Wednesday, June 11, 2014

Խորխե Լուիզ Բորխես | Վտանգի մեջ ապրողը

Վտանգի մեջ ապրողը

Սեր է սա: Ես պետք է թաքնվեմ կամ փախչեմ:
Բանտի պատերը նրա, ասես մղձավանջում, բարձրանում, աճում են: Դիմակը գեղեցկության
փոխվել է, բայց, ինչպես միշտ, մնացել է միակը: Ինչպիսի՞
ծառայություն կմատուցեն ինձ հիմա թալիսմաններն այս`
պարապմունքը գիտությամբ, անորոշ գիտելիքը եւ իմացությունն այն բառերի, որոնցով
խստաշունչ Հյուսիսը իր ծովերն ու սրերը երգեց, հանդարտ ընկերությունը,
ցուցասրահները Գրադարանի, առօրեական իրերը, սովորույթները, մորս
սերը պատանեկան, մարտաշունչ ստվերները մեռելների,
անժամանակայնությունը գիշերվա ու քնի համը:
Լինել քեզ հետ, թե չլինել քեզ հետ. սա է ժամանակի իմ չափումը:
Սափորն արդեն բերնեբերան լցված է աղբյուրով, տղամարդն արդեն հասու է
թռչունի ձայնին, բոլոր նրանք, ովքեր նայեցին լուսամուտների միջով, կուրացել են արդեն,
բայց մութը նրանց չբերեց խաղաղություն:
Ես գիտեմ՝ սեր է սա. տանջալի կարոտ ու թեթեւացում այն բանից,
որ լսում եմ քո ձայնը, սպասում ու հիշողություն, ապրել շարունակելու սարսափ:
Սեր է սա՝ իր առասպելներով, իր մանր ու անօգուտ հրաշքներով:
Ահա անկյունը, որից այնկողմ չեմ համարձակվում անցնել:
Զինված հորդաներն ինձ են մոտենում:
(Բնակվելու այս տեղն անիրական է, նա չի նկատում այն):
Կնոջ անունը մատնում է ինձ:
Կինը ցավում է ողջ մարմնով իմ:



Այն, ինչ պատկանում է մեզ

Մենք սիրում ենք այն, ինչ երբեք չենք իմանա, այն, ինչը կորսված է.
Թաղամասերը, որ արվարձաններ են եղել,
Հնությունները, որոնք մեզ հիասթափեցնելու ուժ չունեն արդեն,
քանզի դառել են փայլուն առասպելներ,
Շոպենհաուերի վեց հատորները,
որոնք միշտ կիսատ ընթերցված կմնան,
Դոն Քիշոտի երկրորդ մասը՝ հիշողությամբ, չբացելով,
Արեւելքը, որն անկասկած գոյություն չունի աֆղանացու,
պարսիկի ու թուրքի համար,
Մեր նախնիներին, ում հետ քառորդ ժամ անգամ
չէինք կարողանա խոսել,
Հիշողության փոփոխուն պատկերները՝
մոռացումից հյուսված,
Լեզուները, որոնք մենք հազիվ ենք հասկանում,
Լատիներեն կամ սաքսոներեն բանաստեղծությունը,
որ կրկնում ենք սովորույթով,
Ընկերներին՝ անկարող դավաճանելու մեզ,
որովհետեւ մեռած են արդեն,
Շեքսպիրի անսահման անունը,
Կնոջը, ով մեր կողքին էր, իսկ հիմա այնքան հեռու,
Շախմատն ու հանրահաշիվը, որոնք ես չգիտեմ:

Թարգմանությունը ռուսերենից (իսպաներենի համադրությամբ)` Մարիաննա Վարդանյանի և Աննա Դավթյանի
Աղբյուրը` Գրանիշ

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic