Tuesday, April 29, 2014

Խոսե Օրտեգա Ի Գասետ. «Զանգվաածների ապստամբությունը»

1. Կուտակվող զանգվածների տեսքը


Լավ է թե վատ, սակայն ներկայումս մենք եվրոպական հասարակական կյանքում նկատում ենք գերագույն նշանակություն ունեցող մի երեւույթ, եւ հատկապես հասարակության մեջ զանգվածների անսահմանափակ իշխանության գալը: Քանզի զանգվածներն արդեն իրենց բնույթով չպետք է եւ չեն կարող ղեկավարել սեփական գոյությունը եւ, առավել եւս, հասարակությունը, դա կնշանակի, որ Եվրոպան այժմ ամենածանր ճգնաժամն է ապրում, որը կարող է ներազդել ժողովուրդների, ազգերի եւ մշակույթի վրա: Համանման ճգնաժամեր արդեն պատահել են պատմության մեջ, հայտնի են դրանց բնույթն ու հետեւանքները, հայտնի է եւ անունը, դրանց անունն է` զանգվածների ապստամբություն:

Այդ երեւույթի էությունը հասկանալու համար, հարկ է մեկեն վերապահում անել այն առթիվ, որ մենք «ապստամբություն», «զանգվածներ», «հասարակական ուժ» բառերին բացառապես քաղաքական նշանակություն չենք հաղորդում: Հասարակական կյանքը` դա ոչ միայն քաղաքականությունն է, այլ, դրա հետ մեկտեղ, իսկ ավելի ճիշտ, ամենից առաջ, ինտելեկտուալ, բարոյական, տնտեսական եւ կրոնական կյանքը: Այն իր մեջ է ներառում հասարակության մեջ կյանքի բոլոր առանձնահատկությունները, այդ թվում նույնիսկ` հագնվելու եղանակը:

Այդ պատմական երեւույթի էությունն առավել լավ հասկանալու համար, դիմենք տեսողական փորձին, ուշադրությունը բեւեռելով մեր ժամանակի այնպիսի առանձնահատկության վրա, որ անզեն աչքով էլ նկատելի է:

Այդ երեւույթը հեշտ է նկատելը, սակայն այնքան էլ հեշտ չէ վերլուծելը: Ես դա կոչում եմ «ժողովրդի կուտակում»` քաղաքներում լիքը ժողովուրդ է, տներում` բնակիչներ, հյուրանոցներում` կենվորներ, գնացքներն ուղեւորներով բեռնված են, սրճարանները` այցելուներով, պողոտաները` անցորդներով, հանրահայտ բժիշկների ընդունարանները` հիվանդներով, թատրոնները, եթե ժամանակակից թեմաներով ներկայացումներ են լինում` հանդիսատեսներով, լողափերում լիքն են արեւկող լինողները: Այն, ինչը նախկինում խնդիր չէր, այժմ համարյա միշտ դառնում է այդպիսին, ազատ տեղեր չկան:

Արդյոք կարելի՞ է մեր կյանքում գտնել ավելի հասարակ, նշանակալից եւ այդչափ հաճախ հանդիպող ինչ-որ մի բան: Այժմ եկեք բարձրացնենք առօրեականության քողն այդ երեւույթի վրայից, եւ մեզ կապշեցնի հանկարծ հորդող հոսքը, որում, հանց ցայտաղբյուրի ջրերում, արտացոլվում են ծիածանի բոլոր գույները, արտացոլվում է այսօրվա ողջ տարրապատկերը, այժմեականության բոլոր նշանները:

Դե ի՞նչ ենք մենք տեսել, եւ ինչո՞ւ է տեսածն այդպես ապշեցրել մեզ: Մենք տեսնում ենք ամբոխը, որ ձգտում է դեպի բոլոր այն բարիքները, որ ստեղծել է քաղաքակրթությունը: Բավ է փոքր-ինչ խորհել, եւ մենք կզարմանանք սեփական զարմանքի վրա: Ինչպես, մի՞թե դա իդեալ չէ: Չէ՞ որ թատրոնը նախատեսված է այն բանի համար, որպեսզի այնտեղ բոլոր տեղերը զբաղված լինեն, այլ կերպ ասած, որպեսզի դահլիճը լեփ-լեցուն լինի: Նույնը կարելի է ասել եւ երկաթուղու մասին, ինչպես նաեւ` հյուրանոցների: Դե, իհարկե, առանց դույզն-ինչ կասկածի: Բայց բանն այն է, որ նախկինում այդ հաստատություններից կամ երթեւեկության միջոցներից եւ ոչ մեկն այդ աստիճանի լեցուն չէր լինում, իսկ այժմ տեղը չի բավում, դրանցից օգտվել կամեցողների հերթեր են գոյանում: Թեպետ այդ երեւույթը տրամաբանական, բնական ծագում ունի, անկարելի է չընդունել, որ նախկինում այդպիսի բան չկար, հետեւաբար, ինչ-որ բան փոխվել է, նոր բան է հայտնվել, դրանով էլ եւ բացատրվում է, համենայն դեպս, առաջին պահին, մեր զարմանքը:

Զարմանալ, ապշել` կնշանակի` սկսել հասկանալ: Դա յուրատեսակ սպորտ է, շռայլություն, որ իրեն կարող է թույլ տալ միայն ինտելեկտուալը, ի տարբերություն այլոց, որ նայում են աշխարհին զարմանքով լի աչքերով: Լայն բացված զարմացած աչքերի համար աշխարհում ամեն ինչ արտասովոր եւ հրաշալի է: Ֆուտբոլիստներն այդ հաճույքից զուրկ են, այնինչ, աշխարհով հմայված ինտելեկտուալը մշտապես կենում է կանխատեսական արբեցության մեջ: Նրան կարելի է ճանաչել զարմանքով լի, լայն բացած աչքերից: Հենց այդ պատճառով հները Միներվայի ատրիբուտն էին համարում բուին` վիթխարի փայլփլուն աչքերով թռչնին:

Նախկինում ամբոխներն ամեն քայլափոխին չէին պատահում: Ինչո՞ւ է ուրեմն դա տեղի ունենում այժմ:

Մարդիկ, որ ամբոխ են կազմում, ոչնչից չեն ծնվել: Դա մոտավորապես մարդկանց նույն քանակությունն է, որ գոյություն ուներ եւ տասնհինգ տարի առաջ: Բնական կլիներ, եթե պատերազմից հետո դրանց քանակը նվազեր: Եվ ահա այստեղ հարկ է անել առաջին կարեւոր դիտարկումը: Այդ ամբոխ կազմող անհատները գոյություն ունեին եւ առաջ, բայց նրանք ամբոխ չէին: Յուրաքանչյուրն ինքնեկ էր, կամ, եթե նրանք միավորվում էին փոքրիկ խմբակցությունների մեջ, նրանք իրենց կյանքն էին վարում, մյուսներից կախում չունենալով, բոլորից հեռու: Նրանցից յուրաքանչյուրը` լինի դա անհատ կամ փոքրիկ խմբավորում` իր տեղն էր գրավում դաշտում, գյուղում, ավանում կամ մեծ քաղաքի թաղամասում:

Իսկ այժմ նրանք հայտնվում են` որպես ամբոխ: Ուր էլ որ մենք հայացք նետենք, ամենուր ամբոխներ ենք տեսնում: Ամենո՞ւր: Չէ, ոչ ամենուր, այլ հատկապես լավագույն վայրերում, հատկապես այնտեղ, ուր կենտրոնացած են մարդկային մշակույթի ամենանրբին ձեռքբերումները, որ նախկինում նախատեսված էին փոքրիկ խմբերի, այլ կերպ ասած` փոքրամասնության համար:

Ամբոխը հանկարծ ամենուր սկսեց աչքի ընկնել, ամբոխը լցրեց ամենալավ վայրերը: Եթե նախկինում այն գոյութուն էլ ուներ, ապա դա աննկատ էր, ստվերում էր գտնվում, հասարակական բեմի ետնամասում, իսկ այժմ այն բեմեզրի լույսերի ներքո է` դարձել է հիմնական գործող անձը: Արդեն մենակատարներ չկան` մնացել է միայն խորը:

«Ամբոխ» հասկացությունը` վիզուալ ու հատկանշային հասկացություն է: Եկեք, առանց էությունը փոխելու, այն փոխադրենք սոցիոլոգիայի լեզու: Եվ այդժամ մենք կհանգենք հասարակական զանգված հասկացությանը: Հասարակությունը մշտապես երկու գործոնների դինամիկ միասնություն է` փոքրամասնության եւ զանգվածի: Փոքրամասնությունը` դա անհատն է կամ անհատների խումբը, որ որակապես տարբերվում է ամբոխից: Զանգվածը` դա մարդկանց ամբոխն է, որ առանձնահատուկ տարբերակիչ առանձնահատկություններ չունի: Հարկ չկա, սակայն, «զանգվածներ» եզրի տակ հասկանալ միայն «աշխատավոր զանգվածները»: Զանգվածը` դա «միջակ մարդն է»: Այսպիսով կարելի է զուտ քանակային «զանգված, մարդկանց կուտակում» բնորոշումից անցնել դրա որակական բնորոշմանը: Ամբոխի ընդհանուր որակը` դա զանգվածն է, այլ կերպ ասած, բեռ, որը հասարակությունը ձգում է ցած, դա մարդ է այնքանով, որքանով չի տարբերվում մյուսներից, քանզի նա կրկնում է ինքն իրեն մարդկանց տեսակային տիպում: Ի՞նչ ենք մենք շահում տվյալ դեպքում, քանակը որակի վերածելիս: Շատ պարզ է, ներմուծելով որակի հասկացությունը, մենք կհասկանանք, թե որտեղից է վերցվում քանակը: Հանրահայտ է, որ սովորաբար ամբոխները ձեւավորվում են մարդկանցից, որոնք ելակետային ցանկություններ, գաղափարներ եւ կենսակերպ ունեն: Կարելի է ասել, որ դա տեղի է ունենում ցանկացած հասարակական խմբում, որքան էլ որ հանգամանորեն այնտեղ ընտրվեն մարդիկ: Այդ ամենն այդպես է, սակայն էական տարբերություն կա, որ ամբոխը տարբերում է ընտրված փոքրամասնությունից:

Այն խմբերում, որոնք ամբոխ կամ զանգված չեն, ցանկությունները, գաղափարը, իդեալը, որոնք շարժում են այն կազմող անհատներին, համընկնում են, որ ինքնին բացառում է մարդկանց բազմաքանակությունը: Մինչ փոքր խմբի կազմավորումը, ինչպիսին էլ որ լինի նրա գործունեությունը, անհրաժեշտ է, որպեսզի այդ մարդկանցից յուրաքանչյուրն ինչ-որ բավականաչափ անհատական բնույթի առանձնահատուկ պատճառներով առանձնանա ամբոխից: Նրա իդեալների համընկնումը, այդ փոքր խումբը կազմող այլ մարդկանց ձգտումների եւ իդեալների հետ, երկրորդական է, քանզի այդ մարդկանցից յուրաքանչյուրը դրա համար ունի իր պատճառները: Այդ պատճառով կարելի է ասել, որ, որոշակի չափով, դա անհամապատասխանությունների համընկնումն է: Լինում են դեպքեր, երբ խմբի անհատական բնույթն անհայտ է, այդպիսին են, օրինակ, իրենց «նոնկոմֆորմիստ» կոչող անգլիացիների խմբերը, որ միավորվում են սոսկ այն բանի համար, որ դիմակայեն ամբոխին: Ցանկացած մոնորիտար խումբ կազմավորվում է այն պատճառով, որ մարդկանց փոքրամասնությունը ձգտում է մեծամասնությունից առանձնանալ: Խոսելով մարդկանց նեղ շրջանակի մասին, որ հավաքվել են ունկնդրելու մի նրբաճաշակ երաժշտի, Մալարմեն սրամտորեն նկատել է, որ այդ ունկնդիրներն իրենց ներկայությամբ շեշտում են ամբոխի բացակայությունը:

«Զանգվածը» կարող է բնութագրվել նաեւ որպես հոգեբանական պլանի երեւույթ: Դա միշտ չէ, որ մարդկանց կուտակումն է: Նայելով մեն միակ մարդուն, մենք կարող ենք ասել, նա մա՞րդ է, թե՞ ոչ: Մի շարք պատճառներով մարդ-զանգվածը նա է, ով չի կարող ինքն իրեն գնահատել, ինչպես վատ, անպես էլ լավ կողմից, դա նա է, ով իրեն զգում է «այնպիսին, ինչպիսին բոլորն են» եւ դրանից ամենեւին վատ չի զգում: Նրան դուր է գալիս զգալ իրեն այնպիսին», ինչպիսին բոլորն են: Պատկերացրեք սովորական մի մարդու, ով փորձում է ինքն իրեն գնահատական տալ ինչ-ինչ առանձնահատուկ պատճառներից ելնելով, օրինակ, որպեսզի իմանա, թե՞ արդյոք ինքը որեւէ տաղանդ ունի՞, թե՞ ոչ, առանձնանո՞ւմ է նա ինչ-որ բանով ուրիշներից, թե՞ ոչ: Եվ ահա նա նկատում է, որ նա ոչ մի երեւելի հատկություն չունի: Այդ մարդն իրեն միջակություն կզգա, անշնորհք, սովորական մարդ, սակայն ինքն իրեն «մարդ-զանգված» չի զգա:

Երբ խոսքը ««ընտրյալ փոքրամասնության» մասին է, ապա կենցաղում սովորաբար այդ արտահայտության նշանակությունն աղավաղվում է, համարվում է, որ «ընտրյալ փոքրամասնության» մարդը մեծամիտ անպատկառ է, որ իրեն մյուսներից բարձր է դասում, ինչը, սակայն, այդպես չէ: «Ընտրյալը» ավելին է պահանջում, քան մյուսները, թեպետ եւ նրան չի հաջողվում կյանքի կոչել այդ բարձր պահանջները: Ոչ մի կասկած չկա այն բանում, որ մարդկությունն ամենաարմատական կերպով բաժանվում է երկու մասի. նրանք, ովքեր շատ բան են պահանջում իրենցից եւ հենց դրանով բարդացնում են իրենց կյանքը եւ հետեւում են պարտքին, եւ նրանք, ովքեր իրենցից առանձնահատուկ ճիգեր չեն պահանջում: Նրանց համար ապրել` կնշանակի` չփոխվել, մշտապես լինել այն, ինչ որ իրենք կան, նրանց հասու չէ նա, ով ձգտում է ինքնակատարելագործման, այդպիսի մարդը, հանց առագաստ, ընթանում է հոսանքի ուղղությամբ:

Իսկ այժմ ես կուզենայի ձեզ հիշեցնել, որ ուղղափառ բուդդիզմը բաղկացած է երկու տարբեր ուղղություններից` առաջինը, մահայանան, «մեծ կառքը» կամ «ընդարձակ ուղին», մարդուց շատ ավելի մեծ ջանքեր է պահանջում, քան երկրորդը, «նեղ ուղին» կամ «փոքր կառքը»` հինայանան: Այն, թե որ ճանապարհով մենք կընթանանք, ինքներս մեզ գերագո՞ւյն, թե՞ նվազագույն պահանջներ կներկայացնենք, ի վերջո կանխորոշում է մեր կյանքը:

Հասարակության բաժանումը զանգվածի եւ բացառիկ փոքրամասնության, չի նշանակում` բաժանում երկու դասերի: Դա մարդկանց տիպերի բաժանում է, դա կարող է չհամընկնել բարձր եւ ցածր դասերի բաժանմանը: Բնական է, որ բարձր դասերի ներկայացուցիչների մեջ, եթե դրանք իրոք այդպիսին են, մեծ հավանականություն կա գտնելու մարդկանց, որոնք կընթանան «ընդարձակ ճանապարհով», այնինչ ցածր դասերը, որպես կանոն, բաղկացած են միջակություններից: Այդուհանդերձ, ամեն մի դասի ներկայացուցիչների մեջ կա զանգված եւ ընտրյալ փոքրամասնություն: Մեր ժամանակներում նույնիսկ ընտրյալ խմբերում գերակշռում են մարդ-«զանգվածները»: Այսպես, օրինակ, ինտելեկտուալների շրջանում, որոնք ըստ էության կոչված են լինելու բարձր ինտելեկտուալ մակարդակի մարդիկ, մենք ավելի ու ավելի ենք նկատում կեղծ ինտելեկտուալների` ոչ պրոֆեսիոնալ, անիրազեկ եւ ինտելեկտուալին բնորոշ բոլոր հատկություններից զուրկ մարդկանց: Նույն երեւույթին ենք մենք հանդիպում եւ պահպանված ազնվականական միջավայրում: Մյուս կողմից, այժմ աշխատավորական միջավայրում բավական հաճախ կարելի է հանդիպել ոգու բարձր կարգապահությամբ մարդանց: Բայց չէ՞ որ նախկինում հենց բանվորներն էին կազմում ամբոխը:

Հասարակության մեջ գոյություն ունեն գործունեության զանազան տեսակներ: Կան եւ այնպիսիները, որոնք ինքնին յուրահատուկ բնույթ ունեն եւ, հետեւաբար, դրանք չեն կարող իրագործել մարդիկ, որոնք դրանց հանդեպ հատուկ հակում չունեն, օրինակ, արվեստի որոշ տեսակները կամ էլ ղեկավարման ոլորտը, եւ քաղաքական դատողությունները հասարակական գործերի մասին: Նախկինում այդ գործառույթները կատարում էին, այսպես կոչված, «ազնվական ծագումով մարդիկ», համենայն դեպս, նրանք ձեւացնում էին, որ «ազնվական են»: Զանգվածները չէին ձգտում այդ տեսակի գործունեության, նրանք իրենք իրենց առջեւ հաշվետու էին այն բանում, որ եթե նրանք կամենային խառնվել դրան, ապա հարկ էր հատուկ վերապատրաստություն ձեռք բերել, եւ առանձնահատուկ ընդունակություններ ունենալ, եւ այնժամ նրանք կդադարեն զանգված լինելուց: Առաջ զանգվածներն անգիր գիտեին իրենց դերը հասարակական կյանքում:

Եթե մենք այժմ հիշենք, թե ինչի մասին էր խոսքը մեր պատումի սկզբում, ապա բոլոր այդ երեւույթները կհառնեն մեր առջեւ` որպես զանգվածների տեղի փոփոխության ապացույց հասարակական ուժերի տեղաբաշխման մեջ: Ամեն ինչ մեզ ցուցանում է այն, որ զանգվածներն ամեն գնով որոշել են մղվել առաջին պլան եւ տիրանալ այն ամենին, որ նախկինում քչերին էր պատկանում: Բնական է, որ որոշակի հասարակական տեղեր նախատեսված չէին ժողովրդի այդպիսի քանակության համար, դե, դրանց չափերն էլ այդքան մեծ չեն, այդ պատճառով ամբոխը դրանցից տառացիորեն դուրս է թռչում, ակնհայտորեն մեզ ցույց տալով նոր երեւույթի յուրահատկությունը` զանգվածը, չդադարելով զանգված լինել, ճնշում է փոքրամասնությանը:

Ոչ ոք, կարծում եմ, չի ափսոսա այն բանի համար, որ ներկայումս շատ ավելի մարդիկ եւ առավել մեծ չափով հաճույք են ստանում կյանքից, լավ է, որ դրա համար նրանք ցանկություն եւ միջոցներ ունեն: Չարիքն այն է, որ զանգվածների որոշումը` զբաղվելու գործունեության այն տեսակներով, որոնք նախկինում փոքրամասնության արտոնությունն էին, չի դրսեւորվում եւ չի կարող դրսեւորվել միայն այն բանում, ինչը որ վերաբերում է հաճույք ստանալուն: Մեր ժամանակներում այդ հիվանդությունը տարածվել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Փոքր-ինչ առաջ անցնելով, ասեմ, որ ամենավերջին տարիների քաղաքական իրադարձություններն այլ բան չեն նշանակում, քան զանգվածների իշխանության գալը: Հին դեմոկրատիան կարող էր գոյություն ունենալ լիբերալիզմի նշանակալի բաժնի եւ առ օրենքը հիացիկ հավատի հաշվին: Այդ սկզբունքներին հավատարիմ մնալու համար, անհատը ստիպված էր լինում իր մեջ դաստիարակելու ոգու ամրակուռ կարգապահություն: Լիբերալիզմի եւ իրավաբանական նորմի պաշտպանության ներքո կարող էին գոյություն ունենալ եւ գործել մոնորիտար խմբեր: Դեմոկրատիան եւ օրենքը` գոյության իրավաբանական երաշխիքները` հոմանիշներ էին: Ներկայումս մենք գերդեմոկրատիայի հաղթանակի ականատեսներն ենք, որի օրոք զանգվածները գործում են` շրջանցելով օրենքները, կիրառելով նյութական ճնշումը, փաթաթելով իրենց ցանկություններն ու ճաշակները: Սխալ կլիներ ստեղծված իրավիճակը բացատրել այն բանով, թե իբր զանգվածները հոգնել են քաղաքականությունից, թողնելով քաղաքական գործունեության ոլորտը հատուկ դրա համար նախատեսված մարդկանց: Ճիշտ հակառակը: Այդպես տեղի էր ունենում նախկինում, այդպիսին էր իրավիճակը լիբերալ դեմոկրատիայի օրոք: Զանգվածներն այն ժամանակ գիտակցում էին, որ, ի վերջո, իր բոլոր թերություններով հանդերձ, քաղաքականությամբ զբաղվող փոքրամասնությունը հասարակական խնդիրներից ավելի լավ է գլուխ հանում, քան իրենք: Իսկ այժմ, հակառակը, զանգվածները ենթադրում են, որ իրենք իրավունք ունեն ուրիշների վզին փաթաթելու այն տափակ դատողությունները, որոնք նրանք արտաբերում են սրճարաններում, եւ դրան օրենքի ուժ տալ: Կասկածում եմ, որ պատմության մեջ երբեւէ եղել են ժամանակներ, երբ ամբոխին հաջողվում էր այդպես ակնհայտորեն եւ անթաքույց տրամադրություն ստեղծել հասարակական կյանքում, ինչպես մեր ժամանակներում: Հենց այդ պատճառով էլ ես խոսում եմ գերդեմոկրատիայի մասին:

Նույնը տեղի է ունենում եւ կյանքի մյուս բնագավառներում, հատկապես ինտելեկտուալ ոլորտում: Գուցե թե, ես սխալվում եմ, բայց մարդը, ձեռքը գրիչ վերցնելով, որպեսզի գրի այն մասին, ինչը նա երկարատեւ ուսումնասիրել է, ստիպված է մտածելու, որ միջին ընթերցողը, ում երբեք չի հետաքրքրել, թե ինչի մասին է գրում հեղինակը, եթե կարդում էլ է նրան, ապա ոչ այն բանի համար, որպեսզի կայացնի իր դատավճիռը, հատկապես, եթե գրածը չի համընկնում այն տափակություններին, որոնցով լցված է ընթերցողի գլուխը: Եթե անհատները, որ զանգված են կազմում, իրենց չափազանց տաղանդավոր կարծեին, ապա խոսքը կվերաբերեր առանձին բացառությունների, այլ ոչ թե հասարակական կյանքի ձեւավորված կացութաձեւի տապալմանը: Այս պահի համար բնութագրականն այն է, որ միջակությունը իմանալով, որ ինքը միջակություն է, լկտիություն է ունենում ամենուր պնդելու եւ բոլորի վզին փաթաթելու միջակություն լինելու իր իրավունքը: Ինչպես ասում են ամերիկացիները, անպարկեշտ է ուրիշներից տարբերվելը: Զանգվածն իր ճանապարհին ջարդուփշուր է անում այն ամենը, ինչ նման չէ իրեն, նա տրորում է ամենայն անհատականություն, սպանում է բոլոր վսեմ, ընտրյալ ու երեւելի բաները: Նրան, ով այնպիսին չէ, ինչպես բոլորը, նրան, ով այնպես չի մտածում, ինչպես բոլորը, սպառնում է վերացված լինելու վտանգը: Բնական է, որ այդ «բոլորը» իրականում «բոլորը» չեն: Նախկինում «բոլորը» զանգվածի եւ նրանից տարբեր փոքրամասնության բարդ միասնությունն էր: Իսկ այժմ «բոլորը»` դա միայն զանգվածն է:

2. Պատմական մակարդակի աճը

Ես նկարագրում եմ մեր ժամանակի այդ տարօրինակ ծնունդը, չջանալով գունազարդել նրա գազանային, բարբարոսական տեսքը: Մյուս կողմից, դա մի երեւույթ է, որ մինչեւ այժմ անհայտ էր մեր քաղաքակրթության պատմության մեջ: Երբեք, ողջ ընթացքում, համանման բան տեղի չի ունեցել: Եթե մենք կամենանք ինչ-որ պատմական զուգահեռ գտնել, ապա ես ստիպված կլինեմ փոխադրվելու այլ կյանք, որ միանգամայն տարբեր է մերինից, եւ պատկերացնել Հռոմեական կայսրության անկման շրջանի մի մեծ անտիկ քաղաք: Հռոմեական կայսրության անկման պատմությունը` դա միաժամանակ հաղթանակի ժամն է զանգվածների կայսրության, որոնք կլանեցին ու վերացրեցին ղեկավարող փոքրամասնությունը, գրավելով նրա տեղը: Այն ժամանակ նույնպես գոյություն ուներ զանգվածների կուտակման երեւույթը, եւ ամենուր ամբոխներ էին կազմավորվում: Այդ պատճառով, ինչպես արդարացիորեն նկատել է Շպենգլերը, այն ժամանակ ստիպված էին վիթխարի շինություններ կառուցելու ճիշտ այնպես, ինչպես եւ մեր ժամանակ: Զանգվածների հաղթանակի ժամանակը` դա ամենայն վիթխարիի ժամանակն է:

Մենք ապրում ենք զանգվածների բարբարոսական ճնշման տակ: Այսպիսով, մենք արդեն երկրորդ անգամ բնութագրեցինք այն` որպես «բարբարոսական», մենք արդեն տվել ենք մեր հարկը տափակությունների աստծուն, եւ այժմ, մուտքի տոմսը ձեռքներիս, մենք կարող ենք ուրախ դահլիճ մտնել, որտեղ մեզ հետաքրքրող թեմայով ներկայացում է խաղացվելու: Թե՞ դուք կարծում էիք, որ ես կբավարարվեմ այս նկարագրությամբ, գուցե եւ արդարացի, բայց ոչ խորունկ, որը սոսկ հողի վերին շերտն է, լեռան ստորոտը, որը հառնում է մեր հայացքի առաջ իր ողջ ահռելիությամբ, եթե մենք նրան նայենք անցյալից: Եթե ես այստեղ ավարտեի միտքս, խեղդելով, հանց մանկան, այս գործը, ընթերցողը կմտածեր (եւ միանգամայն արդարացի), որ զանգվածների այդ չտեսնված առաջխաղացումը պատմության թատերաբեմի վրա, զզվանքի եւ գարշանքի ծամածռություն առաջ բերելով, ինձ ներշնչեց սոսկ մի քանի քննադատական քամահրական խոսք ասելու: Չէ՞ որ իմ մասին հայտնի է, որ ես կողմնակից եմ պատմության արմատական-ազնվապետական ընկալման: Այն արմատական է ոչ միայն այն պատճառով, որ ես պնդում էի, որ մարդկային հասարակությունը պետք է ազնվականական լինի, ավելին, ես միշտ ասել եմ, իսկ այժմ մեկ անգամ էլ եմ շեշտում (օրըստօրե համոզվելով իմ ճշմարտացիության մեջ), որ մարդկային հասարակությունը միշտ էլ, ըստ էության, ազնվականական է եղել, ուզում ենք մենք դա, թե ոչ: Հասարակությունը գոյություն ունի, քանի դեռ այն ազնվականական է, եւ դադարում է այդ լինելուց, հենց որ կորցնում է իր ազնվականությունը: Ես այստեղ խոսում եմ հասարակության, այլ ոչ թե պետության մասին: Ոչ մեկն ինձ չի հավատա, եթե ես զանգվածների չտեսնված կատաղության հանդիման սկսեմ կոչ անել, որ, վերսալյան ազնվականի եղանակով, բավարարվենք քամահրական դիմածռությամբ: Վերսալը` խոսքը դիմածռությունների Վերսալի մասին է` դա ազնվականություն չէ, այլ ընդհակառակը` երբեմնի ազնվականության կործանումն ու քայքայումն է: Հենց այդ պատճառով էլ այդ մարդկանց մեջ ազնվականական էր լոկ վսեմաշուք նրբագեղությունը, որով նրանք կարողանում էին իրենց վիզը դնել գիլյոտինի տակ: Նրանք խոնարհվում էին դրա առաջ` ինչպես ուռուցք հեռացնող վիրաբուժական նշտարի: Խոսքը նրանց մասին չէ: Նրանց, ովքեր հավատում են ճշմարիտ ազնվականության կոչմանը, մոլեգնած զանգվածի տեսքը հուզում եւ բորբոքում է, ճիշտ այնպես, ինչպես կուսական մարմարի տեսքը հուզում եւ բորբոքում է քանդակագործին: Ճշմարիտ ազնվականությունը ոչնչով չի նմանվում մարդկանց այն ծիծաղելի խմբին, որոնք ջանում են իրենցով անել «հասարակության» անունը, երբ «ինքն իրեն» «հասարակություն է» հռչակել եւ ապրում է լոկ աշխարհիկ այցերով: Քանզի ամեն ինչ աշխարհում ունի իր գինը եւ իր նշանակությունը: Սակայն այդ նշանակությունը երկրորդական է եւ չի կարող համեմատվել այն հերկուլեսյան խնդրի հետ, որ կանգնած է ճշմարիտ ազնվականության առաջ: Ես կարող էի դեռ զարգացնել այս թեման, կանգ առնելով այն բանի վրա, թե ինչ իմաստ ունի «բարձր հասարակության» կյանքը, առաջին հայացքից` այնքան անիմաստ, բայց մենք վերլուծության համար այլ, շատ ավելի բարդ թեմա ենք ընտրել:

Մի անգամ ես զրույց ունեցա մադրիդյան «բարձր հասարակության» երկնակամարում հայտնված մի ծաղկուն տիկնոջ հետ: Շնչելով երիտասարդությամբ եւ ջանալով ոչնչով ետ չմնալ ժամանակից, նա թոթովեց. «Ինձ համար պարահանդեսն էլ բերկրանք չէ, եթե ութ հարյուր հոգուց քիչ մարդ է հրավիրված»: Այդ նախադասությունը ինձ ստիպեց մտորել, եւ ես հասկացա, որ զանգվածների թելադրած ոճը այսօր կյանքի բոլոր ոլորտներում հաղթանակ է տոնում, նույնիսկ այն վերջին կացարաններում, որոնք, թվում էր, թե նախատեսված էին երջանիկ փոքրամասնության համար: Ես համաձայն չեմ մեր ժամանակի առանձնահատկություններին վերաբերող այն դատողությունների հետ, որոնք կարող են ցույց տալ դրա դրական իմաստը, որ աչքից թաքնված է հաղթանակող զանգվածների հանդիսանքով: Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր խոնարհաբար ընդունում են այդ երեւույթը, սարսափից չցնցվելով: Ցանկացած ճակատագիր դրամատիկ եւ ողբերգական է: Եվ միշտ այդպես կլինի: Ով չի զգացել, թե ինչպես է իր ձեռքում խփում մեր ժամանակի վտանգների զարկերակը, նա, հազիվ դիպչելով ճակատագրի փափլիկ այտին, այդպես էլ չի կարողացալ ըմբռնել դրա խորունկ իմաստը: Զանգվածների բարոյական ապստամբությունը, իր աննկունության մեջ անկասելի եւ բազմանշանակ, ինչպես ցանկացած ճակատագիր, իր մեջ այսօր սարսափելի վտանգ է պարունակում: Դա բացարձակ չարի՞ք է, թե՞ հնարավոր բարիք: Ահա այն, մեր ժամանակի երկընտրանքը, որ ավարտվում է վիթխարի տիեզերական հարցական նշանով բավական բազմանշանակալից տեսքի. մեզ հայտնի չէ, կամ այն նման է գիլյոտինի, կամ կախաղանի, իսկ ինքը դրա հետ մեկտեղ` ձգտում է նման լինել հաղթակամարի:

Երեւույթը, որը մենք կամենում ենք անատոմիական քննության ենթարկել, կարելի է դիտարկել երկու կողմից: Առաջինը, զանգվածներն այսօր հասարակական գործառույթներ են իրականացնում, որոնք նախկինում իրականացնում էին բացառապես փոքրամասնության ներկայացուցիչները, երկրորդ, զանգվածներն այսօր չեն կամենում ենթարկվել փոքրամասնությանը, նրանք չեն ենթարկվում նրան, չեն հետեւում նրան, ընդհակառակը` զանգվածները ճնշում են փոքրամասնությանը եւ գրավում են նրա տեղը:

Եկեք վերլուծենք այդ երեւույթի առաջին ասպեկտը: Այսպիսով, զանգվածները օգտվում են քաղաքակրթության բոլոր այն հայտնագործություններից եւ բարիքներից, որ հնարվել էին ընտրյալ փոքրամասնության համար, եւ որոնցից նախկինում օգտվում էր միայն այդ փոքրամասնությունը: Այժմ զանգվածների մեջ հայտնվել են կարիքներ եւ ցանկություններ, որոնք նրբաճաշակ էին համարվում, որոնք առաջ կարող էին լոկ քչերն իրենց թույլ տալ: Ահա ձեզ մի տափակ օրինակ` կոմսուհի դե Բունը իր «հիշողություններում» հաղորդում է, որ 1820 թվականին հազիվ կարելի էր մի տասը լողասենյակ գտնել: Իսկ այժմ զանգվածները բավականաչափ ծանոթ են այնպիսի տեխնիկայի, որից առաջ օգտվում էին միայն մասնագետները:

Խոսքը ոչ միայն նյութական տեխնիկայի մասին է, այլ նաեւ իրավաբանական եւ քաղաքական գործերի վարման: 18-րդ դարում մարդկանց մի փոքր խումբ հայտնաբերեց, որ ցանկացած մարդ, արդեն այն պարզ փաստի շնորհիվ, որ նա մարդ է ծնվում, անկախ իր ծագումից, ունի հիմնական քաղաքական իրավունքները, այսպես կոչված, մարդու եւ քաղաքացու իրավունքները, եւ, որ այդ համընդհանուր իրավունքները միակ գյություն ունեցողն են: Ցանկացած այլ իրավունք, որից կարող է օգտվել առանձնահատուկ տաղանդավոր մարդը, դատապարտվում էր որպես արտոնություն: Սկզբում դա տեսության մեջ էր, որը քչերն էին պահպանում, հետո նրանք սկսեցին այդ գաղափարները կյանքի կոչել, հանրայնացնելով եւ պրոպագանդելով դա: Դրանք, փոքրամասնությանը պատկանող, լավագույն մարդիկ էին: Այդուհանդերձ, ողջ 19-րդ դարի ընթացքում զանգվածները, որոնք ավելի ու ավելի մեծ հուզավառությամբ էին ընկալում այդ իրավունքների գաղափարը, դարձնելով դա իրենց իդեալը, դեռեւս չապրեցին այն, չփորձեցին այն իրագործել կյանքում եւ դրան մեծ նշանակություն չէին տալիս: Ընդհակառակը, դեմոկրատական օրենսդրության քողի տակ նրանք փաստորեն շարունակում էին ապրել եւ զգալ ինչպես նախկինում, իրաց հին կարգուկանոնի օրոք: «Ժողովուրդը», ինչպես այն ժամանակ կոչում էին, արդեն գիտեր, որ ինքնիշխան է, բայց դեռ դրան չէր հավատում: Այսօր իրավահավասարության իդեալն իրականություն է դարձել, ընդ որում, ոչ միայն իրավաբանության մեջ, որը միշտ լոկ սխեմատիկորեն է արտացոլում հասարակական կյանքի մակերեւույթին կատարվածը: Այդ իդեալը ներթափանցել է յուրաքանչյուր անհատի միս ու արյան մեջ, ինչպիսին էլ որ լինեն նրա համոզմունքները, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք ռեակցիոն են, այլ կերպ ասած, նույնիսկ այն ժամանակ, երբ նա քննադատում եւ պարսավում է այն հաստատությունները, որոնք կոչված են երաշխավորելու իր իրավունքները: Ես կարծում եմ, որ նա, ով չի հասկանում այդ հետաքրքրական բարոյականությունը, որով ղեկավարվում են իրենց վարքում զանգվածները, չի կարող հասկանալ եւ այն, ինչ որ այսօր սկսում է կատարվել աշխարհում: Ցանկացած մարդու ինքնիշխանությունը, որպես տեսակի, իր այդ դերով գաղափարից եւ իրավաբանական իդեալից վերածվել է իրականության, դարձել է միջին մարդու հոգեբանության անբաժան մասը: Հարկ է նշել, երբ ինչ-որ իդեալական բան իրականություն է դառնում, այն անխուսափելիորեն դադարում է իդեալական լինելուց: Իդեալի ձգողականությունը, վսեմությունը եւ հմայքը կորչում են, այն դադարում է մարդու վրա ներգործություն ունենալուց: Իրավահավասարության դեմոկրատական գաղափարը դադարեց հեռավոր իդեալ լինելուց եւ վերածվեց անգիտակցական, անկասելի, անիրականանալի ցանկության:

Այդ իրավունքների իմաստն այն էր, որպեսզի մարդկային հոգիները ներքին ստրկությունից դուրս բերի, նրանց մեջ դաստիարակի ինքնահարգանքն ու արժանապատվությունը: Մի՞թե դա չէին նրանք ուզում: Մի՞թե նրանք չէին ուզում այն, որ միջին մարդը, ինքն իրեն իր կյանքի տերը, տիրակալն ու ղեկավարը զգա: Դրան հասան: Դե ուրեմն ինչո՞ւ, արդեն երեսուն տարի է, որ առաջադիմության կողմնակիցները, լիբերալներն ու դեմոկրատները, դժգոհություն են հայտնում:

Աղբյուրը՝ Զանգվաածների ապստամբությունը
Թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic