Monday, March 3, 2014

Նամակ «դարավոր թշնամուս»

Երկու ձեռք, երկու ոտք, քիթ, բերան, երկու աչք, մազեր, հոնքեր, թարթիչներ… Բոլոր մարդիկ էլ նման են իրար: Եվ այս «իրար նմանները» խմբավորվում են, ներառվում ինչ-որ խմբերի մեջ: Դրանցից է, օրինակ, ազգ կոչվող խումբը:
 Ազգերը ունեն վերաբերմունք, հարաբերություններ մեկ այլ ազգի հետ/նկատմամբ: Պարզ է, պիտի լինի:
Ես հայ եմ (չասեմ՝ սովորական մեկը, բայց նաև չասեմ, որ արտասովորներից կամ գերտարօրինակներից: Մարդ եմ, էլի…): Ազգային պատկանելիությունս ես չեմ ընտրել, բայց ինձ էս կարգավիճակը ինձ շատ հարազատ ու հետաքրքիր է: Եվ դու թուրք ես (ոչ սովորական ու ոչ էլ գերտարօրինակ): Եվ դու էլ (ճիշտ իմ պես) չես ընտրել, թե որ ազգին ես ուզում պատկանել: Չես ընտրել քո ապուպապին, ով անցած դարի կեսից մի քիչ շուտ մի քանի (տասնյակ) հայ կոտորեց: Եվ ես էլ իմ ապուպապին չեմ ընտրել, ով սպանվեց անցած դարում:


Մեզ ասել են, որ մենք թշնամիներ ենք: Ու մենք հասկացել ենք դա, սկսել ենք ատել, բացասական դառնալ, երազել իրար սպանելու մասին: Փոքրերը սպանելու մասին… Պատկերացնո՞ւմ ես:
Հիմա էլ չենք մտածում, ուղղակի ատում ենք, որովհետև բոլորը ատում են: Ազգը ատում է մյուս ազգին, որովհետև ասել են, որ ատել է պետք:
Բայց եթե ես ու դու ծնվել ենք նույն ժամանակաշրջանում, ազգությունը, հարազատներին ընտրելու հնարավորություն չենք ունեցել, էլ ինչո՞ւ պիտի ատենք իրար: Չընտրելու համար, երևի:
Բոլորը ատում են… Չհասկանալով, հարևանի ասածը լսելով, իրար չճանաչելով, չլսելով իրար: Ու բացասականը կուտակվում է, դառնում անտանելի ու մի օր էլի պիտի պայթի, ու հաջորդ սերունդներին իրար ատելու նոր առիթ տա: Չենք մտածում: Անխնա ատում ենք:
Արդյունքում շահում է մի երրորդ կողմ: Չէ՞ որ մեր ատելությունն էլ քաղաքականության մի մասն է կազմում: Իսկ մենք քաղաքականություն չենք սիրում:
Եվ հետո ի՞նչ, որ մեզ ասել են, թե ատել է պետք, ո՞վ ասեց, թե մեծերն իրենց ասածից գլուխ են հանում: Մենք իրար նման ենք, ուրեմն պիտի սիրենք իրար՝ առանց անձնավորելու, ուղղակի մարդ լինելու համար… Որովհետև եթե անձնավորենք, ամեն մեկի մեջ էլ թշնամի կգտնենք: Որովհետև մեր պատկերացրած ամենավատ բնավորության, անցյալի, ներկայի տեր մարդիկ մեր ազգակիցների մեջ էլ կան: Որովհետև ազգի ներսում էլ շատ-շատ ազգին վատություն արածներ/անողներ ունենք:
… Իսկ ես մի քիչ սեր կգտնեմ ու սահմանից այդ կողմ կուղարկեմ:
Վիկա Մարկոսյան, 11-րդ դասարան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic