Monday, February 4, 2013

Արևի ծաղիկը


Ժամանակով ացտեկական գյուղերից մեկում ապրում էր Կսոչիտլ՝ «Ծաղիկ», անունով մի աղջիկ։ Կսոչիտլը արև շատ էր սիրում, հիանում նրանով այգաբացից մինչև մայրամուտ։ Իսկ երբ արևն անհետանում էր սարերի հետևում, նա տուն էր գնում ու քուն մտնելիս մտածում, որ վաղը նորից կտեսնի նրան։
Այդ ամառ արևը անխնա այրում էր։ Երկնքում ոչ մի ամպիկ չկար ու գետնին անձրևի ոչ մի կաթիլ չկաթեց։ Ծարավից թոշնեցին ծաղիկներն ու խոտերը, դաշտերում չաճեց մաիսը, մարդիկ սովից տանջվում էին։
Եվ այդ ժամանակ փոքրիկ Կսոչիտլը հասկացավ, որ երկրին անձրև է հարկավոր։ Եվ նա իր սիրելի Տոնատիուին, որ նշանակում է «արև», ասաց.
— Տոնատիու, դու գիտես, թե որքան եմ ես սիրում քեզ, և դու գիտես, թե ինչ երջանկություն է ինձ համար քեզ տեսնելը։ Բայց մարդկանց անձրև է պետք։ Նայիր, ինչպե՜ս են տառապում նրանք։ Ու խղճա նրանց։
Եվ Տոնատիուն կատարեց փոքրիկ աղջկա խնդրանքը։ Ամպերը ծածկեցին երկինքն, ու անձրև եկավ։ Մի քանի օր շարունակ անձրև էր գալիս։
Դաշտերը կանաչեցին, ծաղիկներն ու խոտերը ուղղվեցին, մարդիկ երջանիկ էին։
Միայն Կսոչիտլն էր օրեցօր ավելի ու ավելի գունատվում ու տխրում՝ չէ որ այդքան ժամանակ չէր տեսնում արևին։ Իսկ արևի ճառագայթները նրան ամեն ինչից շատ էին պետք։
Աղջիկն արդեն բոլորովին թուլացել էր, երբ նորից երևաց արևը։ Նա տաքացրեց իր սիրելուն ու ասաց։
— Կսոչիտլ, արի ինձ հետ այն երկիրը, որտեղ երբեք մայրամուտ չի լինում, որտեղ միշտ ծաղկում են ծաղիկները։ Այսուհետև քո անունը կլինի Կսոչիտլ-Տոնատիու-Արևի ծաղիկ։
Եվ աղջիկը դարձավ մի հիասքանչ ոսկեգույն ծաղիկ, միայն ծաղկի կենտրոնն էր սև, ինչպես նրա մազերն ու աչքերը։
Այդ ծաղիկը առավոտյան շրջվում էր դեպի ծագող արևը ու հետևում նրան՝ մինչև նա մայր էր մտնում։
Երբ մեզ մոտ աշուն է, իսկ Ամերիկայում այդ ժամանակ դեռ նոր գարուն է, Մեքսիկայի դաշտերում ծաղկում է ոսկեգույն Կսոչիտլ–Տոնատիուն, որ հնդիկների լեզվով նշանակում է «արևածաղիկ»։

Աղբյուրը՝ Լուսաստղի որդին

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic