Saturday, August 31, 2013

Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում

Գաբրիել Գարսիա Մարկես
«Կյանքը ավելին չէ, քան շարունակ 
հնարավորությունների շղթա գոյատևելու համար»

Երեխաները, որ առաջինն էին նկատել ծովի խորքից մոտեցող գորշ ու տձև զանգվածը, նախ երևակայել էին թե այն թշնամու ռազմանավ է, բայց քիչ անց, պարզելով որ ոչ կայմեր ունի և ոչ էլ դրոշներ, նրանք մտածել էին թե դա կետաձուկ է: Երբ այն հասել էր ափի ծանծաղուտին, և նրանք մաքրել էին այն ջրիմուռների գալարներից, մեդուզաների շոշափուկներից, ձկան թեփուկներից ու նավաբեկության բեկորներից, այդժամ հասկացել էին որ այն ջրահեղձ մարդ է:
Նրանք ողջ օրը խաղացին ծովափին,
ջրահեղձին բազմիցս թաղելով ու վերստին հանելով ավազից, մինչ պատահական անցորդը, տեսնելով այս, ոտքի հանեց գյուղը: Տղամարդիկ, որոնք ջրահեղձին տեղափոխեցին գյուղի մոտակա տունը, նկատեցին որ նա ավելի ծանր է քան իրենց երբևէ հայտնի մեռյալները, ծանր այնքան՝ որքան ձին, ու ենթադրեցին, որ երկար ժամանակ ջրահեղձի ոսկորներր ներծծվել են ջրով: Երբ նրան պառկեցրին տան հատակին, նկատեցին որ նա ավելի աժդահա է քան երբևէ ծնված որևէ մահկանացուն, այնքան մեծ, որ դժվարությամբ է տեղավորվում գյուղական այդ տանը, ու մտածեցին, որ հետմահու աճի կարողությունը հատու է ջրահեղձներին: Տիղմով ու խեցիներով պատված նրա մարմինը սենյակը լցրել էր ծովի հոտով:

Նրա դեմքը մաքրելուց հետո պարզվեց, որ մեռյալն օտարական է: Ամայության եզրին հիմնված այս գյուղում ընդամենը քսան փայտաշեն խրճիթ կար՝ քարապատ բակերով, ուր չէր ծաղկում ոչինչ: Հողն այնքան քիչ էր, որ մայրերն սարսափում էին, թե մի օր քամին կարող է տանել իրենց զավակներին, իսկ մեռյալներին ոչ թե հուղարկավորում, այլ բարձր ժայռից նետում էին ծովը: Իսկ ծովը միշտ խաղաղ էր ու շռայլ: Գյուղի տղամարդիկ, որ հեշտությամբ տեղավորվում էին յոթ նավակներում, ջրահեղձ գտնելիս պարզապես նայում էին միմիանց, համոզվելու համար որ իրենք բոլորն էլ տեղում են:

Այդ երեկո տղամարդիկ ծով դուրս չեկան: Մինչ հարևան գյուղերում նրանք հարցուփորձ էին անում անհայտ կորածների մասին, կանայք ստանձնեցին ջրահեղձի խնամքը: Ծղոտե քիսաներով սրբեցին տիղմը, մազերից հանեցին խճճված ջրիմուռները ու ձուկը թեփուկից մաքրելու քերիչներով մարմնից պոկեցին ծովախեցիները: Նրանք նկատեցին, որ ջրահեղձի վրա հեռավոր օվկիանների ու խորքային ջրերի բուսականությունն է, իսկ ծվատված հագուստը վկայում է կորալյան լաբիրինթոսներում անկենդան դեգերումների մասին: Նրանք նկատեցին նաև, որ նա արժանապատվությամբ է ընդունել մահը՝ առանց ծովում խեղդվողներին բնորոշ միայնակության և գետում խեղդվողների տառապյալի զազրելի արտահայտության: Եւ դին վերջնականապես մաքրելուց հետո նրանք միայն հասկացան թե նա ով է եղել ու խոր հոգոցներ հանեցին: Նրանք ակնպիշ զննում էին ամենաբարձրահասակ, ամենաուժեղ, ամենաառնական և ամենաբարեկազմ տղամարդուն ու չէին կարողանում իրենց տեսածը տեղավորել մարդկային երևակայության սահմաններում:

Գյուղում չգտնվեց մի մահճակալ որ կտեղավորեր ջրահեղձին, կամ բավարար ամուր մի սեղան՝ որ կդիմանար նրա ծանրությանը: Նրա համար փոքր էին գյուղի ամենաբարձրահասակ տղամարդկանց տոնական անդրավարտիքները, ամենածանրիրանների կիրակնօրյա շապիկները և ամենամեծ ոտնամանները որ կարողացան գտնել: Չտեսնված գեղեցկությամբ ու մեծությամբ հմայված, գյուղի կանայք որոշեցին ձկնորսական առագաստից անդրավարտիք և ամուսնական առագաստներից շապիկ կարել նրա համար, որ նա, անգամ մեռած, պահպանի իր վեհությունը: Կանայք նստոտել էին մեռյալի շուրջը և, մինչ կարում էին նրա հագուստը, չէին դադարում հմայվել նրանով ու համոզված էին, որ համառ քամին ու Կարիբյան ծովն էլ այսպես աննախադեպ պոռթկում և ալեկոծվում էին մեռյալի համար: Նրանք մտածում էին, որ, եթե այս հիասքանչ տղամարդը ապրեր իրենց գյուղում, նրա տան դռները ամենալայնը կլինեին և ամենաբարձրը կլիներ նրա տան առաստաղը, հատակը՝ ամենաամուրը, նրա մահճակալը ձգված կլիներ երկաթյա ամրաններով, իսկ նրա կինը ամենաերջանիկը կլիներ ողջ գյուղում: Կանայք մտածում էին, որ ջրահեղձն ու կինը օժտված կլինեին հասարակ կանչով ծովը ձկներով լցնելու զորությամբ, իրենց կորովով շատրվաններ կկորզեին քարքարուտից ու ժայռերը կծածկեին ծաղկաստաններով: Կանայք մտքում համեմատում էին ջրահեղձին իրենց ամուսինների հետ, հասկանալով որ սրանք ողջ կյանքում չեն կարողանա անել այն, ինչ կաներ ջրահեղձը մեկ գիշերում, և իրենց հոգում վերջնականապես հրաժարվում էին այդ չնչին ու թշվառ արարածներից: Նրանք թափառում էին իրենց երևակայության լաբիրինթոսում, երբ ամենատարեց կինը, որը ջրահեղձին նայում էր ավելի կարեկցանքով քան կրքով, հոգոց հանեց.

-Դեմքից էլ երևում է, որ նրա անունը Էսթեբան է:

Դա ճշմարիտ էր: Ջրահեղձին նետված ևս մեկ հայացքը շատերին բավականացրեց որ հասկանան՝ այլ անուն ունենալ նա չէր կարող: Կանանցից երիտասարդները, որ առավել համառ էին, երևակայեցին թե, երբ նրան հագցնեն հագուստները, լաքապատ կոշիկները և շրջապատեն ծաղիկներով, կարելի կլինի անգամ Լաութարո կոչել: Նրանք ցանկալին շփոթում էին իրականության հետ: Կտորը պակասեց, վատ ձևված, առավելապես վատ կարված անդրավարտիքը փոքր ստացվեց, իսկ ջրահեղձի կրծքից բխող խորհրդավոր ուժը անընդհատ պոկում ու դեն էր նետում շապիկի կոճակները: Կեսգիշերից անդին քամին հանդարտվեց ու ծովն անշարժացավ չորեքշաբթի օրվա ընդարմության մեջ: Լռությունը ցրեց վերջին կասկածները՝ անտարակույս, նա Էսթեբանն է: Կանայք, որ հագցնում էին նրա հանդերձը, սանրում մազերը, սափրում դեմքը, կտրում եղունգները, չէին կարողանում զսպել իրենց խղճահարության դողը և համակերպվել որ նա շարունակելու է պառկած մնալ հատակին: Այդժամ նրանց ընկալելի դարձավ այն դժգոհությունը, որ կհամակի յուրաքանչյուր մեկին, երբ նրա աժդահա մարմինը, անգամ անշունչ, չգտնի իր հանգիստը: Նրանք պատկերացրեցին, թե կենդանության օրոք նա ինչպես դատապարտված էր դռներից ներս անցնել կողքանց, գլուխը խփել ձեղուններին, հյուրընկալվելիս մոլորված կանգնել՝ չիմանալով ուր թաքցնել իր խեցգետնի խոշոր վարդագույն չանչերը, մինչ տանտիրուհին ընտրում է հնարավոր ամենաամուր աթոռը և վախից կարկամելով՝ «այստեղ նստեք, Էսթեբան, շնորհ արեք», իսկ նա պատին հենված, ժպտալով՝ «մի անհանգստացեք, սինյորա, ես ինձ լավ եմ զգում», իսկ ոտներից ասես կաշին քերթած լինի, ևամեն անգամ հյուրնկալվելիս այրվում է թիկունքը ՝ «մի անհանգստացեք, սինյորա, ես ինձ լավ եմ զգում», միայն խուսափել փշրվող աթոռի խայտառակությունից, այդպես էլ երբեք չիմանալ, որ «մի հեռացիր, Էսթեբան, սպասիր մինչ սուրճը կբերեն» ասողները, հետո շշնջում էին՝ «վերջապես գնաց, տխմար աժդահա, ինչ լավ է, վերջապես գնաց, գեղեցիկ հիմար»: Սա էին մտածում կանայք արևածագից քիչ առաջ նայելով անշունչ մարմնին: Հետո, երբ լույսից պաշտպանելու համար, թաշկինակով ծածկեցին նրա դեմքը, նրանք տեսան ջրահեղձին իր հավերժական մահվան մեջ, այնպես անօգնական, այնքան նման իրենց ամուսիններին, որ սրտները այլևս չդիմացավ ու առատ հոսեցին արցունքները: Առաջինը հեծկլտաց ամենաերիտասարդ կինը: Մյուսները, մեկմեկու վարակելով, իրենց հոգոցները փոխեցին լացի, ու նրանց ողբը սաստկանում էր, ջրահեղձն ավելի էր դառնում Էսթեբան, ու, վերջապես, նրանց արցունքների առատությունից նա դարձավ աշխարհի ամենաանօգնական մարդը, ամենախոնարհն ու ամենահնազանդը, խե~ղճ, թշվա~ռ Էսթեբան: Ու երբ տղամարդիկ վերադարձան հարևան գյուղերից և հայտնեցին որ այնտեղ ոչ ոք չի ճանաչում ջրահեղձին, կանանց արցունքներում ճառագեց խնդության մի շող.

-Փառք Երկնավորին,- թեթևացած շունչ քաշեցին կանայք,- նա մերն է:

Տղամարդիկ մտածում էին, թե այս իրարանցումը կանանց թեթևամտության արդյունքն է: Գիշերային հոգնեցուցիչ թափառումներից հետո, նրանց ուզածը մեկն էր՝ մեկընդմիշտ ազատվել անցանկալի հյուրից, մինչ տոթակեզ ու անքամի օրվա բորբ արևը կխանգարեր նրանց: Բեկված նավերի կայմերից նրանք պատգարակ սարքեցին: Որպեսզի ստորջրյա հոսանքները, ինչպես պատահել էր այլ դիակների հետ, կրկին ափ չբերեն ջրահեղձին, տղամարդիկ որոշեցին նրա ոտներին առևտրական նավի խարիսխ ամրացնել, որ նա ընկղմվի ծովի ամենախորքը, ուր միայն կույր ձկներն են, իսկ սուզակները տրտմում են կարոտից: Հակառակ տղամարդկանց շտապողականությանը, ժամանակը ձգելու բազմաթիվ առիթներ էին հորինում կանայք: Վախեցած հավերի պես նրանք դեսուդեն էին վազվզում, ընտանեկան զարդատուփերից բերվող համայիլները մեկ հայտնվում էին մեռյալի վզին, մերթ փոխարինվում ուրիշներով նրա բազկի վրա, անընդհատ խանգարելով տղամարդկանց նպատակասլաց աշխատանքը, մինչ վերջիվերջո՝ «Կորիր այստեղից, այ կին, մի խանգարիր, քիչ մնաց քո պատճառով ընկնեի հանգուցյալի վրա», տղամարդկանց հոգում խլրտացին կասկածները, և նրանք փնթփնթացին՝ «ի՞նչ է նշանակում անծանոթ մեկի համար գլխավոր խորանից այսքան արդուզարդ բերելը, ախր շնաձկերը ծամելու են նրան անկախ ոսկեղեն ու արդուզարդից», բայց կանայք չէին դադարում քրքրել իրենց արժեքները, բերում ու տանում էին դրանք, հապճեպ շարժի մեջ բախվում մեկմեկու, ու նրանց հոգոցներում ի հայտ էր գալիս այն, ինչ բացահայտորեն չէին ասում նրանց արցունքները, և վերջնականապես հատնեց տղամարդկանց համբերությունը՝ «այս ի՞նչ իրարանցում է մի մեռելի համար, ծովից դուրս գցված անհայտ ջրահեղձի համար, սառը մսակույտի համար»: Կանանցից մեկը, որ խոցվել էր այսօրինակ լկտիությունից, ջրահեղձի դեմքից դեն քաշեց թաշկինակը, և այդժամ տղամարդիկ էլ զգացին, թե ինչպես նվաղեց իրենց հոգին:

Այո, նա Էսթեբանն էր: Պետք չէր կրկնել, որ ամեն ոք դա հասկանար: Թե նրանց դիմաց հայտնվեր սեր Ուոլթեր Ռելին, գուցե և նրանք տպավորվեին գրինգոյի ակցենտով, կամ ուսին նստած թութակով, և կամ մուշկետով որ սպանելու համար է, բայց աշխարհում կարող է լինել միայն մեկ Էսթեբան, և ահա նա ձգվել է իրենց առաջ ինչպես սաբալո ձուկը, ոտաբոբիկ, թերահաս մանկանը վայել անդրավարտիքով, քարից ել ամուր եղունգներով, որ հազիվ թե դանակով իսկ կտրվեն: Բավական էր միայն ետ քաշել թաշկինակը նրա դեմքից, որ պարզ դառնար՝ նա ամաչում է, նա մեղավոր չէ որ այդպես աժդահա է, մեղավոր չէ որ այդքան ծանր է ու գեղեցիկ, ու թե իմանար ինչ կպատահի, մեկ այլ, ավելի հարմար տեղ կգտներ խեղդվելու համար, ազնիվ խոսք, ես ինքս վզիցս կկախեի գալեոնի խարիսխը ու առաջ կքայլեի այն ժայռի կատարից, քանզի տեղն այս ինձ վհատեցրեց, և ոչ ոք ձեզ չէր զզվեցնի այսպես կոչված չորեքշաբթի օրվա մեռյալով, և չէի գրգռի ոչ մեկին սառ մսի այս նողկալի կույտով, որն ինձ հետ ընդհանուր ոչինչ չունի: Նա այնքան ճշմարիտ էր, այնքան համոզիչ, որ անգամ բաց ծովում անվերջ գիշերների դառնությունը համտեսած ամենակասկածամիտ տղամարդկանց, որ տագնապում էին թե իրենց կանայք մի օր կձանձրանան երազել իրենց մասին ու կերազեն ջրախեղդների, և անգամ անհամեմատ հաստատակամներին ցնցեց Էսթեբանի անկեղծությունը:

Այսպես պատահեց, որ լքված ջրահեղձի համար նրանք կազմակերպեցին ամենավեհաշուք թաղումը: Կանանցից մի քանիսը, որ հարևան գյուղերն էին գնացել ծաղիկներ բերելու, այնտեղից վերադաձան տեղացի կանանց հետ, որոնք չէին հավատացել լսած պատմությանը, սակայն երբ սեփական աչքերով էին տեսել մեռյալին, շտապել էին գնալ նոր ծաղիկների ետևից ու վերադառնալով հետները բերել էին նոր կանանց, ու վերջապես այնքան ծաղիկ և այնքան մարդ էր կուտակվել, որ ասեղ գցելու տեղ չկար: Վերջին պահին նրանց սիրտը նվաղել էր այն մտքից, որ նրան կրկին ծովին պիտ հանձնեն որպես որբի, և նրանք գյուղի լավագույն մարդկանցից նրա համար ընտրեցին հայր և մայր, ոմանք դարձան նրա եղբայրները, քեռիները, զարմիկները, և, վերջիվերջո, նրա շնորհիվ գյուղի բոլոր բնակիչները բարեկամացան: Հեռվում, լսելով նրանց ողբը, նավաստիները կասկածեցին իրենց նավարկության ճիշտ ուղղությանը, ու հայտնի է, որ նրանցից մեկը, հիշելով սիրենների մասին հին հեքիաթները, հանձնարարել էր իրեն կապել գրոտ-կայմին: Իրար հետ վիճարկելով նրա դին դեպի ժայռը սեփական ուսերին տանելու պատիվը, գյուղի բնակիչներն առաջին անգամ հասկացան, թե ինչ անխինդ են իրենց փողոցները, ինչ պապակ են իրենց բակերի քարերը և ինչ նեղ են իղձերը իրենց ջրահեղձի գեղեցկության ու վեհության ներկայությամբ: Նրան ժայռից նետեցին առանց խարիսխի, որ նա կարողանա վերադառնալ երբ կամենա, և հազարամյակներից պոկված մեկ ակնթարթով պահեցին շունչերը, մինչ նա անկում էր դեպ անդունդ: Նրանք անգամ կարիք չզգացին միմյանց նայել, հասկանալու համար, որ բոլորը չէ որ տեղում են և որ այլևս երբեք բոլորով չեն լինի: Բայց նրանք նաև հասկացան, որ ամեն բան այլ է այսուհետ՝ նրանց տների դռները լայն կդառնան, առաստաղները բարձր, հատակները ամուր, որպեսզի Էսթեբանի հուշը շրջի աշխարհով՝ գլուխը չզարկելով ձեղուններին, և որ այլևս երբեք ոչ ոք չհանդգնի շշնջալ՝ «մեռավ տխմար աժդահան, հազար ափսոս, մեռավ գեղեցիկ հիմարը», որովհետև նրանք Էսթեբանի հուշը հավերժացնելու համար իրենց տների ճակատները կներկեն ամենաուրախ գույներով, ամեն բան կանեն որ անկյանք քարերից աղբյուրներ բխեն և ծովափնյա ժայռերի թեք լանջերին ծաղիկներ կցանեն, և գալիք տարիների արշալույսներին հսկա նավերի ուղևորները բաց ծովում կարթնանան խեղդվելով այգեստանների չնաշխարհիկ բույրից, և մարտական շքանշաններով զարդարված տոնական համազգեստով իր կամրջակից կիջնի նավապետը և Կարիբյան ծովի հորիզոնից վարդերի լեռան պես հառնող հրվանդանը ցույց տալով տասնչորս լեզուներով կասի՝ նայեք, ահա այնտեղ, ուր քամին այնքան հլու է, որ քուն է մտնում մահճակալների տակ, ուր արևն այնքան պայծառ է, որ արևածաղիկներն չգիտեն թե որ կողմ թեքվեն, այնտեղ, ահա այնտեղ է գտնվում Էսթեբանի գյուղը:

 Թարգմանությունը ` Գևորգ Աղումյանի

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic