Friday, April 11, 2014

Մենք

 Վիկա Մարկոսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Հայ մարդու տեսակը բնութագրելու կարիք չկա: Գրում եմ հայերեն, լսարանը միայն հայերից է, ընթերցողը՝ հայ մարդը (կամ հայերին լավ ծանոթ մեկը) ուրեմն՝ կարդացողներից ամեն մեկը կարող է բնորոշել հայի տեսակը:
Ունե՞նք արդյոք թերություններ, կամ արդյո՞ք ընդունում ենք դրանց առկայությունը, արդյո՞ք սիրում ենք մեզ էնպիսին, ինչպիսին կանք, ծանո՞թ ենք մեր անցյալին, ապրո՞ւմ ենք ներկայով: Չգիտեմ: Բայց դիտարկել կարող եմ… Սուբյեկտիվորեն:
  • Պատմության դասեր.

Գոյություն ունի՞ արդյոք էսպիսի տերմին: Մեր նախորդը նախանախորդից վերցրե՞լ է արդյոք «պատմության դաս» ասվածը, փոխանցե՞լ է մեզ: Երևում է՝ ոչ:
Երևում է…
Թե հիմքդ ամուր է, կառուցածդ էլ ամուր ու հաջող կստացվի: Հենց էստեղ է, որ բոլոր ծովից ծով, ծովից լիճ կամ միայն լճով Հայաստանները կառուցող մեր ապուպապերից սովորելու բան ունենք: Կառուցում ենք առանց հիմքի, քանդվում է, էլի ենք կառուցում, հետո էլի ու էլի… Առանց հիմքի, առանց մի քիչ պատմությունը թերթելու:
Սխալ ասացի: Մենք թերթում ենք հայոց պատմությունը, սակայն վերցնում ենք միայն առեղծվածայինը, հաղթականը կամ էլ այն, ինչը բացահայտելով իրարանցում կառաջացնենք: Մի խոսքով՝ ոչ թե դասեր ենք քաղում, այլ նորույթ ենք փնտրում, որ դրա մասին խոսենք ու ոչ թե մտածենք, համեմատենք, սովորենք:
Մինչդեռ իրականում մեր նախանախանախապապերը հաղթել են նույն պատմությունից դասեր վերցնելով՝ չշտապելով, չհուսահատվելով, չարտագաղթելով ու խնդրին իրատեսորեն մոտենալով: Այս առումով սովորելու ու հպարտանալու բան ունենք: Հպարտանալու ոչ թե Հայկի ու Բելի ճակատամարտում Հայկի տարած հաղթանակով, այլ այն ժառանգությամբ, այն փորձով, որը մեզ պատմությունն է փոխանցում:
Հպարտանալու ձևն էլ… Ինձանից լավ գիտեք՝ անցյալի վրա հիմնվելով արժանավայել ներկա կառուցելու ոչ թե ձգտումը, այլ գործն է, որը ինչ-որ բան դեպի լավը կփոխի:
  • Ներկան անտեսելով՝ ապագայի մասին.
Ես անցյալում չեմ եղել (չնայած՝ հնդկական փիլիսոփայությունն ասում է՝ եղել եմ), չգիտեմ՝ ծովից ծով Հայաստանը ստեղծելիս Տիգրանը մտածո՞ւմ էր իմ մասին, թե ոչ: Ներկայում կամ: Ու գիտեմ, որ կուտակայինի դեմ պայքարող երիտասարդը չի մտածում, որ ինքն էլ ինչ-որ մեկի նախապապն է, որ ինքը պայքարում է իր ծոռան թոռի ապագան կերտելու համար: Ուստի՝ Տիգրանն էլ չէր մտածում մեր մասին: Ես, իհարկե, չեմ փոխում իմ վերաբերմունքը ո՛չ Տիգրան Մեծի ու ո՛չ էլ կուտակայինի դեմ պայքարող երիտասարդի նկատմամբ: Փաստ է, արձանագրում եմ:
Ասածս էլ այն է, որ ապագան մի օր գալու է, սերունդն էլ փոխվելու է: Ուստի պայքարելիս Հայկին ու Բելին չհիշելու (այսինքն որպես տերմին չկիրառելու) հետ մեկտեղ պիտի մոռանանք ապագայում ծնվող ու հայ կոչվողների մի հոծ բազմության մասին ևս: Դա գործը հեշտացնում է, ազատում ռոմանտիզմից ու դրան ավելի լուրջ, իրատեսական տեսք հաղորդում, որն էլ բերում է նոր, սթափ քայլերի ձեռնարկման կամ որոշ քայլերի չձեռնարկման:
Իսկ ապագան ուզած-չուզած գալիս է:
  • Ամփոփում. 
Ռոմանտիկ շրջանը մի օր կանցնի, սրան կհաջորդի ավելի իրատեսական փուլ, որի ընթացքում էլ կլուծվեն այսօր մեզ անհանգստացնող խնդիրները (Թումանյանը կասեր` «Միշտ բարին է վերջը հաղթում, էդպես է կարգն աշխարհի»): Իսկ այս ընթացքում էլի կանգնած ենք ազգապահպանման խնդրի առաջ, որտեղ ո՛չ Հայկի հաղթանակը, ո՛չ ծովից ծով Հայաստանը, անկախ իրենց ներկայացրած արժեքներից, չեն օգնի: Ուստի նոր բան պիտի մտածենք, պիտի կարդանք, կիրթ լինենք, որ իսկապես մեր պատմած Հայկի սերունդը մնանք ու ոչ թե Հայկի մասին խոսելով ուրիշներին ձուլվենք, Հայկի երկրից փախչենք, կամ էլ չսիրենք այն: Ու հայի տեսակը պահպանենք, ներազգային բացասականը վերացնելուց հետո միայն մեծ-մեծ խոսենք միջազգայինների մասին:
Իսկ ապագան… Բոլոր դեպքերում գալու է:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic