Թալեսը չափում էր բուրգից ընկած ստվերը, որպեսզի հաշվարկի նրա բարձրությունը. Պյութագորասն ու Պլատոնը ուսուցանում էին հոգու վերաբնակեցման մասին, յոթանասուն մեկնիչները, որ սփռված էին զատ-զատ Ֆարոս կղզում, յոթանասունամյա անընդմեջ աշխատանքից հետո արեցին Հնգամատյանի բացարձակ միանման թարգմանություններ. Վերգիլիոսը«Գեորգիկների» երկրորդում փառաբանեց չին վարպետների մշակած նրբագույն մետաքսը, իսկ օրերս հեծյալների մի խումբ Բուենոս Այրեսի ծայրագավառից մարտնչում էր պարսկական «պոլո» խաղի առաջնության համար: Արժանահավատ են դրանք, թե՝ պարականոն, բոլոր տարաբնույթ տեղեկությունները, որոնք ես հենց նոր մեջբերեցի (և ի հավելումն որոնց, անհամար այլ բաների կողքին արժե հիշատակել Աթիլլի հայտնվելը, «Մեծ Էդդայի» երգերում), և դրանք միմյանց հաջորդող խճճված, բազմադարյան և ցայսօր չավարտված փուլերի գործընթացը ցուցանող ուղենիշներն են` Արևելքի հայտնագործումը Արևմուտքի ժողովուրդների կողմից: Այդ գործընթացն ունի, և հասկանալի է, որ ունի հակառակ կողմը` ինքն Արևմուտքն է հայտնագործվել Արևելքի կողմից: Դրանց թվում են դեղնազգեստ քարոզիչները, որոնց բուդդիստական կայսրը ուղարկել էր Ալեքսանդրիա, քրիստոնեական Իսպանիայի զավթումը իսլամի մարտիկների կողմից և Ակուտագավայի դյութիչ, իսկ երբեմն սահմռկեցուցիչ գրքերը:
Հստակորեն տարբերակել արևելյանն ու արևմտյանն Ակուտագավայի պարագայում, թերևս, անհնար է, և հենց տերմիններն էլ, ի վերջո, միմյանց չեն բացասում` քրիստոնեությունը, որը սեմիտների ժառանգությունից է ծագում, այսօր բնորոշում է Արևմուտքը: Եվ, համենայն դեպս, ես չէի վիճի այն պնդման դեմ, թե Ակուտագավայի թեմաներն ու զգացմունքներն արևելյան են, իսկ պոետիկայի որոշ հնարքներ` արևմտյան: Այսպես, օրինակ` «Կես և Մորիտո» և «Ռասյոմոն» նովելներում մեր առջև տարբեր հերոսների պատմած միևնույն սյուժեի մի քանի տարբերակներ են, հնարք, որը գործածել է Բրաունինգը «Մատանին և գիրքը» երկում: Ընդհակառակը, մի տեսակ թաքուցյալ պատմությունը, ուշադրությունն առ արտաքինի, նրբագծի թեթևությունը, ինձ թվում է` ամենայն` ամենայն թարգմանության անխուսափելի թերացումների հետ մեկտեղ, տիպիկ ճապոնական հատկանիշներ են: Ակուտագավայի էջերում սփռված է անսովորն ու զարհուրելին, սակայն ոչ նրա ոճում, որը միշտ պահպանում է թափանցիկությունը:Ակուտագավան ուսումնասիրում էր անգլիական, գերմանական և ֆրանսիական գրականությունները, նրա թեկնածուական դիսերտացիայի թեման Ուիլյամ Մորիսի ստեղծագործությունն էր. Նա մշտապես անդրադառնում էր Շոպենհաուերին, Յեյթսին և Բոդլերին: Կարևորագույն խնդիրներից մեկը, որ նա իր առջև դնում էր` իր ժողովրդի ավանդույթների և սովորույթների նոր, հոգեբանական մեկնաբանությունն էր:
Ըստ Թեքքերեյի` Սվիֆթի մասին մտածելը` նույնն է, թե մտածես կայսրության անկման մասին: Հենց այդ ամենակուլ քայքայման և հոգեվարքի ընթացքն է բացում ընթերցողի առաջ, այս գիրքը կազմող երկու վիպակներում: Առաջինում հեղինակը դիմում է մարդկային ցեղի դատափետմանը` ֆանտաստիկ կենդանիների երևույթի ներքո, Անատոլ Ֆրանսի պինգվինները կամ էլ արտասովոր արքայությունները, որոնցով ճամփորդում է հայտնի բուդդիստական այլաբանության քարե կապիկը: Պատմելու ընթացքում Ակուտագավան մոռանում է երգիծական ժանրի պայմանականությունների մասին, կապպաները նրա մոտ դառնում են մարդիկ և դույզ ինչ չվարանելով` Մարքս, Դարվին ու Նիցշե են ցիտում: Ըստ գրականության կանոնների` դա, իհարկե, վրիպանք է, բայց իրականում վիպակի վերջին էջերը տոգորված են անարտահայտելի մելամաղձության, քանզի զգում ես, որ հեղինակի երևակայության մեջ ամենայն ինչ խամրում է` թե' շրջապատող իրականությունը և թե' իր սեփական արվեստի երազանքները: Քիչ անց Ակուտագավան վերջ տվեց կյանքին. «Ջրոգիների երկրում»-ի եզրափակիչ հեղինակի համար` կապպաների և մարդկանց աշխարհը, աշխարհ, որն ապրում է առտնին հոգսերով և գեղագիտության կանոններով` հավասարապես անիմաստ է ու վաղանցուկ: Նրա գիտակցությունը գրավող մթամածությունը վկայող առավել ակնառու փաստ է «Ատամնանիվներ» վիպակը: Ինչպես Ա. Սթրինբերգի «Դժոխքը», այս վիպակը` ուղեղի մթագնության անողոք և մեթոդիկ օրագիր է:
Ես կասեի, որ երկու մշակույթների հանդիպումը անխուսափելիորեն ողբերգական է: 1868 թվականին ձեռնարկած ցատկից հետո Ճապոնիային հաջողվեց դառնալ խոշորագույն ռազմական տիրություններից մեկը, պարտության մատնել Ռուսաստանին և դաշինք կնքել Մեծ Բրիտանիայի և Երրորդ Ռեյխի հետ: Հրաշքի հանգույն նորոգմանը հետևեց, բնականաբար, կործանարար և տանջալից հոգևոր ճգնաժամը: Այդ կերպափոխության հանճարներից և զոհերից մեկը դարձավ 1927 թվականի հուլիսի 24-ին կյանքից հեռացած Ակուտագավան:
Թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի,
«Արտասահմանյան գրականություն», 2002, թիվ 1:
0 comments:
Post a Comment