Saturday, December 21, 2013

Խրախճանք Ծննդյան տոներին. Բևարդալյան եղելություն

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նորվեգացի արձակագիր Քնյութ Համսունի պատմվածքը:
Մի լծասահնակ, զանգուլակներ հնչեցնելով, մեծ արագությամբ սլանամ էր ճանապարհով։ Աստղազարդ երկինք էր, ձյուն ու սառնամանիք։
Սահնակում նստած էր մի երիտասարդ զույգ։ Նրանք չէին խոսում։ Երիտասարդի ոչ մի բառին կինը պատասխան չէր տալիս։ Կամրջի մոտ, ուր քամին ավելի սաստիկ էր փչում, երիտասարդը հարցրեց, թե կինն արդյոք չի մրսում։ Վերջինս պատասխանեց, թե մրսում է։
Մեծ դաշտով անցնելիս երիտասարդն ասաց.
— Շուտով տեղ կհասնենք։
Ահա և հասան, ագարակի լույսերն արդեն առկայծում էին նրանց դիմաց։ Տան բակում կանգնած էր պատանի սպասավորը։
— Բարի երեկո,— ողջունեցին եկվորները։
— Բարի երեկո,— պատասխանեց պատանին ու սանձերը բռնելու շարժում արեց։
Մանկամարդ կինն իջավ սահնակից, ձեռնոցը հանեց ու ձեռքը պարզեց սպասավորին։ Նրանք ճանաչում էին միմյանց։ Կնոջ ձեռքը սառն էր, տղայինը՝ տաք։ Նրանք չխոսեցին իրար հետ։ Տղան միայն ասաց.
— Մարթա, դու ես։ Ճանաչեցի։
Կինն ամուսնու հետ անմիջապես տուն մտավ, իսկ Բրեդեն ձիերը տարավ ախոռ։
Մի քանի րոպե անց Բրեդեն մտավ խոհանոց և տեղավորվեց երկար նստարանին։ Նա մի պարթև երիտասարդ էր։
Սենյակների աղմուկն ու ծիծաղը հասնում էին խոհանոց։ Ագարակում մեծ խնջույք կար: Սպասուհիներն ընթրիքի պատրաստություն էին տեսնում։ Դուռը բացվեց, ու Մարթան դուրս եկավ։
Նա բարևեց բոլոր սպասավորներին, շոյեց շանը, ապա շրջվեց Բրեդեի կողմն ու խնդրեց փնտրել իր ձեռնոցը, որ հավանաբար ընկել էր դրսում, սահնակի մոտ։ Խոսելիս լամպի լույսն ընկնում էր Մարթայի դեմքին։ Նա փարթամ էր, լուրջ, ջահել ու լուսե ծամեր ուներ։ Բրեդեն մի ակնթարթ նայեց կնոջը ու լռելյայն դուրս գնաց։
Քիչ անց Մարթան նույնպես դուրս եկավ։ Սահնակի մոտ հանդիպեց Բրեդեին։
— Ձեռնոցս գտա՞ր,— հարցրեց Մարթան։
— Ոչ,— պատասխանեց Բրեդեն։
Երկուսով մի քիչ էլ փնտրեցին։ Մարթան ասաց.
— Այս վերջին տարվա մեջ շատ չես փոխվել։
— Հա,– պատասխանեց Բրեդեն։— Շատ երկար տարի էր:
— Այո՛,— հաստատեց Մարթան։— Շատ երկար տարի էր։ Իսկ դու ոչ մի անգամ չերևացիր մեր կողմերում։
Նրանք ձեռնոցը չգտան։ Կանգնեցին աստիճանների մոտ։
— Մրսում ես, Մարթա,— ասաց Բրեդեն։— Շատ թեթև ես հագել։
— Ինձ համար միևնույն է,— կամաց ասաց Մարթան։
Նրա ամուսինը դուրս եկավ։ Ծիծաղելի դեմք ուներ, մի քանի բաժակ թունդ խմիչք էր կոնծել։ Մարթան ըմբոստ նայեց ամուսնուն ու անմիջապես ներս գնաց։
— Եկ մի բաժակ խմիր, Բրեդե,— սիրալիր ասաց Մարթայի ամուսինը։
Մտան խոհանոց։ Խմիչք բերեցին։ Երրորդ բաժակից հետո Բրեդեն հրաժարվեց խմել, սակայն Մարթայի ամուսինը շարունակում էր ստիպել։ Չորրորդ բաժակը խմելուց հետո Բրեդեն միանգամից ելավ ու խոհանոցից դուրս գնաց։
Նա իջավ սպասավորների սենյակը։ Այստեղ երկու այլ սպասավորներ մոմի լույսի տակ թուղթ էին խաղում։ Շուտով ժամը ութը կլիներ։ Բրեդեն միայնակ նստեց։ Քիչ անց նախամուտքում ոտնաձայներ լսվեցին։
«Գալիս են հրավիրելու ընթրիքի»,— մտածեց նա։ Եկողը Մարթան էր։
— Դու թուղթ չե՞ս խաղում,— հարցրեց նա Բրեդեին։
— Ո՛չ,— պատասխանեց տղան։
— Այդ դեպքում պետք է դրսում օգնես ինձ,— շարունակեց Մարթան։
Բրեդեն, հետևելով նրան, դուրս եկավ։
— Ի՞նչ ես կամենում,— հարցրեց Բրեդեն։
— Մարթան չպատասխանեց։ Նախամուտքում մութ էր։ Մարթան բռնեց նրա ձեռքը։ Բրեդեն զգաց նրա սրտի զարկերը։
— Ի՛նչ լավ է, որ քեզ նորից տեսա,— ասաց Մարթան։
Բրեդեն ոչինչ չպատասխանեց։ Մարթան հարցրեց.
— Գուցե այլևս ինձ չե՞ս սիրում։
— Ո՛չ, Մարթա,— պատասխանեց Բրեդեն։— Գնա ներս։ Անցավ մի րոպե։ Մի կողմ հրելով` Մարթան բաց թողեց նրա ձեռքը և զայրացած ասաց.
— Մի կողմ քաշվի՛ր։ Թո՛ղ անցնեմ։
Բրեդեն շվարած ընկրկեց։ Վայրկյան անց նայեց բակի կողմը։ Մարթան արդեն անհետացել էր։ Հրավիրեցին ընթրիքի։
Բրեդեն մտավ խոհանոց և մյուս սպասավորների հետ տեղավորվեց երկար սեղանի մոտ։ Շիշը ձեռքին դարձյալ ներս մտավ Մարթայի ամուսինը։ Նրա դեմքն ավելի էր կարմրատակել ու դարձել ծիծաղելի։ Նա բոլորին հյուրասիրեց, բայց նախևառաջ՝ Բրեդեին։ Մարթան նույնպես եկավ: Նա բարձրաձայն ծիծաղում էր և կատակում ամուսնու հետ։
— Բրեդեին լցրու,— ասում էր Մարթան։
Եվ ամուսինը լցնում էր։ Բրեդեն խմում էր բաժակ բաժակի հետևից։ Բայց հանկարծ ասաց.
— Ինչո՞ւ եմ այսքան շատ խմում։
— Խմիր,— ասաց Մարթայի ամուսինը։
Բրեդեն զայրացած վեր կացավ տեղից, գլխարկը վերցրեց ու դուրս փախավ։
— Նրա հետևի՛ց,— գոռաց Մարթան։
Բոլորը ծիծաղեցին։ Մարթան դուրս եկավ: Ամուսինը շիշը բռնած վազեց Մարթայի հետևից։ Ուրախ աղմուկ բարձրացավ։
Իրար հետևելով՝ գրեթե բոլորը դուրս եկան՝ տեսարանը դիտելու։ Նրանց մեջ էր նաև Մարթայի հայրը՝ ագարակապետը, որն իր հաստ փորը բռնած, ցնցվելով ծիծաղում էր։ Բրեղեն թափ առավ ու ցատկեց ներքև` ուղիղ մարագի առաջ։ Ապա նկատելով, որ ընկել են իր հետևից, վազեց ու սկսեց մագլցել աստիճաննի վեր: Բարձրացավ ավելի ու ավելի վևր, մինչև կատարը, այնուհետև իջավ մարագի տանիքին։ Նստեց ձյան վրա։ Լուսինը դուրս էր եկել։ Պարզկա ու լուսավոր երեկո էր։
— Զգույշ, վտանգավոր է,— ճչաց Մարթան։— Վտանգավոր չէ՞,— կրկին ձայն տվեց նա։ Դեմքին սարսափի արտահայտություն կար։
Բրեդեն չպատասխանեց։ Լուսնի լույսը ողողել էր նրա մարմինը, որի ստվերը ձգվել էր տանիքի երկայնքով։
— Նրա հետևից, Փո՛լ,— ասաց Մարթան լուռ ցասումով։
Ամուսինն սկսեց մագլցել աստիճանն ի վեր։ Նա ծիծաղելով խոսում էր ներքևում կանգնածների հետ։ Մագլցելով հասավ ամենավերին աստիճանին, տանիքի եզրից գլուխը ցցեց ու գլխով նշան արեց Բրեդեին։
— Բրեդե՛,— ասաց նա։
— Ինձանից ի՞նչ ես ուզում,— արտասանեց Բրեդեն։— Քեզ գլխիվայր ցած կնետեմ, նրա վրա։
Փոլը բարձրացավ տանիքը։
— Հա, դու կանես։ Ինձ գլխիվայր կգցես ուղիղ նրա վրա,— ասաց Փոլը։— Դու կանես։
Բրեդեի հետ նա խոսում էր հանգիստ, սիրաշահելով և ուսին թփթփացնելով։
Փոլն առաջարկեց շշից մի կում անել, իսկ Բրեդեն` դուր գալու համար, չմերժեց։
Նրանք նստեցին վերևում։ Հյուրերը կրկին ներս մտան՝ խնջույքը շարունակելու։ Բրեդեն ավելի հաճախ էր շիշը ձեռքն առնում։ Փոլը գրկել էր Բրեդեին։ Նրանք հաշտ ու հաերաշխ խմում էին։
— Դու Մարթային ինձանից շուտ ես ճանաչում, — ասաց Փոլը, աչքով արեց ու ծիծաղեց։— Գրեթե միասին եք մեծացել։
Բրեդեն տարակուսանքով հարցրեց.
— Ի՞նչ է, ուզում ես, որ ամեն ինչ պատմե՞մ։ Ավելի լավ է` իրեն հարցրու։
— Բրեդեի բաժակը լցրու,— ներքևից ձայն տվեց Մարթան։
— Ուզում ես ինձ կործանե՞լ։ Է՞դ ես ուզում,— Մարթային դիմելով՝ գոռաց Բրեդեն։
Շիշը դատարկվեց։ Բրեդեն նստել էր տանիքին ու ճոճվում էր։ Մարթան ներքևից ուշադիր հետևում էր նրան։
— Տարին մի անգամ է ծննդյան տոն լինում,— ասաց Փոլն ու սկսեց աստիճաններով իջնել։
— Սպասիր,— գոռաց Բրեդեն։— շշի մեջ բան չմնա՞ց։
Նա ձգվեց, ձեռքերը տարածեց ու պղտոր հայացքով նայեց ներքև։ Ապա տանիքից ձյուն վերցրեց ու կոկորդով մեկ քահ-քահ ծիծաղելով՝ լցրեց Փոլի վրա։
Երբ Փոլը հասավ ներքև, կինն ասաց.
— Աստիճանը հեռացրու։
Տանիքին նստած Բրեդեն լսեց Մարթայի ասածն ու պատասխանեց.
— Հա, աստիճանը հեռու տար, ես ցատկելու եմ ներքև։
Նա տեղից ելսւվ ու պատրաստվեց ցատկելու, ապա հետ-հետ գնաց ու շրմփալով ընկավ տանիքին։ Հարբած ու բթացած պառկել, նայում էր, թե ինչպես են աստիճանը հեռացնում։
Ագարակի վրա լռություն իջավ։ Բրեդեն ցած նայեց ու ոչ ոքի չտեսնելով՝ իրեն միայնակ զգաց։ Աստիճանը դարձյալ տեղն էր դրված։ Այդ բանը նա չնկատեց։ Աչքերը փակվում էին։
— Աստիճանը տեղը դիր,— մռնչաց նա։
Ցուրտն սկսել էր վրան ազդել։ Քունը տանում էր։ Հանկարծ ոստյունով տեղից վեր ցատկեց։
— Աստիճանը տեղը դիր,— ասաց նա` չգիտես, թե` ում։ — Ես նվեր ունեմ քեզ տալու։ Ես քեզ նվեր եմ ուզում տալ։
Հարբած ու մոլեգնած կառչել, էր բազրիքից, ապա սահեց ու ընկավ ցած։
Մի ճիչ լսվեց։ Աղմուկ-աղաղակ բարձրացավ։ Մարդիկ շրջապատեցին նրան։
— Հա, բայց աստիճանը տեղն էր դրված,— ասում էր Մարթան վախեցած։— Ես տեղն էի դրել։ Ահա տեսեք։
Բրեդեն մի քանի անգամ ձյան մեջ շուռումուռ եկավ, ապա ոտքի կանգնեց։ Ճակատը վնասել էր, արյուն էր գալիս։ Գինովությունն անցել էր։ Սկսեց ինքն իր վրա ծիծաղել և ուրախ-ուրախ մաքրում էր արյունը։ Հազիվ էր իրեն ոտքի վրա պահում։ Թեքվում էր մեկ այս, մեկ այն կողմ։ Մյուս սպասավորները, թևերի տակն ընկած, օգնում էին։ Բրեդեի բաճկոնը բարձրացավ, ու մի ձեռնոց ընկավ ծոցից։
Զարմանքից Մարթայի աչքերը չռվեցին։ Նրա դեմքին մի վայրի հրճվանք խաղաց։ Նա մոտեցավ, ձեռնոցը վերցրեց ու խոթեց գրպանը։
— Ձեռնոցս նրա մոտ էր,— շշնջաց նա։— Ուրեմն՝ ձեռնոցս նրա մոտ էր։
Նա մոտեցավ ու վիրակապեց Բրեդեի գլուխը։ Գինովությունը իսպառ անցել էր։ Ամեն ինչ կարգին էր։ Սակայն Բրեդեն դեռևս կաղում Էր։ Պարզվեց, որ նրա մի ոտքը ջարդված է։ Մարթան ծնկեց նրա առջև և սկսեց արագ-արագ արձակել Բրեդեի կոշիկների քուղերը...
Երկու տարի անց Մարթան այրիացավ, իսկ հաջորդ տարի կաղ Բրեդեն դարձավ նրա ամուսինը։

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic