Ներկայացնում է Աննա Գսպոյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
1
Երբ հասարակությունը ընդունում է օրենքներ, որոնք դառնում են Աստվածաշնչի պատվիրանների նման սրբազան ու մի քիչ էլ վերացական, ի հայտ են գալիս նրանք, ովքեր պետք է դեմ գնային հասարակությանը, խախտեին նրա ստեղծած օրենքները՝ նախասահմանվածը ավարտին հասցնելու համար: Եվ քանի դեռ գոյություն ունեն հասարակության օրենքները, գոյություն կունենան նաև «անբարոյականները»:
Ասում են՝ չբացահայտված գողը գող չէ, այդպես էլ ասպարեզ դուրս չելած անբարոյականը, բարոյականության շվաքի տակ կուչ գալով, հասարակության կողմից բարոյական է համարվում:
Դարեր ի վեր կնոջ բարոյականության չափորոշիչները միշտ էլ խիստ ու դաժան են եղել: Երբ հետ հայացք ենք գցում, ապշում ենք այդ բարոյականությունը ամրագրող չափանիշների անհեթեթության վրա, որոնք որքան էլ հնում են գոյություն ունեցել, մինչև այսօր էլ պահպանում են իրենց կմախքը: Գուցե բարոյական է այն կինը, ում թաղամասի տատիկերը իր մասին վատը չեն խոսում, այլ մտածում են, որ «նամուսով» աղջիկ է. Նամուսով աղջիկ չի լինում:
Արդյո՞ք անբարոյականը միայն մարմնավաճառուհին է, ամուսնու գլխին կոտոշներ աճեցնողը և չափազանց կարճ կիսաշրջազգեստ հագնող կինը, ամենևին ո՛չ: Անբարոյական է նաև այն կինը, ով տուրք է տվել իր զգացմունքներին և մտովի համարձակվել անցնել անբարոյականության և բարոյականության՝ մարդկանց կողմից հորինված չարաբաստիկ սահմանը. Անբարոյականությունը անբարոյականություն է՝ լինի դա հոգևոր, թե ֆիզիկական:
2
Մարսելն ու Ժանինը միասին էին արդեն քսան տարի, բայց տարիները ոչինչ չէին նշանակում, որովհետև Ժանինին թվում էր, թե դեռ երեկ էր, որ տատանվում էր ազատ կյանքի ու ամուսնության միջև, դեռ երեկ էր, որ անձկությամբ մտածում էր այս օրվա մասին, երբ ինքը գուցե կծերանար միայնակ: Ոչ, ինքը մենակ չէր: Ժանինը ձիգ կապանքներով կապվել էր ամուսնուն, ով անընդհատ զգացնել էր տալիս, որ իր գոյության իմաստը տեսնում է կնոջ մեջ:
Ժանինը Արևելքից էր և կրում էր Արևելքի ժողովրդի քաղաքակրթությանը բնորոշ բարքերն ու սովորույթները: Թեև Ժանինը ամուսնացել էր և իր կյանքի քսան տարիները անց էր կացրել Ֆրանսիացու՝ այլ քաղաքակրթության և մտածելակերպի տեր անձնավորության հետ, սակայն ամենևին չէր փոխվել և չէր մոռացել այն դասերն ու խրատները, որոնք հասցրել էր յուրացնել Արևելքում՝ դառնալով հասարակության «լիարժեք» անդամ:
Անհատը կամաց-կամաց սկսում է ընտելանալ այն հասարակության բարքերին ու սովորույթներին, որտեղ ներգրավված է: Ըստ Քամյուի՝ հասարակությունը այնքան կաղապարված ու ճնշող է, որ երբ համարձակվում ես դուրս պրծնել նրա կապանքներից, մեխանիկորեն սկսում ես ինքդ քեզ մեղադրել դավաճանության և, որ ամենասարսափելին է, անբարոյականության մեջ: Այս երևույթը նման է մի աղանդավորական շարժման. երբ անդամակցում ես իրենց հավավատացյալ կարգող անհատների շարքերը, ստիպված սկսում ես լինել այնպիսին, ինչպիսին նրանք են: Այդ ամբողջ ժամանակահատվածում նրանք քո ուղեղը լցնում են սին հավատալիքներով և սպառնում քեզ Սուրբ գրքի անունով: Երբ գալիս է այն պահը, որ շնչահեղձ ես լինում նրանց ահաբեկումներից, որոնք քեզ շարունակ դրդում էին լինել հավատարիմ, հնազանդ, ներող, կամեցող, պատասխանատու և պարտաճանաչ տասանորդը վճարելու դեպքում, պարզապես վախենում ես թողնել «հավատքը», քանի որ քո մտքում շարունակ պտտվում են դժոխքի կրակներում մեղսավորների հոգիները տապակվելու և դրախտի եդեմական մարգագետիններում հավիտենական կյանք ունենալու սին պատկերացումները: Դու վախենում ես դուրս պրծնել այդ հասարակությունից և մերժել նրանց կարգերը, քանի որ այդ անելու դեպքում դու ինքդ քեզ կհամարես դավաճան և անբարոյական:
Ժանինը այդքան տարի հետևում էր ամուսնուն և գոհ էր՝ իմանալով, որ ինչ-որ մեկը իր կարիքն ունի: Ամուսինն իրեն ուրիշ ուրախություն չէր էլ պարգևում, բացի այն գիտակցությունից, որ ինքը պետք է: Անտարակույս, նրանք չէին սիրում միմյանց, դա սեր չէր, այլ կապվածություն, կարիք, նույնիսկ պարտավորություն միմյանց հանդեպ, մինչև կյանքների վերջը միասին լինելու երդում:
Բայց այդքան տարիների կնոջ բարոյական սանղակը մի վայրկյանում զրոյացավ, երբ նա ձգվեց դեպի ազատությունը: Կինը երջանիկ չէր և այդպես էլ մեռնելու էր՝ առանց ազատվելու կապանքներից: Կինը հասկացել էր, որ արդեն քսան տարի է, ինչ քարշ է տալիս անազատության բեռը, որը թոթափելու համար մաքառում էր: Կինը սենյակի դուռը կամացուկ բացելուց և անթափանց խավարի մեջ նետվելուց հետո սրտի խորքում զգաց, որ իր արարքը անբարոյականություն էր, քանի որ Արևելքի ժողովրդի մեջ ընդունված չի, որ կինը անապատի օդը շնչելու համար գիշերով դուրս գա տանից: Թեև ժանինը մարմնով անբարոյականություն չգործեց, բայց իր անաղարտ հոգին նա խզբզեց իր հոգևոր դավաճանությամբ: Կինը վազում էր մթության մեջ, կիսով չափ կուրացած: Նրան թվում էր, թե մի ահարկու ուժ իր վերևից գլխապտույտ քաշում, տանում է երկինքը: Ցուրտը, որ արդեն կուլ էր տվել գիշերը, սողոսկել էր նաև նրա նուրբ ու անպաշտպան մարմնի մեջ՝ այրելով թոքերն ու ապտակելով այտերը: Քիչ հետո անտանելի մի քաղցրությամբ գիշերվա հորձանուտը պարուրեց Ժանինին, խորտակեց ցուրտը և նույն վայրկյանին ողջ երկինքը մեկնվեց սառը հողին փռված կնոջ գլխավերևում:
Քամյուն ամենևին չի ներկայացրել այնպիսի կնոջ, ով դասական անառակության օրինակ է: Կինը, ում Քամյուն ներկայացնում է, անառակ էր իր «ես»-ի առաջ, քանի որ ֆրանսիացու համար գիշերով անապատի թարմ օդը շնչելը անբարոյականություն չէ: Ժանինը իրեն անառակ էր համարում, քանի որ իր արարքը դեմ էր այն հասարակության բարքերին, որտեղ նա ապրել և սովորել էր լինել Նամուսով աղջիկ:
Լիակատար ազատություն լինել չի կարող, որովհետև, մարդը ազատության ձգտելով՝ խախտում է հասարակության օրենքները և հայտնվում ֆիզիկական անազության մեջ՝ բանտում:
Էսսեն ստեղծվել է Ալբեր Քամյուի «Անառակ կինը» պատմվածքի հիման վրա
Ձեր գրառումը տեղ գտավ www.Blognews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete