Monday, February 11, 2013

Պատերազմը` որպես խորհուրդ

­Նմանատիպ մտայնությունը` ճշմարտապես կրոնական է: Պատերազմը, ինչպես եւ տոնը, իրենից ներկայացնում է սրբազանի ժամանակը, աստվածային էպիֆանիայի շրջանը: Այն մարդուն մտցնում է արբեցուցիչ մի աշխարհ, ստիպելով նրան սարսռալ մահվան մոտալուտությունից եւ բարձրագույն իմաստ հաղորդելով նրա ցանկացած արարքին: Ասես հինավուրց շնորհառության ծեսերում դժոխք իջնելիս, նա հոգեկան կորով է ձեռք բերում, որը վեր է ամենայն երկրային փորձություններից: Նա իրեն անպարտ է զգում եւ ասես նշանի տակ ծնված, որը պահպանում էր Կայենին Աբելի սպանությունից հետո. «Մենք թաղվեցինք կյանքի ամենախորքում եւ դուրս եկանք նրանից վերափոխված»: Պատերազմն ասես ստիպում է մարտիկներին ագահորեն, ցմրուր խմել ճակատագրական հեղուկը, որը միայն նա ունի եւ որը վերափոխում է ողջ նրա պատկերացումը կյանքի մասին. «Այսօր մենք կարող ենք հաստատել, որ մենք, զինվոր-ճակատայիններս, ապրել ենք կարեւորը, ինչ կա կյանքում, եւ բացահայտել ենք մեր գոյության հենց էությունը»:


Պատերազմը, այդ նորահայտ աստվածությունը, վերացնում է մեղանչումները եւ կնքում է երանությամբ: Նրա հրե կնունքին են վերագրում վերին հրաշագործ ուժը: Թվում է, թե այն անհատին դարձնում է ողբերգական պաշտամունքի անվեհեր սպասավոր եւ նախանձախնդիր աստծո ընտրյալը: Նրանց միջեւ, ովքեր միասին ընդունել են այդ շնորհառությունը կամ էլ միասին կրել են մարտական վտանգները, ծնվում է ռազմական եղբայրությունը: Այսուհետ այդ ռազմիկներին միահյուսում են ամուր կապերը, նրանց պարգեւելով գերազանցության զգացողությունը եւ միաժամանակ կարեկցանքը նրանց հանդեպ, ովքեր վտանգի մեջ չեն եղել կամ էլ մարտերում ոչ մի ակտիվ դեր չեն ունեցել: Քանզի քիչ է կրակի տակ լինելը, պետք է ինքդ էլ հարվածներ հասցնես: Շնորհառությունը կազմված է երկու բաղկացուցիչ մասերից: Այն պահանջում է ոչ միայն մահվանը պատրաստ լինել, այլ` սպանությանը: Ռազմական սանիտարը զինվորական հեղինակություն չունի: Մարտիկներն ամենեւին էլ միմյանց միջեւ հավասար չեն` այդ դասում կան իր աստիճանակարգերը: Տարբեր կարգի զորաբաժանումները, ավիացիայից մինչեւ համբարակային ծառայությունները, գործողության զանազան գոտիները, առաջավոր գծից մինչեւ թիկունքի կենտրոնները, մարտական շքանշանները, վերքերը, հաշմությունները` այդ ամենը կազմավորում է աստիճանակարգային սանդղակները եւ մարդկանց միավորում է զգոնորեն իր փառքի մասին հոգացող միավորման մեջ: Այստեղ որոշակի առումով կարելի է տեսնել նախնադարյան քաղաքակրթության մեջ տղամարդկանց խմբակցություններին բնորոշ վիճակը:

Համընդհանուր պատերազմը

Ժամանակակից աշխարհն իր բնույթով դժվար է հարմարվում բռնության այդ պրոֆեսիոնալներին: Այն չեզոքացնում է նրանց՝ որպես հատուկ կատեգորիա, սակայն այն մեկեն կրկին ծնվում է, հենց որ բարենպաստ պայմաններ են ստեղծվում: Եվ թեպետ հասարակության նոր կառուցվածքի եւ մարտերի գիտա-մեխանիկական ձեւի շնորհիվ տիտղոսավոր հերոսների փոխարեն՝ գալիս են բազում եւ անանուն մարտիկներ, նրանց տրամադրությունը նույնն է մնացել, ինչ որ հնում: Իհարկե, կարգապահություն պահպանելու անհրաժեշտությունը եւ դրան պարտադրելու կոպիտ միջոցները սահմանափակում են վաղեմի էքսցեսների կամայականությունը, բայց պատերազմն իր աճող մասշտաբներով մշտապես փոխհատուցում է այն, ինչը կորցնում է բնազդների սանձազերծման մեջ: Դրանով նա ձեռք է բերում տոնի մյուս բնորոշիչ գիծը` նրա համընդհանրությունը: Ճակատամարտը դառնում է զանգվածային, իսկ հաղթել ջանում են որքան հնարավոր է էժան գնով: Այդ պատճառով հարվածները հասցնում են թույլերին: Մարտարվեստը պահանջում է խուսափել հավասար հավանականություններով զինված բախումներից: Պատերազմը հեռանում է մենամարտից, մոտենալով անկյունից արված որսին կամ սպանությանը: Դրանում աշխատում են հանկարծ հարձակվել թվով եւ զինվածությամբ թույլ հակառակորդի վրա եւ հաստատապես նրան ոչնչացնել, իրենք հնարավորինս աննկատ եւ անխոցելի մնալով: Ռազմական գործողությունները ավելի հաճախ արվում են գիշերով, ինչպես նաեւ՝ խաղաղ բնակչության կործանմամբ, որն իր աշխատանքով մատակարարում է մարտիկներին:

Այլեւս չկա հստակ սահմանափակված մարտադաշտ: Նախկինում այն մեկուսի տարածություն էր, որը կարելի էր համեմատել մրցասպարեզի, կրկեսային խաղասպարեզի, խաղահրապարակի հետ: Այդ բռնությանը ընծայված պարսպված վայրի շուրջ, միեւնույն է, մի ամբողջ աշխարհ էր մնում, ուր գործում էին ավելի բարեգութ օրենքներ: Իսկ այժմ պատերազմը տարածվում է ողջ ազգային տարածքով մեկ: Նույնը վերաբերում է նրա տեւողությանը: Ռազմական գործողություններն արդեն սկսվում են ոչ թե պատերազմի հանդիսավոր ազդարարումից հետո, որով արձանագրվում է կրակ բացելու պահը: Հիմա հանկարծակի են հարձակվում, ձգտելով որոշակի առավելություն ձեռք բերել շվարած հակառակորդի նկատմամբ: Այսպիսով, վիթխարի մենամարտի համար նախատեսված, եւ ժամանակը, եւ տարածությունը այլեւս սահմանափակված չեն եւ զատված չեն մնացած տարածությունից եւ ժամանակից, ինչպես դա լինում է կոնկուրսներում եւ մրցույթներում, որոնք սկսվում են ազդանշանով եւ անցնում են պայմանավորվածության շրջանակներում:

Միաժամանակ ավելի ու ավելի անհետանում են պատերազմի ասպետա-կարգավորված տարրերը: Դրանով նա ասես մաքրվում եւ վերականգնվում է իր անխառն էության մեջ: Այն ազատվում է ամենայն օտարամուտ բաներից, որ խորթ են իր էությանը, նվաստացուցիչ դաշինքից, որ կնքված էր մի ժամանակ խաղի եւ մենամարտի ոգու հետ: Իրականում, լինելով «մաքուր հանցագործություն եւ բռնություն», այն մի ժամանակ պարադոքսալ կերպով յուրացրեց ազնվության եւ հակառակորդի հանդեպ հարգանքի սկզբունքները, արգելեց զենքի որոշ տեսակների, որոշ հնարքների եւ խորամանկությունների օգտագործումը, բարդ ծիսակարգ եւ խիստ էթիկետ սահմանվեց, որը պահանջում է մրցել ոչ միայն արիության ու խիզախության ասպարեզում, այլեւ՝ լավ վարվելավարքի:

Պատերազմի հեղինակությունն ու սարսափը

Այդպիսի կեղտոտ զանգվածային պատերազմը, ժլատ եւ խստապահանջ, անհատից պահանջում է ծանրագույն զոհողություններ, փոխարենը՝ նրան ոչինչ չտալով: Այն խժռում է նրան առանց որեւէ փոխհատուցման: Ինչպես երեւում է, այն ավելի ու ավելի հանգում է պարզ եւ անողորմ ուժերի փորձարկման, որտեղ երկու կողմերն էլ մրցում են ստի եւ դաժանության մեջ: Եվ, այդուհանդերձ, այն հենց հիմա ավելի ու ավելի գովաբանում են` նրանում տեսնում են մարդկանց համար բարձրագույն բարօրությունը եւ տիեզերքի արմատական սկզբունքը: Երբեք նախկինում այն չի ունեցել այդչափ համոզիչ հեղինակություն, երբեք նրանից չի սերել այդքան շատ քնարերգություն եւ կրոնական խանդավառություն: Եվ այնքան ինքնահրաժարում է պահանջում, որքան որ ավելի նողկալիություններ է թույլ տալիս:

Հարկ չկա զարմանալու` պատերազմի դեպքում նույնն է՝ ինչ կրքերի: Կիրքը ինքն իրեն առավել հարազատ է, ավելի իդեալական եւ վիթխարի, երբ լիովին անզուսպ է: Նույնպես եւ պատերազմը, չափ չճանաչելով, ողջ ժողովրդի էներգիան մոբիլիզացնելով, անհամար ծախսելով մեծ ազգի ռեսուրսները, խախտելով բոլոր եւ ամենայն կանոններն ու օրենքները, զրկվելով որեւէ մարդկային բանի նմանությունից եւ համապատասխանությունից` հենց այդժամ նա հառնում է ամենաշողշողուն լուսապսակով, թաղելով ողջ սերունդներ իր վիթխարի ավերակների տակ, շողալով հսկայական հրդեհի մռայլ փայլով, այն ներկայանում է որպես կոլեկտիվ կյանքի սարսափելի մոլուցք: Ոչինչ չի կարող դիմակայել նրա չարագույժ փառքին. ժամանակակից հասարակության մեջ դա միակ իրադարձությունն է, որը վտարում է անհատներին իրենց մասնավոր հոգսերից եւ հանկարծ նետում է նրանց այլ մի աշխարհ, որտեղ նրանք արդեն իրենք իրենց չեն պատկանում եւ որտեղ գտնում են վիշտ, ցավ եւ մահ:

Որքան շատ է հակադրությունը խաղաղ կյանքի քաղցրությունների եւ պատերազմի բռնության եւ այլանդակության միջեւ, այնքան հեշտ է պատերազմը դեպ իրեն գրավում մոլեռանդների մի ամբողջ բանակ, իսկ մյուսներին այնքան է սարսափեցնում, որ նրանք, անօգնական նրա առջեւ, նրա մեջ ընդունում են ինչ-որ իրենց կաթվածահար անող ճակատագրական ուժը: Հենց այդ պատճառով էլ պատերազմի համարյա միստիկական գովաբանումը համընկնում է այն պահին, երբ նա հասնում է իր ամենաշլացուցիչ սարսափին: Առաջ նրա վրա քմծիծաղում էին, այն համարում էին վսեմ ժամանց կամ էլ նզովում էին` աղքատության, տառապանքների եւ սնանկացման համար, որ նա բերում էր իր հետ: Սակայն նա սկսեց գլխապտույտի հասցնել այն պահից, երբ ազատվեց ամենայն բարոյական սահմանափակումներից եւ, ոչինչ եւ ոչ մեկին չխնայելով, սկսեց հանդես գալ որպես համաղետի պես մի բան` անիմանալի, անտանելի, սակայն տարիներով ձգվող եւ մինչեւ քաղաքակիրթ աշխարհի սահմանները տարածվող:

Այդ իրադարձության մասշտաբայնությունը, նրա թափը ժամանակի եւ տարածության մեջ, նրա բացառիկ լարվածությունը, նրա կոպիտ, զուտ բռնի բնույթը, որը մեկեն ի հայտ եկավ շքեղաշուք համազգեստներից եւ արքունական ծեսերից հրաժարվելով, ահա թե ինչն է շոյում թրթռուն սրտերը եւ նրանց ներշնչում է, որ պատերազմը նրանց դեմ բացում է սանդարամետի դարպասները, որը ավելի զորեղ եւ ճշմարիտ է, քան առանց որեւէ պատմության երջանիկ կյանքը: Դրանում նրանք տեսնում են այն սկզբունքի ահարկու դրսեւորումը, որից էլ բխում է ամեն ինչ աշխարհի երեսին եւ որը բացահայտում է նրանց համար իրենց էությունը: Պատերազմը` ոչ միայն կնունք եւ շնորհառություն է, այլ նաեւ աստվածարում: Պատրանքային եւ փտած աշխարհի ավերակների վրա, թույլ, աղոտ ու կեղծապատիր աշխարհի. իր ողջ փայլով ու մեծ բնական աղետների որոտմամբ նա ազդարարում է եւ իրենով նշանավորում է մեծ հաղթանակը մահվան, որով արդեն քանիերորդ անգամ համակված է մարդկային երեւակայությունը:

Պատերազմը` ազգերի ճակատագիր

Հասկանալի է, որ ոչ պակաս այդ երեւակայությունը հուզում է եւ պատերազմը: Այն խաղում է ճիշտ նույն դերը, ինչ որ եւ վաղնջական տոները: Հենց նա է հիշեցնում անհատին, որ նա իր ճակատագրի տերը չէ եւ, որ գերբնական ուժերը, որոնցից նա կախված է, կարող են նրան հանկարծ պոկել խաղաղ կյանքից եւ ըստ քմահաճույքի փոշու վերածել: Պատերազմն հիրավի նպատակ է, որին տենդագին պատրաստվում են ժողովուրդները: Դրան են ուղղորդվում թե նրանց ջանքերը, թե` ճակատագիրը: Դա մեծագույն փորձությունն է, որում նրանք կորցնում կամ ձեռք են բերում նոր ժամանակի իրավազորությունը: Քանզի պատերազմը զավթում է ամեն ինչ` հարստությունները, պաշարները եւ կյանքերը, դրանք անսահման կլլելով:

Այն հագուրդ է տալիս բնազդներին, որոնք վանվում են քաղաքակրթությամբ, պատերազմի հովանավորությամբ նրանք լիարժեք վերցնում են իրենցը` նրանց փոխվրեժը ինքնակործանումն ու շուրջբոլորն ամեն բան վերացնելն է: Տրվելով սեփական կործանմանը եւ, ընդ որում, ուժ ունենալով ամեն ինչ կործանելու, ինչը որ ձեւ ու անուն ունի, կարելի է կրկնապատիկ, ողջ փառավորությամբ զատվել խոնջանքից, որը թողնում է կյանքը մանրապճեղ արգելքների եւ նրբին նախազգուշությունների արանքում: Ազգերի հրեշային արյունազրկությունը հենց նրանց գոյության բարձրակետն է, զոհեր տալու ժամանակը, բայց դրա հետ մեկտեղ՝ բոլոր կանոնները խախտելն է, մահացու, բայց լուսաբանող խիզախության, ինքնահրաժարման եւ ամենաթողության ժամանակը` պատերազմը բոլոր իմաստներով ժամանակակից աշխարհում գրավում է տոնի տեղը, նույնկերպ հմայում է եւ նույնկերպ ոգեշնչում: Այն անմարդկային է` դա բավ է, որպեսզի այն աստվածային համարես: Այդպես էլ համարում են: Եվ այդ հզորագույն շնորհառուական ծեսից ակնկալում են զմայլանք, երիտասարդություն եւ անմահություն:

Գործառույթների փոխանակումը պատերազմի եւ տոնի միջեւ

Նախնադարյան հասարակություններում թափից եւ որոշակի ուրվագծերից զուրկ պատերազմները, տոների հետ համեմատած, խղճուկ տեսք ունեն: Դրանք այլ բան չեն, քան կարճատեւ միջախաղեր, որսորդական արշավներ, գրոհներ ավարի կամ հատուցման համար, եւ դրանք իրենցով ստեղծում են մշտական վիճակ, իբրեւ կյանքի ընդհանուր ֆոն` դա, իհարկե, վտանգավոր զբաղմունք է, բայց իրենց անընդհատականության պատճառով ամենայն բացառիկությունից զուրկ: Թե այս եւ թե այլ դեպքում տոնը ընդհատում է ռազմական գործողությունները: Այն ժամանակավորապես հաշտեցնում է ոխերիմ թշնամիներին՝ ստիպելով նրանց եղբայրանալ կրքերի համընդհանուր եռքում: Դեռեւս անտիկ շրջանում Օլիմպիական խաղերի ընթացքում բախումները դադարում էին, եւ ողջ հունաց աշխարհը միավորվում էր բերկրալի հաշտության մեջ, որը հովանավորում էին աստվածները:

Արդի հասարակություններում տեղի է ունենում հակառակը: Պատերազմն ամեն ինչ կանգնեցնում է, ընդ որում, առաջին հերթին՝ նրա հարվածի տակ են ընկնում մրցույթները, զվարճանքները եւ միջազգային ցուցահանդեսները: Պատերազմը փակում է սահմանները, որոնք բացում էին տոները: Դարձյալ պարզվում է, որ լոկ նա է ժառանգել դրանց ամենազորությունը, միայն թե այն օգտագործում է հակադիր ուղղությամբ` չի միավորում, այլ բաժանում է: Տոնն ի սկզբանե նպաստում է միություններին: Դիտորդները նշել են, որ սոցիալական կապի այդ անմիջական մարմնավորումը, որն ամենից առաջ ապահովում է խմբի համախմբվածությունը, միավորում է նրանց ուրախության եւ խենթության մեջ, դեռ չասած այն, որ տոնը, միաժամանակ եւ առիթ է մթերային, տնտեսական, սեքսուալ եւ կրոնական փոխանակումների համար, մրցակցության ժամանակը հեղինակության մեջ, խորհրդանշանների եւ գերբերի համեմատությունները, ուժի եւ հմտության մրցակցությունները, ընծաների փոխանակության ժամանակը` ծեսերով, պարերով եւ թալիսմաններով: Տոնը նորոգում է պայմանագրերը, ամրացնում է միությունները:

Ի հակառակ դրան, պատերազմը հարուցում է ընկերական կապերի եւ պայմանագրերի խզում: Այն հասցնում է անմիաբանության ծայրակետին, այն ոչ միայն կործանման եւ ավերի անսպառ աղբյուր է, ապա տոնը նշանավորում էր կյանքի եւ պտղաբերող ուժի խելահեղությունը, իսկ հետեւանքները, որ բերում է իր ետեւից պատերազմը, նույնքան կործանարար են, ինչպես եւ սնանկացումները, որ հարուցում է նա իր մոլեգնության պահին: Այդ հետեւանքները նույնիսկ պատերազմի ավարտից հետո շարունակում են նրա վնասաբեր գործը: Եվ դրանց շնորհիվ ամրապնդվում եւ զարգանում են վիրավորվածությունն ու ատելությունը: Դրանցից ծագում են նոր դժբախտություններ եւ ի վերջո` նոր պատերազմ, որը վերականգնում է նախորդը: Այդպես տոնի վերջում պայմանավորվում են հանդիպել հաջորդ տոնին, որպեսզի շարունակեն եւ նորոգեն իրենց բերած բարեգործությունները: Նույնքան արագ աճում է նաեւ կործանարար սերմը, եւ պտղաբեր իրարանցումների շարանի փոխարեն ձգվում է ճակատագրականորեն ահագնացող դժբախտությունների շղթան:

Պատերազմը` հատուցում քաղաքակրթության համար

Իսկ ի՞նչ պատճառներով կարելի է բացատրել նմանատիպ հեղաշրջումները: Ինչպե՞ս է պատահում, որ մի դեպքում հասարակությունը, մտնելով հուժկու շարժման մեջ, ընդարձակում է շռայլության ուժերը, իսկ մյուս դեպքում` ընչաքաղցության ուժերը, մի դեպքում հանգեցնում է միասնության ամրացմանը, իսկ մյուսում` պառակտման խորացմանը, մեկ արարչագործ լիառատություն է, մեկ արյունալի խելագարությո՞ւն: Այդ հարցին պատասխանելը դժվար է: Հավանաբար, այդ հակադրությունը համապատասխանում է նախնադարյան ցեղի եւ ժամանակակից ազգի միջեւ եղած կառուցվածքային տարբերություններին:

Արդյո՞ք հարկ է ամեն ինչում մեղադրել արդյունաբերական քաղաքակրթությանը եւ հասարակական կյանքի մեքենայացմանը: Թե՞ սրբազանի հետզհետե անհետացմանը` գռեհիկ, չորուկ ու ժլատ, անխուսափելիորեն նյութական օգուտ հետապնդող մտածողության ճնշման տակ: Թե՞ հարկ է մեղքը բարդել ուժեղ կենտրոնացված պետությունների կազմավորման վրա, երբ գիտության զարգացումը եւ նրա կիրարկումները հեշտությամբ ղեկավարում են մարդկանց ընդարձակ զանգվածները: Հայտնի չէ: Ճիշտ պատասխան չես գտնի: Պարզ է միայն, որ պատերազմի եւ մեկեն նրան համակած միստիկայի դերի անպարագրելի ուռճացումը պատահեց հենց այդ տարատեսակ պրոցեսների հետ, որոնք փոխկապակցված են, եւ շատ բաներում փոխհատուցում են միմյանց:

Տեխնիկայի խնդիրը, այսինքն՝ վերահսկման եւ հարկադրման միջոցները, աշխարհիկ ոգու հաղթանակը կրոնական ոգու հանդեպ եւ ընդհանրապես շահի հետապնդման գերակշռումը գործունեության անշահախնդիր տեսակների նկատմամբ, վիթխարի ազգերի կազմավորումը, որոնցում իշխանությունները ավելի ու ավելի քիչ տեղ են թողնում անհատի ազատությանը եւ ստիպված են ավելի ու ավելի խիստ որոշակի տեղ հատկացնել անշեղորեն բարդացող մեխանիզմում` այդպիսին են իրականում արմատական հասարակական վերափոխումները, առանց որոնց պատերազմը չէր կարողանա ներկայանալ իր այժմյան տեսքով, որպես կոլեկտիվ կյանքի բացարձակ մոլուցք: Հենց դրանք էլ նրան սեւ տոնի, շրջված աստվածարման պատկեր պարգեւեցին: Հենց դրանք դարձրեցին այն այդքան դյութիչ մարդկային հոգու կրոնական կողմի համար: Հոգին սարսռում է սարսափի եւ էքստազի մեջ, տեսնելով, թե ինչպես պատերազմի ժամանակ մահվան եւ կործանման ուժերը անվիճելիորեն հաղթանակում են բոլոր մնացյալներին:

Այդպիսի սարսափելի հատուցումը քաղաքակրթությունների բազմատեսակ առավելությունների համար ստիպում է նրանց դժգունել եւ ցուցադրում է դրանց երերունությունը: Դրանք բզկտող ջղաձգություններին ականատես լինելով պարզ է դառնում, թե որքան դրանք խախուտ եւ մակերեսային են, ծագելով «ճամփից շեղվածների» ջանքերից, որոնք իրոք որ ուղղված են ամենեւին էլ ոչ բնությանը համընթաց: Կասկած չկա, որ պատերազմը արթնացնում եւ խթանում է շատ ավելի հինավուրց եւ տարերային էներգիաներ, ինչ-որ առումով առավել մաքուր ու ավելի ճշմարիտ: Սակայն, որ դրանք հենց այն էներգիաներն են, որոնք մարդ փորձում է հաղթահարել: Այնպես որ, տոնի փոխարինումը, թերեւս, կարող է ծառայել այն բանի չափի միավորը, թե ինչ ճանապարհ է նա անցել իր նախնադարյան վիճակից եւ որքան արցունքների եւ արյան գնով է նա ստիպված լինում հատուցել տարատեսակ նվաճումները, որոնք ձեռնարկելը նա իր կոչումն է համարում:

Իրականությունը հետեւում է առասպելին` այն հասնում է նրա տիեզերական մասշտաբներին, եւ այժմ ի վիճակի է նրա դատավճիռները կատարելու: Այսօր աշխարհի կործանման, ինչպես նաեւ՝ Աստվածների մթնշաղի մասին առասպելները, արդեն պատկանում է ոչ միայն երեւակայության ոլորտին:

Սակայն, այդուհանդերձ, տոնը երեւակայության բեմականացումն էր: Այն նմանակում էր, պար ու խաղ: Այնտեղ պատկերում էին տիեզերքի կործանումը, որպեսզի ապահովեին նրա պարբերական վերածնունդը: Ամեն ինչ կործանել, ամենքին ուժասպառության, մահամերձ վիճակի հասցնել` դա ուժի նշան էր, երկարակեցության եւ լիության գրավական: Այլապես, այն օրը, երբ չարագույժ մոլուցքով ազատագրված էներգիան, որն իր մեծությամբ եւ հզորությամբ համեմատելի չէ կյանքի փխրունությանը, մեկընդմիշտ կկործանի հավասարակշռությունը ավերման օգտին: Տոնի այդպիսի ավելցուկային լրջությունը այն մահաբեր կդարձներ ոչ միայն մարդկանց համար, այլ նաեւ հենց իր համար: Սակայն, ըստ էության, դա սոսկ զարգացման վերջին փուլն էր, որը կենաց տոնական պոռթկումը վերածեց պատերազմի:

Աղբյուրը` Վարդան Ֆերեշեթյան (թարգմանություն)

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic