Չարլզ Վիսկինսոն
Այն հանգամանքը, որ շատ երկար չէինք մնալու այդ տնակում, որոշ չափով մխիթարական էր։ Ջուլիան շատ անտրամադիր էր, և թեև չեմ կարող պնդել, որ Հովարդը պետք է կանխատեսեր, թե ինչ պիտի կատարվեր մեր ժամանումից անմիջապես հետո, այնուամենայնիվ հստակ է՝ մեր այցելությունը երկարաձգելու ոչ մի իմաստ չկա, մանավանդ գրեթե անհավանական է, որ մինչև ամսվա վերջը նա վերադառնա Հարավային Ամերիկայից։ Մենք օգնել էինք մաքրելու միսս Վերնոնի տունը, իսկ պարտիզպանն ասել էր, որ վաղը գորգերն է այրելու։ Եվ քանի որ ստորագրել էինք հայտարարություններն ու անշարժ գույքի գործակալի մոտ թողել բանալիները, կարող էինք գնալ։ Այնուամենայնիվ, որքան էլ ցանկանայի, չէի թաքցնի ու հաճույքով կասեի Հովարդին, որ մեր ճամփորդությունը մոտ է ավարտին։ Մի անգամ Հովարդն ասել էր, որ իմ մեջ ինչ-որ անորոշ զվարճալի բան կա։ Դա ինձ ուղղված նրա միակ հաճոյախոսությունն էր։
Ես և Ջուլիան արդեն հինգերորդ տարին էր Իռլանդիայի հարավում էինք ապրում։ Դա միակ վայրն էր, ուր իմ անգործությունը պակաս նկատելի էր։ ժամանակ առ ժամանակ իռլանդական թերթերում հայտնվում էր Հովարդ Վերնոնի անունը, և ես կարող էի հետևել նրա անցած ուղուն՝ երիտասարդ, խոստումնափց խորհրդականից մինչև նախարարի օգնական։ Ես ոչնչի չէի հասել և ուրեմն պետք է ըմբռնումով ընդունեի ու միշտ սառնասրտորեն ողջունեի նրա հաղթանակները։ Միլիգանի բարն օգնում էր ցրելու նրա սրընթաց հաջողությունների տպավորությունը։ Իհարկե, եթե չլինեին Լոնդոնում կամ Շելբուրն հյուրանոցում մեր հազվադեպ հանդիպումները, ես վստահ եմ, որ իռլանդացի բանաստեղծների ու ձիերի մասին նրա անվերջ զրույցների արանքում ես ընդամենը մի աննշան հիշատակում էի լինելու։ Մենք հաճախ էինք քննարկում, բայց ոչ Ջուլիան և ոչ էլ ես երբեք համոզված չէինք, թե նա ինչու էր մեզ հետ կապ պահում։ Առհասարակ ինձ թվում էր, որ ես եթե ոչ անվերապահորեն, ապա գոնե պարզապես օգտակար էի։ Նա երբեք՝ թեկուզ առանց չնչին խնդրանքի չէր զանգահարում։
Բայց միգուցե բանն այն էր, որ իմ տեսքը, դժվարությամբ քարշ եկող ծնկներս հիշեցնում էին իր ոտքերի ամրությունը, իր պայծառ ու փայլուն ուղեղը, որի անոթներն այդքան լավ էին սնուցվում։
Այդ օրը, երբ զանգեց, նստել էի լուսամուտի առջև ու հետեում էի Դուբլինի բլուրների ետևում խտացող անձրևաբեր ամպերին։ Ողջ օրվա ընթացքում ինձ համար երեք բաժակ մոխրագույն սուրճ պատրաստելուց բացի ոչինչ չէի արել։
- Լսիր,– ասաց նա։ - Հիմա մի բան եմ ասելու, համոզված եմ, կշշմես։ Երբեք հնարավոր չէր գուշակել, թե Հովարդն ինչ անակնկալ կմատուցեր, և ինձ մնում էր ժպիտով ընդունել նրա այլաբանությունները։
- Ասա, ի՞նչ։
- Մայրիկը։
– Ի՞մ, թե՝ քո։
- Իհարկե՝ իմ։
- Ի՞նչ է պատահել։
- Նա բոլորովին լավ չէ։ Եթե անկեղծ՝ շատ անհարմար վիճակում է։ Մանավանդ որ այս պահին չափից ավելի զբաղված եմ։ Հիմա ուշադիր լսիր։ Տես, թե ինչ եմ ուզում քեզնից։
Երբ նա վերջացրեց, ես կախեցի լսափողը։ Ջուլիան ներս եկավ։ Նա մտահոգ էր ու ավելի նիհար էր թվում, քան առհասարակ։
- Հովարդն էր։ Ամենայն հավանականությամբ մենք նորից Անգլիա պիտի մեկնենք։ Նրա մայրն անհարմար վիճակում է։
- Ի՞նչ է նշանակում՝ անհարմար։ Չէ՞ր կարող ինքը այդ ամենից գլուխ հանել։ Անհարմար։
- Չե՞ս հասկանում։ Նա չափից ավելի զբաղված է։ Ամեն դեպքում մենք տնակում ենք մնալու, ոչ թե նրա մոտ։
Նա ձեռքը տարավ շապիկի տակ ու մտածկոտ սկսեց շոյել ստամոքսը։
- Մի մտածիր,– ավելացրի ես,– նա կվճարի։
- Անցյալ անգամ էլ էիր ասում։
Պատուհանից դուրս նայեցի։ Պարտեզի վրա մոխրագույն շիթերով անձրև էր թափվում։ Կաչաղակները դադարեցրել էին աղբամանները կտցահարել ու ոչ մի տեղ չէին երևում։ Ես գնացի ճամպրուկներս դասավորելու։
Մենք միշտ Քինլան ավիաուղիներով էինք թռչում։ Շշակներ կային, որ օդաչուները բուլղարացիներ են ու հրահանգիչներին դժվար են հասկանում, բայց տոմսերն էժան էին, և ինքնաթիռները միշտ լիքն էին միանձնուհիներով։
Թեև ես ու Ջուլիան իրարից հեռու էինք նստած, բայց եթե մի փոքր թեքվեի միջանցքի ուղղությամբ, կարող էի տեսնել նրան. շարունակ ծխում էր։ Մի քիչ թուլանալու առիթ ունեցել էի։ Երբ թռիչքը հետաձգվեց, օդակայանում երկու մեծ բաժին ջին էի խմել։ Գթության քույրերն ու Կարմելականները լավ ներկայացված էին, ու ես ուրախացա՝ տեսնելով Դոմինիկանների պատկառելի շարքը, որ մարտավարական դիրք էր գրավել ինքնաթիռի առջևում։ Մենք սկսել էինք վայրէջք կատարել, երբ ինձնից երկու շարք առաջ հանկարծակի իրարանցում սկսվեց։
Ճերմակած մազերով տարեց մարդու այդ պարանոցն արդեն նկատել էի, քնած էր երևում։ Լուսատախտակներն այրվելուն պես, երբ ինքնաթիռն սկսեց ցնցվել, ծերունին առաջ ընկավ ու փուլ եկավ միջանցքում։
– Հայրի՛կ, հայրի՛կ,– բղավեց կողքինը՝ փորձելով բարձրացնել ծերունուն։
Մինչ ջանում էր նրան տեղավորել աթոռի մեջ, ինքնաթիռը վերջնականապես կանգ առավ, նորից առաջ նետեց ծերունուն՝ չորացած ծառի ճյուղերի պես մեկնելով նրա նիհար ու անկյանք ձեռքերը։
- Հայրի՛կ, հայրի՛կ,– տագնապած կրկնում էր նա։
Տղամարդը միջահասակ էր, ամրակազմ ու հաջողակ ֆերմերի՝ արևից խանձված դեմք ուներ։ Ծերունու գլուխն անկառավարելի այս ու այն կողմ էր ընկնում, ասես պարանոցն հենց նոր կտրած լինեին։
- Հայրս է,– ասաց որդին՝ ոտքի կանգնելով ու շրջվելով օդաչուների կողմը։
– Նրան ինչ-որ բան է պատահել։
Հարցուփորձի, շնչասպառ պարզաբանումների քչփչոցներ էին լսվում, հետո բոլորն առաջ եկան, երեք թե չորս մարդ խմբվեց ծերունու շուրջը։ Մինչ նրան տեղավորում էին աթոռի մեջ, գլուխը ետ ընկավ, ու ես նկատեցի նրա դատարկ աչքերի փայլը, մեծ, սառած բերանը։ Շտապով մոտենում էր ուղեկցորդուհին, նրա հանդիմանական խոժոռ հայացքը փոխվեց անհանգստության ու տագնապի։ Ինքնաթիռը կանգ առավ, ու մենք շարունակում էինք նստած մնալ՝ լսելով ամրագոտիները կապելու ու չծխելու մասին հայտարարությունը։ Կարճ, շշուկով խորհրդակցությունից հետո ուղեկցորդուհին վազեց դեպի խցիկը։ Մի քանի ակնթարթից լսվեց հայտարարություն՝ խնդրվում էր ինքնաթիռում գտնվող որևէ բժշկի մոտենալ անձնակազմին։ Բոլորը՝ հայացքները վեր ուղղած, լսում էին օդաչուի հայտարարությունը, իհարկե, եթե խոսողն օդաչուն էր։ Ամեն դեպքում՝ նրա արտասանության մեջ արևելաեվրոպական հնչերանգ չկար։ Երեսունի մոտ, գզգզված, բաց շագանակագույն մազերով ու նիհարավուն դեմքով մի կնոջ ուղեկցեցին իր տեղը նստելու։ Ինչ-որ մեկը փորձում էր հանգստացնել, բայց նրա հեծկլտոցը շուտով վերածվեց հաստատուն, ռիթմիկ ողբի։ Հայտնվեցին երկու ուղեկցորդուհիները՝ ձեռքներին թթվածնի բալոն ու դիմակ, ու դիմակը հարմարեցրին ծերունու դեմքին։
- Հաստատ վատ բան է եղել,– ասաց կողքիս կինը։
- Անշուշտ։
- Կարծեմ անցյալ հինգշաբթի էր եղբայրը մահացել։ Ով կմտածեր, որ գնում էր Նյուփորթ՝ հողին հանձնելու սեփական միսն ու արյունը. ոչ մի նախանշան։
- Գնում էր եղբոր թաղմա՞նը։
- Այո։
Կինը գիրուկ էր ու խոսելիս գունատ կոպերը թրթռում էին։
Նկատեցի, որ սևազգեստ է։
– Սարսափելի է, չէ՞,– շարունակեց նա,– ճիշտ չէ՞։
– Այո,– ասացի ես՝ աշխուժորեն համաձայնելով նրա հետ։
Գրեթե աննկատ ինքնաթիռը կանգ էր առել։
Երկու ուղեկցորդուհիները բարձրացրել էին ծերունուն ու մեջքի վրա պառկեցրել միջանցքում։ Թեթև իրարանցում սկսվեց, ու մեզ զգուշացրին չլքել մեր տեղերը։ Բժշկական օգնությունը մոտենում էր։ Երկու ուղեկցորդուհիներից ավագը ջանում էր, փորձում ինչ-որ ձևով նորից կյանք հաղորդել անկենդան մարմնին։ Ես պատուհանից դուրս նայեցի։ Մոխրագույն աշտարակը գրեթե նույն գույնն ուներ, ինչ ամպը։ Երկու փոքրամարմին, արտահագուստով մարդ թռիչքուղով վազում էին դեպի ինքնաթիռը։ Նրանք բավական հեռու էին, և ինձ թվաց, որ սպասարկող անձնակազմից են, ոչ թե՝ բժիշկներ։
Երբ ետ շրջվեցի, տեսա, որ ուղեկցորդուհիների մեկը գնացել էր։ Մյուսը մարդու կողքին էր։ Նրա ձեռքերը սեղմված էին կրծքին, ու հայացքը սառել էր միջանցքի ուղղությամբ։ Պատկերացրի, թե ինչպես եմ այս ամենը պատմում Հովարդին։ Մենք նստած կլինենք ինչ-որ ռեստորանում, ուր չէի լինի, եթե չլիներ նա։ Պատերը գինեգույն կլինեին, գորգերը՝ հաստ, սպասքը՝ արծաթե, սպասավորները՝ ուշադիր, ճաշատեսակներն ընտիր, իսկ գինին՝ խաղողի։ Հագիս կոստյում կլինի։ Հովարդն հենց պառլամենտից էլ կգա ու զրույցին համընթաց կսկսի ժպտալ, մահը, ... թաղումը, միջանցքի անկենդան մարմինը, անձրևը, Ջուլիան և ես՝ ինչպես միշտ՝ ուշացած։ Հետո կսկսի ծիծաղել հաճույք ստանալով իր հեգնանքին ըմբռնումով մոտենալու իմ վերաբերմունքից, դժգոհություններով ու անվերջանալի մխիթարական դատարկաբանություններով լի իմ փոքրիկ, ձախողված կյանքից։ Հետո կլրջանա։ Առջևում ծանր օրեր են սպասվում, ելույթներ պիտի գրի, մի քանի միլիոնի հասնող գործարք կատարի։ Իրենից շատ բան է կախված։ Դեռ նախարարի աջ ձեռքն է։ Եթե սա առաջ գնա, իր համար էլ լավ կլինի։ Կատարյալ վստահություն։ Ընկերոջ համար ճանապարհ հարթելու պատրաստակամություն։
Ես թեքվեցի միջանցքի կողմը։ Ջուլիան շրջվել և ուղիղ իմ կողմն էր նայում։ Ձախ ձեռքը բերանի մոտ էր՝ կարծես դեռ ծխելուց լիներ։ Ուղեկցորդուհին գնացել էր։ Ու մեր միջև միայն դիակն էր։ Առջևում նստածներն սկսել էին իջնել։ Ջուլիան փորձում էր ինձ ինչ-որ բան հասկացնել։ Մի՞թե մտածում էր, որ կանցնեի դիակի վրայով ու կմոտենայի իրեն։ Անշուշտ, նա շուտով կկարողանար դուրս գալ, բայց կողքիս միանձնուհիները շատ ամուր էին նստած իրենց տեղերում։ Հայացքս իջեցրի գետնին պառկած ծերունուն։ Նրա դեմքը մոխրագույն էր, կյանքի նշույլ անգամ չէր մնացել, դժվար էր պատկերացնել, որ մի ժամանակ նրա երակներում արյուն էր հոսել։ Մինչ նայում էի նրան, թվում էր, թե ավելի է անէանում, դառնում ավելի վերացական՝ կարծես միանալու համար մեր վրա թափվող փափուկ անձրևին։
Ջուլիան արդեն ավելի անհանգիստ շարժումներ էր անում։ Նրա շարքի հերթն էր մոտենում։ Ես ձեռքով արեցի՝ մատնացույց անելով դիակը։ Ջուլիան նորից իրեն մոտենալու նշան արեց։ Ես չէի կորցրել ցատկելու ընդունակությունը, ոչ։ Նորից գլխով արեցի։ Դիակի դիրքն այնպիսին էր, որ Ջուլիային հասնելու համար վրայով պիտի ցատկեի, իսկ նստարանների վրայով չէի կարող անցնել, քանի դեռ ուղևորները նստած էին։ Ետ ընկա աթոռին ու նկատեցի բաժակը, որ ուղեկցորդուհին մոռացել էր տանել։ Հատակին դեռ երկու կտոր սառույց էր փայլում, դատարկեցի ափիս մեջ ու ամուր սեղմեցի։
Մենք սառույցը տեղավորեցինք պլաստիկե փոքրիկ պայուսակի մեջ, երեք հատ սրբիչով փաթաթեցինք և անմիջապես ուղևորվեցինք միսս Վերնոնի տուն։ Մինչ անցնում էինք ձյունածածկ դաշտերով, սառույցը դանդաղ անզգայացնում էր մատներս, ու ես անմտորեն մտածում էի, որ այդպիսով մատներս կփրկվեն փտելուց։ Հիշում եմ, թե ինչպես էի պատկերացնում, իբր ծնողներիս տանն եմ։ Նոր տարի էր, և ես լի էի երանավետ սպասումներով, իսկ հետո, երբ բացում էի նվերը, նայեցի ձեռքերիս ու տեսա, որ դրանք ոչ թե երեխայի, այլ ծերունու խորշոմած, կապույտ, դուրս պրծած երակներով ձեռքեր են։
Միսս Վերնոնի պուրակում բարդիները քամուց ճոճվում էին։ Երեկո էր, նրա սենյակում հազիվ նշմարելի դեղին լույս էր երևում։ Տան վրա մի մոխրագույն միայնակ ամպ էր կախված, որ հետզհետե հալվում էր մայրամուտի մեջ։ Մենք բացեցինք մուտքի դուռն ու մտանք սրահ։ Մգլահոտ էր գալիս, և ես նկատեցի, որ պատուհաններն ամուր կողպված են։ Ուղեգորգի վրա չբացված ծրարների մի կապ էր ընկած։
– Այստեղ մնա,- շշնջաց Ջուլիան,–որ պետք լինես, ձայն կտամ։
Վերցրեց սառույցն ու աստիճաններով արագ վեր բարձրացավ։ Անորոշ ափսոսանքից, որ նրան ներքաշել էի այս ամենի մեջ, ու տարտամ տխրությունից բացի, ուրիշ ոչ մի զգացում չունեի։ Էլի սառույց չորոնե՞մ։ Գիտեի, որ մի տեղ սառնարան պիտի լիներ։ Քայլեցի նախասրահով ու բացեցի ձախ կողմի դուռը։ Կիսալույսի մեջ նկատեցի ճենապակե լուսիններով դրվագված բուխարին։ Լույսը վառելուն պես կարմրափայտն անմիջապես շողարձակեց, հետո մթնեց ու չորացած արյան պես քարացավ։ Բազում սեղանիկների վրա լուսանկարներ էին, որոնք փառաբանում էին Հովարդ Վերնոնի ֆիզիկական աճը։ Անկյունում հսկայական դաշնամուրն էր փայլում։ Մոտեցա ու սկսեցի սի գամման նվագել։ Դաշնամուրը շատ էր լարից ընկած։
Քսանհինգ տարի առաջ, Հովարդի տասնվեցամյակին միսս Վերնոնը դաշնամուր էր նվագում։ Ես այնտեղ էի։ Եթե ճիշտ եմ հիշում, մոտ տասնհինգ պատանիների էր հրավիրել։ Հյուրերի բաժակներում փրփրուն, փունջանման խմիչք էր, որը կարող էր ալկոհոլային լինել, նաև՝ ոչ։ Հատակն այնպես էր փայլեցրած, որ սկսեցի մտածել՝ կարողանալու ենք պարել, թե՞ շարունակ պիտի սահենք՝ մեր ծուռտիկ-մուռտիկ ոտքերը ցուցադրելով։ Վերջապես միսս Վերնոնը բարձրացավ հարթակ ու ողջունեց Հովարդի տարեդարձի մասնակիցներին։ Ավելի ուշ փոփ երաժշտություն էինք լսելու, բայց նախ ավանդական մի պար՝ զինվորական երկքայլը։ Եվ որովհետև պարել չգիտեինք, նա սկսեց բացատրել, իսկ Հովարդը Ամանդա Քեմփբլ Սմիթի օգնությամբ պիտի ցուցադրեր։ Ակնհայտ քամահրանքով Հովարդն առաջ եկավ ու մոտեցավ Ամանդային։ Նրա անփույթ կեցվածքը մեզ ուղղված մեղադրանք էր՝ ինչպես կարելի էր անհաղորդ լինել պարահանդեսային պարերի գաղտնիքներին։ Իսկ պարը, պարզվեց, ինչ-որ խորամանկ մի կալվինիստ էր հորինել՝ փորձելով այնպես դասավորել, որ զույգերը մի քանի վայրկյանից ավելի միասին չլինեին։
Վերջապես երաժշտությունը սկսվեց, և ես մի աղջկանից մյուսն էի անցնում՝ զգալով թե ինչպիսի անսպասելի թեթևություն է համակել շարժումներիս։ Պարն իրոք շատ հեշտ էր։ Ես այլևս չէի կաշկանդվում ապուշի դեր ստանձնելուց։ Հետո անսպասելի զգացի, որ ձախ ձեռքս լողում է օդի միջով։ Շրջվեցի ու դատարկ տարածության մեջ կուչ եկած գունատ մատներ տեսա։ Նայեցի զուգընկերոջս։ Ու՞ր է ձեռքը։ Արդյո՞ք թաքցրել է ետևում։ Հետո, երբ արդեն առաջ պիտի անցնեի, տեսա, տեսա այդ սարսափելի կրծուկը, որ սկսվում էր արմունկից ու բազմաթիվ սպիներից փայլող, սպիտակ, խոցոտված մաշկ ուներ։ Երաժշտությունը քշեց-տարավ նրան իմ կողքից։ Այն գիտակցումից, որ պարի օրենքով մի քանի րոպեից նույն իրավիճակը պիտի կրկնվեր, ցնցումն ու հուզմունքը լիովին անհետացել էին։ Ի՞նչ պիտի անեի. բռնե՞ի այդ կրծուկը՝ ցույց տալու համար, որ չեմ խորշում տձևությունից, թե՞ բարձրագույն նրբավարություն դրսևորելով՝ ձեռքս տանեի իրանին։ Պարն անողորմաբար մոտեցնում էր նրան, ու երբ ինձանից հինգ զուգընկեր էր հեռու, սարսափածի ճիչ լսեցի, իսկ հետո երաժշտության ձայնը գերազանցող մի սուր բղավոց՝ Հովարդ Վերնոնի ձայնն էր.
- Մայրիկ, մայրիկ այստեղ միձեռանի աղջիկ կա։
Որպես հարգանքի նշան անաղմուկ իջեցրի դաշնամուրի կափարիչը։ Վերևից, ինչ-որ տեղից ձայներ էին հասնում, որ ավելի շուտ հեծկլտոցի էին նման, քան խուճապի։ Հուսով էի, որ Ջուլիան շատ չէր խառնվում իրարանցումին, առհասարակ ասում էին, որ մենք երկուսս էլ քչախոս էինք։ Ես ուշադիր լսում էի՝ հուզված, բայց անորոշ ձայներ էին գալիս։ Իմ տեղը պարզ էր. ներքևում պիտի մնայի։ Սեղաններից մեկի վրա Հովարդի բավական մեծ լուսանկարն էր՝ մի աղջկա հետ։ Վերցրի։ Հովարդը մի ձեռքով գրկել էր աղջկան, մյուսով շամպայնի շիշն էր բռնել։ Նրա աչքերում ինքնավստահ փայլ կար, ու իր բազում հաջողությունների գիտակցումից ինքնագոհ ժպտում էր։ Ի՞նչ առիթ էր։ Ընտրական հաղթանակ։ Չէ՛, նա այդքան մեծ չէր, ու մազերն էլ բավական երկար էին կենտրոնական հանձնաժողով դիմելու համար։ Միգուցե Հարվարդի բիզնեսի դպրոցի վկայականի հանձնման օրն է։ Ուշադիր զննեցի աղջկան ու ետևի տեսարանը, բայց երկուսի մեջ էլ բացահայտ ամերիկյան ոչինչ չկար։
Այդ ե՞րբ ճշտեցի, որ Հովարդը միշտ հաջողակ է լինելու, իսկ ես, որքան էլ ցավալի է, ողջ կյանքում պիտի քարշ գայի այն թևերի վրա, որ երբեք չէի հայանագործելու։ Երբ դեռ երկուսս էլ դեռահաս էինք, կարող էի ինքս ինձ համոզել, որ պոեզիայից ստացած մրցանակս նույնքան կարևոր է, որքան նրա հինգերը, որ իմ պարզունակ գունաքարն ավելի փայլուն հաջողություններ է կանխանշում, քան դպրոցի ավագի դահուկավազքից ստացած բոլոր մրցանակները։ Նույնիսկ երբ ես Լամփեթրում գլուխ էի կոտրում Արիստոտելի վրա, իսկ Հովարդը Օքսֆորդի միությունում նիշեր էր հավաքում, դժվարությամբ էի ընդունում նրա հաղթանակներն ու չէի համակերպվում, որ նա շուտով ինձնից անհասանելի հեռու է լինելու։
Վերևից հոսող ջրի ու թերևս չարագույժ, չկապակցված տնքոցների ձայն էր գալիս։ Պարզ էր, որ իրավիճակը չէր բարելավվում։ Ջուլիան առհասարակ իրեն լավ էր պահում, բայց երբեմն հունից դուրս էր գալիս։ Ես հոգոց հանեցի ու նկարը դրեցի տեղը։
Դրսում սև, պայծառ երկնքի տակ սառչում էր սիզամարգը։
Հովարդի առանձնատունը ճիշտ ծովափին էր։ Առջևում գունեղ առագաստներով նավակներ էին, ձկնորսներ, զբոսաշրջիկներ, մի քիչ հեռու տարօրինակ շեղբված կղզին էր, որին հուշարձանի պես ողողում էր ծովը։ Հիշեցի, թե ինչպես էի տասնմեկ տարի առաջ նստել ծովափում և դիտում Հովարդին, որ իրեն տանջելով սևանում էր արևի տակ։ Ողջ առավոտ անհանգիստ էի եղել։ Արդյոք մեր հենաթոռները բավական հեռու՞ էին օվկիանոսից։ Ես պատկերացրի, թե ինչպես է հսկայական, ճառագող ալիքը գալարվում օդի մեջ և կլանում մեզ, մինչ մենք ինքնագոհ պառկած, այդքան թանկ գնով մեր երեսներն ենք արևին տալիս։
Ես ատում էի Հովարդենց տան խնջույքները։ Աղմուկը շատ էր, ամենուր ինքնավստահ ձայներ էին ու չափից ավելի տոնական ցնծություն։ Սառցապարկը նյարդայնացած տարա քթիս։ Միգուցե դրսում նստելը ճիշտ էր, թեև առանց այդ էլ ստվերում էի։ Տաք օդն ինձ վնաս էր։ Անդադար արնահոսությունից օրերով տանջվում էի ու բաղնիքն ապականում քթիցս հոսող արյունով։ Վերջին օրը դուրս եկա, տեղավորվեցի հսկայական հովանոցի տակ և մոտ մեկ ժամ հետևեցի, թե ինչպես է Հովարդն իրեն բրոնզագույն դարձնում։ Արևը գնալով ավելի կիզիչ էր դառնում, և խաղով տարված երեխաների բարակ ստվերներն հազիվ էին դաջվում ավազին։ Կեսօրին խմիչքներով լի սայլակով մի աղջիկ՝ իր ճամփան հարթելով ափին մեկնվածների միջով, մի երկար բաժակ մեկնեց Հովարդին։
- Ի սեր Աստծո, Մելիսիա,–ասաց նա,– մի քիչ սառույց գցիր մեջը։
- Ցավում եմ, բայց էլ չկա,–ասաց աղջիկը,– Կարծեմ...
Ես փութով ճանկեցի սառցապարկը։ Հովարդը Մելիսիայի հայացքին համընթաց շրջվեց իմ կողմը ու սպանիչ հայացքը հառեց վրաս։
– Վախենում եմ, քթիցս էլի արյուն գա,– ասացի ես։
Հովարդը շարունակում էր նայել ինձ՝ մոգական ուժով մեր միջև ընկած տարածությունը լցնելով լուռ մեղադրանքներով, ես որևէ խելամիտ առարկություն չարեցի, բազում ժամեր էի անցկացրել բաղնիքում և հիմա անթաքույց ապուշի պես գողացել էի ողջ սառույցը՝ բոլորին դատապարտելով գոլ ջինի և տոնիկի։ Ինձ այլևս չէին հրավիրի։
Վերևից արագ քայլի ու խուլ թրմփոցի ձայն լսվեց։ Մտա նախասրահ, վերցրի սեղանին դրված նամակների կապը և աստիճաններով սլացա վեր։ Բաղնիքի դուռը բաց էր, նկատեցի, որ օդը թանձրացած էր գոլորշիով։ Նամակներն ինչ–որ ձևով փաստեցին ներկայությունս։
- Ամեն ինչ կարգի՞ն է,-լսեցի ինձ ուղղված հարցը, երբ փորձում էի առաջ գնալ։
Սալիկներին պսպղացալ կաթիլներ էին, իսկ սենյակի մի մասում արդեն ամպ էր գոյացել։ Շրջվեցի կնոջս փնտրելու։ Նրա մազերը թաց էին ու մի քիչ խռիվ։ Նկատելով, որ զգեստի մի մասը արյունից մգացել է, ցնցվեցի։
- Նա դեռ արնահոսու՞մ է,–հարցրի՝ հիմարի պես նրա առջև թափահարելով նամակները։
– Արդեն ոչ։ Իջիր ներքև ու ինձ սպասիր։
Նա անցավ կողքովս, մտավ բաղնիք ու փակեց դուռը։ Երբ շրջվում էի հեռանալու, հայելու մեջ որսացի հայացքս։ Կիսալույսի մեջ դիմագծերս տարօրինակորեն ձգված էին, սրված, գրեթե՝ թռչնանման։ Զգացի, թե ինչպես է բաբախում սիրտս, երբ նորից վերադարձա նախասրահ, ուր հիսուն շրջանակված նկարներից Հովարդն ինքնագոհ ժպտում էր, հաճոյանում կամ ելույթ ունենում՝ ցուցադրելով իր կյանքի նվաճումները։ Ես մտածում էի, թե ինչ են լինելու դրանք միսս Վերնոնի մահից հետո։ Հովարդի ինչի՞ն են պետք իր հիսուն նկարները։
Նստեցի Աննա թագուհու շրջանի բազկաթոռին ու ձեռքերս դրեցի ծնկներիս։ Ձեռքերս անսովոր գունատ էին. եղունգներիս մի մասը ճաքճքած, բայց մինչ այդ գիշերը չէի մտածել, որ դրանք տարիքով մարդու ձեռքեր էին:
Հիշում եմ՝ Հովարդի ձեռքերին առաջին անգամ ուշադրություն դարձրի, երբ թիավարում էր, դեմքը շողշողուն էր ու վարդագույն։ Հետո շատ պատահական նկատեցի, որ թեև ուժ գործադրելուց հոդերը սպիտակել էին, ձեռքերը լի էին թրթռացող կենսունակությամբ, և ուժը հորդում էր։ Նայում էի նրան, ու հանկարծ հայացքս ընդգրկեց ողջ մարմինը՝ չափազանց ձույլ, պիրկ, երակներով ակոսված։
Հենց այդ ժամանակ էր, որ նավակն սկսեց սուզվել։ Ես տասներեք տարեկան էի, նույնքան էլ Հովարդն էր։ Մայրս, հավանաբար իրավացիորեն Շոստակովիչի մռայլ սիմֆոնիաները նվագելու իմ հակումից մտահոգ՝ Հովարդ Վերնոնի հետ շփվելու երկրորդ առիթն էր ստեղծել։ Առաջին հանդիպումից շատ բան չեմ հիշում, այդ ժամանակ երեք տարեկան պիտի լինեի, բայց միշտ ասում էին, որ Հովարդն իրեն շատ վատ է պահել, չի վերադարձրել զինվորների իմ դասակը և հատկապես նողկալի է եղել թեյի սեղանի շուրջ։ Անկասկած, այդ հանդիպումը միայն նախնական բարդ բանակցություններից հետո էր հնարավոր։ Ինձ նման արվարձանում ապրող երեխաները գրեթե չէին կարող ազատորեն շփվել, քանի դեռ բոլոր կապերի համար չէին ստացել ծնողների կամ դայակների ավատական օրհնանքը։
Այդ օրը մայրս, կանխազգալով իր ծրագրերի նկատմամբ իմ հավանական ընդդիմությունը, մինչև վերջին պահն ինձ տեղյակ չէր պահել ժամադրության մասին։ Մահճակալին պառկած Հինդեմիթ էի լսում։ Երաժշտությունը, որ հավանաբար նրա Matis der Maler–ն էր, հոգեկան մենության մեջ էր գցում։
Մայրս ներս մտավ ու ձայնասկավառակի վրայից վերցրեց ասեղը.
- Ժամը չորսին պատրաստ կլինես,– ասաց նա,– և չմոռանաս ասել՝ շնորհակալություն ինձ հրավիրելու համար։
Վերնոնների տունը առանձնահատուկ տգեղ կարմիր աղյուսով էր կառուցված, չափից ավելի ելուստներ ուներ, և ես չգիտես ինչու պատկերացրի միսթր Վերնոնին՝ հաղթանդամ մարմնով այդ բրոքերին, կուչ էր եկել սեղանի ետևը, իսկ ներքևում վատ տեղեկացված ներդրողների ամբոխը նպատակասլաց տքնում էր։ Թեև հայրս ասում էր, որ միսս Վերնոնը ամբողջ օրը բաղնիքում ջին և տոնիկ խմելով է անցկացնում, բայց դուռը իմ զանգելուց մի քանի վայրկյան հետո բացվեց։
- Ա՜, Դեյվիդ,– ասաց միսս Վերնոնը,– ներս արի։ Հովարդն արդեն պատրաստ է։
Նախասրահից հատակի քսուքի ու թարմ ծաղիկների սուր հոտ էր գալիս։
– Հովարդ,– բղավեց միսս Վերնոնը,– Դեյվիդն այստեղ է, Դեյվիդը պատրաստ է, Դեյվիդն սպասում է։
Եռակի սպառնալիքը գլորվեց աստիճաններով ու բախվեց Հովարդի սենյակի դռանը։ Այնտեղ լռություն էր՝ չհաշված ինչ-որ խուլ թրմփոցները, կարծես ինչ-որ մեկը ոչ սովորական չափսի ներքնակներ շպրտելուց լիներ։
- Ոչ ոք չէր խնդրել, որ Դեյվիդը գար։
Այս սրամտությունը կայծակնային անդրադարձ ունեցավ, միսս Վերնոնը հասավ ամենավերին աստիճանին և աշխարհակործան հրանոթի ուժգնությամբ ու արագությամբ ներխուժեց Հովարդի սենյակ։ Արան հաջորդեցին ծեծուջարդի անորոշ ձայներ, և ի վերջո պատշաճ հագնված Հովարդին միսս Վերնոնը կալանավորի պես ուղեկցեց աստիճաններով վար։
- Ասա ողջույն Դեյվիդին։
Հովարդը բարձրահասակ էր, նիհարակազմ և խիտ ու գանգուր շագանակագույն մազեր ուներ։ Մաշկը նուրբ էր, ճենապակու պես գունատ, իսկ թաց, կեռասի պես կարմիր շրթունքներն այնպես էին հավաքված, որ թվում էր, թե սիգար է ծխում։ Ես մտածում եմ, թե արդյոք ներողություն պիտի խնդրե՞մ ճիշտ ժամին գալու համար։
- Լավ, ամեն ինչ կարգին է,– ասաց միսս Վերնոնը՝ բացելով դուռն ու մեզ առաջնորդելով դեպի մեքենան։
- Անցիր ետև, Հովարդ։
Հովարդի բարեկազմ մարմնով դող անցավ։
- Իսկ ինչու՞ Դեյվիդը չի նստում ետևում։
- Դեյվիդը հյուր է, Հովարդ։
- Լավ, խնդրում եմ։
– Հովա՛րդ:
– Ախր գիտեք, չէ՞, որ ես վատ եմ զգում, երբ ետևում եմ նստում։
– Դեյվիդ, դու վատ կզգա՞ս, եթե ետևում նստես։
- Ոչ, միսս Վերնոն,– պատասխանեցի ես։
Երևում էր միսս Վերնոնը գոհ չէր Հովարդի նկատմամբ տարած հաղթանակի համար։ Անկասկած, այս ամենը նա այլ կերպ էր պատկերացրել։ Վերջապես հասանք մի մեծ լճի, որը սովորական մոխրագույն պուրակով էր երիզված։ Օրն ամպոտ էր, և թույլ քամին ջրի վրա շրջանակներ էր գծում։ Միսս Վերնոնը դուրս եկավ մեքենայից և նավաստու համազգեստով տարեց մի մարդուց փոքրիկ նավակ վարձեց:
- Թիավարել գիտե՞ս,– հարցրեց ինձ միսս Վերնոնը։ Նա արդեն վերցրել էր թիերը ու մեզ վճռականորեն մղում էր դեպի լճակի խորքը։
- Դե, իրականում երբեք չեմ թիավարել...
Ինչ-որ իմաստով ամոթ էր, որ այդպիսի պարզագույն խնդրից գլուխ չէի հանում։ Հովարդը ոչնչացնող հայացքով չափեց ինձ։
– Կուզե՞ս փորձել։
- Կարո՞ղ եմ առաջինը ես թիավարել,– հարցրեց Հովարդը։
- Իհարկե... իհարկե, Դեյվիդը չգիտի թիավարել։ Հովարդ, խնդրում եմ, հիշիր, Դեյվիդը քո հյուրն է։
- Հենց դրա համար էլ ճիշտ կլինի, որ ցույց տամ։
Հովարդը, որ սովորեցնելու ոչ մի փորձ էլ չարեց, շարունակ նույն տեղում պտտեցնում էր նավակը։ Լճակի շուրջը տեղատարափ անձրև սկսվեց։ Մենք տեսնում էինք, թե ինչպես էին հորիզոնում սև ամպեր կուտակվում, որոնք ուր որ է խոնավությունից ճաքելու էին։
- Հովարդ, կարծես թե արդեն Դեյվիդի հերթն է,– ասաց միսս Վերնոնը։
Մենք լճակի կենտրոնում էինք, երբ նավակն սկսեց սուզվել։
Մեկ ժամ անց, մեծ թղթե տոպրակի մեջ քարշ տալով շորերս, ես կանգնել էի Վերնոնների շքամուտքում և սպասում էի մորս գալուն։ Հազիվ էի շարժվում կապույտ, հին կոստյումի մեջ, որ Հովարդը դժկամությամբ էր տրամադրել, իսկ ոտքերիս չափով կոշիկ այդպես էլ չգտնվեց։ Երբ վերջապես ավտոմեքենան հաղթահարելով խճապատ ճանապարհը մոտեցավ մեզ, Հովարդի ողջերթի արհամարհական հայացքի ներքո ճպճպացնելով իջա աստիճաններից։
– Հուսամ, որ չես մոռացել, թե ինչ պիտի ասես,- շշնջաց մայրս։
- Օ՜, այո,– ասացի ես, շրջվելով դեպի Հովարդը։ - Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար։
Ձմեռային ցուրտ օր է, պատուհանի մոտ գտնվող իմ նստարանից երևում են միսս Վերնոնի տունը, պարտեզը, ավելի հեռվում՝ ձյունածածկ բլուրները։ Պուրակի ետևում դանդաղ ծուխ է բարձրանում՝ փխրեցնելով համատարած գորշ օդը։ Պարտիզպաններին հաջողվել է խարույկներ վառել և, հավանաբար հիմա, խունացած գորգերի ու հին հագուստների կույտի առջև կանգնած, որոշում են, թե դրանցից որն է արժանի փրկության։
Ջուլիայի քայլվածքից կարող եմ դատել, որ նրա տրամադրությունն այնքան էլ լավ չէ։ Անշուշտ, բնական է, որ նա փոքր-ինչ հուզված պետք է լիներ։ Նրան ասել էի, որ ինքը ոչինչ անել չէր կարող և մեղավոր չէր շտապօգնաթյան այդքան ուշ հասնելու համար։ Նա կտրուկ գլխով արեց՝ փակելով խոսակցությունը։ Բայց շարժուձևից պարզ էր, որ անիծում էր իրեն, անիծում էր ինձ, անիծում էր Հովարդին, որ չէր կարողացել բացակայել կարևոր պետական գործերից։
Այդ առավոտ մտա խոհանոց և տեսա սեղանին դրված դատարկ սառցամանները։ Դրանց մեջ ջուր լցրի ու դրեցի սառնարան՝ մտածելով, թե էլ երբ Հովարդին սառույց պետք կգա։ Պատկերացրի նրան ջինի ու տոնիկի բաժակը ձեռքին բուխարու առջև նստած՝ հեղինակավոր լրագրողներին ինքնավստահ հարցազրույց տալիս։ Տեսնես լիմոնը կտրելու կամ հյուրերին ձիթապտուղ հրամցնելու պահին կվարձի՞ արդյոք մտքովն անցկացնել, թե ինչպես էինք ես ու Ջուլիան ձյունածածկ դաշտերի միջով, սառույցը պարկում շխկշխկացնելով, շտապում իր մոր մոտ, որ ցուրտ ու մութ սենյակում պառկած մահանում էր։ Ոչ։ Նա կվաճառի այս ամենը՝ տունը, խրճիթը, այգիները, պարտեզը, դաշտերը, ու կփնտրի ավելի լուսավոր ու մաքուր, քաղաքին մոտ մի վայր, որն այդքան ծանրաբեռնված չի լինի հիշողություններով։ Նա նույնիսկ վերջին անգամ այցելելու նեղություն չի տա իրեն ու երբեք չի տեսնի մոր մահճակալի մաշված ճաղերը, խոհանոց տանող ճանապարհից քերված մոխրագույն ձյունը, սառնարանում իրեն սպասող սառույցը։
Ջուլիան հեռախոսի մոտ էր և փորձում էր համաձայնության գալ թաղման գործակալության աշխատակիցների հետ։ Որքան էլ ջանում էր, չէր կարողանում բացատրել իր ուզածը։ Հանկարծ այն մտքից, թե որքան սարսափելի է անճարակ մարդկանց շրջապատում մեռնելը, ես ցնցվեցի։ Ինչ էլ որ աներ Ջուլիան, ես չէի կարծում, որ դա այն էր, ինչ Հովարդը կուզենար անել մոր համար։ Այնուամենայնիվ, ակնարկելով մեր անկարողությունը, ըստ էության այդ դժվար պարտականության հարցում նա կազատի իրեն մեզ հեգնելու անհրաժեշտությունից։ Եվ անկասկած, երբ ըստ կարգի հոգեհանգիստն արած կլինենք կամ իր փոխարեն աջ ու ձախ քարշ եկած կփնենք, Հովարդը կհայտնվի։ Ես մտածում էի, որ նա թաղմանը կգար։
Դժբախտաբար Ջուլիան սկսել է ձայնը բարձրացնել։ Ճամպրուկը դասավորելու ձևից միանգամայն պարզ է, որ տարիների ընթացքում մեր միջև ընդհանրական քիչ բան է ստեղծվել։ Ավելի ուշ նա կասի, որ Հովարդն իմ ընկերն է, և այս ամենն ինձ համար է անում։ Երբ տուն գնանք, մենք մի քանի շաբաթ կշարունակենք կռվել, և ես ավելի շատ ժամանակ կանցկացնեմ Միլիգանի բարում։ Այնտեղ բազմաթիվ պատմություններ կլսեմ Լեոպարդսթաունի ձիարշավներում հաղթողների, Մաք Քվիթսում կորած ձեռագրերի, այդ պահին գրվող ինչ-որ նշանավոր վեպի, Վաքլոու քաղաքի հոգաբարձուների, երկու հարբեցող հոգևորականների, հիվանդության վերածվող սնապարծության մասին, և մինչ երեկոն կերկարի ու բուխարին ավելի կջերմացնի ետնասրահը, կպատմեմ իմ ճամփորդության մասին, թե ինչպես էր անձրևում Վելսում ու ձյուն գալիս Անգլիայում, կպատմեմ երկու մահերի և հայտնի քաղաքագետ իմ ընկերոջ մասին։
Անգլերենից թարգմանեց՝ Լիլիթ Գալաստյանը
Աղբյուրը՝ Չարլզ Վիսկինսոն
0 comments:
Post a Comment