Thursday, September 25, 2014

Խաչակրաց արշավանքները

0 comments
Անհատական աշխատանք
Կարինե Կիրակոսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

1095թ նոյեմբերի 27-ին Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում, դիմելով բացօթյա լսարանում հավաքված բազմահազար ունկնդիրներին, Հռոմի պապ Ուրբանոս II-ը կոչ արեց օգնության գնալ մահմեդականների լծի տակ հեծող արևելյան քրիստոնյաներին, դրանով փաստորեն սկզբնավորելով մի զանգվածային շարժում, որը հետագայում հայտնի պիտի դառնա խաչակրություն անունով: Ահա մի փոքր հատված նրա ճառից. 
<<Երկիրը, որտեղ բնակվում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության պատճառով, հարստություններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր մշակողներին։ Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում։ Իսկ այժմ կարող է դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի երկպառակությունը։ Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը անհավատներից և ձերը դարձրեք։ Այդ հողում «մեղր ու կարագ է հոսում»: Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է։>>
Ուրբանոսի կոչը, Կլերմոնի ժողովից հետո ծավալված եռանդուն քարոզչության շնորհիվ, լայն արձագանք գտավ արևմտյան հասարակության բոլոր շերտերում, և բազմահազար կամավորներ պատրաստակամություն հայտնեցին զինվորագրելու ազդարարված սրբազան պատերազմին: Ոգևորությունն այնքան համատարած էր և ցանկացողների թիվն այնքան մեծ, որ Ուրբանոսն ստիպված էր նույնիսկ որոշ սահմանափակումներ մտցնել հավաքագրվողների կազմում, մասնավորապես չխրախուսելով ծերերի, կանանց և երեխաների մասնակցությունը:
Եվ ահա, 1096թ. Գարնանից ի վեր՝ խոշոր բարոններից, ասպետներից, եկեղեցականներից, հողազուրկ գյուղացիներից ու թափառաշրջիկներից կազմված խաչակրաց խայտաբղետ բազմությունը, տարբեր ժամկետներում ու ճանապարհներով, շարժվեց դեպի արևելք, այսպիսով ծնունդ տալով մի փոթորկալից գործընթացի, որը պիտի տևեր շուրջ 200 տարի և ունենալ հետևյալ գլխավոր հանգրվանները.

1.    Առաջին խաչակրաց արշավանք (1096-1099 թթ.), որը գլխավորում էին ֆրանսիական ու նորմանական խոշոր բարոնները, և որի արդյունքում Արևելքում ստեղծվեցին չորս լատինական պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի իշխանապետությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:

2.    Երկրորդ խաչակրաց արշավանք (1147-1149 թթ.), ձեռնարկված Մոսուլի աթաբեկ Զանգիի կողմից Եդեսիայի գրավման (1144թ.) վրեժը լուծելու նպատակով: Լիակատար ձախողությամբ ավարտված այս արշավանքի առաջնորդներն էին գերմանական կայսր Կոնրադ III-ը և Ֆրանսիայի թագավոր Լյուսովիկոս VII-ը:

3.    Երրորդ խաչակրաց արշավանքը (1189-1192թթ.), որի նպատակն էր վերանվաճել Սալահեդդինի 1187 թվականին գրավված Երուսաղեմ քաղաքը: Այդ արշավանքը, որի հրամանատարներն էին Ֆրիդրիխ Շիկամորուս կայսրը, Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյոծասիրտը և Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ-Օգյուստը. թեև չհասավ իր բուն նպատակին, բայց նրա շնորհիվ վերականգնվեց Երուսաղեմի թագավորությունը՝ Աքքա կենտրոնով, ինչպես նաև հիմնադրվեց Կիպրոսի լատինական թագավորությունը:

4.    Չորրորդ խաչակրաց արշավանք (1204թ), որն, ի տարբերություն նախորդ երկուսի, առաջնորդում էին ոչ թե եվրոպական մեծ երկրների թագավորները, այլ մի քանի խոշոր բարոններ: Այդ արշավանքը Մահմեդական Արևելք ուղղվելու փոխարեն, շրջվեց դեպի Բյուզանդիա և ավարտվեց նրա մայրաքաղաքի գրավմամբ և Կոստանդնուպոլսի ատինական կայսրության հիմնադրմամբ:

5.    Հինգերորդ խաչակրաց արշավանք (1217-1221թթ.). Երուսաղեմի թագավոր Հովհաննես Բրիենացու, Ավստրալիայի դուքս Լեոպոլդ VI-ի և պապական նվիրակ Պելագիոսի առաջնորդությամբ իրականացված այս արշավանքի արդյունքում գրավվեց Եգիպտոսի Դամիատ նավահանգիստը, որը սակայն գրեթե անմիջապես կրկին ընկավ Այուբյան սութանների ձեռքը:
6.    Վեցերորդ խաչակրաց արշավանք (1228-1229թթ.), որը միայնակ գլխավորում էր Ֆրիդրիխ II գերմանական կայսրը: Վերջինիս հաջողվեց զուտ դիվանագիտական միջոցներով Եգիպտոսի Այուբյաններից կորզել Երուսաղեմ քաղաքը, որն այս անգամ խաչակիրների ձեռքում մնաց 15 տարի (1229-1244թթ.):

7.    Յոթերորդ խաչակրաց արշավանք (1248-1254թթ.), որի ընթացքում այն առաջնորդող ֆրանսիայի Լյուդովիկոս IX թագավոր, հինգերորդ արշավանքի օրինակով, գրավեց Դամիատ քաղաքը, բայց շուտով ջախջախիչ պարտություն կրելով, կրկին կորցրեց այն:

8.    Ութերորդ խաչակրաց արշավանք (1270թ.), որը նույնպես իրականացվեց Լյուդովիկոս IX-ի հրամանատրությամբ, սակայն Արևելք ճանապարհվելու փոխարեն ուղղվելով դեպի Թունիս, ձախողության մատնվեց, և թագավորն ինքն էլ այնտեղ կնքեց իր մահկանացուն, հետագայում դասվելով սրբերի շարքը:


Խաչակրության նախադրյալները

Խաչակրության սոցիալ-տնտեսականն նախադրյալների շարքում հետազոտողներից շատերը գլխավոր տեղ են հատկացնում XI դարում Արևմտյան Եվրոպայում արձանագրված ընդհանուր վերելքին: Զգացվում էր բնակչության աճի միտումը, վերականգնվել էին միջերկրածովյան քաղաքները, և դրա շնորհիվ աշխուժացել էր միջազգային առևտուրը: Այս ամենի հետ մեկտեղ ընկել էր պետական հաստատությունների հեղինակությունը: Դրության տեն էին դարձել խոշոր ավատատերերն ու ռազմատենչ ասպետները, որոնք էլ անընդհատ պատերազմում էին միմյանց դեմ, պատճառելով ահռելի ավերածություններ: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ Եկեղեցին ստիպված հաստարարեց Աստծու խաղաղության կամ զնինադասարի օրեր, որոնց ընթացքում արգելվում էր մարդական գործողություններ իրականացնել:  Ինչպես գիտենք այդ շամանակ գործում էր մայորատի օրենքը: Հողը հորից անցնում էր ավագ որդուն, սիսկ մյուս որդիները իրենք պետք է հոգային իրենք ապրուստի հարցը: Ավելացել էին նաև հողազուրկ գյուղացիները թիվը, ովքեր իրենք կյանքը պահպանելու համար ուզում էին լքել հայրենի բնակավայրը:  Ժամանակի ընթացոքւմ Արևմուտքում ձևավորվել էր սուրբ Ավգուստինոսի կողմից առաջ քաշված արդար պատերազմի հասկացությունը, որի նպատակը աստվածածնչյան <<մի սպանիր> պատվիրանի հաղթահարումն է, և որի տակ հասկացբում էր զուտ պածտպանական պատերազմ: Այդ հասկացության բնական զարգացումը ի վերջո հանգեցրեց սրբազան պատերազմին:
Խաչակրության նախադրյալները քննելիս չպետք է անտեսենք նաև հակառակորդի ճամբարումտիրող իրավիչակը: Իսկ մահմեդականների մոտ իշխում էր մասնատվածությունը ու անմիաբանությունը, քանի որ Սելջուկյան ածխարհակալության գրեթե բոլոր նահանգները բաշանված էին էմիրությունների ու աթաեկությունների, որոնց միջը հարատև պատերազմ էր: Յուրաքանչյուր էմիր ջգտում էր հաստատել իր գերիշխանությունը , սակայն նրանցից ոչ մեկին չհաջողվեց վերականգնել Սելջուկյան կայսրության նախկին միասնությունը:  
Անմիջական դրդապատճառներն ու խթանները.
1.    Առաջին խաչակրաց արշավանքի գլխավոր դրդապատճառ է համարվում բյուզանդական կայսր Ալեքսիոս Կոմնենոսի դիմումը Ուրբանոսին, որով նա Արևմուտքից զինական օգնություն էր խնդրում՝ սելջուկյան ներխուժումները դիմագրավելու նպատակով: Կայսեր պատվիրակները 1095թ. Մարտին ներկայանալով իտալական Պիաչենցա քաղաքում պապի գումարած եկեղեցական ժողովին, այդ խնդրանքը հիմնավորել էին արևելյան քրիստոնյաների կրած ծանր տառապանքներով և սելջուկների գործած սոսկալի ավերածություններով: Ի դեպ, սա նորություն չէր
2.     Խաչակրության գաղափարի հղացման և իրականացման երկրորդ խթան են դիտվում սելջուկյան արշավանքներից հետո ուխտագնացության համար առաջացած դժվարությունները և ուխտավորների կյանքին սպառնացող վտանգները:

Որոնք էին Ուրբանոսի բուն մտադրությունները

1.      Նախաձեռնելով խաչակրությունը, Հռոմի պապը ձգտում էր իր ենթակայության տակ գցել արևելաքրիստոնեական եկեղեցիները:
2.      Ընդառաջելով Ալեքսիոս կայսեր խնդրանքին , ՈՒրբանոսն ուզում էր մեղմել հարաբերությունները Բյուզանդիայի հետ, և հաղթահարելով 1054 թվականի խզումը, վերականգնել լատինական և հույն-ուղղափառ եկեղեցիների միությունը Հռոմի գերակայության ներքո:
3.      Հռոմի պապի նպատակն էր վերացնել հույն-ուղղափառ եկեղեցու ինքնուրույնությունը և տիրել նրա հարստություններին::
4.      Պապը երազում էր իր աշխարհիկ իշխանույթւոնը տարածել Արևելքում նվաճված երկրների վրա: Ժ Ռիշարը հերքում է այս տեսակետը, արդարացիորեն նշելով, որ Արևելքում հիմնված լատինական պետություններից ոչ մեկը իրեն Սուրբ Աթոռի վասալ չի ճանաչել:
5.      Հռոմի Պապն ուզում էր Արևելքն ազատել ասպետների գործած ավերածություններից և նրանց ռազմատենչ եռանդը շեղել այս ուղղությամբ: Ուրբանոս պապը , կլերմոնյան քարոզում դիմելով ունկնդիրներին, դատապարտում է ասպեների գործած բռնությունները և հորդորում և հորդորում է դրա փոխարեն օգնության գնալ իրենց հավատակիցներին, ովքեր «անհավատների» ձեռքից տառապում են Արևելքում: Բայց սա ավեի շուտ լսարանի հոգու վրա ազդելուն ուղղված ճարտասանական հնարք, քան թե հետին միտք պետք է համարել:
6.    Քանի որ IX դ. Վերջին տասնամյակում սելջուկյան առաջխաղացման վտանգն այլևս իրական չէր, և արևելյան քրիստոնյաներն էլ առանձնակի հալածանքի չէին ենթարկվում թուրքերի կողմից, բացի Զիմմիի կարգավիճակին բնորոշ սահմանափակումներից, ուստի դա չէր կարող խաչակրության պատճառ հանդիսանալ: Հետևաբար Ուրբանոսը հետապնդում էր բոլորովին այլ նպատկ, որը վերաբերում էլ Արևմուտքի ներքին խնդիրներին, այն է՝ գերանական կայսեր դեմ մղված պայքարում բարձրացնել պապականության հեղինակությունը և ապահովել եկեղեցու գերակայությունը աշխարհիկ իշխանույթւոնների նկատմամբ:


Երուսաղեմի պաշարումը

Հասնելով Երուսաղեմ, խաչակիրները հանդիպեցին հրեաների և մուսուլմանների համառ դիմադրությանը։ Սակայն նրանք անհաջողության մատնվեցին և 1099 թ. հուլիսի 15-ին խաչակիրները մտան քաղաք։ Ինչպես Անտիոքում, այստեղ նույնպես սկսվեցին մուսուլմանների և հրեաների ջարդ և մզկիթների ոչնչացում։  Աղբյուրներից մեկում նշվում է, որ «մեկուսացումն ու վախը», որ զգում էին ֆրանկները (խաչակիրները) գտնվելով հայրենիքից այդքան հեռու, բացատրում է այդ արարքների, ինչպես նաև 1098 թ-ի Մաարայի պաշարման ժամանակ մարդակերության դեպքերի պատճառները։ Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով ստեղծվեցին մի շարք խաչակրաց թագավորություններ. Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունն ու Տրիպոլիի կոմսությունը։ Դրանցից ամենախոշորը Երուսաղեմի թագավորությունն էր, որտեղ 120,000 խաչակիրները (մեծ մասամբ ֆրանսիախոս) իշխում էին 350,000 մուսուլմանների, հրեաների և բնիկ ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր այդտեղ էին բնակվում դեռևս արաբական նվաճումներից առաջ։
Խաչակիրները փորձեցին նաև գրավել ներկայիս Լիբանանի տարածքում գտնվող ծովափնյա Տյուրոս քաղաքը։ Տյուրոսի մուսուլման բնակիչները օգնություն խնդրեցին Զահի ալ-Դին աթաբեկից՝ Դամասկոսի կառավարչից, խոստանալով հանձնվել նրան։ Երբ Զահր ալ-Դինը ջախջախեց խաչակիրներին, քաղաքի բնակիչները հրաժարվեցին հանձնվել նրան և Զահր ալ-Դինն ասաց՝
Ընդհանուր առմամբ, ներքին հակասությունների պատճառով, մուսուլմանները սկզբնական շրջանում թույլ դիմադրություն ցույց տվեցին խաչակիրներին։  Սակայն կամաց-կամաց մուսուլմանները սկսեցին միավորվել, և արդեն 1144 թ. Զանգի ամիրայի գլխավորությամբ խաչակիրներից գրավեցին Հայոց Միջագետքի երբեմնի ծաղկուն քաղաք Եդեսիան։ Այն առաջին քաղաքն էր Մերձավոր Արևելքում, որ գրավվեց խաչակիրների կողմից, և առաջինն էր, որ վերագրավվեց մուսուլմանների կողմից։ Եդեսիայի գրավումից հետո, Հռոմի Պապը կազմակերպեց Երկրորդ խաչակրաց արշավանքը:

Խաչակրաց արշավանքների արդյունքները

Խաչակրաց արշավանքները անպտուղ են համարվում ոչ միայն քաղաքական տեսակետից, այլև մշակութային առումով: Որքան էլ զարմանալի է, Արևելքում հիմնված լատինական պետությունները չստեղծեցին մնայուն արժեք ներկայացնող մշակույթ: Քիչ թե շատ ծաղկում ապրեցին միայն ճարտարապետությունը՝ մասնավորապես բերդաշինությունը, պատմագրությունը, որի գլուխգործոցը հանդիսացավ Վիլհելմ Տյուրացու «Պատմությունը: Հավանաբար թույլ էին զարգացած մանրանկարչությունը և գրչության արվեստը, քանի որ լատինական Արևելքից մեզ հասած ձեռագրերի թիվը չի անցնում երկու տասնյակից:  Բավականին ճանաչում է գտել նաև այն տեսակետը, որի համաձայն՝ խաչակրած արշավանքները նպաստել են առևտրի զարգացմանը: Որոշ հետազոտողներ , սակայն, պնդում են, որ դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ միջազգային առևտրի կենտրոնը Ալեքսանդրիան էր, և ոչ թե սիրիական նավահանգիստները:
Այսպիսով, խաչակրաց արշավանքները, հակառակ իրենց վրա հրավիրած հսկայական ուշադրությանը, պատմական հեռանկարի տեսակետից լուսանցային դեր խաղացին թե Եվրոպայի, թե Արևելքի ճակատագրում, չխախտելով և ոչնչով չկանխորոշելով նրանց մայրուղային զարգացման միտումները:

Գրականություն 

1. Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և հայերը», հատոր Ա.
2.  վիքիպեդիայի ազատ հանրագիտարան

Tuesday, September 16, 2014

Ինչո՞ւ են խախտվում օրենքները

0 comments
Մերի Թելունց,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Օրենքը մարդու իրավունքների և պարտավորությունների իրավական ձևակերպումն է, համապարտադիր կանոնների ամբողջություն, որ պաշտպանվում է պետության կողմից: Յուրաքանչյուր ոք, ով կրում է տվյալ երկրի քաղաքացու անձնագիր, ունի այդ երկրում օրենքով ամրագրված իրավունքներ և պարտավորություններ, որոնք ընդունված են սահմանադրությամբ, ունեն համընդհանուր նշանակություն, հավասար են բոլորի համար, իսկ օրենքը խախտողին սպառնում է ենթարկվել իրավական պատասխանատվության: Օրենքները նախատեսված են հասարակական կյանքը կանոնակարգելու համար, սակայն երբեմն հենց օրենքների կամ դրանց ոչ համընդհանուր կիրառման պատճառով է հասարակությունում անկանոնություն տիրում: Օրենքը խախտվում է այն դեպքում (խոսքը քրեական հանցագործությունների մասին չէ), երբ դադարում է բխել մարդկանց, կամ հակառակը բխում է միայն ընտրյալ անձանց շահերից: Երբ, հասարակությունում գտնվում է մեկը, ով իրեն իրավունք է վերապահում խախտել օրենքը, և մնում է անպատիժ, վատ օրինակ է դառնում ողջ հասարակության համար: Օրենքի խախտվում է նաև այն ժամանակ, երբ կորցնում է համընդհանուր հավասարությունը, երբ իրավական նորմը պարտադիր և անբեկանելի է մեկի համար, իսկ մյուսը կարող է հանգիստ խախտել այդ առանց որևէ պատժամիջոցի ենթարկվելու: Մարդկանց համար օրենքները և իրավունքները պետք է հավասարակշռաված լինեն, երբեմն հանդիպում են այնպիսի օրենքներ, որոնցում զուտ ձևակերպման տեսանկյունից սխալ ոչինչ չկա, բայց երբ դրանք ուսումնասիրում ես անհատի տեսանկյունից, ստացվում է, որ պետության պարտադիր օրենքը խախտում է քաղաքացու իրավունքը: Եթե ուշադիր լինենք համաշխարհային վիճակագրության ապա կտեսնենք, որ օրինախախտների թիվը տոկոսային հարաբերությամբ առավել փոքր է կայուն տնտեսություն ունեցող և զարգացած երկրներում: Սա թերևս պայմանավորված է նրանով, որ զարգացած պետություններում քաղաքացիները ունեն ավելի շատ սոցիալական իրավունքներ, և դրանք պետության տարածքում մաքսիմալ իրացվում են: Իր օրինական իրավունքներից օգտվող մարդը չի խախտի օրենքը, որովհետև այն ամենը ինչ իրականում ցանկանում է օրինական ձևով ստանում է պետությունից, օրինախախտության կարիք չկա: Օրենքը հիմնականում խախտում են նրանք, ովքեր օգտագործում են իրենց բոլոր իրավունքները: Օրինական դառնալուց առաջ, պետությունը պետք է լինի իրավական:

Wednesday, September 10, 2014

Փուռիա Ալամի/ պատմվածքներ

0 comments
ԴԺՎԱՐ ԹԵ ԱՂՋԻԿՆԵՐԸ
ՀԱՍԿԱՆԱՆ ԱՅՍ ԲԱՆԵՐԸ


Եկավ, դիմացս կանգնեց ու աչքերը փակեց, հետո կոպերը դանդաղորեն գոցեց ու վեր նայեց: Աչքերի սպիտակը ձյունից ավելի ճերմակ ու թեթև էր, հետո սև բիբերից ցայտող հայացքը մեխեց ինձ վրա: Ասաց - Սիրո՞ւմ ես ինձ: Միշտ եմ սիրել քեզ,- պատասխանեցի: Միայն ու միայն ի՞նձ: Միայն ու միայն` քեզ: Ասաց- Ստում ես: Պատասխանեցի` ճիշտ ես:
Հեռացավ: Այստեղ կանգնած եմ հիմա: Սպասում եմ այն աղջկան, ով կհասկանա, որ սիրահարը երբեք չի ցանկանում իր սիրեցյալի խոսքին կպնել: Սա լուրջ բան է, դժվար թե աղջիկները հասկանան այս բաները: Հասկանան այն սիրահարին, ով սիրում է հաստատել, որ ճիշտ է սիրեցյալը, երբ ասում է` սուտ ես ասում...



ԿԱՐՃ ՊԱՏՎԱԾՔ, ՈՐԻ ԸՆԹԵՐՑՎԵԼԸ ՁԳՎՈՒՄ Է ԱՆՎԵՐՋ

Նկարիչ՝ Թուքա Նեյեսթանի
«Կարծում էի սիրում ես ինձ: Կարծում էի հեքիաթիդ մեջ գլխավոր հերոսն եմ: Հետո մտածեցի, որ երկրորդական դերակատար եմ, ուստի չեմ երևում, բայց գոյությունս զգացվում է: Հիմա հասկանում եմ հազարավոր հերոս ունի այս քո հեքիաթը: Հիմա, ցավն այն է, որ այս հազարի մեջ չկա անունիցս փոքրիկ նշույլ անգամ: Հիմա կարծում եմ` եթե հեքիաթդ «դեղին էջերի» նման մի գիրք լիներ, ուր ամենքի անունը կա, կրկին իմ անունը կբացակայեր: Թվում է` բոլորի համարները գրանցված են հեռախոսիդ մեջ, բոլորի՜ անունները, ու երբ ես քեզ զանգել եմ, իսկույն իմացել ես ով է զանգողը, քանի որ չգրանցված, անծանոթ համարից էր՝ իմ համարից: Հիմա զգում եմ` գոյությունս լրացումը չէ քո դերի: Կարծում եմ` յուրաքանչյուրիս ներկայությունը մերժում է ոչ միայն մյուսի ներկայությունը, այլև գոյությունը: Վստահ եմ` եթե մի հեքիաթի մեջ անունս անվանդ կողքին տեսնեմ, ուրեմն հիմար ֆանտաստիկայի եմ հանդիպել: Չէ, իրականում կհամոզվեմ, որ մեռել եմ, գնացել, ու սա մելանխոլիկ մտքի հոսքն է, որ փորձել է կողք կողքի դնել այն տարրերը, որ երբեք չեն համատեղվում: «Պարադոքսների հանրագումար». ինչպես ասում էին մեր պապերը: Իմ ու քո հանրագումարը: Ընդունել եմ` մինչև աշխարն աշխարհ է, այս գումարումը մենք չի դառնա: Հիմա մտածում եմ՝ առանձին հեքիաթներ ենք: Դու վեպ ես, որի ընթերցվելը վերջ չունի, ես` կարճ պատմվածք, որի չնթերցվելն է ձգվում անվերջ:»
Երբ ընթերցելն ավարտեց, թուղթը ծալեց ու խցկեց գրպանը: Ասաց.- Դժվար է այս խոսքերն ասելը:
- Դեռ չե՞ս ասել:
- Չեմ ուզում պատմվածքն ավարտել: Ուզում եմ ձգել: Ուզում եմ մոտը մնալ, հասկանո՞ւմ ես ինչ եմ ասում:
Լավ չէի հասկանում ինչ է ասում, բայց պատասխանեցի.
- Հասկանում եմ:
… Չէի ուզում խառնվել հեքիաթ ասելու իր ոճին:


թարգմ`. Էդիկ Պօղոսեան
Աղբյուրը՝ Փուռիա Ալամի

Tuesday, September 9, 2014

Ինչու են մարդիկ խախտում օրենքը

0 comments
Կարինե Գևորգյան, 
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Ըստ բազմաթիվ առասպելների՝ առաջին կնոջ անունը Եվա էր։ Նա ապրում էր դրախտում, առաջին տղամարդ Ադամի հետ։ Նրանք ունեին ամենը, ինչ հնարավոր է ցանկանալ։ Եվ միայն մեկ ծառից չէր կարելի պտուղ քաղել։ Բնականաբար, Եվան, չլսելով տիրոջը, կերավ այդ միակ արգելված պտուղը։ Եվ հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց։
Օրենքը խախտում են շատերը, և ամեն մեկն իր պատճառն ունի։ Կարիքը, սեփական շահերը, նախանձը, երկար ժամանակ թաքնված չարիքը։ Երբ ասում են` խախտել օրենքը, առաջինը մտքիս գալիս է գողությունը։ Համոզված եմ, ամեն մեկը գոնե մեկ անգամ նմանատիպ երևույթի ականատես է եղել։ Իհարկե, դա անթույլատրելի է, բայց եթե լինեին ապրելու լավ պայմաններ ամեն մեկի համար` անկախ տարիքից, սեռից, պաշտոնից, ընտանիքից և ուղեղի կարողություններից, արդյո՞ք գողությունը այդքան տարածված կլիներ։ Երկրորդը, ինչ իմ մտքին է գալիս, սպանությունն է։ Եթե չհաշվենք մտավոր շեղվածություն ունեցողներին, հիմնականում սպանություն գործում են, եթե դիմացինը շատ զայրացրել է, շատ բան գիտի, կամ էլ ուղղակի վիրավորել է հանցագործի սիրելի "ես" - ը։ Ցավալի է, բայց դա նույնպես տարածված հանցագործություն է։ Իսկ ավելի մանր հանցանք գործելուն մարդկանց դրդում է իրավիճակը։ Դրանից խուսափել, ըստ իս, հնարավոր չէ։ Ուղղակի ամենքս պիտի ձգտենք բարձրացնել մեր գիտակցության մակարդակը, որպեսզի ամեն իրադրության մեջ ի վիճակի լինենք ճիշտ քայլ ձեռնարկելու։

Monday, September 1, 2014

Գիշերվա ջուր / Ռուբեն Հովսեփյան

1 comments
Առաքելը չէր մարել տան լույսը, ոչ էլ անկողին էր մտել, կոշիկներն էր հանել բարձին թիկն տալուց առաջ ու երևի քիչ առաջ էր քուն մտել, համենայն դեպս մրափը չէր հասցրել մոռացության մեջ գցել նրան, իսկույն հասկացավ, թե ով և ինչու է թակում լուսամուտը:

- Գալիս եմ, Սահակ,- ձայն տվեց, ոտքերով գտավ քիչ խոնավ, գոլ ներսով կոշիկները,- ոտնամաններս հագնեմ ու գամ:

 Գլուխը քրտնած էր, դեմքին ընկած լրագիրը թրջվել էր, կեսը սև, կեսը ճերմակ մի գլխամազ էր աղեղի տեսքով սոսնձվել բարձին, աղեղի սև մասն երևում էր, ճերմակը նկատվեց հետո, երբ Առաքելը եղունգով պոկեց մազը, պահեց լամպի դիմաց, կարծես ուզում էր ճշտել սևի ու ճերմակի սահմանը: Սահման չկար, բայց Առաքելին թվաց, թե տեսնում է սև մասի հյութը և ճերմակի դատարկությունը: Սահակը լուսամուտը թակել էր բահի ցեխոտ պոչով, ապակու վրա լերդանում էր ցեխաջրի որդանման հետքը, և դրա շուրջը թպրտում, գլուխ էին կոտրում կաղամբակեր, սպիտակ թիթեռները: 
Ճռճռալով, ինքն իրեն բացվեց զգեստապահարանի դուռը, ներսի կիսամութից Առաքելի աչքը աչքը շլացրեց խունացած շինելի պղնձյա կոճակներից մեկը, բակում շղթան զնգզնգացրեց շունը, կարճ, ծույլ հաչեց, հետո դնչով, թաթով տեղահան արեց լափի դատարկ ամանը, որ գլորվեց, զարկվեց դարպասին:

 - Առաքել հայրիկ,- լվացարանի չռռոցի միջից լսվեց Սահակի ձայնը,- սոված է անասունը, հաց տուր, որ քնի:- Նա գլուխը պահել էր ծորակի տակ, մեջքը կորել էր այնքան, որ ջուրը չհոսեր, հասներ գոտկատեղին ու փնչացնում էր գոմեշի նման:- Մինչև առավոտ հազիվ վերջացնես: Ծարավ է հողը:

 Օդում կնոջ հոտ կար: Ծիրանն էր հասնում: Առուն ափեափ լիքն էր ջրով, պայթում էր և լեցունությունից այնպես էր թվում, թե հոսք չկա: Պղտոր ջուր էր, թանձր, սարերում երևի երեկ, առաջին օրը անձրև էր թափվել: 

- Ծարավ է, բա,- համաձայնեց Առաքելն ու գլխի ընկավ, որ հարևանի բակում ճերմակին տվողը Սահակի թախտը ծածկող շղարշն է:- Արդեն դրսում ես քնո՞ւմ, Սահակ: 
- Դրսում, դրսում, դրսում,- սրթսրթալով ոտքերն էր չորացնում Սահակը,- մոծակներն են տզտզում, իսկ ես ձեզ ասեմ՝ չեմ մրսում, մրսում... 

 Շղարշի տակ ծիծաղը խեղդեց Մարգոն, մի գորտ կռկռաց, չլմփաց առուն, և ճպճպում ու խաղաղվում էր Սահակի ջրված հողամասը: 

- Թե քունդ տանում է,- արձակի անցավ Սահակը,- հերթդ Գևորգին տուր: Դու առավոտը կջրես: 
Չղջիկը ծափ զարկեց Առաքելի ականջի մոտ, քարի պես առուն ընկավ ու էլի վեր թռավ, ձուլվեց մութին: 
- Պիտի զգուշացնեիր,- ծնկելով ընկուզենու տակ, գտնելով շղթայի ծայրը, հանդիմանեց Առաքելը,- որ դրսում եք քնում: Պառաված շուն է, թափվում են մազերը... տանեմ, ուրիշ տեղ կապեմ:
 Շղթան ոլորվել էր, կծիկ-կծիկ էր դարձել, շունն էլ իր հերթին էր խանգարում, լիզում էր տիրոջ մատները, խցկվում էր ոտքերի արանքը, ձգում, ավելի էր սեղմում հանգույցը:
 - Համբերիր, Սահակ,- Առաքելի ականջին հասավ Մարգոյի շշուկը,- թող հեռանա...
 - Հարևանի կնիկ ե՞ս...
 - Ամոթ է... մի երկու րոպե ման արի բակում: 
- Թու,- իբր կամացուկ թքեց Սահակը,- քեզ ո՞վ խնդրեց, այ լիրբ, գաս-պառկես թախտիս: Հոգնած եմ... 
Բակի խորքում Առաքելը կապեց շանը, ետ դարձավ, դարպասի մոտ գտավ լափի դատարկ ամանը: Տաք ծերտ էր ընկել ամանի եզրին, ծերտի կաթոցից դողում էր մետաղը:
 Իր մեջ առնելով մարող դողոցը՝ անշարժացավ Առաքելը, որ լսի ընկուզենու լայն տերևների ետևում քնած ճնճղուկի շնչառությունը: Ու կլսեր, եթե մի ակնթարթ գոնե լռեին առուն, հարևանի հողամասը, եթե բակի խորքում չհեթեթար շունը, եթե լռեին գիշերվա բոլոր ձայները, որոնց մեջ էր կորչում ճնճղուկի շնչառությունը: 

 - Ծիրանն ի՞նչ ես անելու, Առաքել հայրիկ,- Սահակը բաց ոտքերին, ուսերին նստոտած մոծակներին էր քշում, սպասում էր Առաքելի հեռանալուն ու ամենից շատ այդ պահին ուզում էր իմանալ, թե ինչու է ընկուզենու տակ արձան կտրել հարևան բիձան: 
- Ամեն տարվա պես կհանձնեմ գործարան:
 - Ծովափի շուկաների համն ու հոտը չգիտես, է,- ծոր տվեց Սահակը ու չէր հասկանում՝ ում վրա է ավելի գազազած՝ Առաքելի՞, թե կնոջ, որ մոծակներից պաշտպանված՝ մեկնվել էր թախտին ու լուսնի լույսի տակ նմանվում էր ակվարիումն ընկած ձկան: 
- Սուլթանի հարեմը քեզ օրինակ: Քըշշ, քըշշ՝ արնախում պարազիտներ... կիսատկլոր կնանիք շորորում են, շորորում են չորս բոլորդ, քըշշ, կշեռքին չեն նայում, ուղիղ աչքերիդ մեջ են նայում. «Պաչո՞մ» - հարցնում են լիքը, անխիղճ պռոշներով, քըշշ՝ ճահճի զավակներ, իսկ դու տուն-տեղդ մոռացած, աստծուդ ուրացած ասում ես. բերի, կրասավիցա մայա, դարոմ բերի, ես քո բոլոր գույներին մատաղ...
 - Հողս կրասավիցաներիդ գլխին,- շղարշի տակ մղկտաց Մարգոն:
 Ճաշամանի մեջ ջուր լցրեց Առաքելը, մանր կտորներով հաց փրթեց, խառնեց շերեփով, եղած-չեղածը դատարկեց շան առաջ: 
- Քեզ կարձակեի այս գիշեր,- խոսեց ցածրաձայն,- բայց դե, կցեխոտվես, բանջարանոցը ոտնատակ կանես...
Հետո ձեռքն առավ բահը, մտավ այգին, աչքի պոչով նկատելով, թե ինչպես է հարևան բակում համաչափ փքվում-իջնում, փքվում-իջնում թախտը ծածկող շղարշը:
 Հողը տաք էր, ավելի ճիշտ՝ տաք էր հողի խորքը, երեսը հասցրել էր պաղել, այդ տաքությունը պարզապես բուսնում էր, խառնվում օդին՝ առաջացնելով հազիվ որսալի հովիկ, որ խճճվելով խոտերի, թփերի, ճյուղերի մեջ, չէր կորչում, դառնում էր խշշոց, սվսվոց ու արծաթավուն տերևախաղ: Ջրի մոտիկ շնչից արթնացել էր գիշերվա այգին: Շեկ լեզվակները դուրս գցած՝ արևածաղկի կիսաբաց պսակները շրջվել էին դեպի առուն, անհամբերությունից ցրիվ էին գալիս խլածաղիկների ճերմակ գմբեթները, մոտալուտ հաճույքից նվաղած թմբերին պառկել էին լոլիկի, վարունգի թաղերը, և լուսնի ցոլքն ու ուժն իրենց մեջ առած տերևները խոնավության ցփոններ էին ձգում պղտոր, թանձր զանգվածից, որ առաջ էր սողում տիրելու ու տրվելու առողջ ցանկությամբ և այն անսուտ բնազդով, թե իրեն սպասում են, իրեն տենչում են... Համատարած սպասում էր, տաք, անզուսպ կիրք էր խլրտում չորս դին, և Առաքելը ոռնաց անձայն, ընկավ հողին... 
Հողը տաք չէր, հողը կրակ էր, այդ կրակը այրում էր Առաքելի շապկի փեշերը, կուրծքը, փորը, ավելի ներքև, և ցավն անտանելի էր, որովհետև կրակը չէր դառնում հրդեհ, որ մարել լիներ, չէր մոխրացնում նրան, որ հանգստություն բերեր: Միայն շամփրում էր, միայն շամփրում էր... 
«Մարիամ,- հեծկլտաց Առաքելը,- Մարիամ,- կանչեց աղերսանքով,- Մարիամ,- հանդիմանեց,- Մարիամ, հայտնվիր...»: Մարգ մտած ջուրը հասել էր Առաքելի ոտքերին, բայց նա չէր զգում, մատներով փշրում էր հողի կոշտուկները, ագահաբար ներշնչում էր հողի խորքից ելնող տաքությունը և համառորեն սպասում էր բոցին, որի մեջ անցավ կուզեր մոխրանալ: Հիմա նրա մատները ցեխ էին հունցում: Գոլ ջուրը շտապով ճաքեր էր փնտրում, փոսեր, փոսիկներ, գոլ ջուրը կատաղի քանդում էր թումբը, գոլ ջուրն ուզում էր խեղդել Առաքելին: 
Խուլ հռնդյունով վայրէջքի գնաց գիշերվա ինքնաթիռը, վառվող-մարող կարմիր լույսերը գցելով ջրով լի մարգերի մեջ: Առաքելը չզարմացավ, երբ զգաց, որ լողում է մարգում: Նա զարմացավ, որ իր կանչով չհայտնվեց մեռած Մարիամը:
 «Ամաչում ես, գիտեմ,- խոսեց նա Մարիամի հետ,- որ չհանձնվեցիր այնօր... Էլի գիշեր էր, ծիրանն էր հասնում, իսկ առավոտյան ես պիտի գնայի... Մի ամաչիր, Մարիամ, երևա... դու հո չգիտեի՞ր, թե ինչ էր պատահելու...»: 
 Նա հանեց թաց կոշիկները, շալվարը, ու բոբիկ, միայն թրջված վարտիքով վրա պրծավ պատռված թմբին: Կուտակված ջուրը գազազել էր, ելք էր փնտրում, Առաքելը փակում էր պատռվածքը, ջուրը մի այլ տեղից էր փախչում: 
«Կուզե՞ս, մի հայտնվիր, Մարիամ, մնա մթան մեջ, ծառի ետևում... Կուզե՞ս, մի խոսիր, միայն լսիր...»: 
Նա մարգի միջից զգուշորեն ձգեց, հանեց փշփշոտ ծաղիկը ծայրերին մատնաչափ վարունգները, փռեց փխրուն թմբերին, ուր չէր հասնելու ջուրը: Վարունգներից մեկը պոկվեց թփից, մնաց նրա ափում, և նա զգաց կոթուկից ծորացող հյութի շարժումը մատների վրա:
 «Դու ամոթից մեռար, գիտեմ, քեզ չներելուց, իսկ ես, ըհը, ապրում եմ ու երկար եմ ապրելու... Երկար... Ինձ այդ մտքով էին մխիթարում: Եթե պատերազմ չէ, ասում էին, եթե չար պատահար չէ, գիտե՞ս, զինվոր, թե երբ է մեռնում կենդանի արարածը: Երբ կատարում է իր պարտքը, երբ սերունդ է թողնում: Ես, ուրեմն, խաբում եմ բնությանը: Ինձնից անկախ: Նա հո չգիտե՞ եղածը: Նա սպասում է, որ ես կատարեմ իմ պարտքը... Երկար է սպասելու, ու ես երկար եմ ապրելու...»: 
 Ինքնաթիռը լրիվ պտույտ էր գործել, հիմա նույն ուղղությամբ թռչում էր ավելի ցածրից: Առաքելը համոզված էր, որ դա նույն ինքնաթիռն է, հիշում էր հռնդյունը, վառվող-մարող լույսերի պայծառությունը:
 «Ինչ երկար է տևում վայրէջքը, Մարիամ,- նկատեց նա,- մարդիկ կարծես թե հասել են, գուցե և վերևից տեսել են իրենց տան լույսը կամ տանիքը, բայց պարզվում է, որ դեռ չեն հասել... Հիմա, այս ժամին ինչքան մարդ կա օդանավերում, գնացքներում, կայարաններում, ու բոլորն այն հույսով, թե նոր տեղում ավելի լավ կապրեն...»: 
Ծառերից կիսասատկած թրթուրներ էին կախ ընկած ճոճվում, խուտուտում էին Առաքելի դեմքը, խճճվում էին մազերի մեջ, մտնում էին ծոցը: Ճլորած, հիվանդ ցոգոլներ էին թափվում մարգերի մեջ և դեղին, կոլոլված, ծակծկված տերևներ: 
«Գարնանն անձրև շատ եկավ, Մարիամ, ու ծառերը որդոտեցին: Հազիվ էինք հասցնում սրսկել, անձրևը գալիս-լվանում էր դեղը: Ծառն ինքը պիտի կռվի հիվանդության դեմ, Մարիամ, ու ցրտի, բայց դե սրանք թույլ, անպաշտպան ծառեր են: Ծառերն ինչո՞ւ են հիվանդանում, գիտե՞ս, Մարիամ: Որովհետև տնկիներն են հիվանդ, կորիզները: Որովհետև, չգիտեմ երբ, ճղակոտոր են արել չգիտեմ որ սերնդի ծառը, ու ցավը ծառից ծառ է անցել...»: Ինքնաթիռը երրորդ անգամ հայտնվեց Առաքելի գլխավերևում: Կարմիր լույսերն ավելի հաճախակի էին վառվում, մարում, ու շարժիչի հռնդյունի մեջ էլ չարագուշակ ոռնոց էր զգացվում:
 «Սա ի՞նչ բան է, Մարիամ,- տագնապեց Առաքելը,- ինչո՞ւ վայր չի իջնում: Մարդիկ հասել են, չէ՞...»: 
Նրա թուլացած մատներից պոկվեց բահի պոչը, ընկավ ջրի մեջ, սուզվեց: Նա դեմքից հեռացրեց թրթուրների ցանց կապած ոստայնը ու աչքը չէր կտրում օդանավակայանի ուղղությունից: 
«Հիմա վայր կիջնի, բարեհաջող վայր կիջնի,- ինքն իրեն հուսադրեց Առաքելը,- խաղաղ, անամպ գիշեր է, ինչո՞ւ պիտի չիջնի: Շուտով լույսն էլ կբացվի: Թող բարով բացվի...»: Մարիամին մոռացած՝ նա վազեց դեպի բակ, կանգնեց իր ու Սահակի հողամասերը բաժանող առվի եզրին, բղավեց շնչակտուր. 
- Սահակ, Սահակ...
Ինքնաթիռը ետ էր դարձել ու այնքան ցածրից էր թռչում, որ թվում էր՝ նրա քամուց հիմա-հիմա մերկանալու էին տանիքները, գլխատվելու էին բարդիները: 
- Գևորգին պիտի ձայն տաս,- լրիվ չարթնացած փնթփնթաց Սահակը, հորանջի միջից շարունակեց,- առաջ ես եմ ջրում, հետո՝ դու,- նրա ձայնը թուլացավ, հալվեց,- հետո՝ Գևորգը, հետո...
 - Օդանավը, Սահակ, օդանավը չի իջնում... 
- Ռազմական ինքնաթիռ է, խաղ է անում,- Սահակի հանգստությունը քնածի հանգստություն էր: 
- Չէ, չէ, չէ, Սահակ, մարդատար է,- տեղեկացրեց Առաքելը,- գիշերվա, Մոսկվայից եկող օդանավն է: Հրես, էլի պտտվեց, եկավ: Չե՞ս լսում ոնց է կանչում:
 Սահակը դժգոհ դուրս ելավ շղարշի տակից, գլուխը տնկեց վեր, նայեց այնքան, մինչև անհետացավ օդանավը: 
- Հա, մարդատար է: Բա ինչո՞ւ ես վարտիքով: 
- Ջուրն ընկա: 
- Իսկի էլ չես ընկել,- քրքջաց Սահակը,- նստել, քնել ես մարգում ու ջուրը եկել, թրջել է տակդ: - Հիմա ի՞նչ ենք անելու, Սահակ: 
- Ի՞նչը,- Սահակը հորանջելով, մայկա-տրուսիկը շտկելով մոտեցավ, պպզեց առվի եզրին, հետո նստեց թմբին, ոտքերը կամուրջ սարքեց առվի վրա: 
- Ծխելիք ունե՞ս,- հարցրեց: 
Առաքելը ձեռքը քսեց վարտիքին, հիշեց. 
- Գրպանումս էր՝ թրջված կլինի: Տեսնեմ՝ տանը կա՞,- նա քայլ արեց գնալու, բայց Սահակը պահեց նրան: 
- Կաց,- ասաց,- հարց ունեմ քեզ տալու: Մի հարց: 
- Հարցրու, Սահակ: 
- Ու կհարցնեմ, ու չեմ էլ խնայի... Ո՞վ ունես ինքնաթիռում: 
- Դու չգիտե՞ս, Սահակ, թե ինչ ունեմ ես ու ինչ չունեմ: 
- Ո՞վ ունես ինքնաթիռում,- ձայնը բարձրացրեց Սահակը:
- Քո ի՞նչ հոգսն է՝ կիջնի՞, թե չէ: Թող ընկնի, թող պայթի: Թող ուրիշ մոլորակ գնա: 
 - Ուշքի արի, Սահակ: -
 Ես ուզում եմ, որ դու չարանաս,- միտքը բացատրեց Սահակը:
- Իսկ դու չես չարանում: Ինչո՞ւ չես չարանում: Թող պայթի: Քեզ ինչ: Ինչո՞ւ չես բղավում ցավից: Ցավ չունե՞ս: Չունե՞ս:
 Առաքելը չհասկացավ, թե ինչպես բարձրացրեց ձեռքը ու խփեց Սահակի երեսին: Հարվածից հետո միայն սթափվեց ու, որպեսզի ցույց չտա այլայլված դեմքը, լցված աչքերը, շրջվեց, որ հեռանա, բայց փլվեց, ընկավ
: - Լակոտ,- կամացուկ ասաց, երբ զգաց Սահակի կոշտ մատների շոյանքը ուսերին,- ի՞նչ արեցիր, լակոտ: 
Սահակի արցունքները թրջում էին նրա ճակատը, մազերը, Առաքելն ինքն էլ չէր զսպում ներսում ահա քանի-քանի տարի խցանված լացը ու մտածում էր, որ իր զավակը՝ որդին կամ դուստրը, Սահակի տարիքը պիտի ունենար, եթե այն գիշեր Մարիամը խենթանար: Եվ կամ՝ կրկնվեր գիշերը:
 - Տեսա՞ր,- քիչ անց հիշեց Սահակը,- իջավ ինքնաթիռը:
 - Իջա՞վ որ:
 - Ետ չեկավ: Ուրեմն՝ իջավ: 
Արևելքից հազարաստեղ կապույտ լույս էր բարձրանում քամուց քշվող ամպերի նման, և դանդաղ, բայց նկատելի խավարում էր կիսալուսինը, երբ Առաքելը բահով բաց արեց վերջին մարգի բերանը: 
«Ինչ մեծ հրաշք է լույսը, Մարիամ,- ապշեց Առաքելը,- և ինչ ազատ է շարժվում»:
 Շունն արթնացել էր, երևի նոր տեղում անհանգիստ էր քնել: Գիշերը լրիվ չէր կերել լափը, հիմա էր ուտում: Ճնճղուկներ էին շրջապատել լափի ամանը, ոստոստում էին շան ոտքերի տակ ու ոչ փախչում էին, ոչ էլ որևէ բան էին ճանկում: Հետո նրանք թռան այգի՝ կտցելու վաղահաս ծիրանները: 
- Գևորգ,- բղավեց Առաքելը, բահի ցեխոտ պոչով թակեց հարևանի լուսամուտը,- ջուրը քեզ հասավ, Գևորգ: 
- Ելա, ելա, ելա, ես ջուր ստեղծողի էլ, հող հնարողի էլ...- հայհոյեց Գևորգը, ու նրա սենյակում լույս վառվեց: 
«Էլ չի քնի»,- համոզվեց Առաքելը, կրկին իր բակը մտավ, ջրհորից ջուր քաշեց, որ լվանա ցեխոտ ոտքերը: Դույլի մեջ գորտ էր լողում: Նա թեքեց դույլն այնպես, որ ջրի հետ գորտը ջրհորն ընկնի, բայց սարսափից աչքերը չռած կենդանին չգիտես ինչ հնարքով մնաց կառչած դույլի ողորկ պատից: Առաքելը բռնեց գորտի թաթից, հորը գցեց ու երկար ժամանակ չէր մոռանում նրա վախեցած աչքերը: 
Լուսաբացի պաղության մեջ հասունացող ծիրաններից կաթի հոտ էր գալիս, և կամ ջրված հողն էր կաթնաբույր արձակում: 
Կչկչացող հավի ետևից ընկած ու ծուռտիկ ոտքերն իրար զարկելով՝ իրենց բակում վազ էր տալիս Սահակի կրտսերը: Հենց ընթացքում հավը ձու ածեց ու, թեև շարունակում էր փախչել, այնպես փափուկ գցեց ձուն, որ կճեպը ճաք էլ չտվեց: Տաք հավկիթը ձեռքն առած մանչուկը ապշել էր, փախչող ու դեռ կչկչացող հավին էր նայում, ձվին, արևածաղիկներին, ծագող արևին, Առաքելին, էլի ձվին և որովհետև չգիտեր, որ կյանք է փակված կճեպի տակ, և որովհետև ուզում էր իմանալ, ճչաց.
 - Մա... 
Առաքելը նստեց կոճղին, ոտքերը կախեց պաղ ջրով լի տաշտը ու լսում էր հարևան այգուց իրեն հասնող Գևորգի սուլոցը, որ մերթընդմերթ կտրվում էր ու էլի շարունակվում ճիշտ այն մասից, որտեղ ընդհատվել էր: Եվ նա տաքուկ հրճվանք էր ապրում հենց այն մտքից, որ Գևորգը կարողանում է շարունակել մեղեդին ճիշտ ընդհատված մասից: 

Աղբյուրը՝ Գիշերվա ջուր
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic