Մենք մեր հայրենիքի մի մասն ենք` չարաղետ փոթորիկներից շպրտված հեռու… Ես մերհայրենիքն եմ երազում, եւ կարծես հայկական դարավոր մի ոգի շարժում է ձեռքս` մեր հայրենիքից հեռու ստեղծելու Խորգոմի պարտեզները, ցորենի դաշտերի ու բանջարանոցների ուրվապատկերները:
Մեր գեղեցիկ Հայաստանը, որը մենք կորցրինք, եւ որը ես կվերագտնեմ իմ արվեստում: Հայկական ոգին է միշտ խոսում իմ նկարներում: Ամբողջ աշխարհի համար ես իմ վրձնով կվերածնեմ Հայաստանը, ու երբ մենք, ինչպես բոլորը, փոշի դառնանք, մարդիկ կասեն. «Հայոց լեռների որդի` նա իր համեստ ավանդը ներդրեց համաշխարհային մշակույթի զարգացման գործում»:
***
Ես նկարում եմ հայկական գութանները, որոնցով վարում էինք Ադոյանների դաշտերը… Չես կարող պատկերացնել ձեւերի այն հարստությունը, որն ունի հայկական գութանը… Գութանը պետք է լինի խորգոմցու իսկական գերեզմանաքարը: Ես զգում եմ մեր այգու ծիրանների տաք բույրը, եւ նրանք իմ մեջ արթնացնում են անցյալի հուշը: Իսկ երգերը, հայ ժողովրդի, մեր տառապած ժողովրդի հինավուրց երգերը… Հենց սա էլ ես նկարում եմ… Որքան ձեւեր, որքան ուրվագծեր ու գաղափարներ, մի իսկական գաղտնի գանձարան, որ ստեղծագործական անսպառ աղբյուր կարող է ծառայել:
Թարգմանությունը՝ Աշխեն Քեշիշյանի
0 comments:
Post a Comment