Ներկայացնում է Գևորգ Սայադյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Կարս բերդաքաղաքը մեր մատենագրության մեջ հիշատակվում է համեմատաբար ուշ, սակայն այն իբրև բերդ կամ սովորական բնակավայր գոյություն ուներ հնագույն ժամանակներից։ Ականավոր շատ հայագետներ Կարս և Կարին քաղաքների անունները կապում են այդ կողմերում հնագույն ժամանակներում բնակվող կարենիտներ ցեղանվան հետ, որը հիշատակված է Քսենոփոնի մոտ։
Կարսը միջնադարյան Հայաստանի մինչև օրս պահպանված մայրաքաղաքներից է: Այն գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին, շրջապատված բլրապատ բարեբեր դաշտերով, ծովի մակերևույթից մոտ 1850 մ բարձրության վրա:Կարսը IX դարի վերջերից հիշատակվում է իբրև բերդաքաղաք, իսկ 928 թ. դառնում է Հայաստանի մայրաքաղաք։
931թ. Աշոտ 3-րդը Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք է հռչակում Անին, իսկ Կարսը մնում է որպես Բագրատունիների կրտսեր ճյուղի Կարսի կամ Վանանդի ֆեոդալական փոքր թագավորության մայրաքաղաք։
Կարսի վերջին թագավոր Գագիկը, սելջուկյան շարունակվող հարձակումների վտանգը նկատի ունենալով, հարկադրված է լինում 1064թ., սելջուկյան սուլթան Ալփ–Արսլանի արշավանքի նախօրեին, Կարսն ու համանուն թագավորությունը զիջել բյուզանդացիներին և դրա փոխարեն ստանալ Կապադովկիայի Ծամնդավ քաղաքը։ Դրանից հետո Կարսը գրավում են սելջուկ թուրքերը, որոնց տիրապետությունն այստեղ, XI դ, վերջերին մի քանի տարով ընդհատվելուց հետո, շարունակվում է մինչև XII դ, վերջերը։ 1198—1236թթ. Կարսը հայազգի զորավարներ Զաքարե և Իվանե Զաքարյանները միացրել էին վրացական թագավորությանը։
Անուղղակի տվյալներից երևում է, որ XI—XIII դդ. Կարսի բնակչության թիվը հավանաբար անցնում էր 50000 մարդուց։ Իսկ սա այդ դարերի քաղաքների բնակչության համար շատ մեծ թիվ էր:
Կարսի մարզի տարածքը 19 հազ. քառ. կմ-ի էր հասնում։ Ըստ 1891թ. վիճակագրական տվյալների, մարզն ուներ 44280 հայ, 30259 քուրդ, 27567 հույն, 46954 թուրք, 11813 ռուս, 27247 կարափափախ, 10174 թուրքմեն և 2574 այլ ժողովուրդների պատկանող բնակիչներ, ընդամենը 200868 մարդ, իսկ ըստ 1897 թ. ռուսական առաջին մարդահամարի՝ 292498 բնակիչ։
Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Կարս քաղաքն ու մարզը, Բրեստի 1918 թ. մարտի 3-ի պայմանա-գրով, նորից անցան Թուրքիային։ Այստեղի հայ բնակչության զգալի մասը զոհ գնաց կոտորածներին։ Հայ և մասամբ հույն բնակչության զգալի զանգվածներ գաղթեցին ու բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանում և հարևան երկրներում:
Կարսը չի ենթարկված մի ընդհանուր հատակագծի։ Փողոցները ծուռումուռ են ու նեղ։ Կառուցումները կատարել են կամայականորեն՝ ով որտեղ և ինչպես ցանկացել է։ Քաղաքը չունի կոմունալ տարրական պայմաններ և կանաչապատում։ XIX դարի քաղաքի տներից շատերը քարաշեն էին ու երկհարկանի, փայտյա պատշգամբներով։ Այժմ էլ պահպանվում է ավանդույթի ուժ ստացած շինարարական այդ սովորությունը: Քաղաքի գրաված տարածությունը քառանկյունու տեսք ունի և պարսպապատ է։ Տների մի մասը դարավանդաձև դասավորված է քաղաքում վեր խոյացող լեռան լանջերին` ստորոտից սկսած մինչև կատարը։
1878 թ. հետո ռուսները քաղաքի դաշտային մասի հարավային կողմի արվարձանը վերափոխել էին նոր քաղաքի, որը շրջապատված էր աշտարակներ ունեցող պարիսպներով։ Այստեղ Կարսի մուգ գույնի քարից կառուցել էին ռուսական նոր եկեղեցի, միահարկ, բայց ընդարձակ խանութներ, թիթեղյա տանիքով, պատերը սպիտակ ներկած տներ։
1910 թ. քաղաքապատկան վարելահողերի տարածքը հասնում էր 4000 դեսյատինի։ Ներկայումս էլ Կարսը շատ թե քիչ հայտնի է ավանդույթով եկած արդյունաբերության ճյուղերով` կաթի, յուղի, պանրի գործարաններով և գորգերի ու կոշտ գործվածքների ձեռնարկություններով, որոնք վերակենդանացել են առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով անկման դուռը հասնելուց հետո։
Թուրքական լծից ազատագրվելուց հետո Կարսում բավական աշխուժանում է դպրոցական գործը։ Այստեղ բացվում են պետական մի քանի դպրոցներ՝ քաղաքային արական ուսումնարանը (1880 թ.), քաղաքային իգական ուսումնարանը (1880 թ.), Կարսի իգական գիմնազիան (1909թ.) և այլն։ Դրանք բոլորը ռուսական դպրոցներ էին և ենթակա էին պետական կրթական մարմիններին։ Դրանցից բացի հայկական մի քանի եկեղեցիներին կից կային տարրական ուսումնարաններ։ Երկու այդպիսի նախակրթական ուսումնարաններ (կամ վարժարան) կային ս. Մարիամ եկեղեցուն կից` մեկը տղաների, իսկ մյուսը` աղջիկների։ 1910 թվականին նրա 12 տարբեր կարգի ուսումնարաններում (որոնցից 3-ը միջնակարգ էին) սովորողների թիվը հասնում էր 1376-ի։ Քաղաքում գոյություն ունեին նաև մասնավոր խալֆայական տիպի ուսումնարաններ։
Կարսում են ծնվել հայ մշակույթի ու գիտության մի շարք երախտավորներ։ Այն մեծ Չարենցի ծննդավայրն է։ Այստեղ են ծնվել նաև ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անգամ Հ. Մ. Զարդարյանը (1918թ.), ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ Խ. Հ. Եսայանը (1909թ.), լեռնային ինժեներ, սոցիալիստական աշխատանքի հերոս Ռ. Ս. Գրիգորյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդա մ Է. Հ. Դավթյանը (1903 թ.), իրանահայ գրող Լևոն Բզնունին (1901թ.) և ուրիշներ։ Նոր ժամանակներում քաղաքում հրատարակված պարբերականներից են «Կարս» (1883թ.) ու «Բանվոր» (1917թ.) շաբաթաթերթերը և «Աշխատավորի ձայն» ու «Դիրքերում» օրաթերթերը (1920 թ.): Կարսը միջին դարերում եղել է հայ գրչության կենտրոններից։
Կարս քաղաքի բնակչության թիվը XIX դարում և ХХ-ի սկզբներում էական տատանումներ է տալիս՝ կապված նրա քաղաքական պատմության հետ։ Աղբյուրների հաղորդած տեղեկություններից և պաշտոնական մարմինների տվյալներից երևում է, որ 1829թ. Ադրիանապոլսի պայմանագրից և Ղրիմի պատերազմից հետո Կարսի հայ (և մասամբ հույն) բնակչության զգալի մասը ռուսական զորքի հետ միասին թողել է քաղաքը և տեղափոխվել Արևելյան Հայաստանի զանազան շրջաններ։ Սակայն Կարսի մարզը Ռուսաստանին միացվելուց հետո, ընդհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը, նրա բնակչության թիվը, ճիշտ է դանդաղ, բայց անշեղորեն ավելանում է։ Այսպես, եթե 1800—1830 թթ. քաղաքն ուներ 15 հազար բնակիչ (որից 10 հազարը հայեր), 1830—1850թթ, 14 հազար (որից 6 հազարը հայեր), ապա 1897թ. նրա բնակչությունը հասնում էր 20805 մարդու (որից 10332-ը՝ հայեր), իսկ 1914-ին՝ 30086, որից 25252-ը (83,9 %) կազմում էին հայերը։
XIX դարի սկզբներին Կարսն ունեցել է տարբեր կարգի 3000 տուն, որի մի մասը ավերված վիճակում էր և չէր օգտագործվում։ Այդ նույն ժամանակներում քաղաքում եղել են տարբեր ժամանակներում կառուցված 18 եկեղեցի և 47 մզկիթ, որոնց մեծ մասը նույնպես ամայի է եղել և չի գործել։ Շինարարական-ճարտարապետական տեսակետից առանձնահատուկ նշանակություն ունեն Բագրատունի Աբաս 1–ինի 930—942 թթ. կառուցած Մայր եկեղեցին, ինչպես և քաղաքի բերդը։ Հայկական այդ եկեղեցին կենտրոնագմբեթ, շքեղ տաճար է, որը մինչև օրս կանգուն է, քաղաքի ընդհանուր համայնաատկերի մեջ առանձնանում է իբրև մոնումենտալ կառույց և մի առանձին գեղեցկություն տալիս նրան։ Հայկական մյուս եկեղեցիներից էին՝ ս. Նշանը, ս. Աստվածածինը, ս. Գրիգորը, ս. Մարիամը, ռուսական 2 եկեղեցի (ս. Առաքելոց և ս. Միքայել Հրեշտակապետ), հունական մեկ եկեղեցի (ս. Գևորգ), որին կից կար ուսումնարան։
Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան մյուս շատ քաղաքներ, եղել է սովորական բերդ և մեր պատմագիրները վաղ ժամանակներում այն հիշատակում են որպես այդպիսին («բերդը Կարուց»)։ Հետագայում, IX—XIII դարերում, հենց այդ բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ բերդը մնացել է իբրև միջնաբերդ։ Հետագա դարերում, թուրք–պարսկական տիրապետության մռայլ ժամանակաշրջանում, Կարսի հայկական հին բերդը, որ գտնվում էր քաղաքի արևելյան մասում,շարքից դուրս էր եկել։ Սակայն թուրքական բռնակալները, նկատի ունենալով Կարսի սահմանամերձ դիրքը և բնականից անմատույց լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Թուրք պատմիչ Փեչևին գրում է, որ Կարսի բերդը կառուցվել է 1578 թվականին։ Այդ բերդն ուներ կրկնակի պարիսպներ 26 աշտարակներով, որոնցից 17–ը գտնվում էին հարավային կողմում, իսկ 9-ը արևմտյան։ Քաղաքի չորս անկյունների մեկական աշտարակները մյուսներից ավելի մեծ ու բարձր էին։ Պարիսպների բարձրությունը 10—12մ էր հասնում, լայնությունը՝ 1,5 մետրի, երկարությունը 1000 մ: Բուն միջնաբերդը տեղադրված է Կարս գետի աջակողմյան ժայռի վրա։ Ամենայն հավանականությամբ, միջնաբերդը, որ պատած էր կրկնակի պարիսպներով, համապատասխանում է հին հայկական բերդին, իսկ բերդը կառուցվել է ավելի ուշ` թուրքական տիրապետության շրջանում և կցվել առաջինին։ Մինչև թուրքական լծից ազատագրվելը, Կարսի բերդը բացառապես բնակեցված էր թուրքերով և բաժանված էր 17 թաղերի (մահլաներ)։ Ռուս-թուրքական 1877—78թթ. պատերազմի ժամանակ ավերվեցին քաղաքի ու բերդի պարիսպները։ Սակայն դրանց ավերակները պահպանվում են առ այսօր։ Բերդի պարիսպներն ու մյուս կառույցները շարված են անմշակ քարից, բայց բավական բարձր արվեստով։
Կարսի մյուս հիշարժան կառույցներից կարելի է նշել Կարս գետի վրա գտնվող քարակերտ կամուրջները, որոնք թվով երեքն են և կառուցվել են տարբեր ժամանակներում։
Ներկայումս Կարսը ունի 54 հազ. բնակիչ։ Նա մնացել է գավառական քաղաք և իր տնտեսությամբ ու մշակույթով, և արտաքին տեսքով։
Browse » Home
0 comments:
Post a Comment