Monday, May 12, 2014

Ինչպես հասնել ներքին ներդաշնակության

0 comments
Աննա Գսպոյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Որպեսզի մարդու հոգեկանը գտնվի խաղաղ վիճակում, անհրաժեշտ է հոգ տանել նյութականի և մարմնականի մասին, քանի որ ներքին ներդաշնակություն ունենալու համար, պետք է ապահովված լինի նաև արտաքինը: Մարդը և՛ հոգևոր, և՛ մարմնական էակ է, և չի կարող ընտրություն կատարել այդ երկուսի միջև: Նրանք, ովքեր ձեռք են քաշում մարմնական վայելքներից ու նյութականից, միշտ գտնվում են դեգերումների մեջ ու ամբողջ կյանքում չեն կարողանում հագեցնել քաղցը: Ճիշտ նույն կերպ էլ կատարվում է նրանց հետ, ովքեր իրենց գլուխը կորցնում են նյութականում և չեն փնտրում հոգևոր արժեքներ. նրանք նույնպես կորած մարդիկ են: Անհնար է բավարարվել միայն հոգևորով, կամ նյութականով, անհրաժեշտ է այդ երկուսը համատեղել: Ներքին ներդաշնակության հասնելու համար նախևառաջ պետք է բավարարել այն բնական պահանջմունքները, առանց որի անհնար է, այնուհետև՝ անձնական հետաքրքրությունները, նախասիրությունները, վաստակել շրջապատի դրական վերաբերմունքը, սիրել, սիրվել, ունենալ սեփական դեր այդ շրջապատում, անձեռնմխելիության իրավունք, ձևավորվել որպես անհատ և, ի վերջո, ԻՆՔՆԱԴՐՍԵՒՈՐՎԵԼ:

Tuesday, April 8, 2014

Սեր, ընկերություն, կապվածություն. որտե՞ղ է սահմանը

0 comments
Աննա Գսպոյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:


Առհասարակ այս երեք գործոնների համատեղումն է մարդկային հարաբերությունների երաշխիքը, սակայն երբ դրանցից որևէ մեկն է առկա, հարաբերությունները դառնում են կեղծ ու ձանձրալի: Առաջին հերթին մարդիկ սկսում են միմյանց հետ ընկերություն անել սեփական «կարիքները» հոգալու նպատակով, իսկ երբ այդ ընկերությունը հաջողվում է, կամ դու քեզ սկսում ես համարել հաջողակ այդպիսի ընկերակից ունենալու համար, ակամա երևան է գալիս ՍԵՐԸ: Սիրո ժամանակ «վերանում են» ընկերոջ թերություններն ու բացասական կողմերը, չէ՞ որ ընկերակիցը չի կարող վատը լինել, եթե դու նրա կողքին քեզ հիանալի ես զգում: Քեզ անընդհատ լավ զգալու բնական պահանջմունքն էլ առաջացնում է կապվածություն այն անհատից, ով քեզ համար ապահովում է լավ զգալու պայմանները: Մարդկային ներդաշնակ հարաբերություններում կարևոր է ընկերությունը, սերը կամ իդեալականացումը, և առանց «նրա» քո կյանքը չպատկերացնելու զգացումը:

Հարաբերություննները «բորբոսնում են », երբ այս երեք գործոններից որևէ մեկը սկսում է գործել ինքնուրույն ու միայնակ: Ընկերությունը առանց սիրո հիմնված է տաղտկալի հարաբերությունների վրա, որտեղ շահը սիրուց ու գեղեցիկից չէ: Անչափ հեշտ ու դյուրին կստացվի բաժանությունը այն ժամանակ, երբ սիրես առանց ընկերություն անելու: Իսկ կապվածությունը առանց սիրո ու ընկերության նույնն է, ինչ ապրես լոկ գոյությունը պահպանելու համար:

Այն հարցին, թե որտեղ է վերջանում ընկերությունը և որտեղ են ի հայտ գալիս սերն ու կապվածությունը, կարելի է պատասխանել մեկ նախադասությամբ. մարդկային հարաբերությունները «բորբոսնում են», երբ մարդիկ սկսում են սահմաններ գծել այդ ԵՐԵՔԻ համար:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic