Monday, December 9, 2013

Ստամբուլահայ համայնք. անցյալ,ներկա,խնդիրներ

Ներկայացնում է Թինա Սարգսյանը,
Ավագ դպրոց վարժարանի 10-րդ դասարան:
Ե՞րբ են հայերն առաջին անգամ հայտնվել բյուզանդական հողի վրա և մասնավորապես այն մեծ քաղաքում, որը դարերի ընթացքում, անցնելով ձեռքից ձեռք, փոխել է նաև իր անունը, որոնցից ամենահայտնիներն են եղել երեքը՝ Բյուզանդիոն, Կոնստանդնուպոլիս, այժմ էլ՝ Ստամբուլ։ Իրականում Ստամբուլ անունն էլ Կոնստանդնուպոլիս անվան կրճատումն է. դեռևս հունական ժամանակաշրջանում վերածվեց «Ստանպոլի»-ի, այնուհետև թուրքերի մոտ ստացավ Ըստանբուլ կամ Իստանբուլ ձևը։

Երկար ժամանակ լինելով «քաղաք-պետություն»՝ այն սփռվել է մի հսկայական տարածության վրա։ Ցամաքային և ծովային ռազմավարական խաչմերուկների հանգույցում գտնվող Ստամբուլում զարգանում էր առևտուրը, ծաղկում էին արհեստները և աճող բուրժուազիայի հետ համընթաց՝ նաև արվեստը։

Զարմանալի չէ, որ տարբեր տերություններ ցանկանում էին նվաճել քաղաքը զենքով, ոմանք էլ նախընտրում էին տնտեսական միջոցները։ Այսպես, օրինակ, 14-րդ դարում ջենովացիները, չկարողանալով հիմնվել բուն քաղաքում, քանի որ օրենքները թույլ չէին տալիս օտարներին ազատ բնակություն հաստատել, քաղաքից դուրս, Ոսկեղջյուր ծովածոցի հանդիպակաց մասում հիմնեցին իրենց թաղը (այն այսօր կոչվում է Գալատա) ու պարսպապատեցին այն։ Գալատա թաղում գտնվում էր պոլսահայ մի եկեղեցի, որը կառուցվել էր 1799թ. և պահպանվել մինչև մեր օրերը։ Երեք խորան ունեցող (իր փառքի շրջանում միաժամանակ երեք խորանի վրա պատարագ էր մատուցվում) այս եկեղեցին քանդվեց (հանրապետության օրոք) պետության կողմից՝ ճանապարհաշինության պատրվակով։ Եկեղեցին քանդելուց հետո տարածքի մեծ մասի վրայով ճանապարհ կառուցվեց։ Հայ համայնքին իրավունք տրվեց ճանապարհաշինությունից զերծ մնացած տարածքում կանգնեցնել մի նոր եկեղեցի։ Այսօր դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Բազմաթիվ հիշատակություններ կան հայկական եկեղեցիների, անգամ վանքերի մասին, որոնք գործել են Բյուզանդիայի մայրաքաղաքում։

Հայերը սկսեցին այստեղ ներգաղթել հավանաբար 384 թվականից, իսկ հայկական համայնքը կազմավորվել է 572թ.։ 9-11-րդ դարերում զգալիորեն ավելանում է հայերի թիվը. դա այն ժամանակաշրջանն էր, երբ գահակալում էր ծագումով հայկական Մակեդոնացի տոհմը. Բյուզանդիայի պատմության մեջ այդ ժամանակահատվածը մտավ որպես «ոսկե դար»։ Բյուզանդիայի հայերը առևտրականներ էին, արհեստավորներ, ճարտարապետներ ու բյուզանդական զորքի կարևոր մաս կազմող հայկական լեգեոնների զինվորներ ու բազմաթիվ զորավարներ, որոնցից ոմանք դարձել էին Բյուզանդիայի կայսրեր. ամենաճանաչվածներից են եղել Լևոն V-ը, Ռոմանոս I-ը, Նիկեփորոս II Փոկասը, Հովհաննես I Չմշկիկը և Վասիլ II Բուլղարասպանը։

Պետք է առանձնացնել հունադավան հայկական համայնքը, որն առաջացել էր մասնավորապես հայերի վրա ժամանակ առ ժամանակ գործադրվող կրոնական ճնշումների և հալածանքների հետևանքով։ Հունադավան հայերին կոչում էին «հայ-հոռոմներ»։

Բյուզանդական եկեղեցին ունեցել է նաև հայազգի պատրիարքներ։ Հայազգի կայսրերի, պատրիարքների, զորավարների, գիտնականների ու հարուստ վաճառականների շնորհիվ բյուզանդական իրականության մեջ թափանցել են նաև հայկական ճարտարապետությունն ու կերպարվեստը, որոնք մեծ հետք են թողել բյուզանդական մշակույթում։

Այսպիսով, հայերի առաջին զանգվածային ներգաղթը Կոնստանդնուպոլիս սկիզբ առավ 4-րդ դարում։ Հաստատ է, որ կայսր Միխայել IX Պալեոլոգոսի ամուսնությունը Կիլիկիո հայոց թագավոր Հեթումի քրոջ՝ Ռիտայի հետ 1296թ. ուժեղացրեց հայերի դիրքը Բյուզանդիայում, և այն հայերը, որոնք լքել էին երկիրը տարբեր ժամանակներում կատարված կրոնական բնույթի հալածանքների ու վտարումների պատճառով, վերադարձան Կոնստանդնուպոլիս։ Հետագայում ևս տեղի է ունեցել մեծ հոսք դեպի Կոնստանդնուպոլիս. հիշատակման արժանի է 1453թ., երբ օսմանյան Մեհմեթ II սուլթանը գրավեց Կոնստանդնուպոլիսը, և արդեն սուլթանի կամքով բազմահազար հայեր բնակեցվեցին քաղաքի ստրատեգիական վայրեր հանդիսացող դարպասների մոտ՝ որպես հակակշիռ տեղի հույն բնակչությանը, որը լավ չէր տրամադրված զավթիչների հանդեպ։

1475թ. օսմանցիները գրավեցին Ղրիմը և այնտեղից էլ 40 հազար հայ տեղափոխեցին Կոնստանդնուպոլիս։ Համաձայն 1478թ. մի արձանագրության՝ քաղաքում (պարիսպներից ներս) ապրում էին 1860, իսկ Գալատայում՝ 310 հայեր։ Այդ թիվն արտահայտում է միայն պարիսպներից ներս բնակվող հայերի (այն էլ միայն չափահաս տղամարդկանց) քանակը։

1514թ. Թավրիզի գրավումից հետո, ինչպես նաև 1577-ին՝ Նախիջևանի և դարձյալ Թավրիզի գրավումներից հետո, այնուհետև 1605-ին Կովկասից մեծ քանակությամբ հայեր գաղթեցին Կոնստանդնուպոլիս։

17-րդ դարի ճանաչված պատմաբան, բանաստեղծ ու թարգմանիչ Երեմիա Չելեբի Քյոմյուրճյանը հաղորդում է, որ Կոնստանդնուպոլսում ապրում էին նաև հայ բոշաներ։ 1752-1764թթ., Նալյան պատրիարքի երկրորդ գահակալության ժամանակ, սրբազանը տեղի հայերին հորդորում է ամուսնություններ կնքել բոշաների հետ, որի հետևանքով վերջիններս ձուլվում-անհետանում են։

Օսմանյան կայսրության կառուցվածքը հիմնված էր «ազգերի» («միլլեթներ») համակարգի վրա, և դրանցից մեկն էր նաև հայ ազգը։ Երբ բողոքական ու կաթոլիկ միսիոներների ջանքերի շնորհիվ առաջացան նաև հայ բողոքական և հայ կաթոլիկ համայնքները, տեղի ունեցան ընդհարումներ հայ առաքելականների և բողոքականների ու կաթոլիկների միջև։ 18-րդ դարում կաթոլիկները դիմում հղեցին պետությանը որպես նոր համայնք ճանաչում ստանալու համար, բայց մերժվեցին։ Միայն 1830թ. ընդունվեցին որպես «հայկական կաթոլիկ ազգ»։ Հայ բողոքականներն էլ 1847թ. արժանացան ինքնուրույն «ազգ» կոչվելու իրավունքին։

Պատմության ընթացքում քաղաքը պատուհասող գլխավոր աղետներից են եղել հրդեհները (մինչև 20-րդ դարի առաջին կեսը քաղաքի տների գերակշիռ մասը փայտաշեն էր) և համաճարակները։ Եղել են դեպքեր, երբ հիմնովին հրո ճարակ են դարձել մի քանի թաղամաս, տուժել են բազմաթիվ մզկիթներ, եկեղեցիներ և անգամ կայսերական պալատը։ Չնայած քաղաքը թե՛ հունական և թե՛ օսմանյան ժամանակաշրջանում առողջապահական խիստ օրենքներ է մշակել, ժամանակ առ ժամանակ մոլեգնող համաճարակներից հնարավոր չի եղել խուսափել։ Այսպես, օրինակ, 1778թ. խոլերայի մեծ համաճարակի ժամանակ միայն Պալաթ թաղամասում մահացան 1000 հայեր։

Բյուզանդական շրջանում հայերի նկատմամբ դավանական խտրականությունը օսմանյան ժամանակաշրջանում շարունակվել է արդեն կրոնական տարբերության հողի վրա։ Որպես քրիստոնյաներ՝ հայերը մուսուլմանների համեմատ ստորադաս և իրավազուրկ էին։ Մինչև «Մեշրութիյեթ»ի, այսինքն՝ սահմանադրական միապետության հռչակումը 1908թ., որը հավասարություն էր պարգևում կայսրության բոլոր հպատակներին առանց կրոնական և ազգային խտրականության, ազգային ձեռնարկների իրավունքներն ու արտոնությունները՝ կապված, օրինակ, եկեղեցու, դպրոցի կամ որևէ մի այլ հիմնարկության ստեղծման հետ, կարելի էր ձեռք բերել միայն անձնական հարաբերությունների և ծառայությունների շնորհիվ։ Անգամ այնպիսի պարզ իրավունք, ինչպիսին գմբեթավոր եկեղեցու կամ եկեղեցու զանգակատան կառուցումն էր, հայերին արտոնվեց միայն 1863թ. ընդունված «Հայ ազգի կանոնադրության» շնորհիվ։ Այս կանոնադրությունը հնարավորություն տվեց նաև հայ համայնքին ազատ ղեկավարել իր եկեղեցիներն ու դպրոցները։ 1876թ. հայտարարված առաջին «Մեշրութիյեթ»ից հետո Կոնստանդնուպոլսից երկու հայ՝ Հովհաննես Էֆենդի Ալլահվերդին և Սեպուհ Բեյ Մակսուտյանն ընտրվում են խորհրդարանի պատգամավոր։

Հայերի կեղեքումները 19-րդ դարում անտանելի չափերի էին հասել, և 1890-ի հուլիսի 15-ին Հնչակյան կուսակցության կողմից կազմակերպվեց ցույց՝ 5 հազար հոգու մասնակցությամբ, Բաբըալիի թաղում, որտեղ գտնվում էր օսմանյան կառավարության շենքը։ Ցույցը դաժանորեն ճնշվեց և ավարտվեց արյունահեղությամբ։ 1896թ. օգոստոսի 14-ին դաշնակցականները գրավեցին Բանկ Օտտոմանի շենքը, ինչի հետևանքով Աբդուլ Համիդի կողմից քաղաքի տարբեր վայրերում նախօրոք տեղավորված համիդյան գնդերը հարձակվեցին հայոց թաղերի վրա ու մեծ կոտորած իրականացրին խաղաղ բնակչության նկատմամբ։ Ջարդերն առավել մեծ չափերի հասան մասնավորապես Գումգափը, Սամաթիա և Խասգյուղ թաղամասերում։ Հազարավոր հայեր դարձան անասելի վայրագությունների զոհ։ Սամաթիայում հայերը ցույց տվեցին զինված դիմադրություն, և նրանց դեմ դուրս բերվեց կանոնավոր զորք, գործի դրվեցին անգամ թնդանոթները։ Այս դեպքերից հետո մեծ թվով հայեր արտագաղթեցին Ստամբուլից օտար երկրներ։

19-րդ դարի սկզբին 150 հազար հաշվվող Կոնստանդնուպոլսի հայ բնակչությունը 1840-ին հասել էր 222, իսկ 1880-ականներին՝ նույնիսկ 250 հազարի։

Հայերը, որոնք ազատ էին զինապարտությունից, փոխարենը մուծելով մեծ տուրք, առաջին անգամ զինվորական ծառայության կոչվեցին 1912-1913թթ.՝ Բալկանյան պատերազմի ժամանակ, քանի որ, ինչպես վերը նշեցինք, այլևս հավասարվեցին մուսուլմաններին ըստ նոր սահմանադրության։

1915թ. ապրիլի 24-ին, մի գիշերվա մեջ ձերբակալվեցին ու Փոքր Ասիայի կենտրոնական մասերը տարագրվեցին Կոնստանդնուպոլսի հայ համայնքի երևելի դեմքեր՝ բժիշկներ, երաժիշտներ, քաղաքական գործիչներ, հոգևորականներ և ունևորներ։ Ձերբակալությունները շարունակվեցին նաև հաջորդ օրերին, և աքսորվածների թիվն անցավ 700-ից։ Տարագրվածներից շատ քչերին հաջողվեց ողջ մնալ։

1923թ. հռչակվեց Թուրքիայի հանրապետությունը։ Երկրում ընդունվեցին օրենքներ՝ կազմված եվրոպական օրինակով։ Սխալ կլինի ասել, թե այս ամենի հետևանքով բարելավվեց հայ համայնքի վիճակը։ Օսմանյան տարիներին գոյություն ունեցող օրենքով սահմանված անհավասարությունը քրիստոնյաների և մուսուլմանների միջև Թուրքիայի հանրապետության օրոք շարունակվեց արդեն չգրված օրենքով։ Զավեշտական է, որ օսմանյան անհավասարության պայմաններում երկրի ամենաբարձր պաշտոններին հասած հայերն այսօրվա «հավասարության» պայմաններում չեն կարողանում դառնալ թեկուզ ամենահասարակ պետական պաշտոնյա։

Օսմանյան կայսրությունը, լինելով ոչ ազգային պետություն, դեմ էր բոլոր տեսակի ազգային հոսանքներին։ Թուրքիայի հանրապետության ղեկավարությունը, լինելով իթթիհաթական գաղափարախոսության ժառանգորդ, որդեգրեց օսմանյան բազմազգ հավաքականությունը մի ազգի մեջ ձուլելու քաղաքականությունը։ Աթաթուրքի «ռեֆորմների» մեծ մասն ուղղված էր ոչ այնքան «ժամանակակից քաղաքակրթության աստիճանին հասնելու», ինչպես հավաստիացնում են հանրությանը, որքան ժողովրդի մեջ գոյություն ունեցող տարբերությունները վերացնելու նպատակին։

Հանրապետության հռչակումից անմիջապես հետո ձեռնարկվեց «Հայրենակից, թուրքերեն խոսիր» կամպանիան։ Մինչ այդ ամեն մեկը խոսում էր իր լեզվով, քանզի թուրք ժողովուրդ ասվածը բազմաթիվ ազգությունների մի կոնգլոմերատ է, սակայն երկրում այնպիսի վախի մթնոլորտ ստեղծվեց, որ թուրքերենից բացի ուրիշ լեզվով խոսելը վերացավ անգամ ընտանիքի մեջ։

1941թ. մայիսին ընդունված որոշմամբ 20-40 տարեկան բոլոր ոչ մուսուլման (այսինքն՝ հույն, հայ ու հրեա) տղամարդիկ զինվորական ծառայության կոչվեցին առանց որևէ նախնական զգուշացման։ Այս «զինվորները» կենտրոնացվեցին հատուկ ճամբարներում, նրանց տրամադրեցին ոչ թե թուրքական կանոնավոր բանակի, այլ աղբահավաքի համազգեստ, իսկ զենքի փոխարեն՝ բահ։ 14 ամիս տևող «ծառայության» ընթացքում նրանք կատարեցին ճանապարհաշինարարական աշխատանքներ։ Տարատեսակ վարկածներ կան այս «զինվորագրության» իսկական պատճառների և նպատակների վերաբերյալ, սակայն մինչ օրս բուն նպատակը չի բացահայտված։

«Զինվորների» վերադարձից 3,5 ամիս անց նոր արհավիրք եկավ քրիստոնյաների գլխին՝ 1942-ի նոյեմբերին կառավարությունն ընդունեց «Ունևորության տուրքի մասին» օրենքը։ Տուրքի կամայականորեն որոշված չափաբաժինը որպես օրենք գերազանցում էր մարդկանց ամբողջ ունեցվածքի նյութական արժեքը, որտեղից պարզ երևում էր, որ գլխավոր նպատակը սնանկացումն էր։ Տուրքը նախատեսված էր, իհարկե, ոչ մուսուլմանների համար։

Անցան 13 համեմատաբար խաղաղ տարիներ, որոնց ընթացքում հայերն ու մյուս կրոնական փոքրամասնությունները տքնաջան աշխատանքի շնորհիվ վերականգնեցին իրենց տնտեսական դիրքը, և ահա 1955-ի սեպտեմբերի 6-ին՝ Կիպրոսի խնդիրը պատրվակելով ու հույներին ահաբեկելու նպատակով, պետության կողմից իրագործվեց կազմակերպված հարձակում Ստամբուլի հայկական և հունական խանութների, տների, եկեղեցիների և գերեզմանների վրա։ Երբ հսկողությունից դուրս եկած ամբոխին հանգստացնելու համար վրա հասան զինվորական միավորումները՝ հրասայլերի օգնությամբ, քաղաքը այնպիսի մի տեսարան էր ներկայացնում, ասես պատերազմական դաշտ լիներ։

Այս դեպքից հետո Ստամբուլի բազմաթիվ հայեր և հույներ լքեցին տուն ու տեղ և գաղթեցին արտասահմանյան երկրներ։ Արտագաղթի ալիքը շարունակվեց մինչև 80-ական թվականները։ Նույն տարիներին, այսինքն՝ 50-ականներից մինչև 80-ականները, դժվարացավ նաև Թուրքիայի տարբեր տարածքներում հատ ու կենտ մնացած հայերի վիճակը։ Այդ ժամանակ գավառներից շատ հայկական ընտանիքներ, թողնելով տունն ու հողը, ներգաղթեցին Ստամբուլ, այստեղից էլ հայերի մեծ մասն արտագաղթեց Ամերիկա, Եվրոպա և անգամ Ավստրալիա։ Այդ շրջանում երկիրը լքեցին ավելի քան 100 հազար հայեր։

Այսօր պոլսահայությունը հաշվվում է ընդամենը 50 հազար հոգի, որոնք իրենց ուսերին են պահում նախկին 200 հազարանոց համայնքի ժառանգությունը։

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic