Sunday, June 29, 2014

Խորխե Լուիս Բորխես. Պարացելսի վարդը

Իր արհեստանոցում, որը նկուղային երկու սենյակ էր ներառում, Պարացելսը խնդրեց իր Աստծուն, իր անորոշ Աստծուն, ցանկացած Աստծո, որ իրեն աշակերտ ուղարկի: Մութն ընկնում էր: Բուխարու թույլ կրակն անկանոն ստվերներ էր նետում: Երկաթե ճրագը վառելու համար վեր կենալը շատ ջանք կպահանջեր: Խոնջանքից ընդարմացած Պարացելսը մոռացավ իր աղոթքը: Գիշերն արդեն ջնջել էր փոշոտ թորման կաթսաններն ու խողովակը, երբ դուռը ծեծեցին: Նա քնկոտ վեր կացավ, բարձրացավ կարճ պտուտակաձև սանդուղքն ու բացեց փեղկերից մեկը: Մի անծանոթ մտավ: Նա նույնպես շատ հոգնած էր: Պարացելսը նրան առաջարկեց նստել. հյուրը նստեց ու սպասեց: Որոշ ժամանակ ոչ մի բառ չփոխանակեցին:

Ուսուցիչն առաջինը խոսեց:

- Արևմտյան ու արևելյան շատ դեմքեր եմ հիշում, - ասաց որոշակի ճոռոմությամբ: - Քոնը չեմ հիշում: Ո՞վ ես և ինձնից ի ՞նչ ես ուզում:

- Իմ անունը ոչ մի նշանակություն չունի,- պատասխանեց մյուսը: - Երեք օր ու երեք գիշեր քայլել եմ` քո տուն մտնելու համար: Ուզում եմ լինել քո աշակերտը: Քեզ եմ բերել այն ամենը, ինչ ունեմ:
Մի պարկ հանեց և շուռ տվեց սեղանի վրա: Այնտեղ բազմաթիվ ոսկե դրամներ կային: Պարկը նրա աջ ձեռքում էր: Պարացելսը ճրագը վառելու համար մեջքը նրան էր դարձրել: Երբ շրջվեց, կռահեց, որ ձախ ձեռքում վարդ կա: Վարդն անհանգստացրեց նրան:
Թիկնեց, հանգուցեց մատների ծայրերն ու ասաց,
- Քո կարծիքով ես կարող եմ մշակել այն քարը, որը բոլոր տարրերը ոսկու է վերածում, և ինձ ոսկի ես բերել: Իմ փնտրածը ոսկին չէ, և եթե ոսկին քեզ համար կարևոր է, երբեք իմ աշակերտը չես դառնա:
- Ոսկին ինձ համար կարևոր չէ,_ պատասխանեց մյուսը: _ Այս դրամներն ընդամենը աշխատելու իմ ցանկության մի մասն են: Ուզում եմ, որ սովորեցնես ինձ Արվեստը: Ուզում եմ քո կողքին անցնել ամբողջ ճանապարհը, որը տանում է դեպի Քարը:
Պարացելսը դանդաղ ասաց.
- Ճանապարհը Քարն է: Ելակետը Քարն է: Եթե այս խոսքերը չես հասկանում, ուրեմն դեռ չես սկսել հասկանալ: Քո կատարած յուրաքանչյուր քայլը նպատակակետն է:
Մյուսը տագնապով նայեց: Փոխված ձայնով ասաց.
- Բայց նպատակակետ կա ՞:
Պարացելսը ծիծաղեց:
- Իմ բանսարկուները, որոնք որքան շատ են, այնքան էլ հիմար, ասում են, որ չկա, և ինձ սուտասան են անվանում: Նրանք իրավացի չեն, բայց բացառված չէ, որ ես մոլորյալ լինեմ: Գիտեմ, որ «կա» մի Ճանապարհ:
Լռություն տիրեց, և մյուսն ասաց.
- Պատրաստ եմ անցնելու այն քեզ հետ, նույնիսկ եթե ստիպված լինենք երկար տարիներ քայլել: Թո՛ւյլ տուր ինձ կտրել անապատը: Թու՛յլ տուր ինձ գեթ հեռվից նշմարելու խոստացված երկիրը, նույնիսկ եթե աստղերն ինձ թույլ չտան այնտեղ քայլ գցել: Ճանապարհ ընկնելուց առաջ ապացույց եմ ուզում:
- Ե ՞րբ,- անհանգիստ ասաց Պարացելսը:
- Հենց հիմա,- կտրուկ վճռականությամբ ասաց աշակերտը:
Սկզբում լատիներեն էին խոսում, այժմ` գերմաներեն:
Տղան օդում բարձրացրեց վարդը:
- Ասում են,- ասաց,- որ դու կարող ես այրել վարդն ու քո արվեստի միջոցով մոխրից վերականգնել այն: Թու՛յլ տուր, որ ականատես լինեմ այդ հրաշքին: Դա է իմ խնդրանքը, իսկ հետո կտամ քեզ ամբողջ կյանքս:
- Շատ դյուրահավատ ես,- ասաց ուսուցիչը: - Ես դյուրահավատության կարիք չունեմ. ես հավատ եմ պահանջում:
Մյուսը պնդեց.
- Հենց այն պատճառով, որ դյուրահավատ չեմ, ուզում եմ սեփական աչքերով տեսնել վարդի վախճանն ու հարությունը:
Պարացելսը վերցրել էր այն և խոսելիս խաղում էր վարդի հետ:
- Դու դյուրահավատ ես,- ասաց: - Ասում ես, որ ես կարող եմ ոչնչացնե ՞լ այն:
- Ոչ ոք անկարող չէ այն ոչնչացնել:
- Սխալվում ես: Գուցե պատահաբար կարծում ես, թե ինչ-որ բանը կարելի է վերադարձնել ոչնչի ՞: Մի ՞թե կարծում ես, որ Դրախտում առաջին Ադամը կարող էր թեկուզ մեկ ծաղիկ կամ խոտի շյուղ ոչնչացնել:
- Մենք Դրախտում չենք,- համառորեն ասաց տղան.- այստեղ` լուսնի ներքո, ամեն ինչ մահկանացու է:
Պարացելսը ոտքի էր կանգնել:
- Ուրիշ որտե ՞ղ ենք: Մի ՞թե կարծում ես, որ աստվածությունը կարող է մի վայր ստեղծել, որը Դրախտ չլինի: Մի ՞թե կարծում ես, որ Անկումն այլ բան է, քան անտեղյակությունը, որ Դրախտում ենք:
- Վարդը կարող է այրվել,- մարտահրավերի պես ասաց աշակերտը:
- Բուխարում դեռ կրակ է մնում,- ասաց Պարացելսը:- Եթե այս վարդն ածուխների մեջ նետեիր, կկարծեիր, որ այն քայքայվել է, և որ մոխիրն իսկական է: Ասում եմ քեզ, որ վարդը հավերժական է, և որ միայն դրա տեսքը կարող է փոխվել: Ինձ մի բառը բավական կլիներ, որպեսզի նորից տեսնեիր այն:
- Մի բա ՞ռը,- զարմանքով ասաց աշակերտը: - Թորման կաթսան հանգցրած է, իսկ խողովակները փոշով են լցված: Ի ՞նչ կանեիր, որ այն նորից հայտնվեր:
Պարացելսը տխրությամբ նայեց նրան:
- Թորման կաթսան հանգցրած է,- կրկնեց,- իսկ խողովակները փոշով են լցված: Իմ երկար ուղու այս հատվածում այլ գործիքներ եմ օգտագործում:
- Չեմ հանդգնում հարցնել` որոնք,- ասաց մյուսը խորամանկությամբ կամ հեզությամբ:
- Խոսում եմ նրանց մասին, որոնք օգտագործել է աստվածությունը, որպեսզի ստեղծի երկինքները, երկիրն ու անտեսանելի Դրախտը, որտեղ գտնվում ենք, և որը մեզնից թաքցնում է նախածին մեղքը: Խոսում եմ Բառի մասին, որը մեզ սովորեցնում է Կաբալայի գիտությունը:
Աշակերտը սառնորեն ասաց.
- Խնդրում եմ քեզ, որ շնորհ անես ցույց տալու վարդի անհետացումն ու հայտնությունը: Ինձ համար կարևոր չէ` կաթսաները կօգտագործես, թե Բանը:
Պարացելսը մտորեց: Ի վերջո, ասաց.
- Եթե ես դա անեի, կասեիր, որ դա քո աչքերի մոգությամբ ներշնչված տեսիլք է: Հրաշքը քո փնտրած հավատը չէր տա: Այնպես որ թո՛ղ վարդը:
Երիտասարդը, շարունակ տագնապելով, նայեց նրան: Ուսուցիչը բարձրացրեց ձայնը:
- Բացի դրանից` ո ՞վ ես դու, որ ուսուցչի տուն մտնես ու նրանից հրաշք պահանջես: Ի ՞նչ ես արել` նման շնորհի արժանանալու համար:
Մյուսը դողդոջուն պատասխանեց.
- Գիտեմ, որ ոչինչ չեմ արել: Հանուն այն բազում տարիների, որ կսովորեմ քո ստվերի ներքո, խնդրում եմ քեզ, որ թույլ տաս` տեսնեմ մոխիրն ու հետո` վարդը: Ուրիշ ոչինչ չեմ խնդրի: Կհավատամ աչքերիս վկայությանը:
Կտրուկ վերցրեց բոսոր վարդը, որ Պարացելսը թողել էր իր գրասեղանին, և նետեց բոցերի մեջ: Գույնը կորավ, և միայն մի փոքր մոխիր մնաց: Անվերջանալի մի վայրկյանի ընթացքում սպասեց բառերին ու հրաշքին:
Պարացելսը չէր այլայլվել: Հետաքրքրական պարզությամբ ասաց.
- Բազելի բոլոր բժիշկներն ու դեղագործները հաստատում են, որ ես խաբեբա եմ: Գուցե նրանք ճիշտ են ասում: Ահա մոխիրը, որը վարդ էր և այլևս չի լինի:
Տղան ամոթ զգաց: Պարացելսը ստախոս էր կամ մի սովորական երազող, իսկ ինքը` ինքնակոչը, եկել էր նրա դուռն ու հիմա ստիպում էր խոստովանել, որ նրա հռչակավոր մոգական արվեստը սին է:
Ծնկի իջավ և ասաց.
- Ես ինձ աններելի էի պահում: Ինձ պակասում էր հավատը, որ Տերը պահանջում է հավատացյալներից: Թո՛ղ` առայժմ մոխիր տեսնեմ: Երբ ավելի ուժեղ լինեմ, կվերադառնամ և կլինեմ քո աշակերտը, Ճանապարհի վերջում կտեսնեմ վարդը:
Անկեղծ կրքով էր խոսում, բայց այդ կիրքը կարեկցանքն էր, որ ներշնչում էր նրան ծեր ուսուցիչը` այդքան պատկառելի, այդքան տառապած, այդքան ականավոր և ուստի այդքան սնամեջ: Ո ՞վ էր ինքը` Յոհաննես Գրիզեբախը, որպեսզի պիղծ ձեռքով մերկացներ, որ դիմակի ետևում ոչ ոք չկա:
Ոսկե դրամները նրան թողնելը ողորմություն կլիներ: Դուրս գալիս նա նորից վերցրեց դրանք: Պարացելսն ուղեկցեց նրան մինչև սանդուղքն ու ասաց, որ նա միշտ լավ ընդունելություն կգտնի այդ տանը: Երկուսն էլ գիտեին, որ այլևս չեն հանդիպելու:

Պարացելսը մնաց մենակ: Ճրագը հանգցնելուց և խոնջացած բազկաթոռին նստելուց առաջ կորացրած ափի մեջ շուռ տվեց մի բուռ թեթև մոխիրն ու ցածրաձայն մի բառ ասաց: Վարդը հայտնվեց:

© Թարգմանությունը ` Հասմիկ Ամիրաղյանի

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic