Saturday, November 30, 2013

Մեր շրջանավարտները ծառայում են Արցախի Պաշտպանության բանակում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շրջանավարտները համալրում են ոչ միայն բարձրագույն կրթություն տվող այս կամ այն ուսումնական հաստատությունները, այլև չեն խուսափում իրենց պարտքը կատարելուց հայրենիքի հանդեպ: Ռազմիկ Պետրոսյանին, կարծում եմ, ներկայացնելու կարիք չկա: Այժմ նա Արցախի Պաշտպանության բանակի սերժանտ է և ծառայում է որպես կապի ջոկի հրամանատար: Երեկ Ռազմիկը հերթական անգամ այցելել էր մեզ: Նրա հետ ունեցած մտերիմիկ առանձնազրույցով փորձեցի հասկանալ զինվորական ծառայությունից հաճախակի արձակուրդ գալու պատճառներն ու նրա վերաբերմունքը ծառայությանն ընդհանրապես:

Ա.Զ - Ռազմիկ ջան, կասե՞ս, թե ինչ առիթով ես կրկին արձակուրդ եկել: 

Ռ.Պ - Սիրով: Մեր զորամասում գործում է «Հայ ասպետ» ինտելեկտուալ խաղի խմբակը, որի մեջ ընդգրկված եմ նաև ես: Արցախում հաղթելով համաբանակային առաջնությունը, մեր խումբը երկու շաբաթ առաջ եկավ Երևան, մասնակցեց Հայաստանի զորամասերից հաղթանակած խմբերի 1/4 եզրափակիչ փուլին և հաղթեց: Այսօր տեղի կունենա 1/2 եզրափակիչը և համոզված ենք, որ այս անգամ ևս մենք հաղթելու ենք (երեկ նրանք փայլուն հաղթանակ են տարել - Ա.Զ): Այս խաղում նման հաջողություն ունենալու համար ես հատկապես շնորհակալ եմ կրթահամալիրի իմ բոլոր ուսուցիչներին, որոց մոտ առիթ ու պատիվ են ունեցել ուսանելու: 

Ա. Զ - Մի քիչ կպատմես քո բանակային կյանքից: 

Ռ. Պ - Զինվորական ծառայության մեկնել եմ 2012 թ. դեկտեմբերի 12-ին: Նախ Արտաշատի կապավորական գումարտակում անցել եմ վեցամսյա դասընթաց, ստացել եմ կապավորական ջոկի հրամանատար՝ սերժանտի կոչում: Ներկայումս ծառայում եմ Արցախի Պաշտպանության բանակում: Մինչ ծառայության մեկնելն իմ՝ բանակի մասին ունեցած պատկերացումները խիստ տարբերվում էին ներկայիս իրականությունից: Բանակը իսկական կյանքի դպրոց է տղաների համար, ճանապարհ, որ, իմ կարծիքով, պետք է անցնի յուրաքանչյուր հայ տղա: Այստեղ ձեռք ես բերում մի շարք հմտություններ, որոնք անհնարին է այլ միջավայրում սովորել ու ստանալ: Պատահական չէ, որ բանակում ձեռք բերած ընկերներին ամբողջ կյանքում չես մոռանում, կամ բնավորության այն գծերը, որ դաստիարակվում են բանակում՝ համառություն, պատասխանատվություն, ընկերասիրություն, նվիրում գործին ու գաղափարին, հետագայում մեծ դեր են խաղում քո կյանքում, որպես մարդ ու մասնագետ կայանալու գործընթացում: 

Ա. Զ. - Բանակում հիգիենայի ու սննդի պայմաները հիմա ինչպիսին են: 

Ռ. Պ - Եթե համեմատելու լինենք սրանից տասը տարի առաջվա հետ, երբ դուք էիք ծառայում, ապա կարող եմ ասել, որ սնունդը անհամեմատ բարելավվել է: Ավելացել են թե՛ սննդի տեսականին, թե՛ որակը: Հիգիենայի առումով, ասեմ, որ մենք օրվա մեջ երեք անգամ ազատ ժամանակ ունենք սեփական հիգիենայով զբաղվելու համար, մի բան, որ նույնիսկ սովորական՝ քաղաքացիական կյանքում ոչ միշտ ես ժամանակ ունենում անելու: Շատ բան կախված է նաև մարդուց, նրա տեսակից: 

Ա Զ. - Իսկ ինչ կասես այն երիտասարդներին, ովքեր խուսափում են բանակից: 

Ռ. Պ. - Իմ կարծիքով, դա ամոթ է: Բանակում ծառայությունը պատիվ է բերում տղային: Ինչպես նշեցի, իմ պատկերացումները բանակի մասին մինչև ծառայության մեկները կտրականապես տարբերվում էին ներկայիս տեսակետից: Հայոց բանակում արժե և յուրաքանչյուրիս պարտքն է ծառայել: 

Ա. Զ. – Շնորհակալ եմ, Ռազմիկ ջան: Քեզ հաղթանակ եմ մաղթում վաղվա խաղում և խաղաղ ու արժանապատիվ ծառայություն:

Զրույցը վարեց Արտակ Զարգարյանը






0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic