Friday, October 11, 2013

Ամենաազատ գրքաբնակը

Կամ Ալբեր Կամյուի «Օտարը» կարդալուց հետո…

Ազատությունը, այն է…
Ազատ ես, երբ…
Ազատության սահմանումը-…
Չէ, լավ կլինի չպարտավորվեմ գրել այն, ինչ չկա ու չեմ էլ պատկերացնում: Ե՞րբ կամ որտե՞ղ եմ տեսել լիակատար ազատություն, որ փորձեմ սահմանել, նկարագրել այն: Ո՞վ է ամենաազատը: Աստվա՞ծ: Նրան էլ չեմ տեսել: Իսկ գրքերում, առասպելներում ապրողները որոշակիորեն ազատ են, գուցե, բայց իրական չեն (ու դրանով էլ զրկվել են ազատության որոշակի չափից):
Չգիտեմ՝ Կամյուն գիտեր, թե չէ, բայց նա ստեղծել է, ինձ համար, ամենաազատ գրքաբնակներից մեկին: Նա ստեղծագործությունն անվանել է «Օտարը», գլխավոր հերոսին այլ անուն տվել, բայց թողել, որ նրան հենց օտար անվանենք:
Ճիշտ է, եթե մեր արժեքներով չափեմ, համեմատեմ մեզանից մեկնումեկի հետ (ով հասարակության լիարժեք անդամն է համարվում), ապա ակնհայտ կլինի, որ նա օտար էր: Մեկը, ով որոշել էր չենթարկվել ոչ մի սահմանված օրենքի, կանոնի, կարծելով, որ դա է լիակատար ազատությունը (լիակատա՞ր. չէ, նա իրական չէր, հետևաբար՝լիակատարության մասին կարող ենք չխոսել):
Մեր ականջին, իհարկե, խորթ է «մայրս մեռավ երեկ կամ այսօր, կոնկրետ չգիտեմ» միտքը, որով էլ սկսվում է ստեղծագործությունը: Մենք երբեք էդպիսի մտքեր լսած ու մտքի ծայրով անցկացրած էլ չկանք (ինքներս մեզնից էլ վախ ունենք): Ու առանձնապես «ռիսկով» չենք հասարակությանը հակառակվելու համար: Գիտենք՝ մի առիթով «հախներիցս կգան»:
Ու անգամ Կամյուն, որ ստեղծեց, ինձ համար ամենաազատ կերպարներից մեկին, վերջում չդիմացավ ու որոշեց իր բոլոր սահմաններից դուրս ստեղծագործությունը բերել, մտցնել սահմանների մեջ՝ ազատ, բայց օտար մեկին հանձնել հասարակությանը (ես, անշուշտ, ուրախ կլինեի, եթե վերջաբանն այլ լիներ): Պարզ է, սպանելու էին: Հոգեպես չէին կարող (երևակայության խնդիր կար), նախընտրեցին ֆիզիկական մահը: Մեռա՞վ: Կմեռնի, հասարակության ձեռքը ո՞վ է ողջ մնում, որ:
Բայց մեռավ ազատ, արժանապատիվ, հասկանալով, որ ազատ է, ենթարկվելով ու միևնույն ժամանակ չենթարկվելով գրված-չգրված օրենքներին: Ավելի շատ ենթարկվելով (թե էդքան ազատ էր, թող փախչեր) ու ավելի շատ չենթարկվելով (ֆիզիկականը ինձ համար կարևոր չէ, ձեզ եմ նվիրում, ես հոգեպես եմ ազատ):
Էս օտարը էնքա՜ն հարազատ թվաց ինձ, որ ուզեցի գնալ ու Կամյուի ստեղծագործություններից մեկում ապրել:
Վիկա Մարկոսյան
Աղբյուրը՝ http://vikamarkosyan.wordpress.com/2013/10/10/ամենաազատ-գրքաբնակը/

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic