***
«Հիմարն ու իմաստունը միեւնույն ծառին տարբեր աչքերով են նայում»:
Վիլյամ Բլեյք
Մի ուսուցիչ զարմանքով նշում էր, որ նախակրթարանում գրատախտակին նկարած կետի մասին հարցը, թե ի՞նչ կարող է այն նշանակել, երեխաներին այնքան է խանդավառում, որ սենյակը մտքերի տարափից ճայթում է: Մինչդեռ միեւնույն հարցը վեցերորդ դասարանում լռության է արժանանում:Մանկավարժը տարակուսում է. ի՞նչ է պատահում կարճ ժամանակահատվածում, որ մտքերն անհետանում են: Այդ հռետորական հարցը նա առաջին հերթին ուղղում է մանկավարժական համայնքին, ապա նաեւ բոլոր մեծերին, ովքեր երեխաների սոցիալացման առաջնային պատասխանատուներն են, լինի դա տանը, դասարանում թե հեռուստատեսությամբ: Արդյո՞ք հնարավոր է քանդել լռության գորդյան հանգույցը, որը հաճախ հասուն տարիքում ուղեկցում է մեզ ու, ներքին ձայնի վերածված, հուշում. «Սա անել չես կարող: Անկարելի է: Արգելված է: Նման բան լինել չի կարող»:
Բոլորս մեր հուշերում ունենք ուսուցիչներ, ովքեր մեծ հետք են թողել մեր կյանքում, ում հիշում ենք ջերմ ժպիտով ու շնորհակալության զգացումով: Իհարկե, իրենք տիրապետում էին դասավանդվող առարկային, բայց մեր հիշողության մեջ նրանցմնալը պայմանավորված չէ լավ մատուցված ու վերապատմված Ավարայրով կամ Թալլեսի թեորեմայով: Իրենց հաջողվել է մեզ տանել հրաշքների աշխարհ, դարձնել պատմական իրադարձությունների մասնակիցն ու դրանց պատմիչը, մեր առջեւ բացել դասագրքում մատուցված նյութի վերաիմաստավորման հաճույքը, օգնել զգալ գիտական հայտնագործության բերկրանքն ու դրա գաղտնիքը:
Վաղ մանկությունից մենք յուրացնում ենք գիտելիք, վարքագծի կանոններ, դիտարկում շրջակա միջավայրն ու նմանակմամբ յուրացնում մեզ շրջապատող վարքուբարքը: Մենք դառնում ենք այդ անվերջ կրկնվող ծիսակարգի անքակտելի մասնիկը: Հասունացմանը զուգընթաց՝տարբեր ձեւերով փոխանցվող նորմավորումները, մասնավորապես` հնարավորն ու անհնարինը, կարելին ու անկարելին, թույլատրելին ու արգելվածը, երեւակայական «որպես կանոն»շրջանակմամբ՝ սահմանափակում են մեր ընկալումներն ու նեղացնում մտահորիզոնը` հաճախ պարզ խնդիրները դարձնելով անլուծելի: Այս նորմավորումներն անհիմն չեն եւ պետք է յուրացվեն, սակայն ոչ որպես բացարձակ ու անանցանելի ճշմարտություններ, այլ քննադատական մտածողության դիդակտիկ նյութեր, որոնց միջոցով երեխային կփոխանցվեն դրանց ձեւավորման օրինաչափությունները:
Նորմավորումները գիտելիքի կամ հմտությունների տեսքով գոյանում են, որպեսզի կարգավորեն եւ կանխարգելեն կյանքի ու բնականոն գործունեության համար վտանգավոր վարքագիծը: Դրանք ձեւակերպվում են տվյալ համատեքստում, տվյալ ժամանակահատվածում, որոշակի մարդկանց խմբի կողմից եւ դառնում են այդ խմբի(ընտանիք, ընկերներ, դասարան, ցեղ, ազգ, կրոնական համայնք եւ այլն) ինքնության անբաժան մասն ու բնութագրիչը` վերջինիս կենսագործունեության գրավականն ու մշակույթի առհավատչյան: Սակայն պատմության մեջ քիչ չեն այն իրադարձությունները, որոնք ճակատագրական են եղել տարբեր խմբերի համար: Վերջիններս չեն կարողացել վերացարկվել սեփական նորմավորումներից եւ գործածել դրանց օրինաչափության ուժը:Վերացել են մշակույթներ ու լեզուներ, ազգեր ու պետություններ, որովհետեւ այլոց թվում չեն կարողացել առերեսվել իրականության հետ: Այդ անկարողունակության արմատը թաղված է լայն իմաստով սոցիալացման մեջ եւ մասնավորապես կրթական համակարգերում, լինի Հին Եգիպտոսը՝ խիստ նորմավորված կրթակարգով բարձրաշխարհիկ մարդկանց զավակների համար նախատեսված կրթությամբ, թեմեքսիկական Տենոչտիտլանը` նախնիների կուտակած գիտելիքը նոր սերնդի ընտրյալներին նույնությամբ փոխանցելու՝ տաճարականների թելադրանքով: Նույնիսկ պարզ իրադրություններում, օրինակ` այլ երկիր ճամփորդելիս,մարդը բախվում է իրադարձությունների, որոնք այլ` հաճախ սեփական մշակույթից 180 աստիճան տարբերվող լուծում են ստանում: Դա, իհարկե, ցնցում է, բայց նաեւ նոր հնարավորություն է ընձեռում:
Ժամանակակից աշխարհում գրագիտությունն այլեւս չի սահմանվում գրել-կարդալու իմացությամբ: Տեղեկատվական հեղափոխության ու տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում, իմացությունն առանձին վերցրած՝ արժեք չունի: Այն առկա տեքստերն ազատ ու տրամաբանված գործածելու քննադատական կարողությամբ է արժանանում ուշադրության եւ տվյալ մարդուն դարձնում գլոբալ վերաիմաստավորման մասնակիցն ու մեդիականացված անհատը, ով Գուգլ (Google)որոնողական օվկիանոսում նավարկում է՝ 15-րդ դարում նոր աշխարհը հայտնագործած նավապետների վարպետությամբ:
Նյութը ամբողջությամբ տեղադրված է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» կողմից մշակված ձեռնարկում
0 comments:
Post a Comment