Monday, September 1, 2014

Գիշերվա ջուր / Ռուբեն Հովսեփյան

Առաքելը չէր մարել տան լույսը, ոչ էլ անկողին էր մտել, կոշիկներն էր հանել բարձին թիկն տալուց առաջ ու երևի քիչ առաջ էր քուն մտել, համենայն դեպս մրափը չէր հասցրել մոռացության մեջ գցել նրան, իսկույն հասկացավ, թե ով և ինչու է թակում լուսամուտը:

- Գալիս եմ, Սահակ,- ձայն տվեց, ոտքերով գտավ քիչ խոնավ, գոլ ներսով կոշիկները,- ոտնամաններս հագնեմ ու գամ:

 Գլուխը քրտնած էր, դեմքին ընկած լրագիրը թրջվել էր, կեսը սև, կեսը ճերմակ մի գլխամազ էր աղեղի տեսքով սոսնձվել բարձին, աղեղի սև մասն երևում էր, ճերմակը նկատվեց հետո, երբ Առաքելը եղունգով պոկեց մազը, պահեց լամպի դիմաց, կարծես ուզում էր ճշտել սևի ու ճերմակի սահմանը: Սահման չկար, բայց Առաքելին թվաց, թե տեսնում է սև մասի հյութը և ճերմակի դատարկությունը: Սահակը լուսամուտը թակել էր բահի ցեխոտ պոչով, ապակու վրա լերդանում էր ցեխաջրի որդանման հետքը, և դրա շուրջը թպրտում, գլուխ էին կոտրում կաղամբակեր, սպիտակ թիթեռները: 
Ճռճռալով, ինքն իրեն բացվեց զգեստապահարանի դուռը, ներսի կիսամութից Առաքելի աչքը աչքը շլացրեց խունացած շինելի պղնձյա կոճակներից մեկը, բակում շղթան զնգզնգացրեց շունը, կարճ, ծույլ հաչեց, հետո դնչով, թաթով տեղահան արեց լափի դատարկ ամանը, որ գլորվեց, զարկվեց դարպասին:

 - Առաքել հայրիկ,- լվացարանի չռռոցի միջից լսվեց Սահակի ձայնը,- սոված է անասունը, հաց տուր, որ քնի:- Նա գլուխը պահել էր ծորակի տակ, մեջքը կորել էր այնքան, որ ջուրը չհոսեր, հասներ գոտկատեղին ու փնչացնում էր գոմեշի նման:- Մինչև առավոտ հազիվ վերջացնես: Ծարավ է հողը:

 Օդում կնոջ հոտ կար: Ծիրանն էր հասնում: Առուն ափեափ լիքն էր ջրով, պայթում էր և լեցունությունից այնպես էր թվում, թե հոսք չկա: Պղտոր ջուր էր, թանձր, սարերում երևի երեկ, առաջին օրը անձրև էր թափվել: 

- Ծարավ է, բա,- համաձայնեց Առաքելն ու գլխի ընկավ, որ հարևանի բակում ճերմակին տվողը Սահակի թախտը ծածկող շղարշն է:- Արդեն դրսում ես քնո՞ւմ, Սահակ: 
- Դրսում, դրսում, դրսում,- սրթսրթալով ոտքերն էր չորացնում Սահակը,- մոծակներն են տզտզում, իսկ ես ձեզ ասեմ՝ չեմ մրսում, մրսում... 

 Շղարշի տակ ծիծաղը խեղդեց Մարգոն, մի գորտ կռկռաց, չլմփաց առուն, և ճպճպում ու խաղաղվում էր Սահակի ջրված հողամասը: 

- Թե քունդ տանում է,- արձակի անցավ Սահակը,- հերթդ Գևորգին տուր: Դու առավոտը կջրես: 
Չղջիկը ծափ զարկեց Առաքելի ականջի մոտ, քարի պես առուն ընկավ ու էլի վեր թռավ, ձուլվեց մութին: 
- Պիտի զգուշացնեիր,- ծնկելով ընկուզենու տակ, գտնելով շղթայի ծայրը, հանդիմանեց Առաքելը,- որ դրսում եք քնում: Պառաված շուն է, թափվում են մազերը... տանեմ, ուրիշ տեղ կապեմ:
 Շղթան ոլորվել էր, կծիկ-կծիկ էր դարձել, շունն էլ իր հերթին էր խանգարում, լիզում էր տիրոջ մատները, խցկվում էր ոտքերի արանքը, ձգում, ավելի էր սեղմում հանգույցը:
 - Համբերիր, Սահակ,- Առաքելի ականջին հասավ Մարգոյի շշուկը,- թող հեռանա...
 - Հարևանի կնիկ ե՞ս...
 - Ամոթ է... մի երկու րոպե ման արի բակում: 
- Թու,- իբր կամացուկ թքեց Սահակը,- քեզ ո՞վ խնդրեց, այ լիրբ, գաս-պառկես թախտիս: Հոգնած եմ... 
Բակի խորքում Առաքելը կապեց շանը, ետ դարձավ, դարպասի մոտ գտավ լափի դատարկ ամանը: Տաք ծերտ էր ընկել ամանի եզրին, ծերտի կաթոցից դողում էր մետաղը:
 Իր մեջ առնելով մարող դողոցը՝ անշարժացավ Առաքելը, որ լսի ընկուզենու լայն տերևների ետևում քնած ճնճղուկի շնչառությունը: Ու կլսեր, եթե մի ակնթարթ գոնե լռեին առուն, հարևանի հողամասը, եթե բակի խորքում չհեթեթար շունը, եթե լռեին գիշերվա բոլոր ձայները, որոնց մեջ էր կորչում ճնճղուկի շնչառությունը: 

 - Ծիրանն ի՞նչ ես անելու, Առաքել հայրիկ,- Սահակը բաց ոտքերին, ուսերին նստոտած մոծակներին էր քշում, սպասում էր Առաքելի հեռանալուն ու ամենից շատ այդ պահին ուզում էր իմանալ, թե ինչու է ընկուզենու տակ արձան կտրել հարևան բիձան: 
- Ամեն տարվա պես կհանձնեմ գործարան:
 - Ծովափի շուկաների համն ու հոտը չգիտես, է,- ծոր տվեց Սահակը ու չէր հասկանում՝ ում վրա է ավելի գազազած՝ Առաքելի՞, թե կնոջ, որ մոծակներից պաշտպանված՝ մեկնվել էր թախտին ու լուսնի լույսի տակ նմանվում էր ակվարիումն ընկած ձկան: 
- Սուլթանի հարեմը քեզ օրինակ: Քըշշ, քըշշ՝ արնախում պարազիտներ... կիսատկլոր կնանիք շորորում են, շորորում են չորս բոլորդ, քըշշ, կշեռքին չեն նայում, ուղիղ աչքերիդ մեջ են նայում. «Պաչո՞մ» - հարցնում են լիքը, անխիղճ պռոշներով, քըշշ՝ ճահճի զավակներ, իսկ դու տուն-տեղդ մոռացած, աստծուդ ուրացած ասում ես. բերի, կրասավիցա մայա, դարոմ բերի, ես քո բոլոր գույներին մատաղ...
 - Հողս կրասավիցաներիդ գլխին,- շղարշի տակ մղկտաց Մարգոն:
 Ճաշամանի մեջ ջուր լցրեց Առաքելը, մանր կտորներով հաց փրթեց, խառնեց շերեփով, եղած-չեղածը դատարկեց շան առաջ: 
- Քեզ կարձակեի այս գիշեր,- խոսեց ցածրաձայն,- բայց դե, կցեխոտվես, բանջարանոցը ոտնատակ կանես...
Հետո ձեռքն առավ բահը, մտավ այգին, աչքի պոչով նկատելով, թե ինչպես է հարևան բակում համաչափ փքվում-իջնում, փքվում-իջնում թախտը ծածկող շղարշը:
 Հողը տաք էր, ավելի ճիշտ՝ տաք էր հողի խորքը, երեսը հասցրել էր պաղել, այդ տաքությունը պարզապես բուսնում էր, խառնվում օդին՝ առաջացնելով հազիվ որսալի հովիկ, որ խճճվելով խոտերի, թփերի, ճյուղերի մեջ, չէր կորչում, դառնում էր խշշոց, սվսվոց ու արծաթավուն տերևախաղ: Ջրի մոտիկ շնչից արթնացել էր գիշերվա այգին: Շեկ լեզվակները դուրս գցած՝ արևածաղկի կիսաբաց պսակները շրջվել էին դեպի առուն, անհամբերությունից ցրիվ էին գալիս խլածաղիկների ճերմակ գմբեթները, մոտալուտ հաճույքից նվաղած թմբերին պառկել էին լոլիկի, վարունգի թաղերը, և լուսնի ցոլքն ու ուժն իրենց մեջ առած տերևները խոնավության ցփոններ էին ձգում պղտոր, թանձր զանգվածից, որ առաջ էր սողում տիրելու ու տրվելու առողջ ցանկությամբ և այն անսուտ բնազդով, թե իրեն սպասում են, իրեն տենչում են... Համատարած սպասում էր, տաք, անզուսպ կիրք էր խլրտում չորս դին, և Առաքելը ոռնաց անձայն, ընկավ հողին... 
Հողը տաք չէր, հողը կրակ էր, այդ կրակը այրում էր Առաքելի շապկի փեշերը, կուրծքը, փորը, ավելի ներքև, և ցավն անտանելի էր, որովհետև կրակը չէր դառնում հրդեհ, որ մարել լիներ, չէր մոխրացնում նրան, որ հանգստություն բերեր: Միայն շամփրում էր, միայն շամփրում էր... 
«Մարիամ,- հեծկլտաց Առաքելը,- Մարիամ,- կանչեց աղերսանքով,- Մարիամ,- հանդիմանեց,- Մարիամ, հայտնվիր...»: Մարգ մտած ջուրը հասել էր Առաքելի ոտքերին, բայց նա չէր զգում, մատներով փշրում էր հողի կոշտուկները, ագահաբար ներշնչում էր հողի խորքից ելնող տաքությունը և համառորեն սպասում էր բոցին, որի մեջ անցավ կուզեր մոխրանալ: Հիմա նրա մատները ցեխ էին հունցում: Գոլ ջուրը շտապով ճաքեր էր փնտրում, փոսեր, փոսիկներ, գոլ ջուրը կատաղի քանդում էր թումբը, գոլ ջուրն ուզում էր խեղդել Առաքելին: 
Խուլ հռնդյունով վայրէջքի գնաց գիշերվա ինքնաթիռը, վառվող-մարող կարմիր լույսերը գցելով ջրով լի մարգերի մեջ: Առաքելը չզարմացավ, երբ զգաց, որ լողում է մարգում: Նա զարմացավ, որ իր կանչով չհայտնվեց մեռած Մարիամը:
 «Ամաչում ես, գիտեմ,- խոսեց նա Մարիամի հետ,- որ չհանձնվեցիր այնօր... Էլի գիշեր էր, ծիրանն էր հասնում, իսկ առավոտյան ես պիտի գնայի... Մի ամաչիր, Մարիամ, երևա... դու հո չգիտեի՞ր, թե ինչ էր պատահելու...»: 
 Նա հանեց թաց կոշիկները, շալվարը, ու բոբիկ, միայն թրջված վարտիքով վրա պրծավ պատռված թմբին: Կուտակված ջուրը գազազել էր, ելք էր փնտրում, Առաքելը փակում էր պատռվածքը, ջուրը մի այլ տեղից էր փախչում: 
«Կուզե՞ս, մի հայտնվիր, Մարիամ, մնա մթան մեջ, ծառի ետևում... Կուզե՞ս, մի խոսիր, միայն լսիր...»: 
Նա մարգի միջից զգուշորեն ձգեց, հանեց փշփշոտ ծաղիկը ծայրերին մատնաչափ վարունգները, փռեց փխրուն թմբերին, ուր չէր հասնելու ջուրը: Վարունգներից մեկը պոկվեց թփից, մնաց նրա ափում, և նա զգաց կոթուկից ծորացող հյութի շարժումը մատների վրա:
 «Դու ամոթից մեռար, գիտեմ, քեզ չներելուց, իսկ ես, ըհը, ապրում եմ ու երկար եմ ապրելու... Երկար... Ինձ այդ մտքով էին մխիթարում: Եթե պատերազմ չէ, ասում էին, եթե չար պատահար չէ, գիտե՞ս, զինվոր, թե երբ է մեռնում կենդանի արարածը: Երբ կատարում է իր պարտքը, երբ սերունդ է թողնում: Ես, ուրեմն, խաբում եմ բնությանը: Ինձնից անկախ: Նա հո չգիտե՞ եղածը: Նա սպասում է, որ ես կատարեմ իմ պարտքը... Երկար է սպասելու, ու ես երկար եմ ապրելու...»: 
 Ինքնաթիռը լրիվ պտույտ էր գործել, հիմա նույն ուղղությամբ թռչում էր ավելի ցածրից: Առաքելը համոզված էր, որ դա նույն ինքնաթիռն է, հիշում էր հռնդյունը, վառվող-մարող լույսերի պայծառությունը:
 «Ինչ երկար է տևում վայրէջքը, Մարիամ,- նկատեց նա,- մարդիկ կարծես թե հասել են, գուցե և վերևից տեսել են իրենց տան լույսը կամ տանիքը, բայց պարզվում է, որ դեռ չեն հասել... Հիմա, այս ժամին ինչքան մարդ կա օդանավերում, գնացքներում, կայարաններում, ու բոլորն այն հույսով, թե նոր տեղում ավելի լավ կապրեն...»: 
Ծառերից կիսասատկած թրթուրներ էին կախ ընկած ճոճվում, խուտուտում էին Առաքելի դեմքը, խճճվում էին մազերի մեջ, մտնում էին ծոցը: Ճլորած, հիվանդ ցոգոլներ էին թափվում մարգերի մեջ և դեղին, կոլոլված, ծակծկված տերևներ: 
«Գարնանն անձրև շատ եկավ, Մարիամ, ու ծառերը որդոտեցին: Հազիվ էինք հասցնում սրսկել, անձրևը գալիս-լվանում էր դեղը: Ծառն ինքը պիտի կռվի հիվանդության դեմ, Մարիամ, ու ցրտի, բայց դե սրանք թույլ, անպաշտպան ծառեր են: Ծառերն ինչո՞ւ են հիվանդանում, գիտե՞ս, Մարիամ: Որովհետև տնկիներն են հիվանդ, կորիզները: Որովհետև, չգիտեմ երբ, ճղակոտոր են արել չգիտեմ որ սերնդի ծառը, ու ցավը ծառից ծառ է անցել...»: Ինքնաթիռը երրորդ անգամ հայտնվեց Առաքելի գլխավերևում: Կարմիր լույսերն ավելի հաճախակի էին վառվում, մարում, ու շարժիչի հռնդյունի մեջ էլ չարագուշակ ոռնոց էր զգացվում:
 «Սա ի՞նչ բան է, Մարիամ,- տագնապեց Առաքելը,- ինչո՞ւ վայր չի իջնում: Մարդիկ հասել են, չէ՞...»: 
Նրա թուլացած մատներից պոկվեց բահի պոչը, ընկավ ջրի մեջ, սուզվեց: Նա դեմքից հեռացրեց թրթուրների ցանց կապած ոստայնը ու աչքը չէր կտրում օդանավակայանի ուղղությունից: 
«Հիմա վայր կիջնի, բարեհաջող վայր կիջնի,- ինքն իրեն հուսադրեց Առաքելը,- խաղաղ, անամպ գիշեր է, ինչո՞ւ պիտի չիջնի: Շուտով լույսն էլ կբացվի: Թող բարով բացվի...»: Մարիամին մոռացած՝ նա վազեց դեպի բակ, կանգնեց իր ու Սահակի հողամասերը բաժանող առվի եզրին, բղավեց շնչակտուր. 
- Սահակ, Սահակ...
Ինքնաթիռը ետ էր դարձել ու այնքան ցածրից էր թռչում, որ թվում էր՝ նրա քամուց հիմա-հիմա մերկանալու էին տանիքները, գլխատվելու էին բարդիները: 
- Գևորգին պիտի ձայն տաս,- լրիվ չարթնացած փնթփնթաց Սահակը, հորանջի միջից շարունակեց,- առաջ ես եմ ջրում, հետո՝ դու,- նրա ձայնը թուլացավ, հալվեց,- հետո՝ Գևորգը, հետո...
 - Օդանավը, Սահակ, օդանավը չի իջնում... 
- Ռազմական ինքնաթիռ է, խաղ է անում,- Սահակի հանգստությունը քնածի հանգստություն էր: 
- Չէ, չէ, չէ, Սահակ, մարդատար է,- տեղեկացրեց Առաքելը,- գիշերվա, Մոսկվայից եկող օդանավն է: Հրես, էլի պտտվեց, եկավ: Չե՞ս լսում ոնց է կանչում:
 Սահակը դժգոհ դուրս ելավ շղարշի տակից, գլուխը տնկեց վեր, նայեց այնքան, մինչև անհետացավ օդանավը: 
- Հա, մարդատար է: Բա ինչո՞ւ ես վարտիքով: 
- Ջուրն ընկա: 
- Իսկի էլ չես ընկել,- քրքջաց Սահակը,- նստել, քնել ես մարգում ու ջուրը եկել, թրջել է տակդ: - Հիմա ի՞նչ ենք անելու, Սահակ: 
- Ի՞նչը,- Սահակը հորանջելով, մայկա-տրուսիկը շտկելով մոտեցավ, պպզեց առվի եզրին, հետո նստեց թմբին, ոտքերը կամուրջ սարքեց առվի վրա: 
- Ծխելիք ունե՞ս,- հարցրեց: 
Առաքելը ձեռքը քսեց վարտիքին, հիշեց. 
- Գրպանումս էր՝ թրջված կլինի: Տեսնեմ՝ տանը կա՞,- նա քայլ արեց գնալու, բայց Սահակը պահեց նրան: 
- Կաց,- ասաց,- հարց ունեմ քեզ տալու: Մի հարց: 
- Հարցրու, Սահակ: 
- Ու կհարցնեմ, ու չեմ էլ խնայի... Ո՞վ ունես ինքնաթիռում: 
- Դու չգիտե՞ս, Սահակ, թե ինչ ունեմ ես ու ինչ չունեմ: 
- Ո՞վ ունես ինքնաթիռում,- ձայնը բարձրացրեց Սահակը:
- Քո ի՞նչ հոգսն է՝ կիջնի՞, թե չէ: Թող ընկնի, թող պայթի: Թող ուրիշ մոլորակ գնա: 
 - Ուշքի արի, Սահակ: -
 Ես ուզում եմ, որ դու չարանաս,- միտքը բացատրեց Սահակը:
- Իսկ դու չես չարանում: Ինչո՞ւ չես չարանում: Թող պայթի: Քեզ ինչ: Ինչո՞ւ չես բղավում ցավից: Ցավ չունե՞ս: Չունե՞ս:
 Առաքելը չհասկացավ, թե ինչպես բարձրացրեց ձեռքը ու խփեց Սահակի երեսին: Հարվածից հետո միայն սթափվեց ու, որպեսզի ցույց չտա այլայլված դեմքը, լցված աչքերը, շրջվեց, որ հեռանա, բայց փլվեց, ընկավ
: - Լակոտ,- կամացուկ ասաց, երբ զգաց Սահակի կոշտ մատների շոյանքը ուսերին,- ի՞նչ արեցիր, լակոտ: 
Սահակի արցունքները թրջում էին նրա ճակատը, մազերը, Առաքելն ինքն էլ չէր զսպում ներսում ահա քանի-քանի տարի խցանված լացը ու մտածում էր, որ իր զավակը՝ որդին կամ դուստրը, Սահակի տարիքը պիտի ունենար, եթե այն գիշեր Մարիամը խենթանար: Եվ կամ՝ կրկնվեր գիշերը:
 - Տեսա՞ր,- քիչ անց հիշեց Սահակը,- իջավ ինքնաթիռը:
 - Իջա՞վ որ:
 - Ետ չեկավ: Ուրեմն՝ իջավ: 
Արևելքից հազարաստեղ կապույտ լույս էր բարձրանում քամուց քշվող ամպերի նման, և դանդաղ, բայց նկատելի խավարում էր կիսալուսինը, երբ Առաքելը բահով բաց արեց վերջին մարգի բերանը: 
«Ինչ մեծ հրաշք է լույսը, Մարիամ,- ապշեց Առաքելը,- և ինչ ազատ է շարժվում»:
 Շունն արթնացել էր, երևի նոր տեղում անհանգիստ էր քնել: Գիշերը լրիվ չէր կերել լափը, հիմա էր ուտում: Ճնճղուկներ էին շրջապատել լափի ամանը, ոստոստում էին շան ոտքերի տակ ու ոչ փախչում էին, ոչ էլ որևէ բան էին ճանկում: Հետո նրանք թռան այգի՝ կտցելու վաղահաս ծիրանները: 
- Գևորգ,- բղավեց Առաքելը, բահի ցեխոտ պոչով թակեց հարևանի լուսամուտը,- ջուրը քեզ հասավ, Գևորգ: 
- Ելա, ելա, ելա, ես ջուր ստեղծողի էլ, հող հնարողի էլ...- հայհոյեց Գևորգը, ու նրա սենյակում լույս վառվեց: 
«Էլ չի քնի»,- համոզվեց Առաքելը, կրկին իր բակը մտավ, ջրհորից ջուր քաշեց, որ լվանա ցեխոտ ոտքերը: Դույլի մեջ գորտ էր լողում: Նա թեքեց դույլն այնպես, որ ջրի հետ գորտը ջրհորն ընկնի, բայց սարսափից աչքերը չռած կենդանին չգիտես ինչ հնարքով մնաց կառչած դույլի ողորկ պատից: Առաքելը բռնեց գորտի թաթից, հորը գցեց ու երկար ժամանակ չէր մոռանում նրա վախեցած աչքերը: 
Լուսաբացի պաղության մեջ հասունացող ծիրաններից կաթի հոտ էր գալիս, և կամ ջրված հողն էր կաթնաբույր արձակում: 
Կչկչացող հավի ետևից ընկած ու ծուռտիկ ոտքերն իրար զարկելով՝ իրենց բակում վազ էր տալիս Սահակի կրտսերը: Հենց ընթացքում հավը ձու ածեց ու, թեև շարունակում էր փախչել, այնպես փափուկ գցեց ձուն, որ կճեպը ճաք էլ չտվեց: Տաք հավկիթը ձեռքն առած մանչուկը ապշել էր, փախչող ու դեռ կչկչացող հավին էր նայում, ձվին, արևածաղիկներին, ծագող արևին, Առաքելին, էլի ձվին և որովհետև չգիտեր, որ կյանք է փակված կճեպի տակ, և որովհետև ուզում էր իմանալ, ճչաց.
 - Մա... 
Առաքելը նստեց կոճղին, ոտքերը կախեց պաղ ջրով լի տաշտը ու լսում էր հարևան այգուց իրեն հասնող Գևորգի սուլոցը, որ մերթընդմերթ կտրվում էր ու էլի շարունակվում ճիշտ այն մասից, որտեղ ընդհատվել էր: Եվ նա տաքուկ հրճվանք էր ապրում հենց այն մտքից, որ Գևորգը կարողանում է շարունակել մեղեդին ճիշտ ընդհատված մասից: 

Աղբյուրը՝ Գիշերվա ջուր

1 comments:

  1. Casino, poker and sports betting tips - Jtm Hub
    JST. MARTIN, India — JST. 경상북도 출장샵 MARTIN, 목포 출장마사지 India. 김천 출장안마 December 2, 2021. 공주 출장샵 By JM Hub. A new Indian online 포항 출장마사지 casino, you are joining our exciting community of sports enthusiasts.

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic