Monday, March 17, 2014

Ճամպրուկային տրամադրություն. կարգավիճակ, թե՞ ապրելակերպ

Դավիթ Կիրակոսյան, 
Ավագ դպրոց վարժարանի 10-րդ դասարան: 

Այսօրվա իրականության պահանջներից ելնելով, թե մոդային տուրք տալով՝ շատ հաճախ կարող ես լսել հետևյալ արտահայտությունը. «Էս երկիրը ապրելու տեղ չէ` թողնելու եմ, գնամ»: Իհարկե, ցավալի է այն փաստը, որ մեր ազգաբնակչության մեծ մասը հենց այդպես էլ անում է:


Արտագաղթի կամ արտերկրում աշխատելու երևույթը միշտ էլ եղել է Հայաստանում: Դեռ սովետական իշխանության տարիներին հաճախ կարող էիր լսել, թե այս կամ այն բարեկամդ, հարևանդ մեկնել է «խոպան» (խամ ու խոպան հողեր, բնական բուսական ծածկոցով, բոլորովին չհերկված (խոպան) կամ վարելուց ու մշակելուց հետո երկար ժամանակ անմշակ թողնված (խամ) հողեր, որոնք սովետական իշխանությունը կոչ էր անում մշակել, բնակեցնել): Սակայն դա այլ քաղաքականություն էր, այլ նպատակներ էր հետապնդում:
Արտագաղթի մեկ այլ հոսք էլ նկատվեց 90-ական թվականներին, երբ մարդիկ փորձում էին փախչել ղարաբաղյան պատերազմից, շրջափակումից, մութ ու խավարից: Մարդիկ թողնում էին ամեն բան` տուն ու տեղ, հարազատներին, և փախչում: Մնացին միայն այն մարդիկ, ովքեր կամ փախչելու տեղ չունեին կամ էլ հայրենասիրությունը վեր էին դասում ամեն տեսակի սոցիալական խնդիրներից: Սակայն այդ դաժան տարիներին, երբ ջուրն ու լույսը ժամով էր, իսկ հացը` կտրոնով, մարդիկ ավելի համախմբված ու պայքարատենչ էին, քանի որ մի ընդհանուր նպատակ ու թշնամի ունեին:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում այսօր: Կարծես, քիչ թե շատ քաղաքակիրթ պայմաններում ենք ապրում. շուրջօրյա ջուր, լույս, գազ, ապահովում ենք ջեռուցումը (հետո ինչ, որ մի ամբողջ աշխատավարձն անգամ չի հերիքում դրանց ծախսերը փակելու համար): Ուտում ենք, ինչ ուզում ենք, խմում ենք, երբ ուզում ենք (գների մասին չենք խոսում. դա այլ թեմա է): Պույպույ մկնիկը կասեր. «Դե քեֆ արա, օխա~յ, օխա~յ…»։ Բայց, չէ, արի ու տես, որ էլի մի բան այնպես չէ, մի բան սխալ է էս երկրում: Թե չէ ինչո՞ւ են մարդիկ էլի արտագաղթում, այն էլ ընտանիքներով, ինչը ենթադրում է, որ այլևս չեն վերադառնալու:
Եվ հարց է ծագում. արդյոք մեղադրելու է այս մարդկանց, քանի որ գնում են հուսահատված, հուսակորուս, առանց ետ նայելու: Իսկ ի՞նչ ենք անում մենք, մնացյալներս: Պայքարո՞ւմ ենք: Ամենևին: Փորձում ենք որևէ բան փոխե՞լ: Երբեք: Կարգախոս ենք սարքել մեզ համար, թե ի՞նչ պիտի փոխվի մեր պայքարի արդյունքում: «Սաղ սուտ է», ասում ենք, մտնում մեր բնակարանները, դուռը ամուր փակում ու սկսում հեռախոսով բողոքել մեկս մյուսին: Եվ, ի վերջո, բացառությամբ այն փոքր խմբի, որը հետևողականորեն պայքարում է, բարձրաձայնում է խնդիրները, դառնում ենք լացող ազգ: Դատապարտում ենք մեր հումորային ֆիլմերը, բայց դրանք մեր այսօրվա կյանքի պարզ արտացոլումն են` մի ազգ Լացկանյաններ ենք դարձել: Տանը նստած հեռուստացույցի առջև, մի գավաթ սուրճն էլ ձեռքներս՝ խոսում ենք այն մասին, թե ինչ վատն է մեր կայքնը, և որ այս երկիրը ապրելու տեղ չէ` հարկավոր է գնալ այստեղից: Եվ այդպես շարունակ, փնթփնթալով, տրտնջալով, բողոքելով, սրա-նրա վրա մեր վատ ապրելու մեղքը գցելով՝ գոյատևում ենք ճամպրուկային տրամադրությամբ և այդ տրամադրությունը հաղորդում գալիք սերնդին. ա~հ, բա էս կյա՞նք է, որ մենք ապրում ենք:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic