Saturday, November 2, 2013

Սարտերի չհասկացված Հայաստանը

1950-ականներից, իսկ ավելի ստույգ` Ստալինի մահից և անհատի պաշտամունքը դատապարտող կուսակցության համագումարից հետո Խորհրդային Միությունում վրա հասավ, այսպես կոչված, ձնհալի շրջանը, որն իր սահմանափակ դրսևորումներով հանդերձ` էական անդրադարձ ունեցավ հատկապես երկրի մշակութային միջավայրի վրա, ինչպես նաև պատեհություն ստեղծեց փոքր-ինչ ճեղքելու Արևմուտքից տարանջատող «երկաթե վարագույրը»: Դա, առաջին հերթին, թելադրված էր ոչ այնքան արևելյան արժեքների վերագնահատման, որքան արտաքին աշխարհի հետ հարաբերվելու անհրաժեշտության գիտակցումով: Բայց և այնպես, նույնիսկ վերաբերմունքի այս մասնակի փոփոխությունն իր հետ բերեց հոգևոր և մշակութային կապերի որոշակի ակտիվացում: Մեկը մյուսի ետևից սկսեցին ԽՍՀՄ ժամանել տարբեր երկրների մտավորականների պատվիրակություններ: Ճիշտ է, հարկ չկա գերագնահատել նրանց երկկողմանի հանդիպումների նշանակությունը, քանի որ այդ այցերը մեծամասամբ կրում էին ճանաչողական բնույթ, սակայն նույնիսկ այս հպանցիկ շփումներն իբրև հետևանք թողնում էին նոր մտայնության շերտեր, և խորհրդային արվեստագետների համար սեփական պատյանի մեջ փակված լինելու ենթադրյալ «ապահովությունը» հետզհետե իր տեղն էր զիջում ազատամիտ «արկածախնդրությանը»: Մեծ էր հոսքը նաև մեր երկիր: Այդ և հետագա տարիներին, շատերի թվում` Հայաստան այցելեցին համաշխարհային մշակույթի այնպիսի երևելի դեմքեր, ինչպիսիք էին Ալբերտո Մորավիան, Ջոն Սթեյնբեքը, Պաբլո Ներուդան, Դավիդ Սիկեյրոսը, Ժակ Բրելը, Միքելանջելո Անտոնիոնին և ուրիշներ: Այդ ուղևորությունների մասին տեղեկատվությունը զանազան պատճառներով չէր հրապարակվում ու չէր լուսաբանվում, ինչպես և այս մեկը, որի մասին ուզում ենք պատմել: 1963-ի աշնանամուտին ֆրանսիացի մեծ գրող, փիլիսոփա, էկզիստենցիալիզմի հետևորդ Ժան Պոլ-Սարտրը և նրա անբաժան ուղեկիցը` արձակագիր, ֆեմինիստական շարժման առաջամարտիկ Սիմոնա դը Բովուարը հերթական անգամ ժամանեցին ԽՍՀՄ: Այս անգամ նրանց երթուղում ընդգրկվեց նաև Հայաստանը: Առաջին անգամ այդ ուղևորության մասին 1990-ականների վերջին ֆրանսալեզու մամուլում պատմեց և բացառիկ լուսանկարներ հրապարակեց Ալեքսանդր Թոփչյանը: Այսօր դժվար է ասել` Հայաստանի ընտրությունը կատարել էին իրենք` հյուրե՞րը, թե՞ դա թելադրվել էր տեղի իշխանությունների կողմից, ամեն դեպքում` հայտնի է, որ պատվարժան հյուրերը Վրաստանից Հայաստան են եկել ավտոմեքենայով: Վրաց գրողների ուղեկցությամբ նրանք հասել են մինչև Սևան, որտեղ արդեն սպասում էին Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Թոփչյանը, Սերո Խանզադյանը, Հրաչյա Քոչարը: Դիմավորման կարճ արարողությունից հետո կայացել է հյուրասիրությունը` լճի ափամերձ խորտկարաններից մեկում, և խնջույքային տրամադրության շարունակությունը` Լուսակերտ գյուղում, որտեղ ապրում էր արձակագիր Վախթանգ Անանյանը: Այստեղ ֆրանսիացի գրողներին այցելել է Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը` կուսակցական ու պետական այլ գործիչների ուղեկցությամբ: Նկատենք, որ հայ գրողների համար դժվար է եղել շփվել Սարտրի հետ, քանի որ նրա մասին քիչ բան գիտեին կամ էլ ընդհանրապես ոչինչ չեն իմացել: Այդ իմաստով Սարտրն ու Բովուարը ևս նախանձելի վիճակում չեն եղել` անտեղյակ հայկական մշակույթից: Այս փոխադարձ օտարությունը, որը, կարծես թե, պիտի խթան դառնար կողմերի հետաքրքրասիրության համար, իրականում այդպես էլ չի փոփոխվել: Ընդհանուր առմամբ, ըստ հայտնի պատմությունների, հյուրերի համար մեր երկիրը, կենցաղվարության որոշ տարրեր, մարդկային հարաբերությունների առանձին շերտեր մնացել են չհասկացված ու խորթ: Երևանում անցկացրած ժամանակը ևս որևէ կերպ չի նպաստել վերաբերմունքի փոփոխությանը: Պետք է ասել, որ, եթե ոմանք այս հանգամանքի մասին խոսում են ընդգծված ափսոսանքի ու դատապարտման շեշտադրումներով, ապա նրանց կարծիքը հազիվ թե լիովին արդարացված կամ հիմնավորված դիտվի: Ամեն երկիր ու ժողովուրդ, լավ թե վատ, ունի իրեն բնորոշ առանձնահատկություններ, և ոչ ոք պարտավոր չէ դիմակափոխվել` պատշաճելու հյուրերի քմահաճույքներին ու պահանջներին: Մի բան փաստ է. հետագայում երկու օտար գրողների երկերում ու գրառումներում ուղևորության հայկական հատվածն այդպես էլ որևէ անդրադարձ չունեցավ: Հայ հանրությունը նույնպես տասնամյակներ շարունակ անտեղյակ մնաց, որ 1963-ի սեպտեմբերին իր հարկի տակ հյուրընկալել էր կենդանի դասականների:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ 

Աղբյուրը՝ 168 ժամ

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic