Monday, September 28, 2015

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ |Նոբելյան բանախոսություն

3 comments
Ալբեր Քամյու
Լուսանկարը՝ Վիկիպեդիայից
Ալբեր Քամյուի նոբելյան ելույթը Ստոկհոլմի “City Hall”-ում, պաշտոնական ճաշկերույթի ժամանակ, 
10 դեկտեմբերի, 1957թ.


Պարո՛ն, տիկի՛ն` Ձե՛րդ թագավորական գերազանցություն, տիկնա՛յք, պարոնա՛յք,

Ստանալով ձեր` Անկախ Ակադեմիայի պարգևը, որին ես պատիվ ունեցա արժանանալու, երախտքիս այնքան խորն է, որ քննում էի, թե որ պահից այդ պարգևատրումը կգերազանցեր իմ անձնային արժանիքները: Թե՛ մարդիկ, և թե՛ բոլոր արտիստները. ավելի հիմնավոր պատճառներով ցանկանում են լինել ճանաչված: Ես` նույնպես: Սակայն ի վիճակի չէի լինի հասկանալու ձեր որոշումը` առանց համեմատելու վերջինիս արձագանքն այն բանի հետ, թե որ եմ ես իրականում. գրեթե երիտասարդ մի մարդ` հարուստ լոկ իր տարակուսանքներով և դեռևս անավարտ գործով, սովոր ապրելու աշխատանքի միայնության մեջ կամ էլ ընկերական միջավայրից մեկուսացած. ինչպե՞ս դատավճիռը լսելիս նա չէր զգա խուճապի պես մի բան, որը նրան` միայնակ և սահմանափակ մեկին, պայծառ լույսի կենտրոնում հանկարծակիի բերեց: Եվ էլ ինչպիսի՞ զգացողությամբ կարող է ստանալ այդ պարգևն այն պահին, երբ Եվրոպայում գրողները, այդ թվում և նշանավորները, լռության մատնվեցին անգամ այն ժամանակ, երբ իրենց հայրենի հողը ճանաչեց մշտական դժբախտությունը:

Ես զգացի այդ անհանգստությունն ու ներքին դժբախտությունը: Խաղաղություն վերագտնելու համար, ինձ պետք էր փոխադարձ համաձայնության հասնել չափազանց ճոխ կացության հետ: Ու քանի որ ես չէի կարողանում համեմատվել նրա հետ` հիմնվելով միայն իմ արժեքների վրա, ես ոչ մի այլ բան չգտա ինքս ինձ օգնելու համար, քան այն, ինչն ինձ նեցուկ եղավ ամբողջ կյանքիս ընթացքում` նույնիսկ ամենաիրարամերժ պայմաններում. իմ արվեստի և գրողի դերի վերաբերյալ ունեցածս գաղափարը: Թույլ տվեք միայն երախտագիտության ու բարեկամության զգացումից դրդված` ձեզ ասել հնարավորինս չափ ընկալելի, թե որն է այդ գաղափարը:

Անձամբ ես չեմ կարող ապրել առանց իմ արվեստի: Բայց և այն երբեք չեմ կարող ստորադասել: Մյուս կողմից էլ այն ինձ անհրաժեշտ է, որովհետև արվեստն ինձանից չի կարող զատվել ու թույլ է տալիս ինձ լինել այնպիսին, ինպիսին որ կամ` բոլորին հավասար: Արվեստն իմ աչքերում մեկուսացած ուրախություն չէ: Այն միջոց է հուզելու ամենամեծ քանակի մարդկանց` նրանց առաջարկելով համընդհանուր տառապանքների և ուրախությունների մի արտոնյալ պատկեր: Այդպիսով, այն պարտավորեցնում է արտիստին չմեկուսանալ, այլ հնազանդեցնում է ամենահամեստ ու համընդհանուր ճշմարտությանը: Եվ հաճախ նա, ով ընտրել է արտիստի ճակատագիրը` որովհետև ինքը զգացել է այդ տարբերությունը, շուտ է հասկանում, որ չի պահպանի ո՛չ իր արվեստը և ո՛չ էլ իր տարբերությունը, քանի դեռ չի խոստովանել իր նմանությունը բոլորի հետ: Արտիստն իրեն կեղծում է մեկ ուրիշով` գեղեցկությամբ, որը չի կարող շրջանցել, և հանրույթի միջև, որից չի կարող ազատվել, կես ճանապարհին. ահա թե ինչու իսկական արտիստները ոչինչ չեն անտեսում: Դատելու փոխարեն` հարկադրված են հասկանալ: Եվ եթե նրանք պետք է որևէ դիրք բռնեն այս աշխարհում, ապա, հավանաբար, կարող են միայն այն հասարակության կողմն անցնել, որտեղ, ըստ Նիցշեի մեծ մտքի, ոչ թե կթագավորի դատավորը, այլ` ստեղծագործողը` լինի նա բանվոր, թե մտավորական:

Միևնույն ժամանակ գրողի դերը չի զատորոշվում բարդ պարտականություններով: Որոշակի ձևով նա չի կարող պատմությունը կերտողների տրամադրության տակ լինել. նա այն մարդկանցից է, որոնք կրում են այդ պատմությունը: Հակառակ դեպքում` նա առանձնացած ու զրկված է իր արվեստից: Բռնապետության բոլոր զորքերը` իրենց միլլիոնավոր մարդկանցով հանդերձ, նրան միայնակ ոտքի չեն կանգնեցնի, անգամ և գլխավորապես, եթե նա համաձայնվում է առաջ անցնել: Սակայն ստորացումներից լքված աշխարհի մյուս ծայրում գտնվող անհայտ բանտարկյալի լռությունը, բավական է ամեն անգամ ամենաքիչը գրողին դուրս հանել աքսորից, որպեսզի ազատության արտոնությունների միջավայրում նրան հաջողվի չմոռանալ այդ լռությունն ու փոխանցել այն`ստիպելու հնչել վերջինիս արվեստի միջոցներով: Մեզանից և ոչ ոք բավական մեծ չէ նման կոչման համար: Սակայն իր կյանքի բոլոր իրավիճակներում` չճանաչված կամ ժամանակավորապես նետված խավար բռնապետության երկաթյա շղթաների մեջ կամ էլ ազատ, որոշակի ժամանակաշրջանում ինքնաարտահայտվելու համար, կենդանի հանրույթում գրողը կարող է վերագտնել տեսակետ, որը նրան կարդարացնի ընդունելի միակ պայմանով, որ իր սեփական ունակությունների չափով կընդունի իր մասնագիտության հենքը կազմող երկու կարևորագույն պարտականություն` ծառայություն ճշմարտությանն ու ծառայություն ազատությանը: Որովհետև իր կոչումն է միավորել հնարավորինս չափ շատ մարդկանց, նա չի կարող բավարարվել այնտեղ, ուր իշխում է սուտն ու կախյալ վիճակը, ստիպում բազմանալ միայնությանը: Անկախ այն բանից, ինչպիսին էլ որ լինեն մեր անձնական թուլությունները, մեր մասնագիտական կոչումը միշտ կարմատավորվի դժվար պահպանվող երկու պարտավորություններում` հրաժարումը ստել, այն, ինչ գիտեն, և դիմադրություն ճնշմանը:

Անօգուտ կորցրած ավելի քան քսան տարիների ընթացքում, ինչպես իմ տարիքի բոլոր մարդիկ` ժամանակի ջղաձգություններում, ինձ միայն մեկ բան պահեց` մի ծածուկ զգացում, որ գրող լինելը պատիվ էր, քանի որ դա պարտավորեցնում էր և այսօր էլ պարտավորեցնում է գրել` և ոչ միայն: Մասնավորապես իմ ուժերի ներածին չափով, ու այնպիսին, ինչպիսին, որ կայի, այն ինձ պարտավորեցնում էր հանդուրժել բոլոր նրանց, որոնց հետ ապրում ու կիսում էինք միևնույն պատմությունը, դժբախտությունն ու հույսը: Այդ մարդիկ` ծնված Առաջին Համաշխարհայինի սկզբին, հիտլերյան ռեժիմի հաստատման հետ միասին, առաջին դատավարությունների ժամանակ քսան տարեկան էին և հեղափոխական, որոնք այնուհետև Իսպանիայի պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում, աշխարհի համակենտրոնացված լինելու պայմաններում ընդհարվեցին` ավարտին հասցնելու համար իրենց կրթությունը. տանջանքի ու բանտերի Եվրոպայում, այդ մարդիկ այսօր պարտավոր են ոգեկոչել իրենց որդիներին ու ստեղծագործել ատոմային կործանմամբ սպառնացող աշխարհում: Ոչ ոք, կարծում եմ, չի կարող նրանց խնդրել լինել լավատես: Եվ ես անգամ այն կարծիքին եմ, որ մենք պարտավոր ենք հասկանալ նրանց սխալը, չդադարելով մարտնչել նրանց դեմ, ովքեր անհուսության ավելցուկից` անվանարկելու իրավունք էին պահանջում և նետվեցին դարաշրջանի նիհիլիզմը: Մնում է, որպեսզի մեզանից շատերը, մեր երկրում և Եվրոպայում, մերժեն այդ նիհիլիզմը և սկսեն զբաղվել լեգիտիմության վերագտմամբ: Նրանց պետք էր ապրելու արվեստ մոգոնել ` աղետի ժամանակ` երկրորդ անգամ վերածնվելու համար, և հետո, բացեիբաց, պայքարել ընդդեմ մահվան բնազդի` բուն դրած մեր պատմության մեջ: Անկասկած, յուրաքանչյուր սերունդ իրեն համարում է դատապարտված` վերափոխելու աշխարհը: Իմ սերունդն, այնուամենայնիվ, գիտի, որ չի վերափոխի: Միգուցե իր գործն ավելի մեծ է: Այն արգելք է հանդիսանում աշխարհի մասերի բաժանմանը: Ժառանգել մի աղավաղված պատմություն, ուր խառնված են չհաջողված հեղափոխությունները, խենթության հասնող տեխնիկան, աստվածները` մեռած, իսկ գաղափարախոսությունները` ուժասպառ, ուր միջակ ուժերն այսօր կարողանում են ամենը կործանել, բայց այլևս չգիտեն հավատ ներշնչել, ուր մտավորականությունը նվաստանում է` ընդհուպ մինչև բռնակալության և ատելության ծառա դառնալը. այս սերունդը պարտավոր էր իր մեջ ու իր շուրջը վերածնել այն, ինչը հիմնվելով լոկ սեփական հերքումների վրա` հանդիսանում է կյանքի և մահվան արժանապատվությունը:

Մասնատման սպառնալիքի առաջ կանգնած մի աշխարհ, որտեղ մեր մեծ քննողները ռիսկի են դիմում ամբողջ կյանքի համար հաստատել մահվան թագավորություն. իմ սերունդը գիտի, որ ժամանակին հակառակ խելագառ վազքում, պետք էր աշխարհի ազգերի միջև վերահաստատել խաղաղություն, որը բնավ ստրկություն չէ, վերստին հաշտեցնել աշխատանքն ու մշակույթը և բոլոր մարդկանց հետ վերստեղծել Միության Տապան: Վստահորեն կարելի է ասել, որ այդ սերունդը կարող է լրացնել այդ հսկայական պակասը, բայց աշխարհում ամենուր նա արդեն երկակի ձևով է գրազ գալիս ճշմարտության ու ազատության շուրջ, և առիթի դեպքում կարող է մեռնել` ատելություն չտածելով իր սերնդի նկատմամբ: Նա է, որ արժանի է ողջույնի ու քաջալերման, ամենուր, որտեղ էլ գտնվի, բայց հատկապես այնտեղ, որտեղ իրեն զոհաբերում է: Այնուամենայնիվ, վստահ Ձեր բացարձակ հավանությանը, հենց այս սերնդին է, որ կցանկանայի փոխանցել պատիվը, որը քիչ առաջ հանձնեցիք ինձ:

Միևնույն ժամանակ, ուրվագծելով գրողի առաքինի արհեստը, ես պարտավոր էի նրան իր ճիշտ տեղում դնել` չունենալով այլ պահանջներ, քան այնպիսիք, որոնք նա կիսում է պայքարի իր ընկերների հետ` խոցելի, բայց և համառ, անարդար ու արդարությամբ ոգեշնչված, անելով իր գործն առանց ամոթի, ոչ էլ գոռոզությամբ` բոլորի աչքի առաջ, չդադարելով բաժանվել ցավի ու գեղեցկության միջև, և վերջապես` կոչված վեր հանել իր երկակի գոյության ստեղծածները, որոնք նա ջանում է համառորեն ստեղծել պատմության կործանիչ ընթացքին զուգահեռ: Ո՞վ կարող էր այս ամենից հետո սպասել ամբողջովին կայացած որոշումների ու բարոյական խրատների: Ճշմարտությունը խորհրդավոր է, անորսալի, միշտ պատրաստ նվաճված լինելու: Ազատությունը վտանգավոր է, դժվար հարատևող այնքան, որքան և արբեցնող: Մենք պետք է գնանք դեպի այդ երկու նպատակը` դժվարությամբ, սակայն վճռականորեն` որպես որոշակի առաջխաղացում մեր թուլություններից: Ո՞ր մի ողջամիտ գրողն այդ պահից կհամարձակվեր իրեն սիրողական արիություն սովորեցնողի տեղը դնել: Ինչ վերաբերում է ինձ, ապա կարող եմ ավելին ասել, որ ես ինքս ինձանից բացարձակապես այս ամենը չեմ ներկայացնում: Երբեք չկարողացա հրաժարվել լույսից, լինել երջանիկ և ազատությունից, որում մեծացել եմ: Սակայն չնայած այս բաղձանքը շատ բան է բացատրում իմ սխալների և բացերի վերաբերյալ, այն, անշուշտ, ինձ օգնեց` ավելի լավ հասկանալու իմ գործը. այն ինձ նաև օգնում է սատար կանգնել բոլոր այն լռակյաց մարդկանց, որոնք դիմանում են փաստացի տրված կյանքին` որպես հիշողության` կարճաժամկետ ու անվճար երջանկության վերադարձի:

Հետևաբար, վերականգնելով այն, թե ով եմ ես իրականում` իմ սահմաններով, իմ պարտքերով, ինչպիսին որ կամ, իմ բարդ հավատով, ինձ այլևս ազատ եմ զգում ձեզ ասել, որ սա ես եմ. չափի ու մեծահոգության պատիվը, որը դուք հենց նոր ինձ շնորհեցիք` հնարավորություն տվեց ինձ ավելի ազատ արտահայտվելու ու ասելու, որ կցանկանայի ստանալ այն, որպես հարգանքի տուրք բոլոր նրանց համար, ովքեր, կիսելով միևնույն պայքարը, չստացան որևէ արտոնություն, այլ հակառակը` ճանաչեցին դժբախտությունն ու հետապնդումը: Այսպիսով, ինձ մնում է ևս մեկ անգամ ի խորոց սրտի շնորհակալություն հայտնել և հանրայնորեն ձեզ ներկայացնել միևնույն և վաղեմի իմ հավատարիմ խոստումը իմ անձնային երախտագիտությանս վկայությունը, որը յուրաքանչյուր կայացած արտիստ, յուրաքանչյուր օր ինքն իրեն լռության մեջ տալիս է:

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը:
Աղբյուրը՝ Ալբեր Քամյու:

Tuesday, February 3, 2015

100 տարվա լռության 《սպին》` թուրք ռեժիսորի ֆիլմում

0 comments
Երեւանում է գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, ով երեկ հայ հանդիսատեսին ներկայացրեց Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված իր վերջին` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» դրաման: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915-1923 թթ. ժամանակահատվածում: Գլխավոր հերոսը դարբին Նազարեթ Մանուկյանն է, ով ցեղասպանության օրերին` 1915թ., կորցնում է ընտանիքը եւ միայն տարիներ անց Հալեպում իր աշակերտ Լեւոնից պատահաբար իմանում, որ իր երկվորյակ դուստրերը փրկվել են: Այստեղից էլ սկսվում է զավակներին որոնելու Նազարեթի երկարուձիգ ճանապարհը:

Աքինը ֆիլմի ամենասկզբում՝ տիտրերում, մի քանի տողով, Առաջին համաշխարհային պատերազմի ֆոնին ներկայացնում է իրավիճակը տարածաշրջանում եւ ընդամենը: Կոտորածների, գաղթի ծավալների մասին օտար` ոչ հայ հանդիսատեսը կարող է հասկանալ ֆիլմում ժամանակագրությունների, տեղանքների փոփոխություններից, բացառությամբ անապատում մի քանի տեսարանների, որտեղ ուղիղ բախվում ես ցեղասպանության փաստին: Ու թեեւ ֆիլմում ժամանակ է անցնում, տարի է փոխվում, բայց անապատում կյանքի ու մահվան հետ կռիվ տվող հայերի համար անորոշությունը կարծես շարունակվում է, նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, անգամ այն ժամանակ, երբ անապատում տեսնում են Խարբերդից գաղթող կանանց ու երեխաների խումբը: Կատարվածը նրանք հասկանում են միայն այն ժամանակ, երբ թուրք զինվորականների դանակը մոտենում է իրենց կոկորդին: Ահա այնտեղ, որտեղ սպասում ես, որ Նազարեթը պիտի բղավի, աղաղակի կատարվածի մասին, նա, թուրքի դանակի հարվածից ընկած, զրկվում է ձայնից ու համրանում` դառնալով ցեղասպանության լուռ վկան: Աքինը, ի դեմս թուրք զինվորի, մի կողմից փրկում է հայ դարբնին, մյուս կողմից էլ՝ զրկում ձայնից:

Հասկանալի պատճառներով, թուրք ռեժիսորը, ինչպես որ հայ հանդիսատեսը կուզեր տեսնել, չի խորանում եւ ավել ինֆորմացիայով, մեղմ ասած, չի «ծանրացնում» ֆիլմը, նա ընդամենը ցույց է տալիս ցեղասպանության հետեւանքով մարդկային ցավի, կորստի ճանապարհը եւ փորձում ապրումակցել: Շատ է, թե քիչ 100 տարի անց տեսնել այդ ապրումակցումը, դժվար է ասել, բայց մի բան ակնհայտ է. ֆիլմում շատ սիմվոլիկ ձեւով` գուցե անգիտակցաբար, թուրք ռեժիսորը համրացած Նազարեթի կերպարում ցույց է տվել սեփական երկրի եւ ամբողջ աշխարհի կողմից 100 տարվա լռության մատնված հայ ժողովրդի վիճակը:

Ֆիլմի դիտումին հաջորդեց նաեւ մամլո ասուլիս՝ ռեժիսորի, սցենարի համահեղինակ Մարտիկ Մարդինի, դերասանուհի Արեւիկ Մարտիրոսյանի, ֆիլմի համապրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանի եւ Արամ Մովսեսյանի մասնակցությամբ: Հետաքրքիր էր հատկապես լսել հենց Ֆաթիհ Աքինի մեկնաբանությունը Նազարեթի լռության մասին: Ռեժիսորը նշեց, որ ֆիլմը նկարելիս 100 տարվա լռության խորհուրդը գիտակցաբար չի դրել իր հերոսի կերպարում, բայց ֆիլմը դիտելուց հետո շատ հայեր են նրան դրա մասին ասել: Դրանից հետո նա հասկացել է, թե ինչքան համր է հայերի ձայնն աշխարհի եւ Թուրքիայի համար: Թուրք ռեժիսորն առաջին անգամ Հայաստան է այցելել 2010-ին` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Ըստ ռեժիսորի, դեռ այն ժամանակ ինքն իրեն խոստացել է, որ կրկին կայցելի Հայաստան, բայց արդեն ցեղասպանությանը նվիրված ֆիլմով. «Այն ժամանակ, երբ եկա Հայաստան, Հայկ Դեմոյանի հետ այցելեցի Ծիծեռնակաբերդ ու մտքումս խոստացա կրկին այցելել այստեղ` արդեն իսկ պատրաստ ֆիլմով:

Ֆիլմ նկարելու գաղափարն ունեի, եւ Հայաստան այցը, կարծես, ֆիլմիս առաջին անկյունաքարը լիներ»: Ֆիլմի հետ կապված՝ Աքինն ասում է, որ մի քանի բանալի կա, հիմնական շարժիչ ուժն էլ իր համար այն էր, որ իր ծնողները սերում են մի երկրից, որտեղ խոսքի ազատության սահմանափակումներ կան: Նա նկատեց, որ թեպետ թուրք հասարակության մեջ փոփոխություններ կան, բայց հիմա էլ հեշտ չէ «ցեղասպանություն» բառն արտասանելը, բայցեւայնպես, հավատում է խոսքի ազատությանը եւ հույս ունի, որ ֆիլմը կնպաստի դրան. «Իմ նպատակն էր ցույց տալ, որ Թուրքիայում կա այս հարցի շուրջ քաղաքացիական շարժում, եւ որի մասն եմ ես ինձ զգում»:

Թուրք ռեժիսորը ֆիլմի գլխավոր ձեռքբերումներից մեկը համարում է այն, որ ֆիլմն այսօր վարձույթ է դուրս եկել Թուրքիայում եւ ցուցադրվում է բոլոր կինոթատրոններում: Նա նաեւ ընդգծում է` իր համար կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ ֆիլմի դիտումից հետո շատ թուրք երիտասարդներ զարմացած բարձրաձայնել են, որ չգիտեին Հայոց ցեղասպանության մասին, եւ թե ինչ է կատարվել 1915-ին:

Ֆիլմում դերերով հանդես են եկել Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Արեւիկ Մարտիրոսյանը, Ակին Գազին, իսկ գլխավոր հերոսին մարմնավորել է ֆրանսիացի (ծագումով ալժիրցի) դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օդիարի «Մարգարեն» ֆիլմում: 15,5 մլն եվրո բյուջեով եւ 138 րոպե տեւողությամբ «Սպի» ֆիլմի նկարահանումներն սկսվել են դեռ 2013-ին եւ իրականացվել մի շարք երկրներում` Հորդանան, Գերմանիա, Կուբա, Մալթա: Աքինն ասում է` շատ երկրներում ֆիլմի նկարահանումների ժամանակ զարմացել է, որ շատերը չգիտեն Հայոց ցեղասպանության մասին: Մինչդեռ ֆիլմի վրա աշխատելիս, երբ շուրջ հինգ տարի, իր իսկ խոսքով, «քնում-զարթնում» էր Հայոց ցեղասպանության հետ, կարծել է, թե աշխարհը վաղուց գիտի դրա մասին:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Աղբյուրը` hraparak.am 
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic