Tuesday, February 3, 2015

100 տարվա լռության 《սպին》` թուրք ռեժիսորի ֆիլմում

0 comments
Երեւանում է գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, ով երեկ հայ հանդիսատեսին ներկայացրեց Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված իր վերջին` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» դրաման: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915-1923 թթ. ժամանակահատվածում: Գլխավոր հերոսը դարբին Նազարեթ Մանուկյանն է, ով ցեղասպանության օրերին` 1915թ., կորցնում է ընտանիքը եւ միայն տարիներ անց Հալեպում իր աշակերտ Լեւոնից պատահաբար իմանում, որ իր երկվորյակ դուստրերը փրկվել են: Այստեղից էլ սկսվում է զավակներին որոնելու Նազարեթի երկարուձիգ ճանապարհը:

Աքինը ֆիլմի ամենասկզբում՝ տիտրերում, մի քանի տողով, Առաջին համաշխարհային պատերազմի ֆոնին ներկայացնում է իրավիճակը տարածաշրջանում եւ ընդամենը: Կոտորածների, գաղթի ծավալների մասին օտար` ոչ հայ հանդիսատեսը կարող է հասկանալ ֆիլմում ժամանակագրությունների, տեղանքների փոփոխություններից, բացառությամբ անապատում մի քանի տեսարանների, որտեղ ուղիղ բախվում ես ցեղասպանության փաստին: Ու թեեւ ֆիլմում ժամանակ է անցնում, տարի է փոխվում, բայց անապատում կյանքի ու մահվան հետ կռիվ տվող հայերի համար անորոշությունը կարծես շարունակվում է, նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, անգամ այն ժամանակ, երբ անապատում տեսնում են Խարբերդից գաղթող կանանց ու երեխաների խումբը: Կատարվածը նրանք հասկանում են միայն այն ժամանակ, երբ թուրք զինվորականների դանակը մոտենում է իրենց կոկորդին: Ահա այնտեղ, որտեղ սպասում ես, որ Նազարեթը պիտի բղավի, աղաղակի կատարվածի մասին, նա, թուրքի դանակի հարվածից ընկած, զրկվում է ձայնից ու համրանում` դառնալով ցեղասպանության լուռ վկան: Աքինը, ի դեմս թուրք զինվորի, մի կողմից փրկում է հայ դարբնին, մյուս կողմից էլ՝ զրկում ձայնից:

Հասկանալի պատճառներով, թուրք ռեժիսորը, ինչպես որ հայ հանդիսատեսը կուզեր տեսնել, չի խորանում եւ ավել ինֆորմացիայով, մեղմ ասած, չի «ծանրացնում» ֆիլմը, նա ընդամենը ցույց է տալիս ցեղասպանության հետեւանքով մարդկային ցավի, կորստի ճանապարհը եւ փորձում ապրումակցել: Շատ է, թե քիչ 100 տարի անց տեսնել այդ ապրումակցումը, դժվար է ասել, բայց մի բան ակնհայտ է. ֆիլմում շատ սիմվոլիկ ձեւով` գուցե անգիտակցաբար, թուրք ռեժիսորը համրացած Նազարեթի կերպարում ցույց է տվել սեփական երկրի եւ ամբողջ աշխարհի կողմից 100 տարվա լռության մատնված հայ ժողովրդի վիճակը:

Ֆիլմի դիտումին հաջորդեց նաեւ մամլո ասուլիս՝ ռեժիսորի, սցենարի համահեղինակ Մարտիկ Մարդինի, դերասանուհի Արեւիկ Մարտիրոսյանի, ֆիլմի համապրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանի եւ Արամ Մովսեսյանի մասնակցությամբ: Հետաքրքիր էր հատկապես լսել հենց Ֆաթիհ Աքինի մեկնաբանությունը Նազարեթի լռության մասին: Ռեժիսորը նշեց, որ ֆիլմը նկարելիս 100 տարվա լռության խորհուրդը գիտակցաբար չի դրել իր հերոսի կերպարում, բայց ֆիլմը դիտելուց հետո շատ հայեր են նրան դրա մասին ասել: Դրանից հետո նա հասկացել է, թե ինչքան համր է հայերի ձայնն աշխարհի եւ Թուրքիայի համար: Թուրք ռեժիսորն առաջին անգամ Հայաստան է այցելել 2010-ին` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Ըստ ռեժիսորի, դեռ այն ժամանակ ինքն իրեն խոստացել է, որ կրկին կայցելի Հայաստան, բայց արդեն ցեղասպանությանը նվիրված ֆիլմով. «Այն ժամանակ, երբ եկա Հայաստան, Հայկ Դեմոյանի հետ այցելեցի Ծիծեռնակաբերդ ու մտքումս խոստացա կրկին այցելել այստեղ` արդեն իսկ պատրաստ ֆիլմով:

Ֆիլմ նկարելու գաղափարն ունեի, եւ Հայաստան այցը, կարծես, ֆիլմիս առաջին անկյունաքարը լիներ»: Ֆիլմի հետ կապված՝ Աքինն ասում է, որ մի քանի բանալի կա, հիմնական շարժիչ ուժն էլ իր համար այն էր, որ իր ծնողները սերում են մի երկրից, որտեղ խոսքի ազատության սահմանափակումներ կան: Նա նկատեց, որ թեպետ թուրք հասարակության մեջ փոփոխություններ կան, բայց հիմա էլ հեշտ չէ «ցեղասպանություն» բառն արտասանելը, բայցեւայնպես, հավատում է խոսքի ազատությանը եւ հույս ունի, որ ֆիլմը կնպաստի դրան. «Իմ նպատակն էր ցույց տալ, որ Թուրքիայում կա այս հարցի շուրջ քաղաքացիական շարժում, եւ որի մասն եմ ես ինձ զգում»:

Թուրք ռեժիսորը ֆիլմի գլխավոր ձեռքբերումներից մեկը համարում է այն, որ ֆիլմն այսօր վարձույթ է դուրս եկել Թուրքիայում եւ ցուցադրվում է բոլոր կինոթատրոններում: Նա նաեւ ընդգծում է` իր համար կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ ֆիլմի դիտումից հետո շատ թուրք երիտասարդներ զարմացած բարձրաձայնել են, որ չգիտեին Հայոց ցեղասպանության մասին, եւ թե ինչ է կատարվել 1915-ին:

Ֆիլմում դերերով հանդես են եկել Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Արեւիկ Մարտիրոսյանը, Ակին Գազին, իսկ գլխավոր հերոսին մարմնավորել է ֆրանսիացի (ծագումով ալժիրցի) դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օդիարի «Մարգարեն» ֆիլմում: 15,5 մլն եվրո բյուջեով եւ 138 րոպե տեւողությամբ «Սպի» ֆիլմի նկարահանումներն սկսվել են դեռ 2013-ին եւ իրականացվել մի շարք երկրներում` Հորդանան, Գերմանիա, Կուբա, Մալթա: Աքինն ասում է` շատ երկրներում ֆիլմի նկարահանումների ժամանակ զարմացել է, որ շատերը չգիտեն Հայոց ցեղասպանության մասին: Մինչդեռ ֆիլմի վրա աշխատելիս, երբ շուրջ հինգ տարի, իր իսկ խոսքով, «քնում-զարթնում» էր Հայոց ցեղասպանության հետ, կարծել է, թե աշխարհը վաղուց գիտի դրա մասին:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Աղբյուրը` hraparak.am 
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic