Tuesday, January 29, 2013

Տերյանի նամակները կարդացե՞լ ես




Ուրեմն… պիտի անկեղծ լինեմ ու ասեմ, որ Տերյան կարդալ չէի սիրում: Պատճառն այն էր, որ չեմ սիրում ռոմանտիկ, տխուր, «տանջված, տառապած» գրականություն, իսկ Տերյանի ոճը հիմնականում էդպիսին է: Հիմա սիրում եմ Տերյան կարդալ: Իհարկե, ոչ նրա համար, որ գրելաոճը փոխվել է (բոլորս էլ գիտենք՝ էդպես լինել չի կարող), կամ նրա՝ ուրախ տրամադրություն հաղորդող բանաստեղծություններն եմ կարդացել, այլ կարդացել եմ Տերյանի նամակները: Էստեղ երևում է իսկական Տերյանը: Տերյանը, որ ոչ թե լալիս է, այլ շատ դեպքերում հայհոյում, դժգոհում, քննադատում է: Օրինակ Իսահակյանին ուղղված նամակում գրում է. «Երեկ նորից կարդում էինք քո բանաստեղծությունները և լավ հայհոյեցինք հրատարակությանը: Իհարկե, համոզված լինելով, որ դու քո բնավորությամբ անընդունակ ես շնորհքով հրատարակել, քո անհուն
աղջկասիրությամբ և անփութությամբ դեպի քո երկիրը: Պարոն գերմարդ, այդ ի՞նչ է պատահել, որ այժմ սկսել ես «հացի երգեր» ասել»: Մի շտապեք դատողություններ անել, Տերյան-Իսահակյան կապի մասին: Չարժե մտածել, որ նրանք թշնամիներ էին կամ հակակրանք ունեին միմյանց նկատմամբ: Նրանք ընկերներ էին, Տերյանը Իսահակյային ուղղված նամակները միշտ սկսում էր «Սիրելի Ավո ջան» արտահայտությամբ ու երևի ի պատասխան ստանում «Սիրելի Վահան ջան»-ը:
Մի անգամ էլ Վահանը գրում է Ավետիքին՝ «…1) քո երգերը իրենց ինքնուրույն պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում. 2) զգացմունքի տարերային անմիջականությունը քո մուսայի սքանչելի հատկություններից մեկն է. 3) քո բանաստեղծության ձևը և ոճը շկոլա է ստեղծել մեր գրականության մեջ. 4) դու հայ բանաստեղծների մեջ իմ ամենասիրելի բանաստեղծն ես ՝ քո անհատական լիրիկայով, ահա թե ինչո՛ւ ես չգիտեմ ինչպես հայտնեմ քեզ իմ շնորհակալությունը թե գիրքդ հրատարակելուդ և թե ինձ հիշելուդ համար… »: Հիմա կասկած անգամ չի կարող լինել այս երկու գրողների հարաբերությունների ջերմ ու ընկերական լինելու վերաբերյալ: Իսահակյանին թողնենք հանգիստ ու հիմա էլ «խանգարենք» մյուսներին: Նրանց, ովքեր նամակագրություն են ունեցել Տերյանի հետ: Ասեմ, որ Տերյանը նամակներ է գրել ու ստացել Հովհաննես Թումանյանից, Նվարդ Թումանյանից, Ցոլակ Խանզադյանից, Սոնա Օտարյանից, Ալեքսանդր Ծատուրյանից, Կարեն Միքայելյանից, Ռոմանոս Մելիքյանից և այլն: Չնայած՝ չի կարելի ասել, որ նամակներում Տերյանն այլ է: Այստեղ էլի վիրավորանք, («Ձեզ ո՞վ ասաց, սիրելի Մարթա, որ ինձ համար հետաքրքիր չէ Ձեզնից նամակ ստանալը, կամ որ Դուք կարող եք ձանձրացնել ինձ: Աներեսության մասին առավել ևս չի կարող խոսք լինել, չէ՞ որ առաջինը ես եմ գրել Ձեզ, կամ, համենայն դեպս, որքան հիշում եմ, Դո՛ւք վերջինը չպատասխանեցիք իմ նամակին, որից ես, ի դեպ ասած, շատ դժգոհ եմ») ու թախիծ կա.«Կյանքիս վերջին օրերն եմ ապրում, Ղազար ջան: Ցավ չէ մեռնելը, բայց այսպիսի ժամանակ մեռնելը կրկնակի մահ է… դեռ ինչքա՜ն գործ կա անելու… Սուտ է, Ղազա՛ր ջան, սուտ, խաբում են ինձ բոլորը… Ցավս է մենակ, որ չի խաբում, խեղդում է»: Նամակներ է գրել նաև Սուսաննա Տերյանին (կնոջը), որտեղ գրում է կարոտի մասին ու այն մասին, թե չի կարող փող ուղարկել, որովհետև չգիտի, թե ով կտանի: Գրում է՝ «…գրիր ու հեռագրիր որքան կարելի է հաճախ_ հասկացիր, որ ինձ համար անտանելի ծանր է, երբ լուրեր չկան, այդ երբեք մի մոռացիր»: Նամակագրական կապ է պահպանել ընկերների հետ (անուններ գրքում չեն նշվում): Նրանցից մեկին գրում է՝ «ես ինձ լուսավոր ու ջինջ եմ զգում, ինչպես հավանորեն իրենց զգում էին առաջին քրիստոնյաները»: Կարծում եմ՝ սիրել է նամակներ գրել ու ստանալ: Դա երևում է զրուցակիցներին ուղղված
նամակներում նշված P.S.-ներից, որոնք հիմնականում պարունակում էին «գրեք, տեսնեմ՝ էդտեղ ինչ է կատարվում» միտքը: Այսքանը կարդալուց, վերլուծելուց հետո Տերյանը ինձ համար մի քանի աստիճան բարձրանում է որպես մարդ, իր նախկին տեղում մնում որպես բանաստեղծ, որովհետև միևնույն է՝թախծոտ գրականություն չեմ սիրում:

Վիկա Մարկոսյան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic