Ալբեր Քամյու «Անկում». հատվածներ
- Երբեմն մտածում եմ, թե ինչ են գրելու ապագա պատմաբանները մեր մասին: Ժամանակակից մարդուն բնորոշելու համար մի նախադասությունը բավական է լինելու. նրանք շնանում էին և թերթեր կարդում: Այս ուժեղ սահմանումից հետո, համարձակվում եմ ասել, առարկան սպառված կլիներ:
- Ժամանակ առ ժամանակ այս պարոնները դանակի կամ ատրճանակի հետ են խաղում, բայց մի հավատացեք, որ դրանում լրջություն կա: Խաղացած դերն է ստիպում նրանց, և նրանք վախից մեռնում են վերջին փամփուշտը կրակելուց հետո: Այս բոլորն ասելով հանդերձ, ես նրանց ավելի բարոյական եմ համարում, քան նրանց, ովքեր ընտանիքում հարազատին մաշեցնելով են սպանում: Չե՞նք նկատել, որ մեր հասարակությունը կատարելագործված է այդպիսի սպանության համար:
- Այո, ես ինձ հանգիստ եմ զգացել միայն բարձր դիրքերում: Նույնիսկ կյանքի մանրուքներում ես կարիք ունեմ բարձրում լինելու:
- Կարճ ասած, ես բարձրունքների բնակիչ էի: Եթե ճակատագիրը ինձ ստիպեր ընտրել մի արհեստ՝ խառատի կամ տանիք ծածկող թիթեղագործի, հանգիստ եղեք, ես տանիքները կընտրեի և բարեկամություն կանեի գլխապտույտների հետ:
- Բարեկամությունը ավելի պարզ է: Երկար ու ծանր ժամանակ է պետք ստանալու համար, բայց երբ ունենում ես, այլևս դրանից գլուխդ ազատել չես կարող, պետք է դիմանաս: Չկարծեք, թե ձեր բարեկամները ձեզ զանգ կտան ամեն երեկո, ինչպես պարտավոր էին, իմանալու համար, թե արդյոք ճիշտ այդ երեկոյան չէ՞, որ դուք որոշում եք ինքնասպան լինել կամ պարզապես ընկերակցության կարիք չունե՞ք, դուրս գալու տրամադրություն չունե՞ք: Բայց՝ ոչ, եթե զանգահարեն, հանգիստ եղեք, դա կլինի այն օրը, երբ դուք մենակ չեք, երբ կյանքը գեղեցիկ է:
- Բայց գիտե՞ք ինչու ենք մենք միշտ ավելի արդար և ավելի առատաձեռն մահացածների նկատմամբ: Պատճառը պարզ է: Նրանց նկատմամբ պարտավորություն չունենք:
- Մենք մեր բարեկամների նոր մեռած լինելն ենք սիրում, նրանց վշտալի մահը, նրանց նկատմամբ մեր հուզումները, կարճ ասած, մենք մեզ ենք սիրում:
- Մարդը այսպես է, երկու երես ունի. չի կարող սիրել առանց ինքն իրեն սիրելու:
- Հրամայել, նշանակում է շնչել, դուք այդ կարծիքի՞ն եք: Նույնիսկ ամենաաղքատները կարող են շնչել: Ընկերային սանդուղքի ամենացածր սանդղամատի վրա կանգնածն անգամ իր կինը կամ զավակն ունի: Եթե մենակյաց է՝ մի շուն ունի:
- Ով չի կարող հրաժարվել ստրուկ ունենալուց, ավելի խելոք կլինի, եթե նրանց ազատ մարդիկ անվանի: Նախ որպես սկզբունք, և, հետո, որպեսզի մարդկանց չհուսահատեցնենք:
- Դուք նկատած կլինեք. մարդիկ կան, որոնց կրոնը բոլոր վիրավորանքները ներելն է. նրանք իսկապես ներում են, բայց երբեք չեն մոռանում: Ես այնքան լավ կտորից չէի ստեղծված, որ վիրավորանքները ներեի, պարզապես մոռանում էի: Եվ նա, ով կարծում էր, թե իրեն ատում եմ, ապշում էր՝ տեսնելով, որ ես մեծ ժպիտով եմ դիմավորում իրեն: Ըստ իր բնավորության՝ նա հինաւոմ էր իմ մեծահոգությամբ, կամ արհամարհում էր իմ վախկոտությունը, առանց մտածելու, որ իմ տրամաբանությունը ավելի պարզ էր. ես նույնիսկ իր անունը մոռացած էի լինում:
- Ոմանց համար աշխարհի ամենադժվար բանը ունենալն է, երբ չեն ցանկանում:
- Կասկածելի չլինելու համար անհրաժեշտ է պարզապես դադարել գոյություն ունենալուց:
- «Դրա համար դու շատ թանկ կվճարես»,- ասում էր աղջիկը հորը, որ արգելել էր նրան ամուսնանալ մի շատ կոկիկ հագնված փեսացուի հետ: Աղջիկը ինքնասպան եղավ: Բայց հայրը բոլորովին ոչինչ չվճարեց: Նա սիրում էր ձկնորսությամբ զբաղվել: Երեք կիրակի հետո նա գետափ վերադարձավ, ինչպես ինքն էր ասում, մոռանալու համար: Հաշվարկը ճիշտ էր, նա մոռացավ:
- Պատիժը առանց վճռի տանելի է: Այն մի անուն ունի, որ մեր անմեղությունը ապահովագրում է՝ դժբախտություն:
- Պաշտպանվելու միակ ձևը չարությունն է: Մարդիկ շտապում են դատել, որպեսզի իրենք չենթարկվեն դրան: Ի՞նչ եք ուզում: Մարդու համար ամենաբնական գաղափարը, որը ծնվում է ակամա, իր բնավորության խորքից, անմեղ լինելու գաղափարն է:
- Մենք բոլորս բացառիկներ ենք: Մենք բոլորս ուզում ենք կոչ անել ինչ որ բանի: Յուրաքանչյուրը պնդում է անմեղ լինել ինչ-որ բանով, նույնիսկ՝ եթե դրա համար պետք է մեղադրել ամբողջ մարդկային ցեղը և երկինքը:
- Որպեսզի ես երջանիկ ապրեի, իմ ընտրած էակները պետք է բոլորովին չապրեին:
- Հոգու աչքեր կան, այո, անկասկած, եթե որևէ հոգի կա և այն էլ՝ եթե աչքեր ունի:
- Հարստությունը պաշտպանում է անմիջական դատապարտությունից, ձեզ անջատում է մետրոյի ամբոխից, դնում նիկելապատ մի ավտոմեքենայի մեջ, ձեզ բաժանում է պարսպապատ մեծ այգիներով, փափուկ վագոնների լյուքս խցիկներով: Հարստությունը դեռևս արդարացումը չէ, այլ դատի հետաձգումը, բայց բոլոր դեպքերում արժե ունենալ:
- Հասարակ, տարրական են կոչվում այն ճշմարտությունները, որոնք բոլորից հետո են հայտնագործվում:
- Սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են խոսել սիրո մասին, սիրել չեն սովորեցնում:
- Ֆիզիկական խանդը երևակայության և սեփական անձի մասին նրանց ունեցած մեծ կարծիքի արդյունքն է:
- Մենք չենք կարող որևէ մեկի անմեղությունը հաստատել, մինչդեռ մի հարվածով կարող ենք հաստատել բոլորի հանցավոր լինելը:
- Մարդուն սպանելու համար միշտ պատճառներ լինում են: Ընդհակառակը՝ անկարելի է արդարացնել մարդուն, որ նա ապրի: Դրա համար էլ հանցանքը միշտ պաշտպան փաստաբաններ է գտնում, իսկ անմեղությունը՝ երբեմն միայն:
- Այո, կարելի է պատերազմ անել այս աշխարհում, կապկել սերը, չարչարել իր նմանին, թերթերում փայլել և պարզապես հյուսք անելիս իր հարևանին չարախոսել: Բոլոր դեպքերում շարունակել, միայն շարունակել, ահա թե ինչն է գերմարդկային:
- Երբեմն ավեի հստակ ես տեսնում նրա մեջ, ով ստում է, քան նրա՝ ով ճշմարիտն է ասում: Ճշմարտությունը լույսի նման կուրացնում է: Սուտը, ընդհակառակը, գեղեցիկ կիսամութ է, որը յուրաքանչյուր առարկա արժեքավորում է:
- Հարյուր հիսուն տարի առաջ մարդիկ զգացական են դարձել լճերի և անտառների վրա: Այսօր մենք ունենք խցիկների լիրիզմը:
- Երբ մենք բոլորս ընդունենք մեր հանցավոր լինելը, այդ ժամանակ դեմոկրատիա կլինի:
- Մահը մենակ է, մինչ ստրկությունը հավաքական է:
- Կարևորը ամեն ինչ ինքն իրեն թույլ տալ կարողանալ է, նույնիսկ սեփական անարժանությունը ժամանակ առ ժամանակ բարձր ձայնով քարոզելը:
- Վատ մարդիկ պարզապես չեն լինում, այլ՝ մարդիկ, որ լույսը կորցրած են լինում:
- Բայց մի մտահոգվեք, այժմ արդեն շատ ուշ է: Եվ միշտ ուշ է լինելու… Բարեբախտաբար:
0 comments:
Post a Comment