Հաղթում են մտքով, հետո միայն գործողություններով, ապա նոր միայն զենքով: Տեղեկատվությունն այդ իմաստով միակ միջոցն է, որը կարող է մտքափոխ անել յուրաքանչյուրին: Պատահական չէ, որ սեպտեմբերի 11-ից հետո ավելի հաճախ են խոսում փոքր ոչ ֆորմալ զինված խմբերի, այդ թվում նոր ահաբեկիչների կողմից տեղեկատվության գործածության կարևորման մասին: Ալ Քայեդայի երկրորդ դեմքը հանդիսացող Այման Ալ Զավահին ժամանակին ռազմական պարտությունը պայմանավորել էր հանրային կարծիքի ճնշման տակ զորքերը դուրս բերելու «հաջողված» պահանջի հետ:
Նորագույն տեխնոլոգիաների իրականության պայմաններում նմանատիպ մեթոդների կիրառումը ավելի հաճախական, ընդարձակ ու հանրամատչելի է դարձել: Սա նոր հնարավորություններ է տվել ոչ ֆորմալ, ահաբեկչական և հակապետական խմբերին ասիմետրիկ գործողությունների ու տեղեկատվության գրագետ գործածության պայմաններում տեսանելի ազդեցություն ունենալ սեփական կամ մեկ այլ երկրի պետական քաղաքականության վրա:
Զինված խմբերն ու դրանք համակարգող դերակատարները շատ լավ հասկացել են, որ մարդկային զոհերի առումով հանրային կարծիքը ի տարբերություն սպայակազմի բավականին անհանդուրժող է: Այս պայմաններում, փոքրաթիվ խմբերը բաց առճակատման փոխարեն, նախընտրում են թիրախային գործողությունների միջոցով ազդել համապատասխան հանրային կարծիքի վրա և ստիպել քաղաքական գործիչներին հետ նահանջել:
2006թ.-ին Հեզբոլահը իր գործողություններով ցույց տվեց, որ հաղորդակցության ռազմավարականացման արդյունքում անգամ կարելի է ձևավորել դրական հանրային կարծիք: Մինչ արևմուտքում մտածում էին, թե ինչպես պիտի աջակցեն Լիբանանի բնակչությանը հաղթահարելու համար ավերածությունների արդյունքում առաջացած սոցիալ-տնտեսական հետևանքները, Հեզբոլահի գործակալները փողոցներում մարդկանց առաջարկեցին գումար, սնունդ և առաջնային կարիքների բավարարման համար նախատեսված այլ պարագաներ: Բացի տեղացիների և երկրի քաղաքացիների շրջանակում դրական պատկեր ստեղծելուց, վերջիններս նաև անիմաստ դարձրին ֆորմալ կառույցների ու պետությունների կողմից առաջարկվելիք հումանիտար աջակցությունը:
Տեղեկատվությունը ռազմական գործողություններում, դրանից առաջ և հետո էլ գործածելու հնարքը նոր չէ: Ավելին, այն ոչ միայն գործածվում է ոչ ֆորմալ և ահաբեկչական խմբերի կողմից, այլև առկա է եղել պետությունների զինանոցում: Վիետնամական պատերազմում Հո Շի Մինի հաջողված ջանքերով տեղեկատվության նկատմամբ ռազմավարական մոտեցումը կարողացավ ծնկի բերել ԱՄՆ քաղաքական հանձնառությունը: Միայն թե նախկինում սա եղել է փոքրաթիվ մասնագիտական շրջանակների մտահոգության ու իմացության առարկան: Մինչդեռ, ներկայիս գերարագ ու հանրամատչելի իրականությունում այդպիսի սահմանափակ ընկալումը դառնում է շատ վտանգավոր, քանի որ պատերազմի ևխաղաղության միջև առկա հստակ սահմանները տեղեկատվության սպառման և արտադրության ազատականացմամբ ըստ էության անհետացել են:
Զինվորի ու քաղաքացու, առավել ևս լրագրողի միջև առկա պատնեշը խարխլվել է: Թերևս միակ տարբերակող բնութագրիչը զենքն է, բայց այն երբեք էլ որոշիչ չի եղել:
Առաջին բանը, որ յուրացնում են ռազմական գործողություններում ներգրավվածները, պահանջում է խուսափել օրինաչափություններից` չլինել կանխատեսելի, նվազեցնել խոցելիությունը, քանի որ ինչ-որ մեկը վստահաբար դիտարկում է ու հետևություններ անում: Նոր հարացույցում սա իհարկե կիրառելի է բոլորիս նկատմամբ անհատապես ու ամբողջության մեջ և չի ճանաչում ժամանակային-տարածական սահման: Մենք էլ զինվորերի նման շատ տեսանելի ու կանխատեսելի ենք: Ինչպես և իրենք համազգեստներով ու հատուկ զրահատեխնիկայով առանձնացող, մենք էլ որոշակի պատմական իրադարձությունների նկատմամբ որդեգրած, կրթության ու լրատվության միջոցով յուրացված վերաբերմունք ունենք այս կամ այն հարցի նկատմամբ: Մեր մտորումներն ու զգացմունքները, հնարավոր պատասխանները քննող աչքի համար բավականին կանխատեսելի են: Լրատվության անկախության, ազատ քննարկման բացակայության, տարբեր պատճառներով ինքնագրաքննության ենթարկվող լրատվության պարագայում էլ որևէ հավաքականություն շատ հեշտությամբ ենթարկվում է դիտրակման-ուղղորդման-«հարձակման»-դիտարկողի կողմից պլանավորված և անտեսանելիորեն պարտադրված որոշումների կայացման: Այս շղթայի առավել կատարելագործված քողարկված տարբերակը ենթադրում է տարբեր միջոցներով թափանցելու, ապա մեկուսացնելու, ապակայունացնելու նպատակով թուլացնելու կամ վերացնելու և վերջապես, ներքին հանրույթն իր մտքերով վերադասավորելու հաջորդականություն: Ծանոթ է, չէ՞:
Հին ու նոր «պատերազմ ու խաղաղություն» հարացույցում շփվող քաղաքական ու քաղաքացիական միավորները նոր աշխարհում շատ խոցելի են դարձնում դասական ընկալումների աշխարհում գործողներին: Մեր լրատվության նյութերի բովանդակության ու դրանց տարօրինակ հարմոնիկ հաճախականությունների պայմաններում ենթադրելի է, որ նոր պատերազմում մենք` հայերս պարտվելու ճանապարհին ենք:
Բնական է, որ ոչ վաղ անցյալի ցեղասպանության արդյունքում հայ հասարակությունը Թուրքիայի նկատմամբ ունի առողջ անվստահություն, անկախությունից հետո պատերազմի, հովհարային անջատումների հետևանքով էլ Ռուսաստանին դիտարկում է որպես ռազմավարական դաշնակից ու գազի գների թանկացումից սարսափում է: Սակայն, հասկանալի չէ, թե ինչու՞ են լրատվական վերլուծական հոդվածները, չհաշված փոքրաթիվ բացառիկ նյութերը, միայն արձագանքում հասարակության վախերին ու վերարտադրում դրանք: Տարօրինակ չէ, որ նման պայմաններում որևէ արտաքին ուժի համար հայ հասարակությունը դառնում է մեծապես կանխատեսելի, կառավարելի ու շատ խոցելի:
Հայ-թուրքական ու հայ-ռուսական հարաբերությունների լույսի ներքո կարելի է երկար վերլուծել լրատվական դաշտի կայուն ապակայունացումը, սակայն հարկ եմ համարում վերոգրյալը ներկայացնել ավելի պարզ ու հայերիս համար քիչ հուզական օրինակի միջոցով:
Հայաստանյան լրատվամիջոցներում ու քաղաքական կյանքում ամառը որպես կանոն չի առանձնանում իրադարձությունների առատությամբ և թեժ քննարկումներով: Հետաքրքիր է, որ այս տարվա ամռանը երևան եկավ «Համահայկական ծնողական կոմիտե»-ն և հուլիսի երկրորդ կեսից սկսած մինչև սեպտեմբերի սկիզբը ընկած ժամանակահատվածում սկսեց ակտիվ քարոզարշավ տանել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների» մասին ՀՀ օրենքի նախագծում տեղ գտած գենդեր եզրույթի դեմ: Հետքրքրական է, որ հայ ընտանիքի քայքայման հիմնավորման հիմքում ընկած էր այդ եզրույթի միջոցով իբրև թե նույնասեռական «այլասերության» տարածման վտանգը: Արդեն իսկ հայ հասարակության լայն շրջանակում կար թյուր ընկալում, թե «եվրոպական արժեքները» ամեն բանից զատ այլասերում են հասարակությունները ու քարոզում ոչ ավանդական հարաբերություններ: Սա այն կանխատեսելի կետն էր, որին շատ հարմար կարելի էր հարվածել, ապակայունացնել հանրային կարծիքը, ապա և վերադասավորել: Հետաքրքիր զուգադիպությամբ սեպտեմբերի 3-ին հաջորդած հանրային կարծիքի չափումները ցույց տվեցին, որ հայ հասարակության մեծ մասը (մոտ 70 տոկոսը) կողմ է Մաքսային Միությանը անդամակցելու որոշմանը: Իհարկե, մինչև այդ միջամտությունը արված նմանատիպ հարցում չկար, որպեսզի ամենայն վստահությամբ կարողանայինք պնդել գործադրված ներթափանցման փորձի մասին: Սակայն, միևնույն ընթացքում արված հարցումներից մեկն էլ խոսում էր երիտասարդների (բնակչության մոտ 35 տոկոսը) 67 տոկոսի Եվրոպայում ուսանելու ցանկության մասին: Հետևությունները թողնում եմ ընթերցողին…ու ինքս ինձ մտորում, տեսնե՞ս քանի-քանի անգամ են նման տեխոնոլոգիաներ կիրառել մեր նկատմամբ:
Այս ընթացքում մեր մեդիա դաշտում վնասակար ազդեցություններին ենթարկվելուն զուգահեռ բացահայտվեց օգտակար մի փաստ ևս` լուսածրելով այն խոցելի կետերը, որոնք կարող են ցանկության դեպքում արագ շտկվել: Գենդեր եզրույթի շուրջ առաջացած «թեժ» իրադարձությունների մասին տեղեկատվության տրամադրմանն ի հակառակ, լրատվամիջոցներում առկա չէր որևէ լուրջ ու անկողմնակալ, ինչպես նաև բազմակողմանի հոդված, որը կլուսաբաներ այս խնդրի ու դրա շուրջ առաջացած իրադարձությունների ծալքերը: Ավելին, հեռուստաալիքներից մեկի հաղորդավարը թոք-շուի ժամանակ անկողմնակալ կեցվածքի փոխարեն, բացահայտ անցավ քարոզչական ու բարոյախրատական գրոհի` միանալով կողմերից մեկին: Լրագրողի խաչակրաց արշավանքը զայրացրեց, բայց շատ չզարմացրեց. առաջին անգամը չէր, երբ լրագրողը մոռանում էր անկողմնակալության ու ճշմարտության բացահայտման իր առաքելության մասին: Չհայտարարված պատերազմի ու խախտված զինադադարի պայմաններում լրագրության սկզբունքներից հեռացած գրողը ավելի վտանգավոր է քան դասալիքը: Լրագրողական շրջանակներում էթիկայի նորմերի խիստ կիրառումն այլևս հետաձգման ենթակա լինել չի կարող, սա ազատության ապահովմանը զուգահեռ նաև դարձել է ազգային անվտանգության հրատապ հարց:
0 comments:
Post a Comment