Saturday, June 1, 2013

Գիշերը դժոխքում

Արթյուր Ռեմբո
Ես մի ահռելի կում թույն կլանեցի:- Երիցս թող օրհնյա՛լ լինի երկնային խորհուրդը:- Որովայնս այրվում է: Ուժեղ թույնը ճկռում է մարմինս, տձևացնում ու զգետնում ինձ: Մեռնում եմ ծարավից, շնչահեղձ լինում, չեմ կարողանում գոռալ: Դժո՛խքն է սա, հավերժական տանջա՛նքը: Ա՜յ, կրակ է բարձրանում: Այրվում եմ ուզածիդ պես: Դե՛, քե՛զ տեսնեմ, դև:
Ես նշմարել էի հավատադարձությունը դեպի բարին ու երջանկությունը` փրկությունը: Կարո՞ղ եմ նկարագրել տեսիլքը. դժոխքի օդը չի հանդուրժում օրհներգ: Բյուրավոր հմայիչ արարածներ, ոգեղեն անուշ համերգ, ուժ, խաղաղություն, ազնվաբարո նկրտումներ, էլ ի՜նչ ասես, որ չկար:
Ազնվաբարո նկրտումնե՜ր:
Բայց սա դեռ կյանքն է:- Եթե նզովքը, իրոք, հավիտենական է… Այն մարդը, որն ուզում է խեղանդամ անել իրեն, դատապարտված է, չէ՞: Եթե կարծում եմ, որ դժոխքում եմ, ուրեմն այնտեղ եմ: Սա կրոնական ուսմունքի իրագործումն է: Ես ստրուկն եմ իմ մկրտության: Օ՜, հայր և մայր ի՛մ, դուք ինձ դժբախտացրիք, ինչպես դժբախտացրել էիք ինքներդ ձեզ: Օ՜, խեղճ անմեղ արարած: Բայց դժոխքը չի կարող վնասել հեթանոսներին:- Սա դեռ կյանքն է: Ոճի՛ր, արա՛գ, թող ես ընկնե՛մ անէության գիրկը հանուն մարդկային օրենքի:
Լռի՛ր, դե լռի՛ր վերջապես… Ի՜նչ ամոթ, նախատինք. Սատանան ասում է, թե կրակը գարշելի է, թե զայրույթն իմ ահավոր հիմարություն է:- Հերի՛ք եղավ… Մոլորություններ են հուշում ինձ, հուռութք, շինծու բույրեր, մանկական մեղեդիներ: Եվ հարկ է ասել, թե ես հասել եմ ճշմարտությանը. թե տեսնում եմ արդարությունը. դատողությունս առողջ է և վճռական, ես պատրաստ եմ կատարելությանը:… Գոռոզություն:- Գանգիս մաշկը կռկել է: Գթությո՜ւն: Տե՛ր իմ, վախենում եմ: Ծարա՜վ եմ, այնպես ծարա՜վ: Ա՜խ, մանկությո՜ւնս, խո՜տը, անձրև՜ը, լճա՜կը` քարքարոտ ափերով, լուսնալույսը, երբ զանգերը հնչեցնում էին տասներկուսը… Դևը զանգատանն է այս ժամին: Օ՜, Սուրբ արիամ Աստվածածին… Ի՜նչ քստմնելի հիմարն եմ:
Մի՞թե այնտեղ չկան ազնիվ հոգիներ, որ իմ բարին կամենան… Եկե՛ք… Բարձ են դրել բերանիս, ձայնս չեն լսում նրանք, դրանք ուրվականներ են: Եվ հետո, ոչ ոք երբեք չի մտածում ուրիշի մասին: Թող չմոտենա՛ն: Ինձանից հաստատ խանձահոտ է փչում:
Անհաշվելի են զառանցանքները: Ես երբեք հավատ չեմ ընծայել պատմությանը և մոռացության եմ տվել սկզբունքները բոլոր: Բայց այդ մ,ասին ես պիտի լռեմ, թե չէ բանաստեղծներն ու բանդագուշակները նախանձից կպայթեն: Ես բյուր անգամ ամենահարուստն եմ. ուրեմն ծովի նման անկշտում լինենք:
Ա՜հ, կյանքի ժամացույցը հենց նոր կանգնեց: Այլևս այս աշխարհում չեմ: – Աստվածաբանությունը լուրջ բան է, դժոխքը, անշուշտ ամենաներքևում է, – իսկ երկինքը` վերևում:- Զմայլանք, մղձավանջ, նինջ բոցերի որջում:
Որքա՜ն դավեր կան շուրջս եղած սիրալիրության մեջ… Սատանան` Ֆերդինանը, վազում է որոմնահատիկ շաղ տալով… Հիսուսը քայլում է ծիրանագույն մացառների միջով, չճկելով ոչ մի ցողուն… Հիսուսը քայլում էր ջրերի վրայով: Լապտերը մեզ ցույց կտա նրան` հոտնկայս, ճերմակափառ ու թուխ մազափնջերով, զմրուխտե ալիքի ամենաբարձր շեղբին:
Ես քողազրկելու եմ խորհուրդները բոլոր` կրոնական թե բնական, մահվան թե ծննդի, ապագայի, տիեզերագոյացման և անէության: Ես ուրվատեսիլների մեծ վարպետ եմ:
Լսեցե՛ք…
Ես օժտված եմ բոլո՛ր տաղանդներով:- Այստեղ ոչ ոք չկա, և կա ինչ-որ մեկը. ես չէի ցանկանա շռայլել գանձերս:- Ուզո՞ւմ եք երգեր նեգրական կամ հուրիների պարեր: Ուզո՞ւմ եք չքվեմ, սուզվեմ մատանին փնտրելու: Ուզո՞ւմ եք: Ես ոսկի կստեղծեմ, դեղամիջոցներ:
Դե, ուրեմն, վստահեք ինձ, հավատը թեթևացնում է, առաջնորդում և բուժում: Բոլո՛րդ եկեք,- նույնիսկ ամենափոքր երեխաները,- եկե՛ք ձեզ մխիթարեմ, սի՛րտս նվիրեմ ձեզ,- այս հրաշալի՜ սիրտը,- Խե՛ղճ մարդիկ, աշխատավորնե՛ր: Ձեզնից աղոթքներ չեմ պահանջում. միայն ձեր վստահությամբ ես կլինեմ երջանիկ:
- Եկե՛ք խորհենք իմ մասին: Ես շատ քիչ եմ ափսոսում աշխարհի համար: Բախտս բերել է, որ այլևս չեմ տառապում: Կյանքս անցավ անուշ խենթություններով, ցավալի է:
Պա՜հ, եկեք անենք բոլոր հնարավոր ծամածռությունները:
Հաստատ մենք աշխարհից դուրս ենք: Այլևս ոչ մի հնչյուն չեմ լսում և չեմ շոշափում ոչինչ: Ա՜խ, իմ դղյա՜կ, իմ Սաքսոնիա՜, ուռիների իմ անտա՜ռ: Երեկոներ, առավոտներ, գիշերներ, ցերեկներ… Հոգնա՜ծ եմ:
Հարկ է ունենալ զայրույթի իմ դժոխքը, գոռոզության իմ դժոխքը,- և փայփայանքի իմ դժոխքը` դժոխքների մի իսկական նվագահանդես:
Մեռնում եմ հոգնությունից: Գերեզմանում եմ, գնում եմ ճիճուների մոտ, օ՜, սահմռկեցուցիչ սարսափ: Այ Սատանա՛, խեղկատա՛կ, դու ուզում ես ինձ հալեցնել քո հմայիլներով: Ես պահանջում եմ: Ես պահանջում եմ եռաժանու մի հարված, մի կաթիլ կրակ:
Ա՜խ, նորից կյանք վերադառնայի: Հայացք նետեի մեր տձևություններին: Այս թույնը, այս համբույրը թող հազա՛ր անգամ նզովյալ լինի: Իմ թուլությունը և աշխարհի դաժանությունը: Աստվա՛ծ իմ, գթա՛ ինձ պաշտպանի՛ր, ես շատ վատ եմ:- Ես պաշտպանված եմ և անպաշտպան:
Եվ բարձրանում է կրակը դատապարտյալի հետ միասին:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic