Monday, September 2, 2013

Չորս շրջան


Խորխե Լուիս Բորխես
Պատմությունները չորսն են: 

Առաջինը` հնագույնը, խիզախ մարդկանց պաշարած ու պաշտպանած ամուր քաղաքի մասին է: Պաշտպանները գիտեն, որ քաղաքը մատնվելու է հրի ու սրի, և մարտն անօգուտ է. հարձակվողներից ամենահռչակավորը` Աքիլլեսը, գիտի, որ իր ճակատագիրը հաղթանակից առաջ մահանալն է: Դարերը սրան մոգական տարրեր են ավելացրել: Ասել են, որ Տրոյայի Հեղինեն, հանուն որի զորքեր են մահացել, մի գեղեցիկ
ամպ էր, ստվեր. ասել են, որ մեծ դատարկ ձին, որի մեջ թաքնվել էին հույները, նույնպես թվացյալ էր: Հոմերոսը թերևս առաջին բանաստեղծը չէ, ով անդրադարձել է այս նյութին. 14-րդ դարում մեկը թողել է այս տողը, որ շրջում է իմ հիշողության մեջ. "The borgh brittened and brent to brondes and askes".ըստ Դանտե Գաբրիել Ռոսետտիի` Տրոյայի ճակատագիրը կնքվում է այն պահին, երբ Պարիսը բռնկվում է Հեղինեի հանդեպ սիրով. Յիթսն ընտրում է այն պահը, երբ միաձուլվում են Լեդան և կարապը, որն իրականում աստված էր:

Հաջորդ պատմությունը, որը կապված է առաջինի հետ, վերադարձի մասին է: Ուլիսը տասը տարի վտանգավոր ծովերում թափառելուց և կախարդված կղզիներում ուշանալուց հետո վերադառնում է իր Իթակեն. Հյուսիսի աստվածությունները երկրի կործանումից անմիջապես հետո տեսնում են` ինչպես է այն ծագում կանաչ ու լուսաշող ծովից, և խոտերում գտնում են շախմատի քարերը, որոնցով առաջ խաղացել էին:

Երրորդ պատմությունը որոնման մասին է: Սրանում կարող ենք տեսնել նախորդ պատմության մի տարբերակը, տեսնել Յասոնին ու գեղմը, պարսկական երեսուն թռչունի, որ սարեր ու ծովեր են կտրում և տեսնում իրենց աստծո` Սիմուրգի դեմքը, որը նրանցից յուրաքանչյուրն է և բոլորը: Նախկինում յուրաքանչյուր ձեռնարկ բարեհաջող էր: Ինչ-որ մեկը վերջում գողանում էր արգելված ոսկե խնձորները, ինչ-որ մեկը վերջում արժանանում էր Գրաալի նվաճմանը: Այժմ որոնումը դատապարտված է ձախողման: Նավապետ Աքաաբը հանդիպում է կետաձկանը, և կետաձուկը նրան ոչնչացնում է. Ջեյմսի կամ Կաֆկայի հերոսները կարող են միայն կործանում ակնկալել: Այնքան աղքատ ենք քաջությունից ու հավատից, որ happy-ending-ն արդեն սոսկ ինդուստրիալ քծնանք է: Չենք կարողանում հավատալ երկնքին, բայց դժոխքին հավատում ենք:

Վերջին պատմությունը աստծո զոհաբերության մասին է: Փռյուգիայում Աթիսնիրեն խեղում է և սպանում. Օդինը զոհաբերվում է Օդինին, Նա ինքը` Ինքն իրեն. ամբողջ ինը գիշեր կախված է մնում ծառից ու խոցվումնիզակով. Քրիստոսին զոհաբերում են հռոմեացիները:

Պատմությունները չորսն են: Մեզ մնացող ժամանակի ընթացքում շարունակելու ենք ձևափոխելով պատմել դրանք:
Թարգմանությունը ` Հասմիկ Ամիրաղյանի

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic