Thursday, April 3, 2014

Ծանոթագրություններ` առ Օմար Խայամը/ ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ

Երեկ իմ աչքերի մեջ ներխուժեց արեւը: Եվ ես մտորեցի վաղանցուկի մասին: Անցյալը մահվան թագավորությունն է: Ապագա՞ն… Սերն ու վիշտն անգոյության հայելում: Ունկ դրեք Եսայու խոսքին, նրա աստվածամեղրահամ մխիթարանքներին: Առյուծը խոտ կորոճա, իսկ գայլը կսիրի գառնուկին: Բայց կյանքը` դա հիման է: Արդյո՞ք մեզ համար այնքան կարեւոր է այն, ինչ գալու է: Ե՞րբ ենք մենք վշտանում: Հիմա: Ե՞րբ ենք բերկրում: Հիմա: Ե՞րբ ենք մեռնում: Հիմա: Հեռավոր ու զարմանահրաշ Խայամ, որ երազում էր մարգարտի պես լուծվել իր ոգու գինու մեջ: Անլուծելիի առեղծվածային հմայակը` գրավիչ ու վշտալի պարադոքսների: Անշուշտ, քո պանթեիզմը ծագել է աշխարհի անդադար հայեցումից: Գինու վսեմ երանգներում ապրում է ճշմարտության եւ սիրո հոգին: Գինին գունազարդում է գիշերվա արջնամառությունը: Աղոտ միստիկ Օմարը թափանցել է գինու գաղտնիքների մեջ` ինչպես եւ ոչ մեկը, նա կարողացավ տեսնել արբեցման գեղեցկությունը… եւ գեղազարդեց այն: Կանաչ խոտի վրա ըմպեք սիրասունի մատուցած սուտակե գինիները: Իսկ ինքն ասում է, որ մտածում էր երկնքի մասին:

Երբ մեծ հոգին` մեր օրերում անսովոր հասկացություն, իջնում է մարմնահատակը, նա այնտեղ էլ տեսնում է հոգեւոր սկիզբը, երբ արբեցնում է գինին, հոգում բռնկվում է սերը, անսահման սերն` առ ոչ մեկն ու ամենքը: Եվ մարդն այդ պահին հիասքանչ է: Չէ՞ որ գեղեցկությունը րոպեական է: Գինին, լցնելով սրտերը, երփնաթրթռում է զգացմունքների բոլոր երանգներով եւ բացահայտում է, երեւի թե, մեր գոյության ամենաճշգրիտ իմաստը: Սերը: Միմիայն սերը: Կենսական դրույթներից դուրս: Մի՞թե այդքան կարեւոր է, որ կան մարդիկ, որոնք մեզ խոստանում են հավերժական տառապանքներ, ի հավելումն այն ոչ հավերժական տանջանքի, որ կոչվում է կյանք: Մի՞թե այդքան կարեւոր է, որ մեզ ճնշում են դավանությունները: Եթե մենք կարողանայինք հոգու մեջ նայել, մենք բոլորս կսիրեինք միմյանց: Բայց գոյություն ունեն վարդապետություններ, մարդն օրորոցից սկսած ներմուծվում է դրանցից մեկի մեջ, եւ մեծամասնությունը հետեւում է դրանց մինչ ի մահ եւ պաշտպանում է այն, ինչի մասին հազիվ թե ինչ-որ գաղափար ունի:Ի՞նչն է ճշմարիտ: Ի՞նչ է թաքցնում հավատի տխրահռչակ հուրը: Եվ ծագում են երկպառակությունը, ատելությունն ու մահը: Եվ ոմանք կոտորում են մյուսներին` ի հեճուկս իրենց հավատալիքների: Եթե գիշերային բանդագուշանքում ներքին ձայնը ճչար նրանց` «Ինչո՞ւ»: Ինչո՞ւ հավերժության տանջանքը` տառապանքների այդպիսի հեղեղներից հետո: Օմար Նիշապուրից, դու տեսել ես, թե ինչպես են թշնամանում մարդիկ, կառչելով իրենց երեկվանից կամ վաղվանից, եւ ազդարարեցիր այսօրը: Դու նայում էիր խռովությունների մեջ թաղված աշխարհին, եւ ասում էիր` «Այսօր, հիմա: Տվեք ինձ գինին եւ սիրասունի շուրթերը: Վարդերը` ծաղկանց ծաղիկներն են, նրանցում է բույրի գինին: Այսօր, հիմա: Մոտենում է գիշերը, բայց ես լուսավորում եմ ուղին գինու եւ կրքի հրով: Այսօր, հիմա: Դու եկար ըմբռնելու նրանց մշուշապատ ճշմարտությունը: Իսկ ինչպե՞ս այլ կերպ, սուտակե հեղուկի կանխատես: Հիման` դա հենց կյանքն է: Այսօրը ձգվում է տարիներով: Երեկը` մահացած այսօրն է, վաղը` չծնվածը: Մեր ցանկացած օր` դա միշտ այսօրն է:

Լուսնով լուսավորված հնամենի պարսիկ: Դո՞ւ ես, որ չես տեսնում, որ մենք` մարդիկ, չենք կարողանում պատկերացնել հավերժությունը: Երբ մենք մտածում ենք մեր անփուտ հոգու մասին, մեզ պատկերվում է նրա հավերժական այսօրը: Երբ թախծում ենք անմահության մասին, մենք կամենում ենք կանգնեցնել այն ակնթարթը, որը մեր մեջ սերմանել է այդ կարոտը: Միակ բանը, որ մեր մեջ անգին է, դա երեւակայությունն է, հենց այն էլ մխիթարում է մեզ` հավերժական այսօրի պատկերով:Մարդը` միշտ հիմա եւ այստեղ է: Անդորրավետ բերկրանքների մատռվակ, գինու մեջ դու ճանաչեցիր սիրո վաղանցիկությունն ու վրա հասնող գիշերվա մեգը: Դու հոտոտում էիր ամպերի բույրը եւ տեսնում էիր քարոզիչների հորդաները: Եվ դու բացեցիր քո անվերջանալի այսօրի ոսկե դուռը, վերադարձնելով գինուն նրա ճշմարիտ իմաստը:

Քո ժողովրդին, այնքան շնորհալի եւ այնպիսի հրաբորբոք երեւակայությամբ, արգելված է կործանիչ ըմպելիքը: Մարգարեն կարողանում էր կարդալ ձեր սրտերում: Եվ, հորինելով մարմնի հավերժական երանությունը, որպեսզի դուք այն սիրեք ամեն բանից առավել, նա նզովեց գինին, որպեսզի դուք այն ատեք: Նա գիտեր, որ գինին կրոնական վարդապետությունների մեծ ավերիչն է եւ առավել խորն է ներթափանցում հոգու մեջ, հատկապես այնքան մոլեգին, հրածին ու անկասելի, ինչպիսին ձերն էր: Անշուշտ, նկատի էր առնվում գինու հոգեկան ներգործությունը, մարմնականի մասին չարժեր էլ խոսել։

Բոդլերը գինին կոչում է Արեգակի երկրորդ զավակը: Դու, Օմար, այն կոչում ես առաջինն ու միակը: Բանաստեղծները գովաբանում են գինին` առ գինին սիրուց մղված: Դու` ինքդ քո հանդեպ սիրուց… հենց այդպես… եւ դու ինքդ խոստովանում ես դա քո բողոքներում: Մոլեռանդ խաժամուժը այպանում էր քեզ, իսկ դու խնջույքի թեժ պահին լալիս ու կրկնում էիր. «Ես ինչո՞վ եմ մեղավոր»: Հենց դա է դժբախտությունը: «Ես ինչո՞վ եմ մեղավոր,- գոչում են դոնքիշոտները, դեգերելով ճամփաներով առանց սխրագործությունների ու արկածների, քանզի համընդհանուր քամահրանքը զրկել է նրանց այդ հնարավորությունից: «Ես ինչո՞վ եմ մեղավոր»` բղավում են խեղված մարմնով եւ չխեղված հոգով հաշմանդամները; «Ես ինչո՞վ եմ մեղավոր»` հասնում է միաձույլ ոռնոցով բոլոր բանտային պատուհաններից: «Ես ինչո՞վ եմ մեղավոր»` հոգոց են հանում խելապակասներն ու տհասները: «Ինչո՞վ ենք մենք մեղավոր»` տնքում են սնանկացած ժողովուրդները: Ինչ-որ տեղ բանսարկում են, վարդապետում են, կեղծում են, իսկ դու, Օմար Խայամ, սպիրիտուալիզմի վտարյալ, լցնում ես գավաթդ եւ մտնում ես լեռնային աշխարհ: Լուսնով լուսավորված հնամենի պարսիկ, հոգու խորքում մենք կուզենայինք հետեւել քեզ: Սակայն կյանքով տրորված, ստորացված նրա անհեթեթություններով, մենք շարունակում ենք քարշ գալ նրա հոգնեցուցիչ ճամփաներով:

Դու գթասիրտ էիր այնպիսիների հանդեպ, ինչպիսին մենք էինք, գթասիրտ այնքան, որ քեզ համարում էիր նրանցից մեկը, որ անուժ են արատավոր շրջանը պատռելու համար:

Մարդկությունը մեծ մարդկանց գործերին վերեւից նայելու գեշ սովորություն ունի: Կարող ես ինքդ դրանում համոզվել այն բանից հետո, ինչ քեզ դադարել են սեւերես անել: Իհարկե, դարերը ջնջել են կեղտաբծերը, բայց եւ մարդկությունն էլ այլ է դարձել, անցած սերունդների հետ արյան կապերով չկապված: Դոն քիշոտին շրջապատող գործող անձինք ներողամիտ էին առ նա, վերից կարեկցում էին: Եվ հենց նույնն էր նաեւ Համլետի եւ Վերթերի հետ:

Մեծությունը ակնթարթաբար բացում է մեզանում չըմբռնման ու չհասկացման վիհը…

Դու հողի վրա շաղ տվեցիր գինին, որպեսզի հագեցնես վաղուց գնացած ու փոշիացած սիրահարների կարոտը: Չտեսնված ծաղիկները, ապարանքները, քո հողի գույներն ու նրա գինին խամրեցին հենց ամենածաղկունքին…

Դու վերակենդանացնում ես վաղեմի այգիներն ու աղոտած գույները: Քո խոսքերն արձագանքում են տարօրինակ եւ բարեբեր: Ինչպես կասեր Ռուբեն Դարիոն, դու ընտրյալ բանաստեղծ ես: Դու համեմատություններից դուրս ես, որովհետեւ երբեք չես երգել խորում եւ չես ձայնակցել նրան:

Աբու-Աբդ-Ալաբ

1917թ.


Թարգմանությունը ռուսերենից ` Վարդան Ֆերեշեթյանի

1 comments:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic