Tuesday, June 4, 2013

Ռասյոմոնի դարպասները

Ակուտագավա
Այդ բանը պատահեց մի երեկո։ Մի ծառա Ռասյոմոնի դարպասի տակ կանգնածսպասում էր անձրևի կտրվելուն։
Ընդարձակ դարպասի տակ նրանից բացի ուրիշ ոչ ոք չկար։ Միայն տեղ-տեղ կարմիրներկը թափ­ված հաստ ու կլոր սյան վրա նստած էր ծղրիդը։ Քանի որ Ռասյոմոնիդարպասը գտնվում էր Սուձակու մարդաշատ փողոցում, այստեղ անձրևիկտրվե­լուն կարող էին սպասել իտիմեգասա[1] ու մոմիեբոսի[2] հագած մի քանիկանայք և տղամարդիկ։ Այ­նուամենայնիվ, ոչ ոք չկար ծառայից բացի։
Դա բացատրվում էր նրանով, որ վերջին երկու-երեք տարվա ընթացքում մեկը մյուսի հետևից աղետներ էին գալիս Կիոտոյի գլխին՝ մեկ երկրաշարժ, մեկ փոթորիկ, մեկ հրդեհ, մեկ սով։ Եվ, իհարկե, մայրաքաղաքը դատարկվեց։ Ինչպես պատմում են հինավուրց տարեգրությունները, բանն այնտեղ հասավ, որ սկսեցին ջարդել բուդդաների արձանները, սուրբ իրեղենները և լաքած, ոսկեզօծ փայտը ճանա­պարհիեզրին կիտելով, վաճառել իբրև վառելիք։ Այդպես էին գործերը մայրաքաղաքում,ուստի Ռասյոմոնի դարպասի պահպանման համար հասկանալի է, ոչ ոք այլևս հոգ չէր տանում։ Եվ, այդ լքվածությունից օգտվելով, աղվեսներն ու գորշուկներն էին բնակություն հաստատել այստեղ։ Ապրում էին գո­ղեր։ Վերջապես թույլ տրվեց նույնիսկ անտեր դիակ­ներ բերել գցել այնտեղ։ Եվ երբ արևը մայր էր մտնում,այդտեղ մի տեսակ ահազդու էր դառնում, և ոչ ոք չէր համարձակվում մոտ գնալ դարպասին։
Դրա փոխարեն ինչ-որ տեղից անթիվ-անհամար ագռավներ էին հավաքվում։ Նրանք ցերեկը կռկռալով շրջաններ էին գծում տանիքի հարթության վրա։ Երեկոյան, երբ դարպասի վերևում երկինքը շառագու­նում էր վերջալույսի շողերից, թռչուններն այն­պես պարզորոշ էին գծագրվում, ասես քնջութի ցրիվ եկած սերմեր լինեին։ Ագռավները, հասկանալի է, գալիս էին կտցահարելու դարբասի վերին հարկի դիակները։ Ի միջի այլոց, այս անգամ, ըստ երևույ­թին ուշ լինելու պատճառով, դրանցից և ոչ մեկը չկար։ Միայն քարե կիսաքանդ սանդուղքին, որի ճեղքվածքներում բարձր խոտ էր աճել, այս ու այն­տեղ սպիտակին էր տալիս ագռավի չորացած ծերտը։ Յոթերորդ, ամենաբարձր աստիճանին նստած, լվացված կապույտ զգեստով ծառան անընդհատ շոշափում էր աջ այտի վրայի հասած պզուկը և անուշադիր դիտում էր անձրևը։
Վերևում հեղինակը գրել է. «Ծառան սպասում էր անձրևի կտրվելուն»։ Բայց եթե նույնիսկ անձրևը կտրվեր, ծառան միևնույն է, ոչ մի տեղ չուներ գնալու։ Թող լինեին այն սովորական ժամանակները, նա, հասկանալի է, կվերադառնար տիրոջ մոտ։ Սա­կայն այդ տերը մի քանի օր առաջ նրան աշխա­տանքից հեռացրել էր։ Ինչպես արդեն ասվեց, այն ժամանակ Կիոտոն անսովոր ձևով դատարկվել էր։ Եվ այն, որ ծառային հեռացրել էր տերը, որի մոտ նա աշխատել էր երկար տարիներ, պարզապես ընդ­հանուր դատարկվածաթյան մի փոքրիկ արտահայ­տություն էր։ Դրա համար էլ, գուցե, ավելի տեղին կլիներ ասել, ոչ թե «Ծառան սպասում էր անձրևի կտրվելուն», այլ՝ «Անձրևից դարպասի ծածկի տակ աքսորված ծառան մոլոր նստել էր, չիմանալով ուր խցկվել»։ Եղանակն էլ իր հերթին քիչ չէր նպաստում այս հեյանյան[3] ծառայի դյուրազգացությանը։ Նույ­նիսկ ոչ մի հույս չկար, որ կապկի ժամվա[4] վերջից թափվող անձրևը վերջապես կկտրվի։ Եվ ծառան նորից անկապ մտքեր մտմտալով այն մասին, թե ինչպես անի, որ ամեն ինչից ձեռք քաշելով, գոնե վաղը յոլա գնա, ուրիշ խոսքով ասած, մի կերպ դասավորվի այն, ինչը ոչ մի կերպ չի դասավորվում, լուսում և չէր լսում Սուձակու փողոցի վրա թափվող անձրևի խշշոցը։
Դարպասին շփշփացող անձրևը խշշոցով մոտենում էր հեռվից։ Աղջամուղջը երկինքը ավելի ու ավելի ցած էր քաշում, և եթե վերև նայեիր, կթվար, թե դարպասի ծածկը իր կղմինդրավոր եզրերով դիմհարում է ծանր, մութ ամպերին։
Որպեսզի որևէ կերպ դասավորվեր այն, ինչը ոչ մի կերպ չէր դասավորվում, կարիք չկար միջոցների մեջ խտրություն դնել։ Եթե դրվեր, ապա, վերջ ի վերջո, մնում էր մի բան՝ ցանկապատի հետևը կամ փողոցում սովից մեռնել։ Եվ հետո դիակը կբերեին այստեղ ու սատկած շան պես կգցեին դարպասի վե­րին հարկը։ Իսկ եթե խտրություն չդներ... ծառայի մտքերն արդեն շատ անգամ անցնելով այս ճամ­փան, բախվում էին միևնույն բանին։ Բայց այդ «եթեն»,ինչպես միշտ, «եթե» էր մնում։ Միջոցների մեջ խտրություն չդնելու հնարավորությունը խոստովանելով, ծառան, ըստ էության, համարձակություն չուներ խոստովանելու այն, ինչը բնականաբար բխում էր այդ «եթեից». ուզում ես, թե չես ուզում, մի բան է մնում միայն, գող դառնալ։
Ծառան բարձր փռշտաց և հոգնած վեր կացավ։
Կիոտոյում երեկոներն այնպես ցուրտ է լինում, որ մարդիկ երազում են վառարանի մասին։ Քամին խա­վարի հետ ազատորեն դեգերում էր դարպասի սյու­ների միջև։ Ծղրիդը, որ նստել էր կարմիր ներկած սյան վրա, արդեն ինչ-որ տեղ էր կորել։
Վիզը ներս քաշելով դեղին, անթեք զգեստի վրայից հագած կապույտ շորի մեջ և ուսերը բարձ­րացնելով, ծառան իր շուրջը նայեց։ Նա մտածեց, որ արժեր այդտեղ միգիշեր մնալ, եթե անձրևից ու մարդկային աչքից հեռու մի տեղ գտնվեր, ուր հնա­րավոր լիներ հանգիստ քնել։ Հենց այս մտքի վրա էլ, բարեբախտաբար, նա նկատեց դեպի դարպասի աշտարակը տանող, նույնպես կարմիր ներկած լայնսանդուղքը։ Եթե վերևում մարդիկ կային, ապա միայն մեռելներ էին։ Բռնելով կողքից կախված սուրը, որպեսզի պատյանից դուրս չսահի, ծառան ծղոտե ձորի[5] հագած ոտքը դրեց ներքևի աստիճա­նին։
Անցավ մի քանի րոպե։ Դեպի Ռասյոմոնի դար­պասի աշտարակը տանող լայն սանդուղքի մեջտե­ղում կատվի պես կծկված և շունչը պահած մի մարդ աչք էր ածում վերևի հարկը։ Աշտարակից ընկնող լույսը աղոտ լուսավորում էր նրա աջ այտը, այն այտը, որտեղ կարճ մազերի մեջ թարախոտ պզուկն էր կարմրին տալիս։ Սկզբում ծառան լրիվ հավատացած էր, որ վերևում միայն մեռելներ կան։ Սակայն, երկու-երեք աստիճան բարձրանալով, նա պարզեց, որ վերևում էլի ինչ-որ մեկը կա, որ, վառվող լապտերը ձեռքին, այս ու այն կողմ էր շարժվում։ Դա անմի­ջապես նկատելի էր, որովհետև դեղին, թույլ լույսը տատանվելով սողում էր անկյունները սարդոստայնով պատած առաստաղով։ Եթե այդպիսի անձրևային երեկոյին Ռասյոմոնի դարպասի աշտարակում կրակ է վառվում, նշանակում է խաղ չեն անում։
Մողեսի պես անշշուկ, ծառան գրեթե սողալով, վերջապես, հասավ ամենավերին աստիճանին։ Եվ այնուհետև, ինչքան հնարավոր է, ամբողջ մարմնով սանդուղքին հպված, ինչքան հնարավոր է վիզը ներս քաշած, վախվխելով մտիկ տվեց աշտարակիներսը։
Աշտարակում, ինչպես պատմում էին, անկարգ թափված էին բազմաթիվ դիակներ, բայց քանի որ լույսը թույլ էր տալիս ավելի քիչ տարածություն տեսնել, քան կարելի էր ենթադրել, ուստի թե ինչ­քա՞ն էին դրանք՝ ծառան գլուխ չհանեց։ Միակ բանը, որ հազիվհազ հաջողվում էր նկատել, այն էր, որ դրանց մեջ կային և՛ մերկ, և՛ զգեստով դիակներ։ Հասկանալի է, որ կանանց և տղամարդկանց դիակ­ները իրար էին խառնված։ Բոլորը, ինչպես պատահեր, ընկած էին հատակին, բաց բերաններով, տա­րածված ձեռքերով՝ ոնց որ կավե տիկնիկներ, այն­պես որ կարելի էր նույնիսկ կասկածել, թե դրանք երբևէ կենդանի մարդիկ են եղել։ Լուսավորված աղոտ լույսով, որ ընկնում էր նրանց մարմնի ցցված մասերին՝ ուսերին, կրծքին, որից սև ստվերները թվում էին ավելի սև, նրանք համրի նման լռում էին հավիտենական լռությամբ։
Դիահոտից ծառան ինքնաբերաբար փակեց քի­թը։ Բայց հաջորդ պահին նա մոռացավ, որ պետք է քիթը փակ պահել, ցնցող տպավորությունը նրան գրեթե լրիվ զրկեց հոտառությունից։
Միայն այդ պահին նրա աչքերը տարբերեցին դիակների միջև պպզած կերպարանքը։ Դա հինոկի կեղևի գույն ունեցող կիմոնոյով[6], ցածրահասակ, նիհար, սպիտակահեր մի պառավ էր, որ նմանվում էր կապկի։ Աջ ձեռքում բռնած սոճու վառվող միտաշեղ` նա ուշադիր նայում էր դիակներից մեկի դեմքին։ Երկար մասերից դատելով՝դա կնոջ դիակ էր։
Ծառան վախից և հետաքրքրությունից շնչելն էլ մոռացավ։ Օգտագործելով տարեգրի հինավուրց ար­տահայտությունը՝ նա զգում էր, որ իր «գլխի մազերը բիզ-բիզ են կանգնում»։ Մինչդեռ պառավը, մար­խը խցկելով հատակի տախտակների արանքը, եր­կու ձեռքերը պարզեց դեպի դիակի գլուխը, որին մինչ այդ նայում էր, և, ինչպես ձագերի մոտ ոջիլ փնտրող կապիկ, սկսեց մեկ առ մեկ քաշել նրա եր­կարմազերը։ Դրանք, ըստ երևույթին, հեշտությամբ տեղի էին տալիս նրա ջանքերրն։
Քանի որ մազերը մեկ-մեկ էր քաշում, վախը ծառայի սրտում աստիճանաբար թուլացավ։ Միաժա­մանակ նրա մեջ կամաց-կամաց գլուխ բարձրացրեց պառավի հանդեպ սուր մի ատելություն։ Ո՛չ, ասել «պառավի հանդեպ», թերևս, ճիշտ չի լինի։ Ավելի շուտ, յուրաքանչյուր րոպե նրա մեջ ուժեղանում էր զզվանքը ընդհանրապես ամեն տեսակ չարիքի հանդեպ։ Եթե այդ ժամանակ որևէ մեկը կրկին նրան մի հարց տար, որի մասին նա մտածում էր ներքևում՝ դարպասի աստիճանների վրա, սովամա՞հ լի­նել, թե՞ գող դառնալ, նա, հավանորեն, առանց տա­տանվելու կընտրեր սովամահությունը։ Չարիքի նկատմամբ ատելությունն այնպես ուժեղ բոցավառվեց նրա մեջ, ինչպես հատակի արանքում խցկված սոճու տաշեղը։
Ծառան պարզ է, չէր հասկանում, թե ինչու է պառավը քաշում դիակի մազերը։ Հետևաբար, տրա­մաբանորեն դատելով, նա չէր կարող իմանալ՝ ար­դյոք դա բարի է, թե չար։ Բայց ծառայի համար ար­դեն անթույլատրելի մի չարություն էր և այն, որ անձրևային գիշերին Ռասյոմոնի դարպասի աշտարա­կում քաշում հանում են դիակիմազերը։ Պատկե­րացրեք, նա բոլորովին մոռացել էր, որ հենց քիչ առաջ ինքն էր մտածում գող դառնալ։
Եվ ահա, ոտքերը կծկելով, ծառան սանդուղքից մի ոստյունով ներս ընկավ և սրիկոթից բռնած՝ լայն քայլերով մոտեցավ պառավին։ Ինչ ասել կուզի, որ պառավը վախեցավ։
Հենց որ պառավի հայացքն ընկավ ծառայի վրա, այնպես վեր թռավ, կարծես պարսատիկով քար էին նետել նրա վրա։
–Կանգնի՛ր։ էդ ո՞ւր։—Պառավի ճանապարհը փակելով բղավեց ծառան, երբ նա շփոթված, տրո­րելով դիակները, փորձում էր փախչել։ Այնուամենայ­նիվ, նա ջանաց ծառային մի կողմ հրել։ Բաց չթող­նելով՝ ծառան նրան ետ հրեց։ Որոշ ժամանակ իրար կառչած, մեռելային լռության մեջ նրանք պայքա­րում էին։ Սակայն հենց սկզբից էլ պարզ էր, թե ով կհաղթի։ Վերջ ի վերջո ծառան ոլորեց պառավի ձեռքերը և գցեց հատակին։ Նրա ձեռքերը միայն կաշի-ոսկոր էին, ոնց որ հավի ճանկեր։
–Ի՞նչ էիր անում։ Դե, խոսիր։ Վերջդ վատ կլինի, թե որ չասես։
Եվ պառավին մի շարժումով ետ շպրտելով, ծա­ռան քաշեց սուրը ու փայլուն շեղբը մոտեցրեց նրա աչքերին։ Բայց պառավը լուռ էր։ Դողդողացող ձեռ­քերով, շնչահեղձ,աչքերը չռած, այնպես որ կարծես ակնախոռոչներից դուրս էին թռչելու, համրի նման համառորեն լռում էր նա։ Միայն այժմ ծառան պարզ ըմբռնեց, որ պառավի կյանքը և մահը ամբողջու­թյամբ իր ձեռքում է։ Այդ գիտակցությունն աննկատելիորեն սառեցրեց նրա մեջ փոթորկվող զայրույթը։ Մնացին միայն սովորական ինքնագոհության և բավարարվածության զգացումները, ինչպես լինում է ցանկացած գործի հաջող ավարտից հետո։ Վերևից ներքև դիտելով պառավին նա մեղմ ասաց.
–Ես քաղաքային պահակախմբի ծառայող չեմ։ Ես ճամփորդ եմ և հենց նոր անցնում էի դարպասի մոտով։ Հետևապես քեզ բռնելու միտք էլ չունեմ։ Միայն ինձ ասա, թե ի՞նչ էիր անում այստեղ՝ աշ­տարակում։
Պառավը ավելի լայն բացեց առանց այն էլ չռված, կարմրած կոպերով աչքերը և սևեռուն նայեց ծառայեն։ Նայեց գիշատիչ թռչնի սուր հայացքով։ Հետո, կարծես ինչ-որ բան ծամելով, շարժեց խոր­շոմած շրթունքները, որոնք կնճիռների տակից գրեթե հարում էին քթին։ Երևում էր, թե ինչպես է նրա բարակ վզի վրա շարժվում սուր ադամախնձորը։ Եվ ընդհատումներով նրա կոկորդից մինչև ծառայի ականջը հասավ ագռավի կռնչյունի նմանվող մի խուլ ձայն.
– Մազերն էի պռճկում... մազերն էի պռճկում... դա կեղծամի համար է։
Ծառալին հիասթափեցրեց այն, որ հակառակ իր սպասումների, պառավի պատասխանը շատ սովո­րական դուրս եկավ։ Եվ հիասթափության հետ միա­ժամանակ նրա սրտում վերականգնվեց նախկին զայ­րույթը՝ միախառնված թեթև ատելությամբ։ Ըստ երևույթին, պառավը նկատեց դա։ Ձեռքում դեռ շարու­նակելով պահել դիակի գլխից պոկած երկար մա­զերը, նա իր դոդոշային ձայնով անլսելի փնթփնթաց.
— Ճիշտ է, մեռելների մազերը պոկելը, գուցե, վատ բան է։ Ախր, այս մեռելները, որ այստեղ ըն­կած են, բոլորն էլ արժանի են դրան։ Ահա թեկուզ այն կինը, որի մազերը նոր պոկեցի. նա օձեր էր կտրատում չորս սուն[7] երկարությամբ, շերտ-շերտ չորացնում էր, իսկ հետո չորացած ձկան տեղ ծա­խում էր արքայական պահակախմբին... Դրանով էլ ապրում էր։ Եթե նա չմեռներ ժանտախտից, հիմա էլ դրանով կապրեր։ Իսկ ասում էին, որ չորացած ձուկը, որ նա ծախում էր, համեղ է, և պահապան­ները միշտ առնում էին նախաճաշի համար։ Միայն թե ես կարծում եմ,որ նա վատ բան չէր անում։ Առանց դրա նա սովից կմեռներ, ուրեմն ակամա էր անում։ Ահա դրա համար էլ կարծում եմ, որ ես էլ վատ բան չեմ անում։ Ախր ես առանց դրա սովամահ կլինեմ, ուրեմն ես էլ եմ ակամա անում։ Եվ այն կինը, ախր նա լավ գիտեր, թե ինչ է նշանակում մի բան անել ակամա։ Նա, երևի, ինձ չէր մեղադրի։
Ահա թե ինչ պատմեց պառավը։
Սուրը պատյանը դնելով և ձախ ձեռքը պահելով կոթին, ծառան անտարբեր լսում էր նրան։ Պատկերացրեք, որ այդ ժամանակ նա աջ ձեռքով շոշափում էր այտին կարմրին տվող թարախոտ մեծ պզուկը։ Այնուամենայնիվ, քանի դեռ լսում էր, նրա հոգում սկիզբ էր առնում ինչ-որ արիություն։ Դա այն նույն արիությունն էր, որը նրան պակասում էր ներքևում՝ սանդուղքի վրա։ Եվ դա ուներ մի ուղղություն, որ բոլորովին հակառակ էր այն ոգևորությանը, որով քիչ առաջ, աշտարակը բարձրանալով, բռնել էր պսռավին։ Նա այլևս չէր տատանվում՝ արդյոք սովամա՞հ լինել, թե՞ գող դառնալ։ Ավելին, այդ պահին, ճիշտն ասած, սովամահության գաղափարը նրա գիտակցությունից այնպես էր դուրս թռել, որ պարզապես չէր կարող նույ­նիսկ մտքովն անցնել։
–Ահա՜ թե ինչ,— հեգնանքով ասաց նա, երբ պառավն ավարտեց իր պատմությունը։ Հետո մոտե­ցավ և հանկարծ, ձեռքը պզուկից հեռացնելով, բռնեց պառավի օձիքից ու գոռաց.— Դե, ուրեմն, մի՛ գանգատվիր, եթե ես քեզ թալանեմ։ Հակառակ դեպ­քում, ես էլ ստիպված կլինեմ սովամահ լինել։
Ծառան քաշեց-հանեց նրա կիմոնոն։ Հետո իր քղանցքից կառչած պառավին կոպտորեն հրեց ուղիղ դիակների վրա։ Մինչև սանդուղքը մի հինգ քայլ հա­զիվ լիներ։ Թևի տակ դնելով հափշտակած կիմոնոն, որ հինոկի կեղևի գույն ուներ, ծառան մի ակնթարթում ոլորապտույտ սանդուղքով վազեց դեպի գիշերային խավարը։
Պառավը, որ սկզբում մեռածի պես անշարժ պառկած էր, նրա գնալուց անմիջապես հետո վեր կացավ դիակների միջից։ Ոչ այն է փնթփնթալով, ոչ այն է լալով, նա տակավին վառվող մարխի լույսի տակ սողաց մինչև մուտքը։ Կռանալով այնքան, որ կարճ, սպիտակ սազերը խառնիխուռն փնջերով թափվեցին ճակատին, նա ներքև նայեց։ Դարպասի շուրջը միայն սև ու խավար գիշեր էր։
Այդ պահից ծառան անհետ կորավ։


1915

[1] Իտեմիգասա – կանացի հինավուրց գլխարկ:
[2] Մոմիեբոսի –տղամարդու հինավուրց գլխարկ:
[3] Հեյան – 794-1192 թթ. Ճապոնիայի պատմաշրջանի անվանումը:
[4] Կապկի ժամ – հնում ճապոնական հաշվումով` ցերեկվա 2-4 ընկած ժամանակահատվածը:
[5] Ձորի – կոշիկի տարածված տեսակ:
[6] Հինոկի կեղևի գույնի, այսինքն` բաց շագանակագույն: Հինոկի – մշտադալար նոճի:
[7] Սուն – 3,3 սանտիմետր:


Թարգմ. Նորայր Ադալյանի

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic