Մայրամուտը գաղափարախոսությունների, որոնք ես մետապատմական կոչեցի, այն գաղափարախոսությունների, որ պատմությանը վերագրում էին որոշակի ուղղություն եւ ավարտ, ենթադրում է լռելյայն հրաժարում գլոբալ լուծումների հավակնություններից: Մենք ավելի ու ավելի ենք հակվում այն բանին (եւ դա ողջախոհությունից զուրկ չէ), որպեսզի սահմանափակ միջոցներով կոնկրետ խնդիրներ լուծենք: Ավելի ողջամիտ կլիներ ապագային ցուցումներ չտալ, թե ինչպիսին նա պետք է լինի: Բայց եւ ներկան` դա ոչ միայն այսրոպեական պահանջների մասին հոգ տանելն է, այն նաեւ մեզնից պահանջում է խստություն եւ լայնախոհություն: Վաղուց ի վեր ես հավատում եմ, եւ հաստատապես հավատում եմ, որ գալիքի մայրամուտը վերադարձնում է ներկայի գալուստը: Սակայն մտածել այսօրը` կնշանակի, ամենից առաջ, դրա հանդեպ քննադատական դիրք գրավել: Օրինակ, մրցակցի բացակայությամբ հաղթանակը` սոսկ հաճույքի աղբյուր չէ: Շուկան` ազդեցիկ մեխանիզմ է, բայց, ինչպես եւ բոլոր մեխանիզմները, այն խիղճ չունի, եւ գթասրտությունն էլ խորթ է նրան: Հարկ է փնտրել այն հասարակություն ներմուծելու այնպիսի միջոց, որպեսզի այն գործի հասարակական դաշինքի հիմքի վրա եւ չհակասի արդարության եւ հավասարության գաղափարին: Զարգացած դեմոկրատական հասարակությունները նախանձելի ծաղկման հասան, եւ այդ ամենը` առատության կղզիներ են համաշխարհային աղքատության օվկիանոսում: Շուկայի թեման անմիջական կապ ունի միջավայրի հետ: Վարակված են ոչ միայն օդը, գետերն ու անտառները, այլ նաեւ հոգիները: Ավելի շատ արտադրելու մոլագարական կրքով բռնված հասարակությունը ձգտում է գաղափարները, զգացմունքները, արվեստը, ընկերությունը եւ հենց մարդկանց վերածել սպառման օբյեկտների: Ամեն ինչ իր է դառնում, որ գնվում է, օգտագործվում եւ աղբահոր նետվում: Ոչ մի հասարակություն այնքան աղբ չի արտադրում, որքան մերը: Առարկայական եւ հոգեւոր աղբ:
Խորհրդածությունն այսօրվա մասին չի ենթադրում ոչ հրաժարում գալիքից, ոչ էլ անցյալի մոռացում, ներկան բոլոր երեք ժամանակների հանդիպավայրն է: Եվ չարժե դա շփոթել մակերեսային հեդոնիզմի հետ: Հաճույքի ծառը աճում է ոչ անցյալում եւ ոչ էլ ապագայում, այլ այն բանում, որ հիմա է: Եվ մահը նույնպես ներկայի պտուղն է: Դրանից չես փախչի, նա կյանքի մի մասն է: Արժանավոր կյանքն արժանավոր մահ է պահանջում: Եվ մենք պետք է սովորենք նայել մահվան դեմքին: Փոխնիփոխ շլացուցիչ ու մռայլ կյանքը` ոլորտ է, ուր միաձուլվում են արարքն ու հայեցումը: Եվ, ճիշտ այնպես, ինչպես մեզ մոտ կային անցյալի եւ ապագայի, հավերժության եւ ոչնչի փիլիսոփայություններ, վաղը մենք կգտնենք ներկայի փիլիսոփայությունը: Եվ բանաստեղծական փորձը կլինի այդ փիլիսոփայության հիմքերից մեկը: Ի՞նչ գիտենք մենք ներկայի մասին: Ոչինչ կամ համարյա թե ոչինչ: Բայց ահա բանաստեղծները, նրանք ինչ-որ բան գիտեն. ներկան` դա այստեղ կեցածն է, դա գոյության ակունքն է:
Արդիականության որոնումների իմ ճամփորդություններում ես շատ եմ մոլորվել եւ շատ անգամ էլ գտել եմ ճանապարհը: Ես վերադառնում էի իմ ակունքներին եւ հայտնաբերեցի, որ արդիականությունը դրսում չէ, այլ` մեր ներսում: Որ այսօր այն եւ ամենավաղնջական հնությունն է, եւ, միաժամանակ` աշխարհի սկիզբն ու վաղը, այն հազար տարեկան է, եւ այն նոր է գտնվել: Նա խոսում է նաուա ցեղի լեզվով, նկարում է 9-րդ դարի չինական հիերոգլիֆները եւ հայտնվում է հեռուստացույցի էկրանին: Միամբողջական, հենց նոր պեղված ներկան, թոթափելով դարերի փոշին, ժպտում եւ հանկարծ պոկվում եւ անհետում է պատուհանից անդին: Բոլոր ժամանակներն ու կենումները միաձուլվում են, արդիականությունը խզում է կապերը մոտակա անցյալի հետ, բացառապես հանուն այն բանի, որպեսզի վերագտնի հազարամյա անցյալը եւ նեոլիթական պտղաբերության աստվածուհու քանդակը դարձնի մեր ժամանակակիցը: Մենք ընկնում ենք արդիականության ետեւից, սակայն այն փոխում է դեմքը, եւ այն չես կարող որսալ: Յուրաքանչյուր հանդիպում ավարտվում է փախուստով, արդիականությունը միշտ խույս է տալիս: Գրկում ես, եւ այն ցրվում է` չքվելով, հանց հոգոց: Ակնթարթ` այդպես է կոչվում թռչունը, որ ճախրում է ամենուր եւ որը ոչ մի տեղ չկա: Ուզում ես նրան ողջ որսալ, բայց նա բացում է թեւերը եւ կորչում է օդում, ցրվելով մի բուռ հանգով: Եվ դատարկաձեռն ես մնում: Սակայն, երբ բացվում են դարպասներն իմացության, այնտեղ հայտնվում է մի այլ ժամանակ, այն, որը մենք փնտրում ենք, չիմանալով, թե ինչ է դա` ներկան, այստեղ կեցածը, այստեղ գոյողը:
0 comments:
Post a Comment