Thursday, July 24, 2014

Շոստակովիչ. Ցավը

Ցանկացած հասուն, նյարդերդ իրենց բնում պահող երաժշտություն ըմբռնելու համար նախ և առաջ կոմպոզիտորի՝ տվյալ գործը ստեղծելու դրդապատճառներից հանգամանքներից ու ժամանակից մի քիչ գլուխ հանել է պետք. ես հակված չեմ մտածելու՝ ալեատորիկայի, նույն իր՝ հանկարծահասության մատը խառն է հանճարեղ գործերի ստեղծման հարցում: Պիտի գա, որ գրես, կանչես՝ չի գա հո, խալխի շունը չէ: Կոմպոզիցիան օրինապաշտ հեղափոխականի գրչի տակ միշտ էլ ունի հստակ ձևակերպված դրույթներ, որոնք տալիս են ստեղծագործության գոյության իրավունքը, ինչն այս հակիրճ մտորման արդյունքում կանվանենք ստեղծ(վ)ելու դրդապատճառ: Նապոլեոնյան արշավանքները ծնեցին ուրիշ արյուն ունեցող Բեթհովեն, ստալինյան բռնապետության անեծքն անասելի զայրույթով բարբառեց Շոստակովիչի ութերորդ լարային կվարտետում, որ ամեն անգամ լսելիս փշաքաղված մաշկիդ տակ էլ է երաժշտություն արտադրվում, Մոցարտի մասնավորապես վաղ շրջանի գործեր կաղ մուրացկանի պես ամեն կերպ դեպի արքունիք էին ձգտում, Հայդնն Էսթերհազիի ձայնն էր բարբառո անապատի մեջ, Բախը Բրանդենբուրգի դարպասներն է, որ կա: Շարքն անվերջ կարելի է շարունակել, տվեք ցանկացած կոմպոզիտորի անուն, և կարելի է նրա անվան շուրջ գծագրել ստեղծագործական ժամանակաշրջանի էսքիզը: Վերոնշյալ օրինակներն անմասն չեն քաղաքական ենթատեքստից, եթե ընդհանրապես չասենք՝ ոտքից գլուխ թագավորի սֆաթն են՝ այլանդակված, գրոտեսկային պատկերավորությամբ, հաստափոր, հիմնականում դատարկասիրտ, բայց միշտ, մի՛շտ բարեհունչ:

Կարդում ես նրա նամակները (չգիտեմ՝ որ իրավունքով ենք հետմահու մտնում այլոց գրպաններն ու դարակները: Մեզ անեին՝ կսիրեի՞նք), հավատդ չի գալիս, որ սեփական շան մահվան մասին անսահման տառապանքով գրող, բլոկադայի ժամանակ անդունդ գլորվող իր ծննդավայր Լենինգրադն այդքան պաշտող, սեփական գոյության համար բոլորից ներողություն խնդրող այս ֆանտաստն իր մխաղցող դառնության մեջ եփվելով այնքան հանճարեղ է ներկայացրել իրավիճակը երաժշտությամբ, որ հավատում ես՝ ներել է սատանային: Երեք օրում գրած ութերորդ կվարտետը (1960) ստալինյան ռեժիմի զոհերի հիշատակին մատաղ արված գառն է, զոհերի մեջ թե՛ կենդանի մարդիկ էին (կենդանի մնալը դեռ չմեռնելը չէ), թե՛ արդեն ոչ: Թավջութակի թավշյա, մինչև հոգուդ խորքը սրվող, լարին բազմած հնչյունները բացում են «հիշատակ առ նահատակաց»-ն այս, որին արագ միանում են ալտն ու ջութակները, ու կամքիդ հակառակ գնում ես նեխող ճահճուտից Էրմիտաժ դարձած Լենինգրադ: Ունայնությունը բացում է Աստծուց էլ հին իր թևերը, գգվում քեզ այնպես, ինչպես սիրածդ մարդն իսկի չէր անի, ու չորանում ես, չորացնում, աղոթում, անիծում, կիսատ-պռատ աղոթում, հետո գալիս են սովից հարևանին կերած և դրա պատճառով բանտում պրծած Վասյայի և նրա շան ուրվականները՝ փորված ակնակապիճներով, իսկ ոսկորների վրա կաշի քաշած մարմինն այլևս ուռած չէ: Քրիստոսի քայլած տեղերում երեկ չորս երեխա սպանեցին, մի քիչ հյուսիս պետություն վերացավ: Ունայնություն է մեղքի անունը, որովհետև երբ ուզում են պատժել, զրկում են: Չես տալիս, տանում են, տայիր՝ չէին տանի: Հետո նրա լյա մինոր Op. 94-ը պատահական կպնում է ուսիդ, «ներեցե՛ք, չնկատեցի» ասում է: Դու էլ ժպտալով. «ճիշտ էլ արեցիք»:

Ու այս աշխարհում մարդիկ երաժշտություն, գիրք են գրում, թագավորի պլպլան ճաղատին լյուդովիկյան կեղծամ հագցնում, որ հաստ վիզը չմրսի, պատերազմներին անմայր էրեխեքին իրենց տուն տանելով պատասխանում, Շոստակովիչ ու Բախ լսում, ստորություններ, սրբություններ անում մի խոսքով: Ինչ էլ չեն վախենում...


Լարային կվարտետ No. 8
Կոնցերտինո երկու դաշնամուրի համար լյա մինոր, op. 94

Աղբյոիրը՝ Շոստակովիչ. Ցավը 

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic