Friday, May 30, 2014

Կապիկն ու գորտը / Առակ

Մի սարում ապրում էին կապիկն ու գորտը: Մի անգամ կապիկը գալիս է գորտի մոտ և ասում .
-Այնտեղ, ներքևում բարձիթողի արված մի դաշտ կա, արի գնանք այնտեղ բրինձ ցանենք, կհասնի` միասին կուտենք...
- Ի՞նչ կա որ, - համաձայնում է գորտը, - կարելի է: Գնանք միասին հողագործություն անենք: Հենց վաղն էլ կսկսենք:
Այդպես էլ պայմանավորվում են:

Հետևյալ օրը գորտը գալիս է կապիկի մոտ և ասում.
- Այսօր եղանակը լավ է: Գնանք մեր հողը թոխրենք:
Իսկ կապիկը նրան պատասխանում է.
- Ափսոս, այսօր չեմ կարող` փորս ցավում է :
Ինչ արած` գորտը մենակ է գնում հողը թոխրելու: Նա փխրեցնում է դաշտը և նորից գալիս կապիկի մոտ:
- Գնանք, - ասում է, - բրինձը ցանենք եղանակն այսօր լավ է...
Կապիկն ռեխը ծռմռելով պատասխանում է.
- Օ~ֆ, այսօր մեջքս այնպես է ջարդվում, որ ցավերին չեմ դիմանում: Դե դու ինձ հարգիր և մենակ աշխատիր:
- Ի՞ նչ արած, ոչինչ անել չեմ կարող, - ասում է գորտն ու գնում է բրինձը ցանելու:
Բրինձը ցանում է ու նորից գալիս է կապիկի մոտ.
- Գնանք դաշտ, այսօր իսկական քաղհանի օր է:
- Չեմ կարող, - ասում է կապիկը, - երեկ ծառից ընկա, թևս վիրավորեցի: Դու ինձ ներիր և մենակ գնա աշխատիր:
- Ահա թե ինչպիսին ես դու... Բայց ի՞նչ արած, ոչինչ անել չեմ կարող:
Գորտը մենակ գնում է քաղհանում:
Բրինձը շատ լավ աճում, բարձրանում է, գորտը նորից է գալիս կապիկի մոտ:
- Դ'ե, կապիկ մեր բրինձն արդեն հասել է, գնանք հնձելու:
Իսկ կապիկը դարձյալ հրաժարվում է.
- Գո'րտ, ներիր խնդրում եմ, Գորշուկ մորաքույրս հիվանդ է պետք է տեսակցության գնամ:
Գորտն ստիպված մենակ է գնում բրինձը հնձելու, չորացնելու, կալսելու և սանդում ծեծելու:
Վերջապես ստացվում է մաքուր, զտված բրնձի հատիկներ:
Կապիկը գալիս է տեսնում և ասում.
- Ա~յ քեզ բրինձ, միայն գիտե՞ս ափսոս է այդպես ուտելը: Արի միասին բլիթներ պատրաստենք:
- Համաձայն եմ, համաձա'յն, - ասում է գորտը:
Նրանք պատրաստում են բրնձի բլիթները, բայց կապիկը էլի իրենն է պնդում.
- Բլիթները այս ձևով ուտելը մի բանի նման չէ: Արի դրանք սարից գլորենք: Ով առաջինը կհասնի բլիթներին` թող նա էլ ուտի: Ասում է կապիկն ու բրնձի բլիթները գլորում ցած` դեպի հարթավայրը, և որպեսզի շուտ հասնի, ինքն էլ է ցատկում նրանց ետևից: Կապիկը վազում է ու տեսնում որ բլիթները չկան:
- Ա~յ քեզ բան...
Կապիկը ետ է վերադառնում և կես ճանապարհին տեսնում, որ սարից գլորած բրնձի բլիթները բոլորը մնացել էին եղեգնուտում և գորտը նրանց կողքին նստած, երկու թշերն ուռցրած, խժռում էր:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic