Wednesday, January 16, 2013

Ճանաչենք մեծերին



Ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, լուսավորիչ, գրող, արվեստի քննադատ Դենի Դիդրոն XVIII դարի գիտամշակութային կարևոր իրադարձության՝ առաջին հանրագիտարանի՝ «Հանրագիտարան կամ Բացատրական բառարան գիտությունների, արվեստների և արհեստների» (1751–80 թթ.) նախաձեռնողն է և խմբագիրը` Ժան Լերոն դ'Ալամբերի հետ:
Դենի Դիդրոն մեծապես նպաստել է XVIII դարի ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարական նախապատրաստմանը, պաշտպանել է առաջադեմ բուրժուազիայի շահերը, քննադատել կրոնը, ավատատիրական բարքերն ու գաղափարախոսությունը: Նրա աշխարհայացքի ձևավորման վրա խոր ազդեցություն է թողել նախահեղափոխական Ֆրանսիայի սոցիալ-քաղաքական իրավիճակը: 1732 թ-ին նա ստացել է արվեստների մագիստրոսի կոչում:
Սկզբնական շրջանում Դիդրոն հարել է դեիզմին (փիլիսոփայական ուսմունք, ըստ որի՝ Աստված անդեմ նախասկիզբ է, որն ստեղծել է աշխարհը, բայց չի միջամտում նրա հետագա կյանքին ու օրենքներին), սակայն փիլիսոփայական հիմնական երկերում՝ «Մտքեր բնության բացատրության մասին» (1754 թ.), «ԴÿԱլամբերի երազը» (1769 թ.), «Ֆիզիոլոգիայի տարրերը» (1774–80 թթ.) և այլն, անցել է մատերիալիզմին և աթեիզմին: Նա պաշտպանել է մատերիայի (նյութի) որակական բազմազանության գոյությունը, մատերիայի և շարժման կապի, մատերիայի ակտիվության գաղափարները: Հասարակական երևույթների ըմբռնման հարցում, սակայն, Դիդրոն իդեալիստ էր: Պայքարելով ավատատիրական բռնապետության դեմ՝ նա միաժամանակ մեծ դեր է հատկացրել լուսավորյալ միապետներին, կասկածանքով վերաբերվել ստորին խավերի ինքնուրույն շարժմանը: Դիդրոն կրոնի վերացումը կապել է լուսավորության տարածման հետ:
Իր գեղագիտական երկերումԴատողություններ դրամատիկական պոեզիայի մասին», 1758 թ., «Պարադոքս արտիստի մասին», 1773–80 թթ.), Դիդրոն մատերիալիզմի դիրքերից քննադատել է կլասիցիզմի և ռոկոկոյի ներկայացուցիչներին, պաշտպանել ժանրային գեղանկարչությունը, ռեալիստական արվեստի սկզբունքները, բարու և գեղեցիկի միասնության գաղափարը:
Դիդրոյի գեղարվեստական ստեղծագործությունները բազմաժանր են՝ վեպեր, դրամաներ և այլն՝ գրված ռեալիստական-կենցաղային վեպի ավանդույթներով: XVIII դարի ռեալիզմի աչքի ընկնող երևույթ էր նրա «Միանձնուհին» (1760 թ.) հակակղերական վեպը: Ուշագրավ երկերից է «Ռամոյի եղբորորդին» (1762–79 թթ.) երկխոսությունը, որտեղ Դիդրոն բացահայտել է փլուզվող ավատատիրական աշխարհի հակասությունները, արիստոկրատական դասի արատները:
XVIII դարի ֆրանսիական մյուս մատերիալիստ փիլիսոփաների նման Դիդրոն նույնպես մեծ նշանակություն է տվել լուսավորությանն ու կրթությանը, գնահատել հատկապես դաստիարակության դերը` որպես մարդու ձևավորման գործոն: Ըստ նրա՝ երեխաների զարգացման համար էական նշանակություն ունեն նրանց անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները, բնական ունակությունները: Կրթության մասին Դիդրոյի մտքերը հիմնականում շարադրված են կայսրուհի Եկատերինա II-ի խնդրանքով ռուսական կառավարության համար կազմած համալսարանի և դպրոցի ծրագրում (1775 թ.), Սանկտ Պետերբուրգում կատարած գրառումներում: Նա պաշտպանել է համընդհանուր անվճար տարրական ուսուցման սկզբունքը և ոչ դասային կրթությունը:
Դիդրոն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ:
XIX դարի հատկապես 1-ին կեսի հայ առաջադեմ մտածողների աշխարհայացքի վրա զգալիորեն ազդել են Դիդրոյի, ինչպես նաև ֆրանսիական մյուս լուսավորիչների տեսական հայացքները:

Աղբյուրը`
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1112


0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic