Նկարում՝ Օրհան Փամուկ
Թուրքերենը սկիզբ է առնում օղուզերենից` արեւելաթուրքական ցեղերի լեզվից, որոնք բնակվում էին Կենտրոնական Ասիայում, իսկ այնուհետեւ` 8-10 դարերում, ույղուրների կողմից քշվել են արեւմուտք: Օղուզները գրի համար օգտագործել են թյուրքական ռունագրերը: Թուրքական ֆոլկլորի մեջ պահպանվել են մինչ իսլամական առասպելներ աշխարհի արարման եւ մարդու ծագման մասին, ինչպես հերոսական էպոս-ցիկլ «Օղուզ նամեն»:Օղուզները կամ արեւելյան թուրքերը իսլամի հետ առնչվեցին 10-րդ դարում: Այդ շրջանում օղուզները փոխառում են արաբական գիրը` հավելելով առանձին նշաններ պարսկերենից:
Իսլամի ընդունումից հետո օղուզական էպոսում հայտնվում են նոր ձեւեր` «Դեդե Քորքուդի» մասին ցիկլը, 13-րդ դարում` լեգենդ-ցիկլերը, որոնք ունեին պատմական հիմք, «Քյոր օղլու»-ի մասին դեսթանները (էպիկական ասքերը), ռոմանտիկ պատմվածքները` հիկյայեները, պարզունակ գրականության գործեր, կախարդական, կենցաղային եւ հումորային հեքիաթներ ու առածներ Հոջա Նասրեդինի մասին, կենդանիների մասին, առակներ, ասացվածքներ, հանելուկներ, հայտնի չաստուշկաները` մանիները, երգեր` «թյուրքյուի քոշմա» (լիրիկական) եւ հուլի թաշլամա (ողբերգական):
Թուրք-սելջուկների առաջին հանրապետությունում` Ռումում, շրջանառվում էր մի քանի լեզու. արաբերենն օգտագործվում էր կրոնական եւ գիտական տեքստեր գրելու համար, ֆարսին, որը բնորոշ էր պալատական պոեզիայի համար, եւ թուրքերենը` որպես ամենօրյա շփման եւ ժողովրդական բանավոր արվեստի լեզու:
Օսմանյան կայսրության հիմնադրման եւ ամրապնդման ժամանակաշրջանում` 13-15-րդ դդ., հայտնվում են, այսպես կոչված, առաջին հին անատոլիական գրականության գործերը թուրքերենով: Դա պարսկական, արաբական եւ թուրքական դասական ոճերի խառնուրդ էր, որտեղ ժանրերից գերակշռում էր պոեզիան: Պոետական ստեղծագործությունների մեջ նկատվում էր վանկային եւ վանկաշեշտային տաղաչափության կոնֆլիկտ, որը բնորոշ էր թուրքական ժողովրդական խոսակցական ձեւին եւ արտահայտված էր բանահյուսության եւ արաբապարսկական արուզ տաղաչափության մեջ, եւ որը իշխել է թուրքական պոեզիայի մեջ վեց դար շարունակ:
Առաջին պոետները, ովքեր գրել են թուրքերենով, եղել են սուֆի պոետներ Ահմեդ Ֆաքիհը (մոտ 1250 թ.)` «Ճակատագրի գրքի» հեղինակը, նրա աշակերտ Շեյադ Համզան` «Յուսուֆ եւ Զելիհա» պոեմի հեղինակը: Պոետ-դերվիշ Յունուս Էմրեն (1240-1320 թթ.) հայտնի էր իր զգացմունքային եւ ոգեշնչող ոտանավոր-հիմներով, որոնցում արտահայտվել են նրա ազատասիրական եւ ընդդիմադիր հայացքները` կրոնամիստիկական շղարշով: Թուրքերենով մի քանի բանաստեղծություն ունեն նաեւ պարսիկ սուֆի պոետ Ջելալեդդին Ռումին (1207-1273 թթ.) եւ նրա որդին` Սուլթան Վելեդին (1226-1312 թթ.): Այդ ժամանակաշրջանի առավել նշանակալի ստեղծագործությունը Աշըք Փաշայի «Թափառաշրջիկի գիրքը» (1330 թ.) պոեմ-մեսնեվին է:
14-15-րդ դդ. թուրքական գրականություն են մտնում նոր ժանրեր` ռոմանտիկ մեսնեվին` բանաստեղծության տեսքով վեպեր` Նիզամիի խամսայի սյուժեների հիման վրա: Նրանցից առավելապես հայտնի են Յուսուֆ Սինան Շեյհիի (1371-1431) «Խոսրով եւ Շիրինը», ինչպես նաեւ երգիծական «Պոեմ ավանակի մասին»-ը, որտեղ խոսքը գնում է ավանակի մասին, որը գնացել էր պոզեր որոնելու, իսկ վերադարձել էր առանց ականջների: Որոշ ժամանակ պալատական պոեզիայի զարգացումն ընթանում էր ոճի բարդացման եւ մակդիրների ու համեմատությունների կուտակման ճանապարհով: 15-17-րդ դդ. շարունակվում է դասական ձեւերի յուրացումը, անվերջ տարափոխվում են ստանդարտ հնարքներն ու կերպարները: Առաջին ամբողջական խամսայի հեղինակը թուրքերենով Համդի Չելեբին է (1449-1503 թթ.): Ավելի ուշ թուրք գրականության մեջ հայտնվեցին բազում տարբերակներ, որոնցից շատերը, ի տարբերություն բնօրինակի, հագեցած էին էպիկուրյան մոտիվներով: Գոյություն ունեցող ավանդույթների շրջանակում ժամանակակից կյանքը փորձել են արտահայտել Ահմեդ Փաշան (մահացել է 1497 թ.), Նեջաթին (մահացել է 1509 թ.), Մեսիհին (1470-1512 թթ.), Մահմուդ Աբդուլ Բաքին (1526-1600 թթ.), որը գրում էր նրբագեղ գազելներ` նմանակելով Հաֆիզին: Միհրի Հաթունի դիվանի ոտանավորներում (1456-1514 թթ.), որը դատավորի աղջիկ էր, հնչում է անձնական բողոք` ուղղված միջնադարյան հասարակության մեջ կնոջ դիրքին, սակայն ձեւով նրա պոեզիան պահպանել է սուֆիական ավանդույթները:
17-րդ դարի սկզբից ավելի ու ավելի հաճախանում են երգիծական եւ դիդակտիկ ստեղծագործություններըՙ ուղղված վերնախավին եւ արատների մեջ թաղված իշխանավորներին. վերջինների վրեժխնդրությունը հարուցելով: Այսպիսով, երգիծաբան Օմեր Նեֆին (1572-1634 թթ.), որը հայտնի է «Ճակատագրի նետերը» երգիծական ժողովածուով, մահապատժի ենթարկվեց իրենից վիրավորված վեզիրի կողմից: Յուսուֆ Նաբիի (1642-1712 թթ.) «Հայրիյե» մեսնեվիի մեջ նկարագրված է կաշառակերների եւ գանձագողերի երեսպաշտությունը: Ալլաեդդին Սաբիթը (1650-1712 թթ.) իր «Հառնում» պոեմի մեջ առաջին անգամ հումորային երանգներով նկարագրեց Մուհամեդ մարգարեի ճախրանքը յոթ երկնոլորտներում:
18-րդ դարում շարունակում են զարգանալ պալատական պոեզիայի ժանրերը: Պոետ Ահմեդ Նեդիմը (1681-1730 թթ.), նմանակելով թուրքական ժողովրդական երգերը, ստեղծեց նոր պոետական ձեւ` շարքը (երգ):
19-րդ դարի սկզբին թուրքական գրականության մեջ նկատվում է լճացում: Որոշ պոետներ (Վասըֆ Էնդերունլու, Իզզեթ Մոլլա) ձգտում են պոեզիան մերձեցնել կյանքին` ընդլայնելով բանաստեղծության թեմատիկան, խոսակցական տարրերով հարստացնելով պոետական լեզուն:
19-րդ դարի կեսերը Օսմանյան կայսրությունում նշանավորվեցին լայնամասշտաբ ռեֆորմիստական ծրագրի` թանզիմաթի (արաբ. թանզիմաթ-կարգավորում) անցկացմամբ, որը նշանավորվեց ֆեոդալական մշակույթի կողմնակիցների պայքարով մի կողմից եւ հրապարակախոսների ու գրողների պայքարով, որը քարոզում էր բուրժուական լուսավորչական գաղափարներ, մերձություն իրական կյանքին եւ քննադատում էր ֆեոդալական բռնապետությունըՙ մյուս կողմից: Այս ժամանակաշրջանը անցումային էր թուրք գրականության համար. արագ եւ կտրուկ անցում է կատարվել միջնադարյան ավանդույթներից դեպի նոր ժամանակների գրականություն:
Թանզիմաթի շրջանի գրականությունն ընկալեց նոր ռեֆորմատորական հովերը եւ հանդիսացավ նրանց ռահվիրան` միավորելով եվրոպական մշակութային ավանդույթները թուրքերենի ժողովրդական ձեւի հետ: Թուրք գրականագետների եւ ընթերցողների շրջանում աննկարագրելի հետաքրքրություն առաջացրին դեպի եվրոպական, հատկապես ֆրանսիական գրողների ստեղծագործությունները. նրանց ազդեցությունը նոր թուրքական գրականության զարգացման վրա վիթխարի է: Ֆրանսիական գրականության ազդեցությամբ առաջանում են նոր ժանրեր` նովել, վեպ` պատմական, արկածային, սոցիալական: Արեւմտյան միտումները նկատվում էին ամբողջ 19-րդ դարի ընթացքում եւ իրենց գագաթնակետին հասան Առաջին համաշխարհային պատերազմից առաջ:
Պոետ Իբրահիմ Շինասին (1826-1871 թթ.), որը նախահեղափոխական տարիներին ուսանել էր Փարիզում, դարձավ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ լրագրողը. հրատարակում էր թերթ, հանդիսացավ առաջին թուրքական դրամատիկական ստեղծագործության` «Պոետի ամուսնությունը» (1860 թ.) կատակերգության հեղինակը: Սյուժեով այս կատակերգությունը հիշեցնում էր Մոլիերի «Ակամա ամուսնությունը», սակայն բոլոր տիպերը, սովորույթները, ժողովրդական լեզուն վերցրած էին թուրքական կյանքից: Խոսքը ավագ դստեր հետ ամուսնության մասին էր սիրահարված կրտսեր դստեր փոխարեն:
Նամըք Քեմալը (1840-1888)` «Նոր օսմաններ» (1865 թ.) կազմակերպության գաղափարախոսը, որը պայքարում էր Թուրքիայում սահմանադրական միապետության հաստատման եւ բուրժուական ռեֆորմների իրականացման համար, ապրում էր վտարանդիության մեջ, Ֆրանսիայում եւ Անգլիայումՙ սուլթանի հետապնդումների պատճառով. մահացել է աքսորում: Որպես պոետ եւ գրող` կրել է Վիկտոր Հյուգոյի ռոմանտիկական գեղագիտության եւ լուսավորչական գաղափարների ազդեցությունը: Տարված էր թատրոնով, գնահատում էր նրա դաստիարակչական ներգործությունը, կենցաղային եւ հայրենասիրական պիեսների հեղինակ էր («Խեղճ մանկիկը», 1873, «Գյուլնիհալը», 1875, «Հայրենիք կամ Սիլիստրիա», 1873, «Ջելալեդդին` Խորեզմի շահ», 1885, «Ալի բեյի արկածները», 1876), ինչպես նաեւ հեղինակն էր առաջին կենցաղային եւ պատմական վեպերի:
Թանզիմաթի գրականության առաջադիմական ուղղվածությունը, որում գրողները դեմ էին դուրս գալիս բռնապետությանը, անձի հարստահարումներին, զուգակցվում էր պանիսլամիստական եւ պանթյուրքիստական գաղափարների քարոզչության հետ: Թանզիմաթի շրջանի մյուս գրողներն են Ահմեդ Միդհատը (1844-1913), Շամսեթթին Սամին (1850-1904): Ահմեդ Միդհատը նովելի ժանրի հիմնադիրն է, դրամատուրգ եւ արձակագիր, ով հեղաշրջել է թուրքերենը` մերձեցնելով այն ժողովրդականին: Ավելի քան քառասուն վեպի հեղինակ է, որոնցից շատերը նվիրված էին բռնի ամուսնությունների թեմային, վերապրուկներին, որոնք դժբախտացնում էին մարդկանց կյանքը, Արեւմուտքի առջեւ կուրորեն խոնարհվելու թեմային` «Ստրկություն», «Ամուսնություն», «Էֆլաթուն բեյ եւ Ռաքըմ էֆենդին», «Կամավորը»:
19-րդ դարի երկրորդ կեսին Վիկտոր Հյուգոյի, Ալֆրեդ Մյուսսեի ազդեցության ներքո թուրքական գրականության մեջ հայտնվում են գրողներ, որոնք որոնում են լիրիկական թեմայի նոր սյուժեներ` դիմելով հերոսների ներաշխարհին. այդ գրողներից են Աբդուլհակ Համիդ Թարխանը (1852-1937 թթ.) եւ Ռեջաիզադե Էքրեմը (1847-1913 թթ.): Նախկին դիվանագետ, պոետ եւ դրամատուրգ Աբդուլհակ Համիդ Թարխանի պիեսների գործողությունները հաճախ տեղի են ունենում Հնդկաստանում, Աֆղանստանում եւ ուրիշ երկրներում, որոնց կյանքին նա լավ ծանոթ էր: Նրան հետաքրքրում էր հերոսների վարքագիծը սիրո եւ պարտքի միջեւ ընտրության պահին («Հնդկաստանի դուստր Նեստերենը»), զավթողի եւ պարտվողների հոգեբանությունը («Էշբեր»): Նրա բանաստեղծություններում առաջին անգամ հայտնվում է կյանքի հատակն ընկած կնոջ ապաշխարանքի թեման:
Թանզիմաթի ժամանակաշրջանում լույս են տեսնում առաջին գրականագիտական հոդվածներն ու աշխատությունները, ժողովրդական բանահյուսության ժողովածուները: Երկրում մտցվեց գրաքննություն, իսկ գրականության մեջ տարածվեցին միստիկական տրամադրություններ: Նոր թուրքական գրականության կայացման մեջ մեծ դեր խաղացած «Սերվեթ ի ֆյունուն» հանդեսի գրողների շրջանում տարված էին ֆրանսիական հեղինակներով` Զոլայով, Մոպասանով, Գոնկուր եղբայրներով, Ստենդալով, Բալզակով (այդ գրողներից էին Թեվֆիք Ֆիքրեթը (1867-1915 թթ.), Նազըմ Նաբիզադեն (1862-1893 թթ.), Հյուսեին Ռահմի Գյուրփընարը (1864-1944 թթ.): Պոետ Թեվֆիք Ֆիքրեթի վաղ շրջանի ստեղծագործությունները հագեցած էին ռոմանտիկ տխրության մոտիվներով: Նրա պոեզիայում հայտնվում են քաղաքացիական մոտիվներ եւ կարեկցանք հասարակ մարդկանց նկատմամբ: Հյուսեին Ռահմի Գյուրփընարը, որը քննադատական ռեալիզմի հիմնադիրներից էր, հեղինակՙ 35 վեպի, պիեսի, պատմվածքների ժողովածուների, քննադատական հոդվածների. 1935-1943թթ. եղել է մեջլիսի պատգամավոր: Իր առավել հայտնի վեպերում` «Հայելի կամ շքեղություն» (1888 թ.), «Տնային դաստիարակչուհին» (1898 թ.), «Չլսված բան» (1919 թ.), «Ճակատագրի քմահաճույքը» եւ այլուր իրատեսորեն նկարագրում է թուրք հասարակության արատները` խոնարհումը Արեւմուտքի առաջ, պաշտոնյաների ագահությունը, նահապետական ընտանիքի քայքայումը, հայրերի եւ որդիների բախումը եւ այլն: Գրողը կարծում էր, որ արատների նկարագրությունն ունակ է խղճմտանք առաջացնել իշխանավորների մոտ եւ նրանց դրդել ինքնակատարելագործման:
Բովանդակությամբ եւ ձեւով եվրոպական ստեղծագործություններին առավել մոտ են Ուշաքլըգիլի (1866-1945 թթ.), Մեհմեդ Ռաուֆի (1875-1931 թթ.), Հյուսեին Ջահիդ Յալչընի (1874-1957 թթ.) եւ ուրիշների վեպերն ու պատմվածքները: Նրանք արծարծում էին նոր թեմաներ, քննադատում էին իշխանավորների այլասերվածությունը, փողի ազդեցությունը մարդկային հարաբերությունների վրա:
1900-ականների սկզբին գրական լճացման շրջանից հետո Թուրքիայում սկսվեց հասարակական ինքնագիտակցության վերելք, որն ավարտվեց երիտթուրքերի հեղափոխությամբ, 1908թ.: Գրականության մեջ զարգանում են իրատեսական միտումներ, աշխուժանում է տարբեր գրական ուղղությունների պայքարը: Դեմոկրատացման կողմնակիցները կարծում էին, որ թուրքերենը պետք է պարզեցվի եւ մաքրվի օտար բառերից: Սա հանգեցրեց նախկին պոետական ձեւերից եւ տաղաչափությունից հրաժարվելուն, որն իր արտացոլումը գտավ Մեհմեթ Էմին Յուրդաքուլի «Թուրքերեն բանաստեղծություններ» ժողովածուի մեջ` գրված ժողովրդական պոեզիայի չափով` հեջեով: Սակայն հետագայում Մեհմեթ Էմինի թեմաները` պատերազմ եւ Թուրան (բոլոր թյուրքերի առասպելական հայրենիքը), սկսեցին համառորեն կրկնվել նրա հաջորդների ստեղծագործություններում, որոնք իրենց արվեստը կառուցում էին ազգայնամոլական տրամադրությունների շահարկման վրա:
Պոետական հռետորաբանության վանկային կատարելագործման եւ այն ժամանակակից դարձնելու հարցում փորձեր էին կատարում պոետներ Օրհան Սեյֆի Օրհոնը (1890-1972 թթ.), Յուսուֆ Զիյա Օրթաչը (1895-1967 թթ.), Ֆարուք Նաֆիզ Չամլըբելը (1898-1973 թթ.), Հալիդ Ֆահրի Օզանսոյը (1891-1971 թթ.): Մյուս կողմից, նախկին ձեւերի եւ ավանդական արուզ չափի պահպանման նպատակով, որը հարմարեցված էր թուրքերենի նոր պահանջներին, հանդես էին գալիս խոսքի այնպիսի խոշոր վարպետներ, ինչպիսիք էին Ահմեդ Հաշիմը (1885-1933), որը տարված էր ֆրանսիական սիմվոլիստներով ե՛ւ Յահյա Քեմալ Բեյաթլըն (1884-1958), որը բանաստեղծականացրել էր Օսմանյան կայսրության անցյալը: 20-րդ դարի սկզբին թուրքական արձակում զարգանում են իրատեսական միտումներ: Գրողների ուշադրությունը հրավիրում է գավառական կյանքը: Այդ գրողներից էին Ռեֆիք Հալիդ Քարայը, Աքա Գյունդյուզը, Հյուսեին Ռահմի Գյուրփընարը (1864-1944 թթ.), Օմեր Սեյֆեդդինը (1884-1920): Անատոլիայի հասարակ բնակիչների նրանց նկարագրությունը կարճառոտ է, կոնկրետ, բովանդակալից եւ քննադատական: Երգիծաբան Օմեր Սեյֆեդդինի նովելներն ազդեցություն են թողել հետագա տասնամյակների արձակի զարգացման վրա: Նրա արվեստում, ինչպես եւ նրա հետեւորդների, պարզ երեւում են ազգայնամոլական տրամադրությունները` Հալիդե Էդիփ Ադըվարի (1884-1964 թթ.) «Նոր Թուրան» վեպը եւ Քարաօսմանօղլուի (1885-1974 թթ.) «Վերջին երեկոն»:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան օկուպացված էր օտար զորքերով (ֆրանսիական եւ անգլիական): Գրական ամսագրերում, որոնք գտնվում էին կրկնակի գրաքննության տակ` օկուպացիոն եւ սուլթանական, տպագրվում էին սալոնային բնույթի ստեղծագործություններ:
1920-ական թվականներին Անատոլիայում ձեւավորվում է օտարերկրյա ռազմական ներկայության դեմ շարժման կենտրոն: Թերթերում հայտնվում են դիմադրության կոչեր օտարերկրյա զավթիչների դեմ: Անատոլիայի համար պայքարը վերաճում է Թուրքիայի ինքնուրույնության պայքարի: Գրականագետների առավել ակտիվ մասը միանում է անատոլիական կենտրոնին: Շատ գրողներ մասնակցություն են ունեցան այսպես կոչվածՙ Թուրքիայի ազգային-ազատագրական պատերազմին, որը մեծ արձագանք գտավ գրականության մեջ այն բանից հետո, երբ 1923թ. Թուրքիան հռչակվեց հանրապետություն: Հայտնի են Հալիդե Էդիփ Ադըվարի, Ռեշաթ Նուրի Գյունթեքինի վեպերը, Յաքուփ Քադրիի «Սոդոմ եւ Գոմոր» (1928 թ.) վեպը եւ Աքա Գյունդյուզի «Երկնագույն կայծակ» (1933 թ.) պիեսը: Կին գրող Հալիդե Էդիփ Ադըվարը (1884-1964 թթ.) պանթյուրքիստական շարժման ակտիվ գործիչ էր, մեջլիսի պատգամավոր: Իր հայտնի վեպերում` «Կրակե վերնաշապիկ» (1922 թ.), «Սպանե՛ք անառակ կնոջը» (1926 թ.), նա նկարագրում էր մարդկային ճակատագրերի եւ սիրո անակնկալ փոփոխությունները ազգային-ազատագրական պատերազմի, դավաճանության ֆոնի վրա: Վիպագիր եւ դրամատուրգ Ռեշաթ Նուրի Գյունթեքինը (1892-1956) նույնպես գրում էր պատերազմական, ազգային-ազատագրական թեմաներով («Կանաչ գիշեր» վեպը, «Մեկ գիշերվա ողբերգություն» պիեսը), այն մասին, թե որքան դժվար է իրականացնել բարձր երազանքները եւ հետեւել բարոյականության պատվիրաններին կապիտալի աշխարհում («Խարան», «Տերեւաթափ» վեպերը, «Զղջացե՛ք» պատմվածքը):
Քանի որ վերջին դարերի ընթացքում թուրքերենը ենթարկվել էր պարսկերենի եւ արաբերենի զգալի ազդեցությանը (փոխառյալ բառերի քանակը հասնում էր մինչեւ 20 տոկոսի), Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո` 1923 թ., զարկ էր տրվել փոխառյալ օտար բառերը բուն, նախասկզբնական թուրքական բառերով փոխարինելու գործընթացին: 1926թ. սկզբին երիտթուրքական հեղափոխության առաջնորդ Քեմալ Աթաթուրքը մասնակցեց Բաքվում անցկացվող թուրքագետների կոնգրեսին, որի ժամանակ պահանջ հնչեց ստեղծելու թյուրքական լեզուների համար այբուբեն լատինականի հիման վրա: 1928 թ.-ից սկսած թուրքերենի համար սկսեց օգտագործվել լատինական տառաձեւի տարբերակը, որը Աթաթուրքի պահանջով ստեղծեց հայազգի Հակոբ Մարթայանը (Դիլաչարը), եւ որի մշակման հարցում Աթաթուրքը մասնակցություն ունեցավ: Բառերի նոր գրության, ինչպես նաեւ լեզվի ընդհանուր ռեֆորմի համար հիմք հանդիսացավ Ստամբուլի բարբառը:
1932թ. ստեղծվեց «Թուրքական լեզվի կազմակերպությունը», որը պետք է զբաղվեր թուրքերենի վերաթուրքացման եւ ժամանակակից դարձնելու հարցերով: Այդ գործընթացը շարունակվում է մինչեւ օրս, քանի որ թուրքերենում կարելի է հանդիպել ոչ միայն արաբա-պարսկական ծագման բառերի, այլեւ եվրոպական ծագման, առաջին հերթին` ֆրանսիական, որոնք լեզվում հայտնվել են 20-րդ դարում:
1923թ.-ից թուրք գրողներն ու գրականագետները լրջորեն մտածում էին Թուրքիայի ապագայի խնդրի մասին, թե ի՛նչ ճանապարհով այն կգնա քեմալական հեղափոխությունից հետո: Առաջին ճանապարհը ազգային միավորումն էր, որի ժամանակ ենթադրվում էր, որ ինքնըստինքյան կվերանան հիմնական դասակարգային հակասությունները, իսկ ուժերը պետք է կենտրոնացնել կրթության եւ ժողովրդի ընդհանուր մշակութային մակարդակի բարձրացման, քարածացության եւ հետադիմական տրամադրությունների ու ավանդույթների հաղթահարման վրա: Այսպիսի դիքորոշում, որն ընկած էր 1908թ. հեղափոխության հիմքում, ունեին գրողներ Յաքուփ Քադրին, Հալիդե Էդիփը, Մեհմեդ Ռաուֆը:
Մյուս ճանապարհը ենթադրում էր անխուսափելի դասակարգային պայքար` ուղղված պաշտոնյաների կամայականությունների, կաշառակերության, գործազրկության, դասակարգային շերտավորման դեմ, քանի որ բուրժուական բարեփոխումները չէին շոշափում այս «հավերժական» հասարակական հակասությունները: Այս դիրքորոշմանն առավել մոտ էին Սադրի Էրթեմը (1900-1943 թթ.), որը թուրք գրականության մեջ առաջին իրատեսական սոցիալ-պատմական «Երբ կանգ են առնում ճախարակները» (1931 թ.) վեպի հեղինակն էր. այն պատմում էր թուրք արհեստավորների 19-րդ դարի երկրորդ կեսի խռովությունների մասին, ինչպես նաեւ Ռեշաթ Էնիս Այգենը (1909-1984 թ.) եւ Սաբահաթթին Ալին (1907-1948 թթ.): Իր` «Յուսուֆը Քույուջաքից» (1937 թ.) պատմվածքի եւ «Ապակե դղյակ» (1947 թ.) նովելների ժողովածուի մեջ Սաբահաթթին Ալին նկարագրում է, թե ինչպես է հասարակ մարդու մեջ ձեւավորվում բողոք գոյություն ունեցող իրերի դրության նկատմամբ, եւ հանգում է հեղափոխական պայքարի անհրաժեշտության գաղափարին: Կապիտալիստական հասարակության մեջ մարդու ճակատագրի թեման շոշափվում է նաեւ Նազըմ Հիքմեթի «Վերք», «Մոռացված մարդը» (1935 թ.) եւ Մուսաինզադե Ջելալ Սելմայի պիեսներում (1936 թ.):
Հեղափոխական բարեփոխումների համոզված կողմնակից գրողների շրջանում առավել վառ դեմք էր Նազըմ Հիքմեթ Ռանը: Նրա արվեստը եւ իր գաղափարների իրականացման համար պայքարի ճանապարհը նրան բերեցին քաղաքական վտարանդիության դեպի Խորհրդային Միություն: Նա թուրք գրականության ամենահամարձակ բարեփոխիչներից մեկն էր. պոեզիա էր մտցնում ավանգարդային, աններդաշնակ ռիթմեր: Նա մեր օրերում էլ է համարվում թուրք գրականությանում մի ողջ պոետական ուղղության հիմնադիր: Գրության հռետորական ձեւը եւ պաթետիկությունը, որը բնորոշ էր նրա արվեստի վաղ շրջանին, ավելի ուշ իրենց տեղը զիջեցին խորը քնարականությանը: Գոյություն ունեն շատ երգեր` գրված Հիքմեթի բանաստեղծություններով: Նրա կյանքի ճանապարհին նվիրված են գրքեր, հետազոտություններ, հիշողություններ: Հիքմեթի ստեղծագործությունները թարգմանված են աշխարհի շատ լեզուներով, նրա պիեսները ցուցադրվում են Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի թատրոններում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի գրեթե սկզբում Թուրքիայում ակտիվանում են ագրեսիվ ազգայնամոլական տրամադրությունները, իրենց գործունեությունն են ծավալում ամենատարբեր պանթյուրքիստական կազմակերպություններ: Առաջադեմ գրողները կոչ են անում պայքարել ֆաշիզմի դեմ: «Մեր միջի սատանան» (1940 թ.) վեպում Սաբահաթթին Ալին պատմում է թուրք մտավորականության ճակատագրի մասին, նկարագրում է պանթյուրքիստական գաղափարների մոլի հետեւորդների եւ թուրք ֆաշիստների արտահայտիչ կերպարները: Այն ժամանակ, երբ թուրքական հասարակությունը կաթվածահար էր գալիք իրադարձություններից, երեք պոետ` Օրհան Վելի Քանըքը (1914-1950), Մելիհ Ջեվդեթ Անդայը (1915-2002) եւ Օքթայ Ռիֆաթ Հորոզջուն (1914-1988)` «Եռոտանի» խմբից, իրենց «Տարօրինակ» գրքում (1941 թ.) հանդես են գալիս գրական «Երեքի մանիֆեստով»: Նրանք կոչ են անում պոեզիայի հերոս դարձնել աշխատավոր մարդուն, գրել քաղաքի եւ գյուղի հանրամատչելի լեզվով, հրաժարվել հանգից եւ չափից: Նման մոտեցումը, ինչպես նաեւ Նազըմ Հիքմեթի արվեստը, կանխորոշեցին հետպատերազմյան թուրք գրականության որոնումները:
Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձը հերթական անգամ առիթ հանդիսացավ ազգային-ազատագրական պայքարի ընկալման հարցի շուրջ բանավեճերի: 1941-1946թթ. բանտում Նազըմ Հիքմեթը գրում է «Ազատագրական պայքարի մասին դեսթան» հերոսապատումը` ուղեկցելով այն Վ.Ի.Լենինի «Վելիկոռուսների ազգային հպարտության մասին» աշխատության թարգմանությամբ: Նույն թեմային են նվիրված Քեմալ Թահիրի (1910-1973 թթ.) «Գերեվարված քաղաքի մարդիկ» (1958 թ.) եւ «Հոգնած մարտիկը» (1965 թ.):
1940-ականների վերջին 1950-ականների սկզբին թուրք գրականության մեջ հայտնվում է նոր հերոս` մտավորականը, որը գնացել է գյուղ` օգնելու գյուղացիներին դիմագրավելու կալվածատերերի ապօրինություններին եւ հոգեւորականությանը: Սովորաբար, այդպիսի հերոսները պարտություն են կրում անհավասար պայքարում, սակայն սերմերը, որ նրանք գցում են ժողովրդական գիտակցության մեջ, ինչպես ենթադրում էին հեղինակները, պետք է լավ հետեւանքներ ունենան: Այդ թեմային են նվիրված Մահմուդ Մաքալի (ծնվ.1923 թ.) «Գյուղական ուսուցչի գրառումները» (1948 թ.) եւ «Մեր գյուղը» վեպերը, Յաշար Քեմալի (ծնվ.1922 թ.) «Լղար Մամեդը եւ թիթեղատուփը» (1955 թ.), Օրհան Հանչերլիօղլուի «Մութ աշխարհը» (1951 թ.), Ֆաքիր Բայքուրթի (1929-1999 թթ.) «Օձերի վրեժը» (1959 թ.):
1960-ականների թուրքական պոեզիայի մեջ նկատվում էր երկու միտում` բառերի եւ չափի ձեւապաշտական փորձարկումներ (Իլհան Բերք, 1916-2008 թթ.) եւ քաղաքացիական լիրիկա, որը շարունակում էր դեմոկրատական ավանդույթները (Ֆազիլ Հյուսնյու Դաղլարջա, Բեհչեթ Նեջաթիգիլ, Բեդրի Ռահմի Էյուբօղլու, Զիյա Օսման Սաբա): Նման միտումներ զարգանում էին նաեւ արձակի մեջ, որը հակված էր մոդեռնիստական փորձերինՙ տեղի ունեցողը նկարագրել «կողմնակի դիտորդի» դիրքորոշումից: Դեմոկրատական կուսակցության տասնամյա կառավարումից հետո` 1950-1960թթ., որն ավարտվեց պետական հեղաշրջմամբ, սկսեց զարգանալ, այսպես կոչված, «հուսահատության գրականությունը», որը լի էր տխրության մոտիվներով, ինչպեսՙ Վեդաթ Թյուրքալիի «Ինքդ քեզ հետ միայնակ» (1955 թ.) վեպը:
Սակայն 1970-1990-ականների գրողների սերնդի արվեստի մեջ արդեն ավելի ակնհայտ էր հնչում երկրի ճակատագրի, քաղաքականության եւ տնտեսության հանգուցային խնդիրների լուծման համար պատասխանատվության թեման` գործազրկություն, կրոնական ֆանատիզմի, տարածքային հարցեր (Էրդալ Օզ, Բեքիր Յըլդըզ, Մեհմեթ Սեյդա, Մուզաֆֆեր Բույրուքչու, Թարըք Դուրսուն, Քեմալ Բիլբաշար (1910-1983), Մուհթար Քյորյուքչյու, Յաշար Քեմալ, Սամիմ Քոջագյոզ եւ ուրիշներ): Թուրքիայում հայտնի է Ազիզ Նեսինը (1915-1995), ում սուր երգիծական ստեղծագործություններում նկարագրված են հասարակական հրեշային հարաբերությունները:
1960-ական թթ. սկզբին սկսեց ակտիվորեն զարգանալ դրամատուրգիան, որը պարունակում էր սուր քննադատություն թուրք բյուրոկրատիայի հանդեպ (Չեթին Ալթանի` «Մեղավորները», Բիլգիների` «Պետությունը ես եմ» (1965 թ.), Էրդուրանի` «Մեկ կիլոգրամ պատիվ» (1958 թ.), Հալդուն Թաների` «Հայրենիքի փրկիչը» (1967 թ.) եւ այլոց պիեսները): Թուրքական դրամատուրգիայի մեջ առաջին անգամ Բրեխտի թատրոնի ոգու մեջ բեմադրվեց Թաների «Հեքիաթ Քեշանցի Ալիի մասին» (1974 թ.):
Արեւմուտքում առավել հայտնի է ժամանակակից թուրք վիպագիր Օրհան Փամուքը (ծնվ. 1952 թ.): Նրան համարում են դասական, նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 12 լեզվով: Իր` «Պարոն Ջեւդեթը եւ նրա որդիները» (1982), «Սեւ գիրք» (2002), «Ձյուն» (2002), «Ստամբուլյան վեպ» (2003), «Սպիտակ ամրոց» (2005) եւ այլ վեպերում Փամուքը շարունակում է եվրոպական վեպի լավագույն ավանդույթները. նրա ստեղծագործություններում միակցված են Արեւմուտքի եւ Արեւելքի փոխհարաբերությունների մասին մտորումները, պատմվածքներ լքած սիրեցյալի որոնումների մասին եւ Ստամբուլի ժամանակակից խայտաբղետ, հագեցած կյանքի նկարագրությունը: Գրողն արժանացել է շատ միջազգային պարգեւների եւ հանդիսանում է թուրքական գրականության «մրցունակության» կենդանի ապացույց համաշխարհային գրքի շուկայում:
Ինչպես ցույց է տալիս թուրքական գրականության պատմությունը, նախապես նրա կայացումը դանդաղ էր ընթանում, գրական փորձը կուտակվում էր աստիճանաբար: Սրընթաց անցումը դեպի նոր ժամանակի գրականություն տեղի ունեցավ 19-րդ դարում` Թանզիմաթի շրջանում, երբ Թուրքիայում հասարակությունը նշանակալի ջանքեր էր գործադրում հասարակության եւ տնտեսության բոլոր կողմերի բարեփոխման ուղղությամբ: Նման առաջընթացի կարեւորագույն բաղկացուցիչ եւ պայման հանդիսացավ լուսավորչական գաղափարների տարածումը եւ Թուրքիա-Եվրոպա միջազգային շփման փորձը: 19-րդ դարում եվրոպացիների հետ հարաբերությունների բնույթը փոխվում է. դրանք դառնում են ավելի խորը եւ բովանդակալից, որն իր արտացոլումը գտավ նաեւ մշակութային փոխանակման մեջ: Թուրքերն սկսեցին ակտիվորեն հետաքրքրվել արեւմտյան մշակույթով եւ գրականությամբ, մասնավորապես` ֆրանսիականով: Դրա շնորհիվ հաջողվեց ձեւափոխել միջնադարյան ավանդական գրականությունը:
Թուրքական գրականության առանձնահատկությունները նշանակալի կերպով պայմանավորված են երկրի աշխարհագրական մերձությամբ Եվրոպային եւ գենետիկ պատկանելությամբ իսլամական մշակութային ավանդույթներին: Չնայած այն բանին, որ թուրքական բանահյուսական աղբյուրներն սկսում են արտահայտվել միայն 13-14դդ., ժամանակակից թուրք գրականությունը, շնորհիվ համաշխարհային գրականության առաջավոր ազդակներն ընկալելու ունակության, այժմ զգալի չափով առաջ է անցնում Մերձավոր եւ Միջին Արեւելքի շատ երկրների գրականությունից:
Հեղինակ՝ Խորեն Մարտիրոսյան
Աղբյուրը՝ թուրքական գրականություն
0 comments:
Post a Comment