Sunday, December 15, 2013

Հավատարմության համախտանիշ

Աննա Գսպոյան, Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
Հասարակությունում (կուսակցությունում) գոյություն ունեն և՛ իշխողներ, և՛ ենթարկվողներ և՛ պրոլներ, այլ կերպ ասած` հասարակությունը բաղկացած է բարձր, միջին և ցածր խավերից:
Բարձր խավի ներկայացուցիչները նրանք են, ովքեր իշխում են, քանի որ նրանց ձեռքերումն է իշխանությունը:

«Իշխանությունը իշխելու համար է» :

Բարձր դասի կողքին են նրանք, ովքեր ստանձնել են ենթարկվելու գործառույթը: Ենթարկվողները ծառայում են բարձր խավին, կատարում են նրանց կողմից հանձնարարված «առաջադրանքները», դրոշակներով ու պաստառներով մասնակցում են ցույցերին, փառաբանում և աղաղակում են նրանց «բարձր» անունը, բայց իրականում ընդդիմադիրներ են:

«Հասարակությունում բոլորն էլ ընդդիմադիր են»:

Չկա այնպիսի իշխանություն, որ բոլորինն է և որի առաջ բոլորը հավասար են: Իշխանությունը անհատինն է կամ անհատների խմբին, ովքեր ոչ թե իշխում են բոլորի համար, այլ միմիայն իրենց շահերի համար: Իրականությունը Ուտոպիայի հակապատկերն է. իրականում գոյություն չունի հավասարություն և երբեք էլ գոյություն չի ունենա: Մարդու անհավասարությունը սկիզբ է առնում հենց սաղմի ձևավորման փուլում և ուղեկցում է նրան մինչ անսահմանություն: Անգամ Աստծո առաջ բոլորս հավասար չենք, քանզի Աստված գերադասում է նրանց, ովքեր հավատք ունեն, ովքեր բարեգործ են ու ողջամիտ:
Իշխանավորները այն հասարակության ծոցից են դուրս գալիս, որտեղ ամենաշատն է իշխում էգոն: Աշխարհում ամենահիմար մարդիկ ապստամբողներ են: Ապստամբելով և հեղափոխություն անելով՝ նրանք ստեղծում են նոր իշխանություն, որը նույն պիտակն ունի, նույն հատկանիշը, նույն գաղափարախոսությունը. միայն ղեկավարներ են ուրիշ:
Իսկ ամենավերջում ցածր խավն է, կամ այլ կերպ ասած` «պրոլները», ովքեր հասարակության լրացումներն են: Ինչպես յուրաքանչյուր նախադասություն, այնպես էլ յուրաքանչյուր հասարակություն բաղկացած է ենթակայից, ստորոգյալից և լրացումներից: Պրոլները ո՛չ ընդդիմանում են, ո՛չ իշխում և ո՛չ էլ ենթարկվում: Նրանց պարզապես անհրաժեշտ է գոյատևման հասարակ պայմաններ՝ ուտելիք, հագուստ, կացարան և մի քիչ ջին: Պրոլները երբեք չեն ապստամբում:
Եթե դու «Բարձյալներ»-ին ես ենթարկվում, ապա ոչ միայն մարմնով, այլև հոգով դու նրանցն ես: Քեզ զրկում են ազատությունից, քանի որ ազատ լինելով՝ դու ավելի ստրուկ ես, ավելի խոցելի: Պարզապես պետք է անել այն, ինչ նրանք են քեզնից պահանջում, մտածես, խոսես և լինես այնպիսին, ինչպիսին նրանք են ուզում և միայն այդ ամենից հետո դու կդառնաս հզոր և անխոցելի: Իշխանությանը հնազանդությունը բավական չէ, եթե չես տառապում:

«Իշխանությունը ցավ պատճառելու և ստորացնելու մեջ է»:

Նրանք պատմությունը նորից են պատմում, բայց այս անգամ իրենց ուզած տարբերակով: Անցյալը միշտ վերափոխում են այնպես, ինչպես ներկան է պահանջում, ապագան դեռ չծնված՝ նրանք խոստումներ են տալիս ապագայի հաշվով ու միշտ համեմատելով անցյալն ու ներկան՝ գալիս են այն եզրահանգման, որ ներկան ավելի լավն է, քան անցյալը: Եվ այս ամբողջ թոհուբոհում դու չունես մեկ այլ տարբերակ, ապացույց, փաստ, որը կարող է քեզ հակառակում համոզել: Իշխանության սրբազան պարտքը մարդկանց ուղեղները լվանալն է: Դա արվում է այսպես կոչված «Կրկնամտքի» շնորհիվ:

«Կրկնամիտք նշանակում է մտքում միաժամանակ երկու միմյանց հակասող հավատ պահելու և երկուսին էլ հավատալու ունակություն»:

Մեզանից պահանջվում է միայն լարել մեր միտքը կրկնակի չափով, որպեսզի կարողանանք ճշտին հաջորդել սուտը, ստին՝ մեկ այլ սուտը, անցյալը փոխենք ըստ անհրաժեշտության, իսկ ներկան համադրենք անցյալի հետ:

«Իշխանության դավաճանը ազգի դավաճանն է»:

Իշխանությունը երբեք չի ներում դավաճաններին, այլ «բուժում» է նրանց: Իշխանության դեմ դուրս ելած անհատը զրկվում է իր եսից, երբ համարձակվում ըմբոստանալ: Այդժամ նրանք ցավեցնում են քեզ չդիմանալու աստիճան, սրսկում են ուղեղդ իրենց գաղափարներով և հավատալիքներով, ոչնչացնում են եսդ, պատվազրկում ու հայհոյում են քեզ և թքում վրադ՝ լղոզելու աստիճան: Նրանք քեզ հավաստիացնում են, որ եթե վերևում են՝ ուրեմն ճիշտ են: Եվ քո պարտականությունն է հնազանդվել այդ «ճշտին», ընդունել «ճիշտը», «սիրել ճիշտը»:

Եվ այն ժամանակ, երբ գալիս է քեզ ցավեցնելու հերթը, միշտ գտնվում է այնպիսի մի տարբերակ, որը անդիմադրելի է և որին չես կարող դիմանալ: Այն պահին, երբ դու հաստ պարանով գամված ես աթոռին, իսկ շուրջդ վխտում են դարչնագույն, հսկա առնետները, որոնք ցանկացած պահին կցատկեն դեմքիդ ու կսկսեն կրծոտել, կհարձակվեն աչքերիդ վրա, անցք բաց կթողնեն այտերիդ մեջ և կխժռեն լեզուդ, միշտ գտնվում է մի մարմին, ով կարող է կանգնել քո և առնետների միջև: Այդ մարմինը կարող է լինել քո քույրը, եղբայրը, մայրը, հայրը, կամ այն մեկը, ում երդվել ես երբեք չդավաճանել, ում երդվել ես միշտ սիրել:

Ի վերջո, բոլորս էլ դավաճաններ ենք:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic