էլ առեղծվածային մի մեխանիզմի, հազարոտնուկի, որ և վերածվում ենք, տեխնիկական բառապաշարով արտահայտված, շղթայի մի օղակի և բանեցրած գազի մի ծվենի:

…Ինձ թվում է, թե առանց ձեր այդ կորուստ կոչեցյալի էլ, մենք առանձնապես մի բան չենք ներկայացնում: Չափազանց հլու հնազանդ ենք ճակատագրին: Այո, ճգնավորի ենք նման, կամ էլ, լավագույն դեպքում, կեղծ բարեպաշտի ծտի բույնները գլխներիս դրած:

…Ինչու սարդոստայնը կամ Պիկասոյի կտավը չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին, որ են, այսինքն ինչու կտավը չի կարող բացատրություն տալ սարդոստայնին, իսկ սարդը չի կարող բնորոշել կտավի էությունը: Ի՞նչ է նշանակում լինել այնպիսին, ինչպիսին որ կաս: Այն ինչ երևում է կավճի ամենամանրագույն մասնիկում, կախված կլինի պատուհանից այն կողմ լողացող ամպից և կամ էլ դիորդի հույսից: Դիտարկելիս առարկաները մեծ կշիռ են ձեռք բերում, ութին գումարած ութ անում է տասնվեց և գումարած նա, ով հաշվում է: Ուրեմն, լինել այնպիսին, ինչպիսն կաս, նշանակում է չլինել այդպիսին, այլ ընդմաենը այսքան արժենալ, այսքան խոստանալ և նույնքան էլ խաբել:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic