Tuesday, April 29, 2014

Խոսե Օրտեգա Ի Գասետ. «Զանգվաածների ապստամբությունը»

0 comments
1. Կուտակվող զանգվածների տեսքը


Լավ է թե վատ, սակայն ներկայումս մենք եվրոպական հասարակական կյանքում նկատում ենք գերագույն նշանակություն ունեցող մի երեւույթ, եւ հատկապես հասարակության մեջ զանգվածների անսահմանափակ իշխանության գալը: Քանզի զանգվածներն արդեն իրենց բնույթով չպետք է եւ չեն կարող ղեկավարել սեփական գոյությունը եւ, առավել եւս, հասարակությունը, դա կնշանակի, որ Եվրոպան այժմ ամենածանր ճգնաժամն է ապրում, որը կարող է ներազդել ժողովուրդների, ազգերի եւ մշակույթի վրա: Համանման ճգնաժամեր արդեն պատահել են պատմության մեջ, հայտնի են դրանց բնույթն ու հետեւանքները, հայտնի է եւ անունը, դրանց անունն է` զանգվածների ապստամբություն:

Այդ երեւույթի էությունը հասկանալու համար, հարկ է մեկեն վերապահում անել այն առթիվ, որ մենք «ապստամբություն», «զանգվածներ», «հասարակական ուժ» բառերին բացառապես քաղաքական նշանակություն չենք հաղորդում: Հասարակական կյանքը` դա ոչ միայն քաղաքականությունն է, այլ, դրա հետ մեկտեղ, իսկ ավելի ճիշտ, ամենից առաջ, ինտելեկտուալ, բարոյական, տնտեսական եւ կրոնական կյանքը: Այն իր մեջ է ներառում հասարակության մեջ կյանքի բոլոր առանձնահատկությունները, այդ թվում նույնիսկ` հագնվելու եղանակը:

Այդ պատմական երեւույթի էությունն առավել լավ հասկանալու համար, դիմենք տեսողական փորձին, ուշադրությունը բեւեռելով մեր ժամանակի այնպիսի առանձնահատկության վրա, որ անզեն աչքով էլ նկատելի է:

Այդ երեւույթը հեշտ է նկատելը, սակայն այնքան էլ հեշտ չէ վերլուծելը: Ես դա կոչում եմ «ժողովրդի կուտակում»` քաղաքներում լիքը ժողովուրդ է, տներում` բնակիչներ, հյուրանոցներում` կենվորներ, գնացքներն ուղեւորներով բեռնված են, սրճարանները` այցելուներով, պողոտաները` անցորդներով, հանրահայտ բժիշկների ընդունարանները` հիվանդներով, թատրոնները, եթե ժամանակակից թեմաներով ներկայացումներ են լինում` հանդիսատեսներով, լողափերում լիքն են արեւկող լինողները: Այն, ինչը նախկինում խնդիր չէր, այժմ համարյա միշտ դառնում է այդպիսին, ազատ տեղեր չկան:

Արդյոք կարելի՞ է մեր կյանքում գտնել ավելի հասարակ, նշանակալից եւ այդչափ հաճախ հանդիպող ինչ-որ մի բան: Այժմ եկեք բարձրացնենք առօրեականության քողն այդ երեւույթի վրայից, եւ մեզ կապշեցնի հանկարծ հորդող հոսքը, որում, հանց ցայտաղբյուրի ջրերում, արտացոլվում են ծիածանի բոլոր գույները, արտացոլվում է այսօրվա ողջ տարրապատկերը, այժմեականության բոլոր նշանները:

Դե ի՞նչ ենք մենք տեսել, եւ ինչո՞ւ է տեսածն այդպես ապշեցրել մեզ: Մենք տեսնում ենք ամբոխը, որ ձգտում է դեպի բոլոր այն բարիքները, որ ստեղծել է քաղաքակրթությունը: Բավ է փոքր-ինչ խորհել, եւ մենք կզարմանանք սեփական զարմանքի վրա: Ինչպես, մի՞թե դա իդեալ չէ: Չէ՞ որ թատրոնը նախատեսված է այն բանի համար, որպեսզի այնտեղ բոլոր տեղերը զբաղված լինեն, այլ կերպ ասած, որպեսզի դահլիճը լեփ-լեցուն լինի: Նույնը կարելի է ասել եւ երկաթուղու մասին, ինչպես նաեւ` հյուրանոցների: Դե, իհարկե, առանց դույզն-ինչ կասկածի: Բայց բանն այն է, որ նախկինում այդ հաստատություններից կամ երթեւեկության միջոցներից եւ ոչ մեկն այդ աստիճանի լեցուն չէր լինում, իսկ այժմ տեղը չի բավում, դրանցից օգտվել կամեցողների հերթեր են գոյանում: Թեպետ այդ երեւույթը տրամաբանական, բնական ծագում ունի, անկարելի է չընդունել, որ նախկինում այդպիսի բան չկար, հետեւաբար, ինչ-որ բան փոխվել է, նոր բան է հայտնվել, դրանով էլ եւ բացատրվում է, համենայն դեպս, առաջին պահին, մեր զարմանքը:

Զարմանալ, ապշել` կնշանակի` սկսել հասկանալ: Դա յուրատեսակ սպորտ է, շռայլություն, որ իրեն կարող է թույլ տալ միայն ինտելեկտուալը, ի տարբերություն այլոց, որ նայում են աշխարհին զարմանքով լի աչքերով: Լայն բացված զարմացած աչքերի համար աշխարհում ամեն ինչ արտասովոր եւ հրաշալի է: Ֆուտբոլիստներն այդ հաճույքից զուրկ են, այնինչ, աշխարհով հմայված ինտելեկտուալը մշտապես կենում է կանխատեսական արբեցության մեջ: Նրան կարելի է ճանաչել զարմանքով լի, լայն բացած աչքերից: Հենց այդ պատճառով հները Միներվայի ատրիբուտն էին համարում բուին` վիթխարի փայլփլուն աչքերով թռչնին:

Նախկինում ամբոխներն ամեն քայլափոխին չէին պատահում: Ինչո՞ւ է ուրեմն դա տեղի ունենում այժմ:

Մարդիկ, որ ամբոխ են կազմում, ոչնչից չեն ծնվել: Դա մոտավորապես մարդկանց նույն քանակությունն է, որ գոյություն ուներ եւ տասնհինգ տարի առաջ: Բնական կլիներ, եթե պատերազմից հետո դրանց քանակը նվազեր: Եվ ահա այստեղ հարկ է անել առաջին կարեւոր դիտարկումը: Այդ ամբոխ կազմող անհատները գոյություն ունեին եւ առաջ, բայց նրանք ամբոխ չէին: Յուրաքանչյուրն ինքնեկ էր, կամ, եթե նրանք միավորվում էին փոքրիկ խմբակցությունների մեջ, նրանք իրենց կյանքն էին վարում, մյուսներից կախում չունենալով, բոլորից հեռու: Նրանցից յուրաքանչյուրը` լինի դա անհատ կամ փոքրիկ խմբավորում` իր տեղն էր գրավում դաշտում, գյուղում, ավանում կամ մեծ քաղաքի թաղամասում:

Իսկ այժմ նրանք հայտնվում են` որպես ամբոխ: Ուր էլ որ մենք հայացք նետենք, ամենուր ամբոխներ ենք տեսնում: Ամենո՞ւր: Չէ, ոչ ամենուր, այլ հատկապես լավագույն վայրերում, հատկապես այնտեղ, ուր կենտրոնացած են մարդկային մշակույթի ամենանրբին ձեռքբերումները, որ նախկինում նախատեսված էին փոքրիկ խմբերի, այլ կերպ ասած` փոքրամասնության համար:

Ամբոխը հանկարծ ամենուր սկսեց աչքի ընկնել, ամբոխը լցրեց ամենալավ վայրերը: Եթե նախկինում այն գոյութուն էլ ուներ, ապա դա աննկատ էր, ստվերում էր գտնվում, հասարակական բեմի ետնամասում, իսկ այժմ այն բեմեզրի լույսերի ներքո է` դարձել է հիմնական գործող անձը: Արդեն մենակատարներ չկան` մնացել է միայն խորը:

«Ամբոխ» հասկացությունը` վիզուալ ու հատկանշային հասկացություն է: Եկեք, առանց էությունը փոխելու, այն փոխադրենք սոցիոլոգիայի լեզու: Եվ այդժամ մենք կհանգենք հասարակական զանգված հասկացությանը: Հասարակությունը մշտապես երկու գործոնների դինամիկ միասնություն է` փոքրամասնության եւ զանգվածի: Փոքրամասնությունը` դա անհատն է կամ անհատների խումբը, որ որակապես տարբերվում է ամբոխից: Զանգվածը` դա մարդկանց ամբոխն է, որ առանձնահատուկ տարբերակիչ առանձնահատկություններ չունի: Հարկ չկա, սակայն, «զանգվածներ» եզրի տակ հասկանալ միայն «աշխատավոր զանգվածները»: Զանգվածը` դա «միջակ մարդն է»: Այսպիսով կարելի է զուտ քանակային «զանգված, մարդկանց կուտակում» բնորոշումից անցնել դրա որակական բնորոշմանը: Ամբոխի ընդհանուր որակը` դա զանգվածն է, այլ կերպ ասած, բեռ, որը հասարակությունը ձգում է ցած, դա մարդ է այնքանով, որքանով չի տարբերվում մյուսներից, քանզի նա կրկնում է ինքն իրեն մարդկանց տեսակային տիպում: Ի՞նչ ենք մենք շահում տվյալ դեպքում, քանակը որակի վերածելիս: Շատ պարզ է, ներմուծելով որակի հասկացությունը, մենք կհասկանանք, թե որտեղից է վերցվում քանակը: Հանրահայտ է, որ սովորաբար ամբոխները ձեւավորվում են մարդկանցից, որոնք ելակետային ցանկություններ, գաղափարներ եւ կենսակերպ ունեն: Կարելի է ասել, որ դա տեղի է ունենում ցանկացած հասարակական խմբում, որքան էլ որ հանգամանորեն այնտեղ ընտրվեն մարդիկ: Այդ ամենն այդպես է, սակայն էական տարբերություն կա, որ ամբոխը տարբերում է ընտրված փոքրամասնությունից:

Այն խմբերում, որոնք ամբոխ կամ զանգված չեն, ցանկությունները, գաղափարը, իդեալը, որոնք շարժում են այն կազմող անհատներին, համընկնում են, որ ինքնին բացառում է մարդկանց բազմաքանակությունը: Մինչ փոքր խմբի կազմավորումը, ինչպիսին էլ որ լինի նրա գործունեությունը, անհրաժեշտ է, որպեսզի այդ մարդկանցից յուրաքանչյուրն ինչ-որ բավականաչափ անհատական բնույթի առանձնահատուկ պատճառներով առանձնանա ամբոխից: Նրա իդեալների համընկնումը, այդ փոքր խումբը կազմող այլ մարդկանց ձգտումների եւ իդեալների հետ, երկրորդական է, քանզի այդ մարդկանցից յուրաքանչյուրը դրա համար ունի իր պատճառները: Այդ պատճառով կարելի է ասել, որ, որոշակի չափով, դա անհամապատասխանությունների համընկնումն է: Լինում են դեպքեր, երբ խմբի անհատական բնույթն անհայտ է, այդպիսին են, օրինակ, իրենց «նոնկոմֆորմիստ» կոչող անգլիացիների խմբերը, որ միավորվում են սոսկ այն բանի համար, որ դիմակայեն ամբոխին: Ցանկացած մոնորիտար խումբ կազմավորվում է այն պատճառով, որ մարդկանց փոքրամասնությունը ձգտում է մեծամասնությունից առանձնանալ: Խոսելով մարդկանց նեղ շրջանակի մասին, որ հավաքվել են ունկնդրելու մի նրբաճաշակ երաժշտի, Մալարմեն սրամտորեն նկատել է, որ այդ ունկնդիրներն իրենց ներկայությամբ շեշտում են ամբոխի բացակայությունը:

«Զանգվածը» կարող է բնութագրվել նաեւ որպես հոգեբանական պլանի երեւույթ: Դա միշտ չէ, որ մարդկանց կուտակումն է: Նայելով մեն միակ մարդուն, մենք կարող ենք ասել, նա մա՞րդ է, թե՞ ոչ: Մի շարք պատճառներով մարդ-զանգվածը նա է, ով չի կարող ինքն իրեն գնահատել, ինչպես վատ, անպես էլ լավ կողմից, դա նա է, ով իրեն զգում է «այնպիսին, ինչպիսին բոլորն են» եւ դրանից ամենեւին վատ չի զգում: Նրան դուր է գալիս զգալ իրեն այնպիսին», ինչպիսին բոլորն են: Պատկերացրեք սովորական մի մարդու, ով փորձում է ինքն իրեն գնահատական տալ ինչ-ինչ առանձնահատուկ պատճառներից ելնելով, օրինակ, որպեսզի իմանա, թե՞ արդյոք ինքը որեւէ տաղանդ ունի՞, թե՞ ոչ, առանձնանո՞ւմ է նա ինչ-որ բանով ուրիշներից, թե՞ ոչ: Եվ ահա նա նկատում է, որ նա ոչ մի երեւելի հատկություն չունի: Այդ մարդն իրեն միջակություն կզգա, անշնորհք, սովորական մարդ, սակայն ինքն իրեն «մարդ-զանգված» չի զգա:

Երբ խոսքը ««ընտրյալ փոքրամասնության» մասին է, ապա կենցաղում սովորաբար այդ արտահայտության նշանակությունն աղավաղվում է, համարվում է, որ «ընտրյալ փոքրամասնության» մարդը մեծամիտ անպատկառ է, որ իրեն մյուսներից բարձր է դասում, ինչը, սակայն, այդպես չէ: «Ընտրյալը» ավելին է պահանջում, քան մյուսները, թեպետ եւ նրան չի հաջողվում կյանքի կոչել այդ բարձր պահանջները: Ոչ մի կասկած չկա այն բանում, որ մարդկությունն ամենաարմատական կերպով բաժանվում է երկու մասի. նրանք, ովքեր շատ բան են պահանջում իրենցից եւ հենց դրանով բարդացնում են իրենց կյանքը եւ հետեւում են պարտքին, եւ նրանք, ովքեր իրենցից առանձնահատուկ ճիգեր չեն պահանջում: Նրանց համար ապրել` կնշանակի` չփոխվել, մշտապես լինել այն, ինչ որ իրենք կան, նրանց հասու չէ նա, ով ձգտում է ինքնակատարելագործման, այդպիսի մարդը, հանց առագաստ, ընթանում է հոսանքի ուղղությամբ:

Իսկ այժմ ես կուզենայի ձեզ հիշեցնել, որ ուղղափառ բուդդիզմը բաղկացած է երկու տարբեր ուղղություններից` առաջինը, մահայանան, «մեծ կառքը» կամ «ընդարձակ ուղին», մարդուց շատ ավելի մեծ ջանքեր է պահանջում, քան երկրորդը, «նեղ ուղին» կամ «փոքր կառքը»` հինայանան: Այն, թե որ ճանապարհով մենք կընթանանք, ինքներս մեզ գերագո՞ւյն, թե՞ նվազագույն պահանջներ կներկայացնենք, ի վերջո կանխորոշում է մեր կյանքը:

Հասարակության բաժանումը զանգվածի եւ բացառիկ փոքրամասնության, չի նշանակում` բաժանում երկու դասերի: Դա մարդկանց տիպերի բաժանում է, դա կարող է չհամընկնել բարձր եւ ցածր դասերի բաժանմանը: Բնական է, որ բարձր դասերի ներկայացուցիչների մեջ, եթե դրանք իրոք այդպիսին են, մեծ հավանականություն կա գտնելու մարդկանց, որոնք կընթանան «ընդարձակ ճանապարհով», այնինչ ցածր դասերը, որպես կանոն, բաղկացած են միջակություններից: Այդուհանդերձ, ամեն մի դասի ներկայացուցիչների մեջ կա զանգված եւ ընտրյալ փոքրամասնություն: Մեր ժամանակներում նույնիսկ ընտրյալ խմբերում գերակշռում են մարդ-«զանգվածները»: Այսպես, օրինակ, ինտելեկտուալների շրջանում, որոնք ըստ էության կոչված են լինելու բարձր ինտելեկտուալ մակարդակի մարդիկ, մենք ավելի ու ավելի ենք նկատում կեղծ ինտելեկտուալների` ոչ պրոֆեսիոնալ, անիրազեկ եւ ինտելեկտուալին բնորոշ բոլոր հատկություններից զուրկ մարդկանց: Նույն երեւույթին ենք մենք հանդիպում եւ պահպանված ազնվականական միջավայրում: Մյուս կողմից, այժմ աշխատավորական միջավայրում բավական հաճախ կարելի է հանդիպել ոգու բարձր կարգապահությամբ մարդանց: Բայց չէ՞ որ նախկինում հենց բանվորներն էին կազմում ամբոխը:

Հասարակության մեջ գոյություն ունեն գործունեության զանազան տեսակներ: Կան եւ այնպիսիները, որոնք ինքնին յուրահատուկ բնույթ ունեն եւ, հետեւաբար, դրանք չեն կարող իրագործել մարդիկ, որոնք դրանց հանդեպ հատուկ հակում չունեն, օրինակ, արվեստի որոշ տեսակները կամ էլ ղեկավարման ոլորտը, եւ քաղաքական դատողությունները հասարակական գործերի մասին: Նախկինում այդ գործառույթները կատարում էին, այսպես կոչված, «ազնվական ծագումով մարդիկ», համենայն դեպս, նրանք ձեւացնում էին, որ «ազնվական են»: Զանգվածները չէին ձգտում այդ տեսակի գործունեության, նրանք իրենք իրենց առջեւ հաշվետու էին այն բանում, որ եթե նրանք կամենային խառնվել դրան, ապա հարկ էր հատուկ վերապատրաստություն ձեռք բերել, եւ առանձնահատուկ ընդունակություններ ունենալ, եւ այնժամ նրանք կդադարեն զանգված լինելուց: Առաջ զանգվածներն անգիր գիտեին իրենց դերը հասարակական կյանքում:

Եթե մենք այժմ հիշենք, թե ինչի մասին էր խոսքը մեր պատումի սկզբում, ապա բոլոր այդ երեւույթները կհառնեն մեր առջեւ` որպես զանգվածների տեղի փոփոխության ապացույց հասարակական ուժերի տեղաբաշխման մեջ: Ամեն ինչ մեզ ցուցանում է այն, որ զանգվածներն ամեն գնով որոշել են մղվել առաջին պլան եւ տիրանալ այն ամենին, որ նախկինում քչերին էր պատկանում: Բնական է, որ որոշակի հասարակական տեղեր նախատեսված չէին ժողովրդի այդպիսի քանակության համար, դե, դրանց չափերն էլ այդքան մեծ չեն, այդ պատճառով ամբոխը դրանցից տառացիորեն դուրս է թռչում, ակնհայտորեն մեզ ցույց տալով նոր երեւույթի յուրահատկությունը` զանգվածը, չդադարելով զանգված լինել, ճնշում է փոքրամասնությանը:

Ոչ ոք, կարծում եմ, չի ափսոսա այն բանի համար, որ ներկայումս շատ ավելի մարդիկ եւ առավել մեծ չափով հաճույք են ստանում կյանքից, լավ է, որ դրա համար նրանք ցանկություն եւ միջոցներ ունեն: Չարիքն այն է, որ զանգվածների որոշումը` զբաղվելու գործունեության այն տեսակներով, որոնք նախկինում փոքրամասնության արտոնությունն էին, չի դրսեւորվում եւ չի կարող դրսեւորվել միայն այն բանում, ինչը որ վերաբերում է հաճույք ստանալուն: Մեր ժամանակներում այդ հիվանդությունը տարածվել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Փոքր-ինչ առաջ անցնելով, ասեմ, որ ամենավերջին տարիների քաղաքական իրադարձություններն այլ բան չեն նշանակում, քան զանգվածների իշխանության գալը: Հին դեմոկրատիան կարող էր գոյություն ունենալ լիբերալիզմի նշանակալի բաժնի եւ առ օրենքը հիացիկ հավատի հաշվին: Այդ սկզբունքներին հավատարիմ մնալու համար, անհատը ստիպված էր լինում իր մեջ դաստիարակելու ոգու ամրակուռ կարգապահություն: Լիբերալիզմի եւ իրավաբանական նորմի պաշտպանության ներքո կարող էին գոյություն ունենալ եւ գործել մոնորիտար խմբեր: Դեմոկրատիան եւ օրենքը` գոյության իրավաբանական երաշխիքները` հոմանիշներ էին: Ներկայումս մենք գերդեմոկրատիայի հաղթանակի ականատեսներն ենք, որի օրոք զանգվածները գործում են` շրջանցելով օրենքները, կիրառելով նյութական ճնշումը, փաթաթելով իրենց ցանկություններն ու ճաշակները: Սխալ կլիներ ստեղծված իրավիճակը բացատրել այն բանով, թե իբր զանգվածները հոգնել են քաղաքականությունից, թողնելով քաղաքական գործունեության ոլորտը հատուկ դրա համար նախատեսված մարդկանց: Ճիշտ հակառակը: Այդպես տեղի էր ունենում նախկինում, այդպիսին էր իրավիճակը լիբերալ դեմոկրատիայի օրոք: Զանգվածներն այն ժամանակ գիտակցում էին, որ, ի վերջո, իր բոլոր թերություններով հանդերձ, քաղաքականությամբ զբաղվող փոքրամասնությունը հասարակական խնդիրներից ավելի լավ է գլուխ հանում, քան իրենք: Իսկ այժմ, հակառակը, զանգվածները ենթադրում են, որ իրենք իրավունք ունեն ուրիշների վզին փաթաթելու այն տափակ դատողությունները, որոնք նրանք արտաբերում են սրճարաններում, եւ դրան օրենքի ուժ տալ: Կասկածում եմ, որ պատմության մեջ երբեւէ եղել են ժամանակներ, երբ ամբոխին հաջողվում էր այդպես ակնհայտորեն եւ անթաքույց տրամադրություն ստեղծել հասարակական կյանքում, ինչպես մեր ժամանակներում: Հենց այդ պատճառով էլ ես խոսում եմ գերդեմոկրատիայի մասին:

Նույնը տեղի է ունենում եւ կյանքի մյուս բնագավառներում, հատկապես ինտելեկտուալ ոլորտում: Գուցե թե, ես սխալվում եմ, բայց մարդը, ձեռքը գրիչ վերցնելով, որպեսզի գրի այն մասին, ինչը նա երկարատեւ ուսումնասիրել է, ստիպված է մտածելու, որ միջին ընթերցողը, ում երբեք չի հետաքրքրել, թե ինչի մասին է գրում հեղինակը, եթե կարդում էլ է նրան, ապա ոչ այն բանի համար, որպեսզի կայացնի իր դատավճիռը, հատկապես, եթե գրածը չի համընկնում այն տափակություններին, որոնցով լցված է ընթերցողի գլուխը: Եթե անհատները, որ զանգված են կազմում, իրենց չափազանց տաղանդավոր կարծեին, ապա խոսքը կվերաբերեր առանձին բացառությունների, այլ ոչ թե հասարակական կյանքի ձեւավորված կացութաձեւի տապալմանը: Այս պահի համար բնութագրականն այն է, որ միջակությունը իմանալով, որ ինքը միջակություն է, լկտիություն է ունենում ամենուր պնդելու եւ բոլորի վզին փաթաթելու միջակություն լինելու իր իրավունքը: Ինչպես ասում են ամերիկացիները, անպարկեշտ է ուրիշներից տարբերվելը: Զանգվածն իր ճանապարհին ջարդուփշուր է անում այն ամենը, ինչ նման չէ իրեն, նա տրորում է ամենայն անհատականություն, սպանում է բոլոր վսեմ, ընտրյալ ու երեւելի բաները: Նրան, ով այնպիսին չէ, ինչպես բոլորը, նրան, ով այնպես չի մտածում, ինչպես բոլորը, սպառնում է վերացված լինելու վտանգը: Բնական է, որ այդ «բոլորը» իրականում «բոլորը» չեն: Նախկինում «բոլորը» զանգվածի եւ նրանից տարբեր փոքրամասնության բարդ միասնությունն էր: Իսկ այժմ «բոլորը»` դա միայն զանգվածն է:

2. Պատմական մակարդակի աճը

Ես նկարագրում եմ մեր ժամանակի այդ տարօրինակ ծնունդը, չջանալով գունազարդել նրա գազանային, բարբարոսական տեսքը: Մյուս կողմից, դա մի երեւույթ է, որ մինչեւ այժմ անհայտ էր մեր քաղաքակրթության պատմության մեջ: Երբեք, ողջ ընթացքում, համանման բան տեղի չի ունեցել: Եթե մենք կամենանք ինչ-որ պատմական զուգահեռ գտնել, ապա ես ստիպված կլինեմ փոխադրվելու այլ կյանք, որ միանգամայն տարբեր է մերինից, եւ պատկերացնել Հռոմեական կայսրության անկման շրջանի մի մեծ անտիկ քաղաք: Հռոմեական կայսրության անկման պատմությունը` դա միաժամանակ հաղթանակի ժամն է զանգվածների կայսրության, որոնք կլանեցին ու վերացրեցին ղեկավարող փոքրամասնությունը, գրավելով նրա տեղը: Այն ժամանակ նույնպես գոյություն ուներ զանգվածների կուտակման երեւույթը, եւ ամենուր ամբոխներ էին կազմավորվում: Այդ պատճառով, ինչպես արդարացիորեն նկատել է Շպենգլերը, այն ժամանակ ստիպված էին վիթխարի շինություններ կառուցելու ճիշտ այնպես, ինչպես եւ մեր ժամանակ: Զանգվածների հաղթանակի ժամանակը` դա ամենայն վիթխարիի ժամանակն է:

Մենք ապրում ենք զանգվածների բարբարոսական ճնշման տակ: Այսպիսով, մենք արդեն երկրորդ անգամ բնութագրեցինք այն` որպես «բարբարոսական», մենք արդեն տվել ենք մեր հարկը տափակությունների աստծուն, եւ այժմ, մուտքի տոմսը ձեռքներիս, մենք կարող ենք ուրախ դահլիճ մտնել, որտեղ մեզ հետաքրքրող թեմայով ներկայացում է խաղացվելու: Թե՞ դուք կարծում էիք, որ ես կբավարարվեմ այս նկարագրությամբ, գուցե եւ արդարացի, բայց ոչ խորունկ, որը սոսկ հողի վերին շերտն է, լեռան ստորոտը, որը հառնում է մեր հայացքի առաջ իր ողջ ահռելիությամբ, եթե մենք նրան նայենք անցյալից: Եթե ես այստեղ ավարտեի միտքս, խեղդելով, հանց մանկան, այս գործը, ընթերցողը կմտածեր (եւ միանգամայն արդարացի), որ զանգվածների այդ չտեսնված առաջխաղացումը պատմության թատերաբեմի վրա, զզվանքի եւ գարշանքի ծամածռություն առաջ բերելով, ինձ ներշնչեց սոսկ մի քանի քննադատական քամահրական խոսք ասելու: Չէ՞ որ իմ մասին հայտնի է, որ ես կողմնակից եմ պատմության արմատական-ազնվապետական ընկալման: Այն արմատական է ոչ միայն այն պատճառով, որ ես պնդում էի, որ մարդկային հասարակությունը պետք է ազնվականական լինի, ավելին, ես միշտ ասել եմ, իսկ այժմ մեկ անգամ էլ եմ շեշտում (օրըստօրե համոզվելով իմ ճշմարտացիության մեջ), որ մարդկային հասարակությունը միշտ էլ, ըստ էության, ազնվականական է եղել, ուզում ենք մենք դա, թե ոչ: Հասարակությունը գոյություն ունի, քանի դեռ այն ազնվականական է, եւ դադարում է այդ լինելուց, հենց որ կորցնում է իր ազնվականությունը: Ես այստեղ խոսում եմ հասարակության, այլ ոչ թե պետության մասին: Ոչ մեկն ինձ չի հավատա, եթե ես զանգվածների չտեսնված կատաղության հանդիման սկսեմ կոչ անել, որ, վերսալյան ազնվականի եղանակով, բավարարվենք քամահրական դիմածռությամբ: Վերսալը` խոսքը դիմածռությունների Վերսալի մասին է` դա ազնվականություն չէ, այլ ընդհակառակը` երբեմնի ազնվականության կործանումն ու քայքայումն է: Հենց այդ պատճառով էլ այդ մարդկանց մեջ ազնվականական էր լոկ վսեմաշուք նրբագեղությունը, որով նրանք կարողանում էին իրենց վիզը դնել գիլյոտինի տակ: Նրանք խոնարհվում էին դրա առաջ` ինչպես ուռուցք հեռացնող վիրաբուժական նշտարի: Խոսքը նրանց մասին չէ: Նրանց, ովքեր հավատում են ճշմարիտ ազնվականության կոչմանը, մոլեգնած զանգվածի տեսքը հուզում եւ բորբոքում է, ճիշտ այնպես, ինչպես կուսական մարմարի տեսքը հուզում եւ բորբոքում է քանդակագործին: Ճշմարիտ ազնվականությունը ոչնչով չի նմանվում մարդկանց այն ծիծաղելի խմբին, որոնք ջանում են իրենցով անել «հասարակության» անունը, երբ «ինքն իրեն» «հասարակություն է» հռչակել եւ ապրում է լոկ աշխարհիկ այցերով: Քանզի ամեն ինչ աշխարհում ունի իր գինը եւ իր նշանակությունը: Սակայն այդ նշանակությունը երկրորդական է եւ չի կարող համեմատվել այն հերկուլեսյան խնդրի հետ, որ կանգնած է ճշմարիտ ազնվականության առաջ: Ես կարող էի դեռ զարգացնել այս թեման, կանգ առնելով այն բանի վրա, թե ինչ իմաստ ունի «բարձր հասարակության» կյանքը, առաջին հայացքից` այնքան անիմաստ, բայց մենք վերլուծության համար այլ, շատ ավելի բարդ թեմա ենք ընտրել:

Մի անգամ ես զրույց ունեցա մադրիդյան «բարձր հասարակության» երկնակամարում հայտնված մի ծաղկուն տիկնոջ հետ: Շնչելով երիտասարդությամբ եւ ջանալով ոչնչով ետ չմնալ ժամանակից, նա թոթովեց. «Ինձ համար պարահանդեսն էլ բերկրանք չէ, եթե ութ հարյուր հոգուց քիչ մարդ է հրավիրված»: Այդ նախադասությունը ինձ ստիպեց մտորել, եւ ես հասկացա, որ զանգվածների թելադրած ոճը այսօր կյանքի բոլոր ոլորտներում հաղթանակ է տոնում, նույնիսկ այն վերջին կացարաններում, որոնք, թվում էր, թե նախատեսված էին երջանիկ փոքրամասնության համար: Ես համաձայն չեմ մեր ժամանակի առանձնահատկություններին վերաբերող այն դատողությունների հետ, որոնք կարող են ցույց տալ դրա դրական իմաստը, որ աչքից թաքնված է հաղթանակող զանգվածների հանդիսանքով: Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր խոնարհաբար ընդունում են այդ երեւույթը, սարսափից չցնցվելով: Ցանկացած ճակատագիր դրամատիկ եւ ողբերգական է: Եվ միշտ այդպես կլինի: Ով չի զգացել, թե ինչպես է իր ձեռքում խփում մեր ժամանակի վտանգների զարկերակը, նա, հազիվ դիպչելով ճակատագրի փափլիկ այտին, այդպես էլ չի կարողացալ ըմբռնել դրա խորունկ իմաստը: Զանգվածների բարոյական ապստամբությունը, իր աննկունության մեջ անկասելի եւ բազմանշանակ, ինչպես ցանկացած ճակատագիր, իր մեջ այսօր սարսափելի վտանգ է պարունակում: Դա բացարձակ չարի՞ք է, թե՞ հնարավոր բարիք: Ահա այն, մեր ժամանակի երկընտրանքը, որ ավարտվում է վիթխարի տիեզերական հարցական նշանով բավական բազմանշանակալից տեսքի. մեզ հայտնի չէ, կամ այն նման է գիլյոտինի, կամ կախաղանի, իսկ ինքը դրա հետ մեկտեղ` ձգտում է նման լինել հաղթակամարի:

Երեւույթը, որը մենք կամենում ենք անատոմիական քննության ենթարկել, կարելի է դիտարկել երկու կողմից: Առաջինը, զանգվածներն այսօր հասարակական գործառույթներ են իրականացնում, որոնք նախկինում իրականացնում էին բացառապես փոքրամասնության ներկայացուցիչները, երկրորդ, զանգվածներն այսօր չեն կամենում ենթարկվել փոքրամասնությանը, նրանք չեն ենթարկվում նրան, չեն հետեւում նրան, ընդհակառակը` զանգվածները ճնշում են փոքրամասնությանը եւ գրավում են նրա տեղը:

Եկեք վերլուծենք այդ երեւույթի առաջին ասպեկտը: Այսպիսով, զանգվածները օգտվում են քաղաքակրթության բոլոր այն հայտնագործություններից եւ բարիքներից, որ հնարվել էին ընտրյալ փոքրամասնության համար, եւ որոնցից նախկինում օգտվում էր միայն այդ փոքրամասնությունը: Այժմ զանգվածների մեջ հայտնվել են կարիքներ եւ ցանկություններ, որոնք նրբաճաշակ էին համարվում, որոնք առաջ կարող էին լոկ քչերն իրենց թույլ տալ: Ահա ձեզ մի տափակ օրինակ` կոմսուհի դե Բունը իր «հիշողություններում» հաղորդում է, որ 1820 թվականին հազիվ կարելի էր մի տասը լողասենյակ գտնել: Իսկ այժմ զանգվածները բավականաչափ ծանոթ են այնպիսի տեխնիկայի, որից առաջ օգտվում էին միայն մասնագետները:

Խոսքը ոչ միայն նյութական տեխնիկայի մասին է, այլ նաեւ իրավաբանական եւ քաղաքական գործերի վարման: 18-րդ դարում մարդկանց մի փոքր խումբ հայտնաբերեց, որ ցանկացած մարդ, արդեն այն պարզ փաստի շնորհիվ, որ նա մարդ է ծնվում, անկախ իր ծագումից, ունի հիմնական քաղաքական իրավունքները, այսպես կոչված, մարդու եւ քաղաքացու իրավունքները, եւ, որ այդ համընդհանուր իրավունքները միակ գյություն ունեցողն են: Ցանկացած այլ իրավունք, որից կարող է օգտվել առանձնահատուկ տաղանդավոր մարդը, դատապարտվում էր որպես արտոնություն: Սկզբում դա տեսության մեջ էր, որը քչերն էին պահպանում, հետո նրանք սկսեցին այդ գաղափարները կյանքի կոչել, հանրայնացնելով եւ պրոպագանդելով դա: Դրանք, փոքրամասնությանը պատկանող, լավագույն մարդիկ էին: Այդուհանդերձ, ողջ 19-րդ դարի ընթացքում զանգվածները, որոնք ավելի ու ավելի մեծ հուզավառությամբ էին ընկալում այդ իրավունքների գաղափարը, դարձնելով դա իրենց իդեալը, դեռեւս չապրեցին այն, չփորձեցին այն իրագործել կյանքում եւ դրան մեծ նշանակություն չէին տալիս: Ընդհակառակը, դեմոկրատական օրենսդրության քողի տակ նրանք փաստորեն շարունակում էին ապրել եւ զգալ ինչպես նախկինում, իրաց հին կարգուկանոնի օրոք: «Ժողովուրդը», ինչպես այն ժամանակ կոչում էին, արդեն գիտեր, որ ինքնիշխան է, բայց դեռ դրան չէր հավատում: Այսօր իրավահավասարության իդեալն իրականություն է դարձել, ընդ որում, ոչ միայն իրավաբանության մեջ, որը միշտ լոկ սխեմատիկորեն է արտացոլում հասարակական կյանքի մակերեւույթին կատարվածը: Այդ իդեալը ներթափանցել է յուրաքանչյուր անհատի միս ու արյան մեջ, ինչպիսին էլ որ լինեն նրա համոզմունքները, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք ռեակցիոն են, այլ կերպ ասած, նույնիսկ այն ժամանակ, երբ նա քննադատում եւ պարսավում է այն հաստատությունները, որոնք կոչված են երաշխավորելու իր իրավունքները: Ես կարծում եմ, որ նա, ով չի հասկանում այդ հետաքրքրական բարոյականությունը, որով ղեկավարվում են իրենց վարքում զանգվածները, չի կարող հասկանալ եւ այն, ինչ որ այսօր սկսում է կատարվել աշխարհում: Ցանկացած մարդու ինքնիշխանությունը, որպես տեսակի, իր այդ դերով գաղափարից եւ իրավաբանական իդեալից վերածվել է իրականության, դարձել է միջին մարդու հոգեբանության անբաժան մասը: Հարկ է նշել, երբ ինչ-որ իդեալական բան իրականություն է դառնում, այն անխուսափելիորեն դադարում է իդեալական լինելուց: Իդեալի ձգողականությունը, վսեմությունը եւ հմայքը կորչում են, այն դադարում է մարդու վրա ներգործություն ունենալուց: Իրավահավասարության դեմոկրատական գաղափարը դադարեց հեռավոր իդեալ լինելուց եւ վերածվեց անգիտակցական, անկասելի, անիրականանալի ցանկության:

Այդ իրավունքների իմաստն այն էր, որպեսզի մարդկային հոգիները ներքին ստրկությունից դուրս բերի, նրանց մեջ դաստիարակի ինքնահարգանքն ու արժանապատվությունը: Մի՞թե դա չէին նրանք ուզում: Մի՞թե նրանք չէին ուզում այն, որ միջին մարդը, ինքն իրեն իր կյանքի տերը, տիրակալն ու ղեկավարը զգա: Դրան հասան: Դե ուրեմն ինչո՞ւ, արդեն երեսուն տարի է, որ առաջադիմության կողմնակիցները, լիբերալներն ու դեմոկրատները, դժգոհություն են հայտնում:

Աղբյուրը՝ Զանգվաածների ապստամբությունը
Թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի

Saturday, April 26, 2014

Թեոդոր Դրայզեր «Ջեննի Գերհարդ» / հատվածներ

1 comments
Անգլիական գրող Ջեֆրիսն ասել է, որ կատարյալ աղջիկ երևան է գալիս հարյուր հիսուն տարին մեկ անգամ: «Այդ գանձն ստեղծում են երկրի ու օդի բոլոր թովչանքները: Ե՛վ հարավային զեփյուռը, որ մեկ ու կես դար փչում է ցորենի դաշտերի վրա, և՛ բարձր խոտերի բուրմունքը, որոնք օրորվում են երեքնուկի մեղրալից ծանր գլխիկների ու բերինիկի ծիծղուն ծաղիկների վրա, ծածկում են սերինոսին և փակում մեղվի ուղին, և՛ վարդի թփերի դալար ցանկապատերը, և՛ մատղաշ ցախկեռասը, և՛ կապուտակ տերեփուկները ոսկեփայլ արտի մեջ, և՛ կանաչ եղևնիների ստվերը: Ամբողջ հմայքը մարմանդ գետակների, որոնց ափերին դեպի արև են ձգվում հիրիկները, մթին անտառների ամբողջ տիրական գեղեցկությունը, բոլոր հեռավոր բլուրները, որոնցից քեմոնի ու ազատության շունչ է բուրում – այս ամենը նորից ու նորից կրկնվում է հարյուրավոր տարիներ:
Գարնանածաղիկները, զանգակածաղիկները, մանուշակները, ծիրանի գարունը, ոսկե աշունը, արևի լույսը, հորդ անձրևները և ցողաթաթավ առավոտները, անմահ գիշերները, նորից ու նորից հարյուր տարի կրկնվում է անընդհատ հոսող ժամանակի ամբողջ շրջանը: Չգրված տարեգրություն, որը ոչ ոք գրել չի էլ կարող. ո՞վ կարող է պատմել հարյուր տարի առաջ թափված վարդի թերթիկների մասին: Հարյուր անգամ ծիծեռնակները վերադառնում են կտուրի տակի իրենց բույնը, հարյուրավոր անգամ: Բայց ահա աղջիկը երևաց, և ամբողջ աշխարհը ծարավի է նրա գեղեցկությանը, ինչպես այն ծաղիկների, որոնք արդեն չկան: Նրա տասնյոթ տարու թովչանքի մեջ դարերի հմայքն է: Ահա թե ինչու նրա հարուցած կրքի մեջ թախիծ է թաքնված»:
Եթե դուք հասկացել ու գնահատել եք հարյուր անգամ կրկնված անտառային զանգակածաղիկների հմայքը, եթե վարդերը, երաժշտությունը, շառագուն լուսաբացն ու մայրամուտը երբևիցե ստիպել են, որ ձեր սիրտն ավելի ուժգին բաբախի, եթե այդ ամբողջ գեղեցկությունն անցողիկ է և ահա այն, նախքան աշխարհը դուրս կփախչի ձեզանից, ձեր ձեռքն է տրված, կհրաժարվե՞ք արդյոք նրանից:

Երջանկության բանաձևը՝ Չարլզ Բուկովսկու ստեղծագործություններում

0 comments
Եթե դու որոնում ես կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելու ուղիներ` այդ հարցում քեզ կօգնի ամերիկացի գրող Չարլզ Բուկովսկին: Նա իր ստեղծագործություններում շոշափել է բազմազան թեմաներ՝ սկսած արվեստից մինչև մահ: Այս հռչակավոր գրողի ստեղծագործությունների հերոսները հաճախ կյանքի հատակում գտնվող ընչազուրկ մարդիկ են: Այստեղ ներկայացված են նրա ամենահայտնի մտքերից մի քանիսը, որոնք ուղեկցվում են մեկնաբանություններով:

1. Քչով մի՛ բավարարվիր:

«Ես ուզում էի նվաճել ողջ աշխարհը կամ ոչինչ»:

Կանգ մի՛ առ մինչև չհասնես այն ամենին, ինչ երազում ես կամ ինչին արժանի ես: Ձգտի՛ր լավագույնին և պայքարի՛ր այնքան ժամանակ, մինչև կնվաճես այն ամենը, ինչը քեզ լիակատար երջանկություն կպարգևի: Իմաստ չունի հրաժարվել քո նպատակներից և բավարարվել երազանքների մասնակի իրագործմամբ: Այդ դեպքում դու կզղջաս, որ ժամանակին ավելի համառորեն չես պայքարել:

2. Սիրի՛ր ինքդ քեզ:

«Ես երբևէ չեմ ցանկացել այլ մարդ լինել: Ես պարզապես չեմ հանդիպել այնպիսի մարդու, ով ինձ մոտ նման ցանկություն կառաջացներ»:


Անշուշտ, ոչ ոք կատարյալ չէ, սակայն իմաստ չունի դրանից ողբերգություն սարքել: Դադարի՛ր ամեն մի աննշան սխալի համար քննադատել ինքդ քեզ: Փորձիր սիրել քեզ: Սա չի նշանակում, որ պետք է խաչ քաշել ինքնակատարելագործման վրա, սակայն ժամանակ առ ժամանակ պետք է դառնալ ինքդ քո ամենամեծ երկրպագուն:

3. Քաղի՛ր կյանքից առավելագույնը:


«Ոչ թե մահն է վտանգավոր, այլ այն կյանքը, որ մարդիկ ապրում են կամ չեն ապրում մահից առաջ»:
Որոշ մարդիկ երբեք խենթություններ չեն անում: Նրանք հավանաբար շատ սարսափելի կյանքով են ապրում»:

Ցանկանո՞ւմ ես պարաշյուտիզմով զբաղվել, սակայն երբևէ չե՞ս փորձել: Ուրեմն ժամանակն է փորձելու: Հասկացի՛ր, որ քեզ միայն մի կյանք է տրված, և ապրիր լիակատար կյանքով: Հենց հիմա ձեռնամուխ եղիր երազանքներիդ իրականացմանը: Պետք չէ այնքան հետաձգել դա, մինչև արդեն ուշ կլինի:

4. Մի՛ վախեցիր ցավից: Առանց դրա դու չես կարող երջանկություն ապրել:


«Ստիպված ես մի քանի անգամ մեռնել, մինչև որ կկարողանաս լիարժեք կյանքով ապրել»:
Ցավ, տխրություն, զայրույթ… Նմանատիպ բացասական զգացողությունները կարող են սարսափելի տառապանք պատճառել: Այնուամենայնիվ, անհնար է լիարժեքորեն գնահատել դրական էմոցիաները, մինչև որ չանցնես տառապանքի միջով: Այսպիսով, երբ հասնում ես ժայռի ամենաստորին կետին, հիշի՛ր, որ դրանից հետո քեզ բարձունքներ են սպասում: Այն ցավը, որն ապրում ես հիմա, միայն ավելի կքաղցրացնի այն երջանկությունը, որը քեզ սպասվում է ապագայում:

5. Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես:

«Առավոտյան անկողնուց վեր կենալիս երբեմն մտածումես. «Ես չեմ կարողանա հաղթահարել ստեղծվածխոչընդոտը», սակայն հետագայում ծիծաղում ես՝ հիշելովայն բոլոր դեպքերը, երբ այդ կերպ ես մտածել»:

Կյանքը լի է փորձություններով ու դժվարություններով: Դու գիտես այդ մասին: Դու հավանաբար ինքդ էլ բազմիցս անցել ես դրանց միջով: Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդկանց հաջողվում է հաղթահարել այդ դժվարությունները: Գուցե դու էլ նրանցից մե՞կն ես, իսկ եթե ոչ, դեռ ուշ չէ համալրել նրանց շարքերը: Միշտ հիշի՛ր, որ դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես: Այդ դեպքում անգամ ամենածանր փորձություններն ավելի հեշտ կթվան:

6. Մի՛ վախեցիր մահից:
«Ես պահում եմ մահվանը իմ ձախ գրպանում: Երբեմն եսհանում եմ այն գրպանիցս և զրուցում նրա հետ. «Բարև,ի՞նչ կա-չկա: Ե՞րբ ես գալու հետևիցս: Ես դրան պատրաստկլինեմ»:
Մահն անխուսափելի է, ուստի ինչո՞ւ պետք է կյանքդ անցկացնես դրա մասին մտահոգվելով: Մահից վախենալու փոխարեն վայելի՛ր այն կյանքը, որը տրված է քեզ: Այդ պարագայում դու շատ ավելի երջանիկ կլինես:

Sunday, April 20, 2014

Երեւակայության եւ ներշնչանքի մասին / Ֆեդերիկո Գարսիա Լորկա

0 comments
Հիանալիորեն գիտակցելով թեմայի ողջ բարդությունը, ես չեմ հավակնում ավարտունության, ես կամենում եմ լոկ ուրվագծել` ոչ թե շեշտագծել, այլ ինչ-որ մտքի հանգեցնել:

Ինձ համար երեւակայությունը` հայտնագործությունների ունակության հոմանիշն է: Երեւակայել` հայտնագործել, ներմուծել սեփական լույսի մասնիկը կենդանի խավարի մեջ, ուր կենում են տարակերպ հնարավորությունները, ձեւերն ու մեծությունները: Երեւակայությունը թաքնված կենսական հատվածներին կապ եւ կենսական ակնհայտություն է պարգեւում, այնտեղ, ուր շարժվում է մարդը: Երեւակայության ճշմարիտ դուստրը` ինտուիցիայի ակնթարթային բռնկումով ծնված փոխաբերությունն է, կանխազգացման երկար տագնապով լուսավորված:

Բայց երեւակայությունը սահմանափակված է իրականությամբ` անհնար է պատկերացնել գոյություն չունեցողը, երեւակայությանը պետք են իրեր, տեսարաններ, թվեր, մոլորակներ եւ դրանց միջեւ եղած տրամաբանական կապ: Այն չի կարող նետվել անդունդն ու ժխտել իրական անհասկացությունները: Երեւակայությունը հորիզոններ ունի, այն ձգտում է որսալ եւ կոնկրետացնել այն ամենը, որ ունակ է կրելու իր մեջ:

Երեւակայությունն աղքատ է, իսկ բանաստեղծական երեւակայությունը` հատկապես: Տեսանելի իրականությունն անչափելիորեն հարուստ է երանգներով, աներեւակայելիորեն ավելի բանաստեղծական է, քան իր հայտնագործությունները:Դա ամեն անգամ բացահայտում է պայքարը գիտական ակնհայտության եւ հորինված առասպելի միջեւ` պայքար, որում, փառք Աստծո, հաղթանակում է գիտությունը, հազար անգամ ավելի քնարական, քան թեոգոնիաները:

Մարդկային երեւակայությունը հորինել է հսկաներին, որպեսզի նրանց վերագրի հսկայական քարանձավների կամ կախարդված քաղաքների ստեղծումը: Իրականությունը ցույց տվեց, որ այդ հսկայական քարանձավները ստեղծվել են ջրի կաթիլից: Մաքուր ջրի կաթիլից, համբերատար եւ հավերժական: Այս դեպքում, եւ շատ այլ դեպքերում, հաղթանակում է իրականությունը:

Որքան ավելի հիասքանչ է ջրի կաթիլի բնազդը, քան հսկայի ձեռքերը: Իրական ճշմարտությունը բանաստեղծականությամբ գերազանցում է հորինվածքին, կամ, այլ կերպ ասած, հորինվածքն ինքը բացահայտում է իր աղքատիկությունը: Երեւակայությունը հետեւում էր տրամաբանությանը, հսկաներին վերագրելով այն, ինչ թվում էր հսկաների ձեռքով ստեղծած, բայց գիտական իրականությունը, որ կեցած է պոեզիայի սահմանին եւ տրամաբանության սահմաններից դուրս է, անմահ ջրի թափանցիկ կաթիլով հաստատել է իր ճշմարտացիությունը: Չէ՞ որ անհամեմատելիորեն հիասքանչ է, որ քարանձավները` հավերժական օրենքներին ենթակա ջրի խորհրդավոր ֆանտազիան է, այլ ոչ թե հսկաների քմայքները, որ ծնունդ են առել միայն անբացատրելին բացատրելու անհրաժեշտությամբ:

Բանաստեղծը միշտ թափառում է իր երեւակայության տարածության մեջ, դրանով սահմանափակված: Նա արդեն հասկանում է, որ իր ֆանտազիան` դա կատարելագործվելու ընդունակությունն է, որ երեւակայության վարժանքը կարող է հարստացնել նրան, ուժգնացնել նրա լուսային ալեհավաքներն ու ճառագայթվող ալիքը: Սակայն բանաստեղծը նախկինի պես մեն մենակ է իր ներաշխարհի հետ, իր տրտում «ուզում եմ եւ չեմ կարողանումի» հետ:

Նա լսում է մեծ գետերի սահքը, նրա դեմքին է դիպչում եղեգնուտի թարմությունը, որը կեցած է «ոչ մի կողմում»: Նա ուզում է հասկանալ մրջյունների խոսակցությունը անիմանալի տերեւների տակ: Ուզում է ներթափանցվել ծառի ավիշով ծանր բների մառ լռության մեջ: Ուզում է ըմբռնել քնած աղջնակի սրտում հնչող Մորզեի այբուբենը:

Ուզում է: Մենք բոլորս ենք ուզում: Բայց չի կարողանում: Որովհետեւ կամենալով արտահայտել բանաստեղծական ճշմարտությունը, նա ստիպված է հենվելու իր մարդկային զգացողությունների վրա, ելնելու այն բանից, ինչ տեսել եւ լսել է, դիմելու պլաստիկ զուգորդումների, որոնք երբեք չեն հասնի արտահայտչականության նույն մակարդակին: Որովհետեւ միայն երեւակայությունը երբեք չի հասնում համանման խորությունների:

Քանի դեռ բանաստեղծն ազատագրում է փնտրում, նա կարող է բարոր կյանք վարել իր ոսկեզօծ աղքատության մեջ: Աշխարհի բոլոր հռետորական եւ բանաստեղծական դպրոցները, սկսած ճապոնական կանոններից, առաջարկում են մայրամուտների, լուսինների, շուշանների, հայելիների հարստագույն ռեկվիզիտ ցանկացած կլիմայի եւ ճաշակի համար:

Բայց բանաստեղծը, ով կամենում է դուրս պրծնել մոգոնած սահմաններից, չապրել սոսկ այն պատկերներով, որ շրջապատից են ծնվել, դադարում է անրջել եւ դադարում է ցանկանալ: Նա արդեն չի ցանկանում` նա սիրում է: «Երեւակայությունից»` հոգեւոր արտադրանքից, նա անցնում է հավատին: Այժմ ամեն ինչ այդպիսին է, որովհետեւ այդպիսին է, առանց պատճառների եւ հետեւանքների: Չկա ոչ սահման, ոչ սահմանագիծ` լոկ հոգեպարար ազատություն:

Եթե բանաստեղծական երեւակայությունը ենթարկվում է մարդկային տրամաբանությանը, ապա բանաստեղծական ներշնչանքը ենթարկված է բանաստեղծական տրամաբանությանը: Անօգուտ է ողջ մշակված տեխնիկան, քանդվում են բոլոր գեղագիտական կանխադրույթները, եւ, համանման, այն բանին, ինչպես երեւակայությունը` հայտնագործություն է, երեւակայությունը` դա երանություն է, դա անբառելի շնորհ է:

Այդպիսին է իմ այսօրվա տեսակետն առ պոեզիան: Այսօրվանը, որովհետեւ այն ճիշտ է այսօր: Չգիտեմ, թե ես ինչ կմտածեմ վաղը: Ինչպես ճշմարիտ բանաստեղծ, ինչպիսին ես կմնամ մինչ գերեզման, ես երբեք չեմ դադարի դիմադրել ցանկացած կանոններին կենդանի արյան սպասման մեջ, որը վաղ թե ուշ, բայց անպայման կժայթքի մարմնից կանաչ կամ սաթե շիթով: Ինչ ուզում է լինի` միայն թե միեւնույն պատուհանից չնայել միեւնույն նկարին: Բանաստեղծի` հակասության մեջ է: Անշուշտ, ես չեմ հավակնում ինչ-որ մեկին համոզել: Հավանաբար, այդպիսի դիրքորոշումը պոեզիային արժանի չէր լինի: Պոեզիային պետք են ոչ թե կողմնակիցներ, այլ սիրահարներ: Փշեպսակներով եւ ջարդված ապակով է նա փռում իր ճամփան, որպեսզի հանուն սիրո նրան փնտրող ձեռքերն արյունեն:

 Թարգմանությունը ռուսերենից ` Վարդան Ֆերեշեթյանի

Friday, April 18, 2014

Ես գրում եմ, որովհետև ուզում եմ` ինձ սիրեն

1 comments
Տարիներ առաջ, երբ ընկերոջս խորհուրդով կարդացի Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ը, աշխարհը սկսեց ուրիշ անկյան տակ պտտվել ինձ համար: Գիրքն ավարտելու հետո սկսեցի խելագարի պես ծիծաղել, իսկ հետո ծիծաղը վերածվեց լացի:


- Էս ի՞նչ արեցիր իմ հետ: Ո՞նց կարողացար հպվել հոգուս ամենանուրբ լարերին:

Այդ ես չէ, որ բացահայտեցի Մարկեսին ինձ համար, այլ շնորհիվ նրա, կարողացա վերստին ու նորովի բացահայտել ինքս ինձ, ու հոգուս կրակը սկսեց ավելի ուժգին վառվել:
Մարկեսը բոլոր ազգերի գրողն է: Նա ազգություն չունի, քանզի կարողանում է թափանցել մարդկային հոգու ամենամութ լաբիրինթներն ու այնտեղ հասցնել իր գրչի լույսը:

Հանգչիր խաղաղությամբ, իմ հրաշագործ ծերուկ:

Արտակ Զարգարյան

Wednesday, April 16, 2014

Ազգային սնապարծության և արժանապատվության սահմանը

0 comments
Մարիամ Փաշինյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Ազգը մի ամբողջություն է, մի մեծ տուն ու մեծ ընտանիք` բաղկացած հազարավոր կամ միլիոնավոր անդամներից:

Չեմ կարծում, որ ազգային սնապարծության կամ արժանապատվության սահման կա: Մարդիկ տարբեր են, նույնիսկ եթե մի ազգ են: Երբեք պետք չէ դատել մարդուն ազգը թողնելու, լքելու կամ դատապարտելու համար: Մարդը ստեղծված է բնության կողմից, որը նույնպես ինքնին մի մեծ ազգ է` ինչպես նաև մարդկությունը: Հայրենիքի կամ ազգի հանդեպ սեր ասելով ոչ բոլորն են նույնը զգում ու հասկանում: Կարելի է նույնիսկ ասել, որ ազգ հասկացությունը շատ հարաբերական ու դժվար հասկանալի է:

Օրինակ իմ սերը` ազգիս, հայրենիքիս հանդեպ արտահայտվում է զգացմունքով, ինչպես սերը արտահայտվում է քրոջ, ամուսնու կամ ընկերոջ հանդեպ և ես ինձ արժանապատիվ եմ զգում, հենց միայն նրա համար, որ ոչ մի իրավիճակում ցանկություն չեմ ունենում ազգս լքելու, հայրենիքիցս հեռանալու, չնայած ծանր առօրյային կամ տարօրինակ ու զարմանալի իրավիճակներին:

Իսկ ազգային սնապարծությունն ինձ համար այն է, ինչով հիմա զբաղված են շատ երկրների կառավարություններ ու կառավարության անդամներ:

Monday, April 14, 2014

Ուժեղ քաղաքացի, ուժեղ պետություն

0 comments
Լիա Մովսիսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Ո՞վ է ուժեղ քաղաքացին և ո՞րն է ուժեղ պետությունը: Քաղաքացին հանդիսանում է յուրաքանչյուր պետության կարևոր բաղկացուցիչը: Եթե քաղաքացիները լինեն ուժեղ, ապա պետությունը նույնպես կլինի ուժեղ: Եվ որտե՞ղ է Հայաստանի ուժեղ քաղաքացին, արդյո՞ք կան այդպիսիք: Շատ հնարավոր է նրանք թաքնվել են, չնայած ուժեղները չեն թաքնվում: Այդ դեպքում Հայաստանուն չկա՞ն ուժեղ քաղաքացիները: Երկար մտածելու դեպքում, գուցե մտաբերենք մի քանիսին, բայց ընդամենը մի քանիսին: Մի թե հնարավոր է մի քանիսով դառնալ ուժեղ պետություն, պայքարել, ստեղծել, ապրել միասին: Գուցե հնարավոր է, բայց այն, որ Հայաստանը ուժեղ չէ՝ դա հաստատ է: Իսկ ի՞նչ է թաքնված այդ ուժի մեջ, պետք է արդյո՞ք դա մեզ, և ընդհանրապես ինչ է ուժը: ՈՒժը անկախությունն է, ուժը հավատն է սեփական երկրի նկատմամբ, ուժը պայքարն է ու նպատակն է, հաստատակամությունն ու ինքնավստահությունը: Մենք կառչած ենք, ամենքից ու ամեն ինչից, երևույթից, մարդուց և մարդկանցից, իրերից: Մենք սեփական մտածողությամբ առաջնորդվող ժողովուրդ չենք, մենք հարմարվող ենք ու հնազանդ: Գուցե ազգիս մի փոքր գազանություն է պետք, մի փոքր նյարդայնացում, ապստամբություն, սառնասրտություն ու Ռուսաստան տանող ճանապարհների փակում: Գուցե այս ամեն ինչը օգնի մեզ այդ ուժեը ձեռք բերելու համար, գուցե պայքար սկսվի, ու գուցե հեղափոխություն: Մենք ազգ ենք, ով մեծ դեր է տալիս հասարակությանը և անում ամեն ինչ այդ հասարակությանը գոհացնելու համար, իսկ այդ հասարակությունը կազմված է մարդկանցից, շատ մարդկանցից, մենք մեկի հետևից գնացող ենք, մեզ ընդամենը տանող է պետք, մենք տեսնելով, որ հասարակության անդամները գնում են մի տեղ, կգնանք իրենց հետևից առանց իմանալու թե ուր ենք գնում: Մեզ խելամիտ ուղղորդող է պետք, այդ ուժը և գազանությունը, երկիր պաշտպանելու, և այն իրոք երկիր սարքելու գաղափարը ունեցող մեկը, ով կտանի մեզ այնտեղ, որտեղ մեզ չի կարողանում տանել ոչ ոք:

Sunday, April 13, 2014

Ուժեղ ժողովուրդ, ուժեղ պետություն

1 comments
Ուժեղ պետությունը հենց իր ժողովրդով է ուժեղ:

Լինել ուժեղ ազգ, նշանակում է ունենալ հզոր պետություն : Քանի որ ժողովուրդը համարվում է պետության հենասյունը և ինչքան ամուր է այդ հենասյունը, այնքան ամուր է պետությունը : Ժողովուրդը դա պետության շարժիչ ուժն է, այսպես ասած՝ մեքենան , որի ղեկը պետության ձեռքում է և հենց ժողովուրդն է ընտրում այդ ղեկին նստողին :
Այն կարող է լինել արտաքինից գեղեցիկ, կատարյալ, բայց ներքուստ լինել ոչ կայուն և պատրաստ չլինի անգամ չնչին հարվածի: Կարևորը այս դեպքում արտաքինը չէ, ներքինն է այսինքն ՝ ներքին կայունությունը , ամրությունն ու միասնականությունը, որպեսզի այդ ղեկին նստողը չտանի մեքենան այն ուղությամբ, որ ուղղությամբ ցանկանա:

Ժողովուրդը, միևնույն ժամանակ, հենասյուն լինելուց բացի , պետք է կարողանա հակակշռել պետությանը: Նա պետք է օգնի մեքենայի կառավարմանը, դրա հետ մեկտեղ կարողանալով միասնական ջանքերով փոխել մեքենայի ուղղությունն ու ընթացքը,  և ինչու չէ՝ անհրաժեշտության դեպքում նաև կասեցնել այն :

Եվ վերջում պետք է հիշել և հասկանալ այս խոսքերը ՝ «Լավ մեքենային պետք է լավ վարորդ և հակառակը ՝ լավ վարորդին լավ մեքենա» 

Սիմոնյան Լյովա, 
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Friday, April 11, 2014

Մենք

0 comments
 Վիկա Մարկոսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Հայ մարդու տեսակը բնութագրելու կարիք չկա: Գրում եմ հայերեն, լսարանը միայն հայերից է, ընթերցողը՝ հայ մարդը (կամ հայերին լավ ծանոթ մեկը) ուրեմն՝ կարդացողներից ամեն մեկը կարող է բնորոշել հայի տեսակը:
Ունե՞նք արդյոք թերություններ, կամ արդյո՞ք ընդունում ենք դրանց առկայությունը, արդյո՞ք սիրում ենք մեզ էնպիսին, ինչպիսին կանք, ծանո՞թ ենք մեր անցյալին, ապրո՞ւմ ենք ներկայով: Չգիտեմ: Բայց դիտարկել կարող եմ… Սուբյեկտիվորեն:
  • Պատմության դասեր.

Գոյություն ունի՞ արդյոք էսպիսի տերմին: Մեր նախորդը նախանախորդից վերցրե՞լ է արդյոք «պատմության դաս» ասվածը, փոխանցե՞լ է մեզ: Երևում է՝ ոչ:
Երևում է…
Թե հիմքդ ամուր է, կառուցածդ էլ ամուր ու հաջող կստացվի: Հենց էստեղ է, որ բոլոր ծովից ծով, ծովից լիճ կամ միայն լճով Հայաստանները կառուցող մեր ապուպապերից սովորելու բան ունենք: Կառուցում ենք առանց հիմքի, քանդվում է, էլի ենք կառուցում, հետո էլի ու էլի… Առանց հիմքի, առանց մի քիչ պատմությունը թերթելու:
Սխալ ասացի: Մենք թերթում ենք հայոց պատմությունը, սակայն վերցնում ենք միայն առեղծվածայինը, հաղթականը կամ էլ այն, ինչը բացահայտելով իրարանցում կառաջացնենք: Մի խոսքով՝ ոչ թե դասեր ենք քաղում, այլ նորույթ ենք փնտրում, որ դրա մասին խոսենք ու ոչ թե մտածենք, համեմատենք, սովորենք:
Մինչդեռ իրականում մեր նախանախանախապապերը հաղթել են նույն պատմությունից դասեր վերցնելով՝ չշտապելով, չհուսահատվելով, չարտագաղթելով ու խնդրին իրատեսորեն մոտենալով: Այս առումով սովորելու ու հպարտանալու բան ունենք: Հպարտանալու ոչ թե Հայկի ու Բելի ճակատամարտում Հայկի տարած հաղթանակով, այլ այն ժառանգությամբ, այն փորձով, որը մեզ պատմությունն է փոխանցում:
Հպարտանալու ձևն էլ… Ինձանից լավ գիտեք՝ անցյալի վրա հիմնվելով արժանավայել ներկա կառուցելու ոչ թե ձգտումը, այլ գործն է, որը ինչ-որ բան դեպի լավը կփոխի:
  • Ներկան անտեսելով՝ ապագայի մասին.
Ես անցյալում չեմ եղել (չնայած՝ հնդկական փիլիսոփայությունն ասում է՝ եղել եմ), չգիտեմ՝ ծովից ծով Հայաստանը ստեղծելիս Տիգրանը մտածո՞ւմ էր իմ մասին, թե ոչ: Ներկայում կամ: Ու գիտեմ, որ կուտակայինի դեմ պայքարող երիտասարդը չի մտածում, որ ինքն էլ ինչ-որ մեկի նախապապն է, որ ինքը պայքարում է իր ծոռան թոռի ապագան կերտելու համար: Ուստի՝ Տիգրանն էլ չէր մտածում մեր մասին: Ես, իհարկե, չեմ փոխում իմ վերաբերմունքը ո՛չ Տիգրան Մեծի ու ո՛չ էլ կուտակայինի դեմ պայքարող երիտասարդի նկատմամբ: Փաստ է, արձանագրում եմ:
Ասածս էլ այն է, որ ապագան մի օր գալու է, սերունդն էլ փոխվելու է: Ուստի պայքարելիս Հայկին ու Բելին չհիշելու (այսինքն որպես տերմին չկիրառելու) հետ մեկտեղ պիտի մոռանանք ապագայում ծնվող ու հայ կոչվողների մի հոծ բազմության մասին ևս: Դա գործը հեշտացնում է, ազատում ռոմանտիզմից ու դրան ավելի լուրջ, իրատեսական տեսք հաղորդում, որն էլ բերում է նոր, սթափ քայլերի ձեռնարկման կամ որոշ քայլերի չձեռնարկման:
Իսկ ապագան ուզած-չուզած գալիս է:
  • Ամփոփում. 
Ռոմանտիկ շրջանը մի օր կանցնի, սրան կհաջորդի ավելի իրատեսական փուլ, որի ընթացքում էլ կլուծվեն այսօր մեզ անհանգստացնող խնդիրները (Թումանյանը կասեր` «Միշտ բարին է վերջը հաղթում, էդպես է կարգն աշխարհի»): Իսկ այս ընթացքում էլի կանգնած ենք ազգապահպանման խնդրի առաջ, որտեղ ո՛չ Հայկի հաղթանակը, ո՛չ ծովից ծով Հայաստանը, անկախ իրենց ներկայացրած արժեքներից, չեն օգնի: Ուստի նոր բան պիտի մտածենք, պիտի կարդանք, կիրթ լինենք, որ իսկապես մեր պատմած Հայկի սերունդը մնանք ու ոչ թե Հայկի մասին խոսելով ուրիշներին ձուլվենք, Հայկի երկրից փախչենք, կամ էլ չսիրենք այն: Ու հայի տեսակը պահպանենք, ներազգային բացասականը վերացնելուց հետո միայն մեծ-մեծ խոսենք միջազգայինների մասին:
Իսկ ապագան… Բոլոր դեպքերում գալու է:

Tuesday, April 8, 2014

Սեր, ընկերություն, կապվածություն. որտե՞ղ է սահմանը

0 comments
Աննա Գսպոյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:


Առհասարակ այս երեք գործոնների համատեղումն է մարդկային հարաբերությունների երաշխիքը, սակայն երբ դրանցից որևէ մեկն է առկա, հարաբերությունները դառնում են կեղծ ու ձանձրալի: Առաջին հերթին մարդիկ սկսում են միմյանց հետ ընկերություն անել սեփական «կարիքները» հոգալու նպատակով, իսկ երբ այդ ընկերությունը հաջողվում է, կամ դու քեզ սկսում ես համարել հաջողակ այդպիսի ընկերակից ունենալու համար, ակամա երևան է գալիս ՍԵՐԸ: Սիրո ժամանակ «վերանում են» ընկերոջ թերություններն ու բացասական կողմերը, չէ՞ որ ընկերակիցը չի կարող վատը լինել, եթե դու նրա կողքին քեզ հիանալի ես զգում: Քեզ անընդհատ լավ զգալու բնական պահանջմունքն էլ առաջացնում է կապվածություն այն անհատից, ով քեզ համար ապահովում է լավ զգալու պայմանները: Մարդկային ներդաշնակ հարաբերություններում կարևոր է ընկերությունը, սերը կամ իդեալականացումը, և առանց «նրա» քո կյանքը չպատկերացնելու զգացումը:

Հարաբերություննները «բորբոսնում են », երբ այս երեք գործոններից որևէ մեկը սկսում է գործել ինքնուրույն ու միայնակ: Ընկերությունը առանց սիրո հիմնված է տաղտկալի հարաբերությունների վրա, որտեղ շահը սիրուց ու գեղեցիկից չէ: Անչափ հեշտ ու դյուրին կստացվի բաժանությունը այն ժամանակ, երբ սիրես առանց ընկերություն անելու: Իսկ կապվածությունը առանց սիրո ու ընկերության նույնն է, ինչ ապրես լոկ գոյությունը պահպանելու համար:

Այն հարցին, թե որտեղ է վերջանում ընկերությունը և որտեղ են ի հայտ գալիս սերն ու կապվածությունը, կարելի է պատասխանել մեկ նախադասությամբ. մարդկային հարաբերությունները «բորբոսնում են», երբ մարդիկ սկսում են սահմաններ գծել այդ ԵՐԵՔԻ համար:

Friday, April 4, 2014

Միլան Կունդերա / Ճանապարհներ մշուշի մեջ

1 comments
Ռոբեր Մուզիլի ժամանակակիցները ավելի շատ հիանում էին նրա խելքով (intelligence), քան գրքերով. նրանց կարծիքով նա պետք է գրեր էսսեներ, այլ ոչ թե վեպեր: Այս կարծիքը հերքելու համար բավական է բացասական ապացույցը. կարդացեք Մուզիլի էսսեները՝ ի՛նչ ծանր, ձանձրալի և անհրապույր են դրանք: Որովհետև Մուզիլը մեծ մտածող է միայն իր վեպերում: Նրա միտքը կարիք ունի սնվելու կոնկրետ իրադրություններով և կոնկրետ անձնավորություններով: Միով բանիվ՝ դա վիպական միտք է, այլ ոչ փիլիսոփայական:

Thursday, April 3, 2014

Ծանոթագրություններ` առ Օմար Խայամը/ ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ

1 comments
Երեկ իմ աչքերի մեջ ներխուժեց արեւը: Եվ ես մտորեցի վաղանցուկի մասին: Անցյալը մահվան թագավորությունն է: Ապագա՞ն… Սերն ու վիշտն անգոյության հայելում: Ունկ դրեք Եսայու խոսքին, նրա աստվածամեղրահամ մխիթարանքներին:

Wednesday, April 2, 2014

Սիրո նշանակության և դրա պլատոնական տեսակի մասին

1 comments
Ներկայացնում է Նելլի Հարությունյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Ի՞նչ է նշանակում «սեր»:

Առհասարակ մահկանացուներին բնորոշ ամենագեղեցիկ զգացմունքն է, դա խորը, անձնուրաց նվիրվածությունն է այլ մարդու կամ օբյեկտի նկատմամբ։ Թվում է, թե շատ պարզ է բացատրված «սեր» հասկացությունը, բայց իրականում այն խոշորագույն միջոցը, պատճառը, պայմանն ու իմաստն է ապրելու: Շնչու՞մ ես՝ ապրում ես, ապրու՞մ ես՝ սիրի՛ր, քանի դեռ ժամանակը հոսում է…
Սիրո համար ժամկետ չկա, միշտ էլ կարելի է սիրել, քանի դեռ սիրտը կենդանի է (Կարամզին):
Ըստ Վահրամ Փափազյանի՝ «Սերը հավատի արտահանությունն է, իսկ հավատը՝ մարդ մնալու կարևորագույն պայմանը»: Բացի մարդկանցից, մյուս բոլոր շնչավոր արարածները նույնպես օժտված են սիրելու հատկությամբ: Չնայած այս փաստին՝ բանականությունը առանձնացնում է մարդկանց շնչավորների մի ամբողջությունից, և նրանց հոգու պարունակությանը առաջնորդ նշանակելով հավատին՝ մարդկանց դրդում է սիրո տեսքով արտահանել այն ներսից և ի ցույց դնել աշխարհին: Ըստ Դիդրոյի՝ «Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից, ով ունի, և տալիս է նրան, ով չունի»: Իհարկե, երբեմն էլ բանականությունը մխրճվում է իր արած-չարածների սարդոստայնում, ու սիրո զոհն է դառնում և՛ լավ, և՛ վատ իմաստով: Իրոք, հնարավոր է և՛ սիրել, և՛ հավատարիմ մնալ բանականությանը ու իմաստուն լինել: Առանց մտածելու սեր զգալը նույնիսկ անհեթեթ է հնչում, իսկ Բեկոնի այն խոսքի հետ, թե՝ «և՛ սիրել, և՛ իմաստուն լինել`անհնարին է». չեմ կարող համաձայնվել:

Պլատոնական սեր. կա՞, թե՞ չէ:

Իրականում մինչ օրս չէի լսել «պլատոնական սեր» արտահայտության մասին: Երևի պատճառը քիչ տեղեկացված լինելն է: Համենայն դեպս, այդ արտահայտությոնը լսելիս առաջինը մտքիս փիլիսոփա Պլատոնն եկավ, ու անտեղի չէր: Ըստ համացանցային տեղեկությունների՝ այս արտահայտությունը անմիջականորեն կապված է Պլատոնի հետ: Նրա պատկերացմամբ սերը պետք է լինի մաքուր, իդեալական, մարմնական զգացմունքներից հեռու: Երկար մտածելու տեղիք է տալիս, ու փաստորեն այս հարցի շուրջ շատերն են խորհել,արտահայտել իրենց մտքերը: Մի աղջկա բլոգում պլատոնական սիրո մասին կարդացի. «Սեր, որն իդեալական է, վերզգայական ու աննյութական: Սեր, որը վեհացնում է, հոգևոր կապ ստեղծում, սնուցում առանց որևէ նախապայմանի ու պարտավորության»: Սիրել կարող ենք մեր իդեալներին: Կարող ենք պատկերացնել երևակայական մեկին, ով անթերի կլինի, կունենա այն լավ կողմերը, որոնք մենք ցանկանում ենք ու ձգտում ունենալ, ու պարզապես մնում է սիրել նրան: Բացի այդ, սերը մաքուր է լինում, երբ ամբողջ սրտով ես սիրում ու հոգիդ կիսում նրա հետ: Բնականաբար, մարմնական զգացմունքներից հեռու՝ պլատոնական սերը ավելի հաճելի է թվում, բայց դրա հետ մեկտեղ դժվարանում է: Չէ՛, ճիշտ չէ, որ մարդիկ ընդունակ չեն պլատոնական սիրով սիրել, դա գերբնական, կամ գերմարդկային հատկանիշ չէ: Առավել ևս հասկանալով, որ նյութական սերն անավարտ չէ, պլատոնականը ավելի բարձր դիրք կգրավի և ավելի շատ հետևորդներ կունենա:

Հատվածներ «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքից

0 comments
Ներկայացնում է Նելլի Հարությունյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic