Tuesday, October 7, 2014

Դորիս Լեսինգ/ Կախարդանքը ծախու բան չէ


Ֆարքուարները երկար ժամանակ երեխաներ չէին ունենում, երբ վերջապես ծնվեց փոքրիկ Թեդին: Եվ նրանք հուզվում էին՝ տեսնելով, թե ինչ ուրախությամբ էին ագարակի աշխատողները գալիս հիանալու նորածնով. նվերներ էին բերում, թռչուն, հավկիթ, ծաղիկներ և հրճվանքով հիանում փոքրիկի փափուկ ոսկեգույն մազիկներով ու երկնագույն աչքերով: Նրանք այնպես էին շնորհավորում տիկին Ֆարքուարին, ասես նա ինչ-որ հերոսություն էր արել, իսկ նա, իսկապես, իրեն հերոսուհի էր զգում, շնորհակալ ժպիտով զննում հիացածներին:
Հետո, երբ Թեդիի մազերն առաջին անգամ կտրեցին, Գեդեոնը՝ խոհարարը, գետնից վերցրեց փափուկ ոսկե խոպոպները և ակնածանքով պահեց ձեռքում: Ապա ժպտաց փոքրիկ տղային և ասաց.
- Ոսկեհեր փոքրիկ:
Այդ ժամանակից ի վեր բնիկներն այդպես էլ անվանեցին տղային: Գեդեոնը և Թեդին սկզբից ևեթ լավ ընկերներ դարձան: Երբ Գեդեոնը ավարտում էր աշխատանքը, Թեդիին բարձրացնում դնում էր ուսին մեծ ծառի ստվերի տակ և խաղում նրա հետ, ոստերից, տերևներից և խոտից հետաքրքիր փոքրիկ խաղալիքներ սարքում, կամ կավից կենդանիներ ձևավորում: Երբ Թեդին սովորեց քայլել, Գեդեոնը հաճախ էր նրան օգնում, խրախուսում և բռնում, երբ փոքրիկը քիչ էր մնում վայր ընկներ, օդ էր թռցնում, երկուսով սկսում էին ծիծաղից մեռնել: Տիկին Ֆարքուարը սիրում էր ծեր խոհարարին իր տղային կապված լինելու համար:
Երկրորդ երեխա նրանք այլևս չունեցան:
- Ախ, տիկին, Աստված է մեզ ուղարկել այս փոքրիկին, Ոսկեհեր փոքրիկը ամենաթանկն է, ինչ ունենք,- մի օր ասաց Գեդեոնը:
Այդ «մենք»-ի պատճառով տիկին Ֆարքուարը ավելի ջերմորեն տրամադրվեց և ամսվա վերջում բարձրացրեց աշխատավարձը: Ագարակում նա աշխատում էր մի քանի տարի, խոհարարը հատուկենտ բնիկներից էր, որ հայրենի գյուղում կին և երեխաներ ունենալով հանդերձ, երբեք չէր ցանկանում մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող գյուղակի իր տուն գնալ:
Երբեմն թփերի միջից Թեդիի հասակակից մի նեգրի ճուտ էր ծիկրակում, ակնածալի ուշադրությամբ նայում էր փոքրիկ սպիտակ տղային, որ հրաշագեղ մազեր և հյուսիսցու կապույտ աչքեր ուներ:
Երկու փոքրիկներ հետաքրքրությամբ, լայն բացված աչքերով երկար նայում էին մեկմեկու և մի օր Թեդին, հետաքրքրությունից դրդված, դիպավ սևամորթ տղայի այտերին ու մազերին:
Գեդեոնը, որ զարմանքով նայում էր, գլուխը թափահարեց և ասաց.
- Ախ, տիկին, երկուսն էլ երեխաներ են, մեկը բոս դառնալու համար է, մյուսը՝ սպասավոր:
Տիկին Ֆարքուարը ժպտաց և տխրությամբ ասաց.
- Այո, Գեդեոն, ես էլ եմ նույն բանի մասին մտածում:
Նա հոգոց հանեց:
Գեդեոնը, որ միսիոներական դպրոցի սան էր, ասաց.
- Էդպես է Աստծու կամքը:
Ֆարքուարները շատ կրոնասեր մարդիկ էին և Աստծու մասին պատկերացումները տանտերերին և սպասավորին ավելի էին մոտեցրել:
Թեդին վեց տարեկան էր, երբ նրան սկուտեր նվիրեցին, որով էլ նա բացահայտեց, թե ինչ բան է արագությամբ արբենալը: Ամբողջ օրը սլանում էր ագարակի շուրջը, ծաղկաթմբերից դուրս ու ներս, ցիրուցան անելով ծղրտացող հավերին և հաչող շներին, գլխապտույտ շրջադարձ կատարելով ավարտում խոհանոցի դռան շեմին.
- Գեդեոն, նայի´ր ինձ,- գոռում էր նա:
Գեդեոնը ծիծաղելով ասում էր.
- Շատ խելացին ես, Ոսկեհեր փոքրիկ:
Գեդոնի փոքր որդին, որ հովիվ էր աշխատում, սկուտերը տեսնելու համար հատուկ այցի եկավ:
Նա վախեցավ շատ մոտ գալ, իսկ Թեդին սկսեց տղայի առաջ իրեն ցույց տալ:
- Սևամո´րթ,- գոռաց Թեդին,- ճանապարհ տուր:
Թեդին սևամորթ երեխայի շուրջն այնքան պտտվեց, մինչև նա վախեցավ և նորից փախավ դեպի թփերը:
- Ինչո՞ւ վախեցրիր նրան,- մռայլորեն հարցրեց Գիդեոնը:
- Սևամորթ տղա է էլի,- արհամարհանքով և ծիծաղելով ասաց Թեդին:
Հետո Գեդեոնը անխոս հեռացավ և Թեդիի դեմքը մռայլվեց: Տուն սողոսկելով՝ մի նարինջ վերցրեց և Գեդեոնին տալով, ասաց.
- Սա` քեզ:
Նա չկարողացավ իրեն ստիպել, որ ներողություն խնդրի, միևնույն ժամանակ չէր համարձակվում կորցնել Գեդեոնի բարեհաճությունը: Գեդեոնը ակամայից վերցրեց նարինջն ու հոգոց հանեց.
- Շուտով դու դպրոց կգնաս, Ոսկեհեր փոքրիկ, և կմեծանաս,- մտածկոտ ասաց նա, հետո մեղմորեն շոյեց Թեդիի գլուխը և ավելացրեց,- Ահա էսպես էլ անցնում է կյանքը:
Նա կարծես ընդգծում էր իր և Թեդիի միջև եղած տարածությունը ոչ թե վիրավորանքի պատճառով, այլ որպես անխուսափելի մի բան ընդունող մեկը: Փոքրիկը ճոճվում էր Գեդեոնի թևերի մեջ, ժպտում նրան, կախվում ուսերից և ժամերով խաղում հետը: Հիմա Գեդեոնը իրեն թույլ չէր տալիս դիպչել սպիտակ տղային: Նա բարի էր, բայց մի ծանր ձևականություն կար նրա ձայնի մեջ, որը Թեդիին ստիպում էր խռովել և նեղանալ:
Այդ ամենի հետ մեկտեղ տղան իրեն մեծահասակ էր համարում: Գեդեոնի հետ նա քաղաքավարի էր վարվում, պաշտոնական, և երբ գալիս էր խոհանոց ինչ-որ բան խնդրելու, այնպես էր վարվում, ինչպես սպիտակամորթը սպասավորի հետ՝ հնազանդություն ակնկալելով: Երբ մի անգամ Թեդին, բռունցքներով աչքերը պահած, ցնցվելով և ցավից գոռալով, մտավ խոհանոց, Գեդեոնը ցած դրեց տաք ապուրով լի ամանը, որը ձեռքին էր, երեխային ընդառաջ շտապեց և զոռով մի կողմ տարավ մատները:
- Օձը,- բացականչեց նա:
Թեդին, սովորականի պես, իր սկուտերն էր քշում և եկել էր բույսերից պատրաստված տաշտի մոտ հանգիստը վայելելու: Տանիքի ծայրից կախված մի օձ թքել էր ուղիղ նրա աչքի մեջ: Տիկին Ֆարքուարը, լսելով այդ իրարանցումը, վազելով եկավ.
- Նա կկուրանա,- հեկեկում էր տիկինը` Թեդիին կրծքին սեղմած,- Գեդեո´ն, նա կկուրանա:
Կես ժամվա մեջ տղայի աչքերը բռունցքի չափ ուռել էին: Թեդիի փոքր սպիտակ դեմքը աղավաղվել էր արտահոսող մանուշակագույն մեծ ուռուցքներից:
- Սպասե´ք մի րոպե, տիկին, ես մի ճար կանեմ,- ասաց Գեդեոնը և վազեց թփերի կողմը:
Տիկին Ֆարքուարը երեխային տուն բարձրացրեց և պերմանգանատով լվացավ աչքերը: Նա համարյա, թե չէր լսում Գեդեոնի խոսքերը: Բայց, երբ հասկացավ, որ իր միջոցները ոչ մի ազդեցություն չեն թողնում, և հիշեց, թե ինչպես են բնիկները օձի խայթոցից կուրացել, և քանի որ լսել էր տեղի խոտաբույսերի դրական ազդեցության մասին, տիկին Ֆարքուարը սկսեց սպասել խոհարարի վերադարձին: Նա կանգնել էր պատուհանի մոտ, գրկել վախեցած, լացակումած տղային և անօգնական հայացքով նայում էր թփերին: Հինգ րոպե չէր անցել, երբ տեսավ իր կողմը շտապող Գեդեոնին՝ ինչ-որ բույս ձեռքին:
- Մի´ վախեցեք, տիկին,- ասաց Գեդեոնը,- սա կբուժի Ոսկեհեր փոքրիկի աչքերը:
Նա կտրեց բույսի տերևները՝ թողնելով միայն փոքր սպիտակ մսոտ արմատը: Նույնիսկ առանց լվանալու արմատը՝ դրեց բերանը, արագ-արագ ծամեց, հետո թուքը այնքան պահեց, մինչև երեխային պոկեց տիկին Ֆարքուարից: Նա Թեդիին սեղմեց ծնկների արանքում, մատնաթմբիկներով խյուսն այնպես ճզմեց ուռած աչքերի մեջ, որ տղան սկսեց ճչալ: Տիկին Ֆարքուարը բողոքեց գոռալով.
- Գեդեո´ն, Գեդեո´ն:
Գեդեոնը, սակայն, ուշադրություն չդարձրեց: Նա ծնկի եկավ կուչ եկած երեխայի վրա, փորձելով հետ տանել ուռած կոպերը, և երբ ակնագնդերը երևացին, նորից ուժգին խփեց սկզբում մի աչքին, հետո՝ մյուսին: Վերջապես Թեդիին վերցրեց, զգուշությամբ մոր գրկի մեջ դրեց և ասաց.
- Կլավանա:
Բայց տիկին Ֆարքուարը վախեցած լալիս էր և հազիվ թե շնորհակալություն հայտներ Գեդեոնին: Անհնար էր հավատալ, որ Թեդին չէր կուրանա: Երկու ժամից ուռուցքներն անցան, աչքերը բորբոքվել էին, ցավում էին, բայց Թեդին արդեն տեսնում էր: Ֆարքուարները գնացին խոհանոց՝ Գեդեոնի մոտ, և կրկին շնորհակալություն հայտնեցին նրան: Անզոր էին Գեդեոնին հայտնելու իրենց շնորհակալությունը, և թվում էր՝ ոչինչ էլ չէին կարող անել արտահայտվելու համար: Նրանք Գեդեոնի կնոջը և երեխաներին նվերներ տվեցին, աշխատավարձը բարձրացրին, բայց նման բաները չէին կարող հատուցել Թեդիի՝ նոր ամբողջովին ապաքինված աչքերի դիմաց:
- Գեդեոն, Աստված քեզ ընտրել է, որ բարություն գործես,- ասաց տիկին Ֆարքուարը:
- Այո, տիկին, Աստծո կամքն է դա,-պատասխանեց Գեդեոնը:
Երբ ագարակում ինչ-որ բան է կատարվում, շատ չանցած բոլորը տեղեկանում են դրա մասին: Ֆարքուար ամուսինները պատմեցին հարևաններին և այդ պատմությունը քննարկվում էր շրջանի մի ծայրից մյուս ծայրը: Աֆրիկայում թփերը լի են գաղտնիքներով: Ոչ ոք չի կարող ապրել այստեղ կամ աֆրիկյան տափաստանում բույսերի, հողի, տարվա եղանակների և թերևս մարդկային մտքի մութ ուղիների՝ սևամորթների ժառանգությանն անտեղյակ: Շրջապատում ամեն տեղ մարդիկ անեկդոտներ էին պատմում՝ հիշեցնելով իրենց հետ պատահածը:
- Ես ինքս եմ տեսել, քեզ բան եմ ասում: Թունավոր օձի խայթոց էր: Քաֆիրի* թևը փքվել էր մինչև արմունկը, մի մեծ փայլուն փամփուշտի պես: Կես րոպե անց նա հազիվ էր ոտքի վրա մնում: Նա մեռնելու վրա էր: Հետո հանկարծ թփերի միջից քաֆիր երևաց՝ խոտափունջը ձեռքին: Նա ինչ-որ բան քսեց թևին, իսկ հաջորդ օրը տղան արդեն աշխատանքի էր վերադարձել, և ընդամենը երկու փոքր հետք էր մնացել մաշկի վրա:
Նրանց պատմածը ասես հեքիաթ լիներ, բոլորը գիտեին, որ Աֆրիկայի մացառուտներում արժեքավոր բալասաններ կային՝ ծառի կեղևի, արտաքուստ շատ սովորական տերևների, արմատների մեջ, և ճիշտ տեղեկություններ դրանց մասին անհնար էր բնիկներից ստանալ:
Ի վերջո, այս պատմությունը տարածվեց քաղաքում, և ոմն բժիշկ, ներկա լինելով խնջույքի կամ ինչ-որ ուրիշ տոնակատարության, վիճելի համարեց կատարվածը:
- Հիմարություն է,- ասաց նա,- նման բաները միշտ չափազանցում են: Հաճախ ենք ստուգել նման պատմությունների հավաստիությունը և ամեն անգամ չի արդարացվել:
Ինչևէ, մի առավոտ անծանոթ մեքենա կանգնեց ագարակի մոտ, որտեղից դուրս եկավ քաղաքի լաբորատորիայի աշխատակիցներից մեկը, նրա մոտ կային սրվակներով և քիմիկատերով լի տուփեր:
Ֆարքուար ամուսինները շփոթված էին, գոհ և շոյված: Նրանք գիտնականին խնդրեցին ճաշել իրենց հետ և հարյուրերոդ անգամ նորից պատմեցին պատմությունը: Փոքրիկ Թեդին նույնպես այնտեղ էր, նրա կապույտ աչքերը փայլում էին առողջությունից, ասես ապացուցում դրա ճշմարտացիությունը: Գիտնականը բացատրում էր, թե ինչ օգուտ կքաղեր մարդկությունը, եթե այս նոր դեղը վաճառքի հանվեր: Ֆարքուարները ավելի շատ ոգևորվեցին, նրանք բարի և պարզ մարդիկ էին և հաճույք էին ստանում մտքից, որ կարող են ինչ-որ լավ բան անել: Երբ գիտնականը սկսեց խոսել ստանալիք փողի մասին, Ֆարքուարները որոշակի անհարմարություն զգացին: Հրաշքի մասին նրանց պատկերացումները այնքան ուժեղ, խոր և կրոնական էին, որ տհաճ էր փողի մասին մտածելը: Նրանց դեմքի արտահայտությունը տեսնելով, գիտնականը վերադարձավ նյութի ելակետին՝ մարդկության առաջընթացին: Միգուցե նրա համար անէական բան էր, և առաջին դեպքը չէր, որ հրաշագործ մացառուտների գաղտնիքի քննությամբ էր զբաղվում:
Երբ ճաշն ավարտեցին, Ֆարքուարները Գեդեոնին հյուրասենյակ կանչեցին, բացատրեցին, որ այստեղ եկած բոսը, Մեծ քաղաքից ժամանած Մեծ բժիշկ է և Գեդեոնին տեսնելու համար հեռու ճանապարհ է կտրել: Գեդեոնը, սա լսելով, կարծես վախեցավ և չհասկացավ՝ բանն ինչ է: Տիկին Ֆարքուարը շտապեց բացատրել. նրա գալու պատճառը հրաշագործ բուժումն էր, որ Գեդեոնն արեց Թեդիի աչքերի հետ:
Գեդեոնը հայացքը սահեցրեց տիկին Ֆարքուարի, հետո պարոն Ֆարքուարի, իսկ հետո փոքրիկ տղայի վրայով, որ նման իրադարձությունից հետո իրեն մեծ կարևորություն էր տալիս:
Վերջապես Գեդեոնը դժկամորեն ասաց.
- Մեծ բժիշկը ուզում է իմանալ, թե ինչ դեղ եմ օգտագործել:
Նա թերահավատորեն էր խոսում, ասես չհավատար՝ հին ընկերները կարող էին այդպես դավաճանել իրեն: Տիկին Ֆարքուարը սկսեց բացատրել, թե որքան օգտակար դեղ կարելի է ստանալ այդ արմատից, թե հնարավոր է վաճառքի հանել, թե ինչպես հազարավոր մարդիկ՝ սև և սպիտակ, ամբողջ Աֆրիկա մայրցամաքում կարող են փրկվել այդ դեղից, երբ օձի թուքը նրանց աչքերը թույնով լցնի:
Գեդեոնը լսեց, աչքերը խոնարհեց գետնին՝ ճակատը տհաճությամբ կնճռելով: Երբ պարոն Ֆարքուարը ավարտեց, Գեդեոնը ոչինչ չպատասխանեց: Գիտնականը, որ այս ամբողջ ընթացքում մեծ աթոռին հենված՝ նստած էր, իր սուրճն էր փոքր կումերով խմում և թերահավատ բարեհոգությամբ ժպտում, խոսակցության մեջ մտավ: Նա դեղերի պատրաստման և գիտության առաջընթացի մասին ամեն ինչ նորից բացատրեց, հիմա էլ՝ այլ խոսքերով: Գիտնականը Գեդեոնին նաև նվեր խոստացավ:
Այս երկար բացատրությունից հետո լռություն տիրեց, քիչ անց Գեդեոնը անտարբերությամբ նշեց, որ չի հիշում արմատը: Նրա դեմքը մռայլ էր և թշնամական նույնիսկ Ֆարքուարներին նայելիս, որոնց հին ընկերների պես էր վերաբերվում: Նրանք սկսեցին նյարդայնանալ և վերացավ մեղքի զգացումը, որ զգում էին Ֆարքուարները Գեդեոնի մեղադրող կեցվածքում: Ֆարքուարները սկսեցին մտածել, որ Գեդեոնն իրեն խոհեմ չի պահում: Բայց հենց այդ պահին բոլորը հասկացան, որ նա երբեք չի զիջի: Կախարդական դեղը մնաց չկիրառված, անպիտան և անհայտ, բացառությամբ աֆրիկացիների փոքր զանգվածի, որը տիրապետում էր այդ գիտելիքին, պատառոտված վերնաշապիկներով և կարկատած շորտերով բնիկների, որոնք միգուցե առու էին փորում քաղաքապետարանի համար, բայց ծնվել էին բուժելու համար, նրանք վաղեմի կախարդների ժառանգները, զարմիկները կամ որդիները, որոնց անճոռնի դիմակները, ոսկորների կտորտանքը և դյութանքի այլևայլ տգեղ բաղկացուցիչները իրական ուժի և իմաստության արտաքին նշաններն են:
Ֆարքուարները գուցե օրվա մեջ հիսուն անգամ ոտքի տակ են տվել այդ բույսը, անցնելով տնից այգի, անասնանոցից հացահատիկի դաշտ, բայց այդպես էլ երբեք չիմանալով դրա մասին:
Եվ նրանք շարունակում էին համոզել և զայրույթի ամբողջ ուժով փաստարկներ բերել, բայց Գեդեոնը շարունակում էր պնդել, որ չի կարողանում հիշել, որ նման արմատ գոյություն չունի, որ դա տարվա այս եղանակին չի աճում, և ոչ թե արմատը, այլ իր բերանի թուքն է բուժել Թեդիի աչքերը: Վրա-վրա Գեդեոնը նման բաներ էր խոսում, և թվում էր՝ իր համար հոգ չէ, որ այդ փաստարկները իրար հակասում են: Նա կոպիտ էր և համառ: Ֆարքուարները այդ տգետ, կամակոր և պնդաճակատ աֆրիկացու մեջ դժվարությամբ էին ճանաչում իրենց բարի, սիրելի հին ծառային, նրանց առաջ աչքերը գետնին հառած կանգնած էր Գեդեոնը՝ ձեռքին խոհարարական գոգնոցը, որն անդադար ոլորում էր՝ նորից ու նորից կրկնելով միտքն եկած առաջին անմիտ մերժումները՝ մեկը մյուսից անհեթեթ:
Եվ հանկարծ զգացվեց, որ Գեդեոնը հանձնվում է: Նա բարձրացրեց գլուխը, երկար, դատարկ, ջղային հայացք նետեց սպիտակամորթների խմբին, որ իր շուրջը հաչացող շների խումբ հիշեցրեց, և ասաց.
- Ես ձեզ ցույց կտամ արմատը:
Ագարակից ներքև՝ քաֆիրի արահետով, նրանք առաջ շարժվեցին: Դեկտեմբերյան արևավառ կեսօր էր, երկնքում տաք, անձրևաբեր ամպեր կային: Ամեն ինչ ջերմացած էր. արևը նման էր գլխավերևում պտտվող բրոնզե ափսեի, դաշտերում կիզիչ ցոլքեր էին սփռվել, հողը այրվում էր ոտքերի տակ, ավազոտ, պղտոր և փոշոտ քամին փչում էր նրանց երեսին: Սարսափելի օր էր, միայն կարելի էր սառույցով ըմպելիքը ձեռքին պառկել պատշգամբում, որտեղ էլ, սովորաբար, այդ ժամին լինում էին:
Երբեմն -երբեմն, հիշելով օձի խայթոցի հետ կապված այդ օրը, երբ տասը րոպե էր պահանջվում արմատը գտնելու համար, ինչ-որ մեկը հարցրեց.
- Գեդեոն, շա՞տ էր հեռու:
Եվ Գեդեոնը, ուսերը թոթվելով, զայրալի քաղաքավարությամբ պատասխանեց.
- Ես փնտրում եմ արմատը:
Եվ իսկապես, նա հաճախակի էր թեքվում այս ու այն կողմ, ձեռքով խոտերը դեսուդեն տալիս, որ կատաղեցնում էր ուղեկցորդներին, վիրավորական թվացող իր անփութությամբ: Գեդեոնը շուրջ երկու ժամ այդ այրող շոգին թփերի միջով տանում էր մարդկանց դեպի անհայտ արահետներ, քրտինքը սառնորեն վար էր ծորում, իսկ գլուխները` ցավում:
Նրանք բոլորը լուռ էին, Ֆարքուարները՝ ջղայնությունից, գիտնականը՝ կրկին անգամ համոզվելուց, որ նման արմատ գոյություն չունի: Նա լռում էր` բարեկրթությունից դրդված:
Վերջապես, տնից վեց մղոն հեռավորության վրա Գեդեոնը հանկարծ որոշեց, որ բավ է արդեն. միգուցե այդ պահին նրա զայրույթը չքացավ: Առանց ինչ-որ բանի նայելու փորձի և անփույթ հայացքով, նա մի բուռ կապույտ ծաղիկներ պոկեց, որոնք բռնել էին ամբողջ արահետը: Նա փոխանցեց դրանք գիտնականին` առանց նրան նայելու, ճանապարհվեց տուն, թողնելով, որ հետևեն իրեն, եթե ուզենան:
Երբ նրանք վերադարձան տուն, գիտնականն անցավ խոհանոց Գեդեոնին շնորհակալություն հայտնելու. շատ քաղաքավարի էր, թեև աչքերում հեգնանք կար: Գեդեոնն այնտեղ չէր: Ծաղիկները անփութորեն մեքենայի հետնամասը նետելով, նշանավոր այցելուն նույն ճանապարհով վերադարձավ լաբորատորիա:
Գեդեոնը վերադարձավ խոհանոց ճաշ պատրաստելու ժամին, նա սրտնեղած էր: Խոհարարը տիկին Ֆարքուարի հետ խոսում էր անհնազանդ ծառայի պես: Դրանք այն օրերին էին, երբ դեռ նորից չէին սիրել իրար:
Ֆարքուարները իրենց բանվորներից հարց ու փորձ արեցին արմատի մասին: Երբեմն նրանք չվստահող հայացքով էին պատասխանում, իսկ երբեմն էլ բնիկներն այսպես էին ասում.
- Չգիտենք: Մենք երբեք չենք լսել արմատի մասին:
Բնիկներից մեկը՝ մի հովիվ, որ Ֆարքուարների մոտ էր մեծացել և երկար ժամանակ աշխատել, նրանց հանդեպ փոքր-ինչ վստահություն ունենալով, ասաց.
- Ձեր խոհարարին հարցրեք: Չէ՞ որ բժիշկ է: Հայտնի բուժակի որդի է, որ շատ է եղել էս կողմերում և չկա մի բան, որ գլուխ չհանի:
Հետո նա ավելացրեց քաղաքավարությամբ.
- Բան չունեմ ասելու, սպիտակամորթ բժշկի չափ լավը չի, գիտենք, բայց մեզ համար լավ է:
Որոշ ժամանակ անց, երբ լարվածությունն անցավ Ֆարքուարների և Գեդեոնի միջև, նրանք սկսեցին կատակել.
- Գեդեոն, ե՞րբ ես մտադիր ցույց տալ օձի արմատը:
Իսկ նա ծիծաղում էր, գլուխը թափահարում և ասում՝ մի փոքր անհարմար զգալով.
- Բայց ես ցույց եմ տվել ձեզ, տիկին, մոռացե՞լ եք, ինչ է:
Շատ ժամանակ անց արդեն դպրոցական Թեդին գալիս էր խոհանոց և ասում.
- Խարդախ ծերուկ ես, Գեդեո´ն: Հիշո՞ւմ ես, որ բոլորիս խաբեցիր՝ ստիպելով զուր տեղը երկար ճամփա կտրել թփուտների միջով: Էնքան հեռու էր, որ հայրս ստիպված էր ինձ գրկած տանել:
Գեդեոնը կուչ եկավ՝ քաղաքավարի ծիծաղելով: Երկար ծիծաղելուց հետո հավաքեց իրեն, սրբեց աչքերը, տխրությամբ նայեց Թեդիին, որ չարաճճիորեն քմծիծաղ էր տալիս խոհանոցի մյուս ծայրից.
- Ոսկեհեր փոքրիկ, ինչքա՜ն ես մեծացել: Շուտով հասակ կառնես և քո սեփական ագարակը կունենաս…
______________________________________
Քաֆիր* - սև աֆրիկացուն դիմելու ձև է, որն ունի վիրավորական և արհամարհական երանգ

Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
Աղբյուրը` Դորիս Լեսինգ

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic