Tuesday, November 5, 2013

Ի՞նչ է կյանքը

Ներկայացնում Նելլի Հարությունյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Հաղթահարելով բոլոր դժվարությունները, կամ պարզապես շրջանցելով դրանք՝ մենք շարունակում ենք ապրել ու փնտրել երջանկությունը: Կյանքը նման է մի անիվի, որն անվերջ պտտվում է, սակայն երբեք կանգ չի առնում ու դեպի ետ չի շարժվում: Ամեն օր այդ անիվը այլ կերպ է պտտվում, ինչն էլ պայմանավորված է կյանքում մեր ունեցած հաջողություններով, կամ պարտություններով և տարբեր տեսակի իրադարձություններով: Կյանքը բոլորիս ընձեռնված ապրելու ամենամեծ հնարավորությունն է: Ապրելու, տխրելու, երջանկանալու, սովորելու, ուժեղանալու համար է այն: Ու պետք է պարզապես վայելել այն: Ամեն օրը կյանքի նոր էջ է: Կյանքը մեկն է, իսկ նրա կեղտոտ ու մաքուր էջերը՝ բազմաթիվ: Կեղտոտները այլևս չենք կարող մաքրել, կամ պատռել, որովհետև ամուր կպված են ու մնալու են կյանքի մյուս շրջադարձերում դրանք հիշելու, վերապրելու ու ուժեղանալու համար: Մեր կյանքը մեզ տվել են մեր ծնողները, իսկ մեր նախնիներին՝ Աստված: Միևնույն է՝ դա նույն կյանքն է՝ իր ուրախ ու տխուր վայրկյաններով հանդերձ:
Կյանքը նաև այն ամենն է, ինչ ունենք յուրաքանչյուրս… Դրանք մեր ընկերներն են, ծնողները, դպրոցը, գիտելիքները, ուրախությունն ու բոլոր-բոլոր զգացմունքները, որոնցով ապրում ենք: Ու կան մի քանի կարևոր պայմաններ, որոնք պետք է պահպանես ապրելուդ ընթացքում: Նախ՝ ապրածդ կյանքը պետք է ունենա նպատակներ, չպետք է անիմաստ ծախսես ամեն մի վայրկյանը ու ամեն օր փորձես նոր բաներ սովորել: Սրանք պարզապես պայմաններ չեն, այլ նաև կարող են որպես երջանկության բանալի հանդիսանալ:
Եվ վերջում՝ կյանքիդ էջերը այնպես պետք է լրացնես, որ հետո քեզ հիշեն միայն լավ արարքներովդ: Կան էջեր, որոնք բացի քեզանից էլ ոչ ոք չի կարող կարդալ, ուստի դու քո խղճի առջև ես կանգնած: Ինչքան էլ կեղտոտ, ճմռթված, կամ ընդհակառակը՝ մաքուր ու փայլուն լինեն դրանք, միևնույն է՝ սա քո կյանքն է, և դու պետք է այն արժանապատվորեն ավարտես:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic