ԴԺՎԱՐ ԹԵ ԱՂՋԻԿՆԵՐԸ
ՀԱՍԿԱՆԱՆ ԱՅՍ ԲԱՆԵՐԸԵկավ, դիմացս կանգնեց ու աչքերը փակեց, հետո կոպերը դանդաղորեն գոցեց ու վեր նայեց: Աչքերի սպիտակը ձյունից ավելի ճերմակ ու թեթև էր, հետո սև բիբերից ցայտող հայացքը մեխեց ինձ վրա: Ասաց - Սիրո՞ւմ ես ինձ: Միշտ եմ սիրել քեզ,- պատասխանեցի: Միայն ու միայն ի՞նձ: Միայն ու միայն` քեզ: Ասաց- Ստում ես: Պատասխանեցի` ճիշտ ես:
Հեռացավ: Այստեղ կանգնած եմ հիմա: Սպասում եմ այն աղջկան, ով կհասկանա, որ սիրահարը երբեք չի ցանկանում իր սիրեցյալի խոսքին կպնել: Սա լուրջ բան է, դժվար թե աղջիկները հասկանան այս բաները: Հասկանան այն սիրահարին, ով սիրում է հաստատել, որ ճիշտ է սիրեցյալը, երբ ասում է` սուտ ես ասում...
ԿԱՐՃ ՊԱՏՎԱԾՔ, ՈՐԻ ԸՆԹԵՐՑՎԵԼԸ ՁԳՎՈՒՄ Է ԱՆՎԵՐՋ
|
Նկարիչ՝ Թուքա Նեյեսթանի
|
«Կարծում էի սիրում ես ինձ: Կարծում էի հեքիաթիդ մեջ գլխավոր հերոսն եմ: Հետո մտածեցի, որ երկրորդական դերակատար եմ, ուստի չեմ երևում, բայց գոյությունս զգացվում է: Հիմա հասկանում եմ հազարավոր հերոս ունի այս քո հեքիաթը: Հիմա, ցավն այն է, որ այս հազարի մեջ չկա անունիցս փոքրիկ նշույլ անգամ: Հիմա կարծում եմ` եթե հեքիաթդ «դեղին էջերի» նման մի գիրք լիներ, ուր ամենքի անունը կա, կրկին իմ անունը կբացակայեր: Թվում է` բոլորի համարները գրանցված են հեռախոսիդ մեջ, բոլորի՜ անունները, ու երբ ես քեզ զանգել եմ, իսկույն իմացել ես ով է զանգողը, քանի որ չգրանցված, անծանոթ համարից էր՝ իմ համարից: Հիմա զգում եմ` գոյությունս լրացումը չէ քո դերի: Կարծում եմ` յուրաքանչյուրիս ներկայությունը մերժում է ոչ միայն մյուսի ներկայությունը, այլև գոյությունը: Վստահ եմ` եթե մի հեքիաթի մեջ անունս անվանդ կողքին տեսնեմ, ուրեմն հիմար ֆանտաստիկայի եմ հանդիպել: Չէ, իրականում կհամոզվեմ, որ մեռել եմ, գնացել, ու սա մելանխոլիկ մտքի հոսքն է, որ փորձել է կողք կողքի դնել այն տարրերը, որ երբեք չեն համատեղվում: «Պարադոքսների հանրագումար». ինչպես ասում էին մեր պապերը: Իմ ու քո հանրագումարը: Ընդունել եմ` մինչև աշխարն աշխարհ է, այս գումարումը մենք չի դառնա: Հիմա մտածում եմ՝ առանձին հեքիաթներ ենք: Դու վեպ ես, որի ընթերցվելը վերջ չունի, ես` կարճ պատմվածք, որի չնթերցվելն է ձգվում անվերջ:»
Երբ ընթերցելն ավարտեց, թուղթը ծալեց ու խցկեց գրպանը: Ասաց.- Դժվար է այս խոսքերն ասելը:
- Դեռ չե՞ս ասել:
- Չեմ ուզում պատմվածքն ավարտել: Ուզում եմ ձգել: Ուզում եմ մոտը մնալ, հասկանո՞ւմ ես ինչ եմ ասում:
Լավ չէի հասկանում ինչ է ասում, բայց պատասխանեցի.
- Հասկանում եմ:
… Չէի ուզում խառնվել հեքիաթ ասելու իր ոճին:
թարգմ`. Էդիկ Պօղոսեան
0 comments:
Post a Comment