Monday, February 10, 2014

Քույրերը

Քույրերը, Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիներ» պատմվածաշարի պատմվածքներից: Թարգմանել է Արտեմ Հարությունյանը:


Այս անգամ նրա վիճակն անհույս էր, դա երրորդ հարվածն էր: Ամեն գիշեր ես անցնում էի նրանց տան մոտով (արդեն արձակուրդներ էին), զննում պատուհանի լուսավորված քառակուսին և ամեն գիշեր պատուհանը լուսավորված էր միա­նման՝ աղոտ ու հավասար: Մտածում էի, եթե նա մահացել էր, ապա կտեսնեի մոմերի արտացոլումը լուսամուտի վարագույր­ների վրա. քանի որ գիտեի՝ հանգուցյալի գլխավերևում միշտ երկու վառվող մոմեր են դնում: Նա հաճախ էր ինձ ասում, որ այս աշխարհում իր օրերը հաշված են, բայց ես նրա խոսքերին չէի հավատում: Այժմ գիտեի, որ այդ խոսքերը ճշմարիտ են: Ամեն գիշեր, երբ նայում էի պատուհանին, շշուկով արտա­սանում էի «կաթված» բառը: Այդ բառը ականջիս խորթ էր հնչում, ինչպես Էվկլիդեսի «արևացույցը» և «սիմոնականությունը» կատեխիզիսում, բայց հիմա այն ասես մի հանցավոր և մեղսապարտ էակի անուն լիներ: Այդ բառը սարսափեցնում էր ինձ, միաժամանակ ցանկանում էի մոտիկից տեսնել նրա մահացու աշխատանքը:

Երբ ցած իջա ընթրիքի, ծերուկ Քոթերը կրակի մոտ նստած ծխում էր: Մինչ մորաքույրս հարցնում էր, թե որտեղ էի կորել այսքան ժամանակ, Քոթերը վերսկսելով ընդհատված խոսակցությունն ասաց.

- Ոչ, ես չէի ասի, թե նա իսկապես... բայց ինչ-որ տար­օրինակ բան կար... ինչ-որ բան էր կատարվում նրա հետ... Ահա իմ կարծիքը նրա մասին...

Նա սկսեց ֆսֆսացնել ծխամորճը և, անկասկած, այդ միջոցին մտմտում էր իր կարծիքի շուրջ: Ձանձրալի, հիմար ծերուկ: Երբ մենք նոր էինք ծանոթացել, նա դեռ բավականին հետաքրքիր մարդ էր, խոսում էր թորման տարբեր ձևերից, բայց շուտով ձանձրացա օղեթորման մասին նրա անվերջանալի խոսակցություններից:

- Ես իմ սեփական տեսությունն ունեմ. —ասաց նա:— Իմ կարծիքով, դա այն... բացառիկ դեպքերից է... Բայց դժվար է ասել...

Նա նորից սկսեց ֆսֆսացնել ծխամորճը, այդպես էլ չբա­ցատրելով իր տեսությունը: Հորեղբայրս նկատելով իմ զար­մացած հայացքն ասաց.

- Հիմա, երբ քո ծեր բարեկամը մահացել է, դու կտխրես:

- Ո՞վ,— հարցրի ես:

- Հայր Ֆլինը:

- Նա մահացե՞լ է:

- Միստր Քոթերը հենց նոր հայտնեց այդ մասին: Ինքն անցնելիս է եղել նրանց տան մոտով:

Գիտեի, որ ինձ զննում են, այդ պատճառով շարունակեցի ուտել, ձևացնելով, թե լուրը ինձ չհետաքրքրեց: Հորեղբայրս բացատրեց Քոթերին.

- Տղան ու նա մոտ ընկերներ էին, հայր Ֆլինը նրան շատ բան է սովորեցրել: Ասում են, ծերուկը նրան շատ էր սիրում:

- Աստված հոգին լուսավորի,— ասաց մորաքույրս ջերմեռանդորեն:

Ծեր Քոթերը մի պահ ինձ զննեց: Զգում էի. որ նրա փոքրիկ ուլունքահատիկի պես սև աչքերը ինձ են նայում, բայց որոշեցի չբավարարել նրա հետաքրքրասիրությունը և հայացքս հեռացրի ափսեից: Նա նորից զբաղվեց իր ծխամորճով, և վերջապես, վճռաբար թքեց բուխարիկի ճաղերին:

- Ես թույլ չէի տա,— ասաց նա,— որ իմ երեխաները շփվեին նման մարդու հետ:

- Ի՞նչ եք ուզում ասել միստր Քոթեր,— հարցրեց մորաքույրս:

- Ուզում եմ ասել, որ երեխաների համար դա վնասակար է: Իմ կարծիքով տղան պետք է խաղա ու վազվզի իր հասա­կակիցների հետ և ոչ թե լինի... ճիշտ չե՞մ ասում, Ջեկ:

- Դա նաև իմ կարծիքն է,— ասաց հորեղբայրս:— Թող երեխան իր նմանների հետ խաղա: Մարմնամարզությամբ զբաղվիր՝ միշտ ասում եմ ես այդ Ռոզենկրեյցերին: է՜հ, երբ թոկից փախածի մեկն էի, ամեն առավոտ՝ ձմեռ թե ամառ, սառը լոգանք էի ընդունում: Ահա թե ինչն է հիմա ինձ փրկում: Կրթությունը շատ լավ է և օգտակար, բայց... Միստր Քոթերը գուցե ոչխարի մսից մի կտոր համտեսի,— դիմեց նա մորա­քրոջս:

- Ոչ, ոչ մի անհանգստացեք.— ասաց ծեր Քոթերը:

Մորաքույրս բուֆետից հանեց սկուտեղը և դրեց սեղանին:

- Բայց ինչո՞ւ եք կարծում, միստր Քոթեր, թե դա վնա­սակար է երեխաներին,— հարցրեց նա:

- Երեխաներին վնասակար է,— պատասխանեց Քոթերը.— որովհետև երեխաների միտքը այնքան տպավորվող է: Ինքներդ գիտեք, երբ երեխան տեսնում է այդպիսի բաներ դրանք անհետևանք չեն մնում...

Ես բերանս լցրի հաճարի շիլայով, որովհետև վախենում էի, որ չեմ կարողանա զայրույթս զսպել: Ձանձրալի, ծեր, կարմրաքիթ հիմար:

Ուշ քնեցի այդ գիշեր: Չնայած զայրացած էի Քոթերի վրա, որ նա ինձ երեխա էր անվանել, բայց գլուխ էի կոտրում հաս­կանալու նրա կցկտուր նախադասությունների իմաստը: Սեն­յակիս մթության մեջ ինձ թվում էր թե նորից տեսնում եմ կաթվածահարի ծանր, գորշ դեմքը: Գլուխս թաքցրի վերմակի տակ և փորձեցի մտածել Նոր տարվա մասին, բայց գորշ դեմ­քը դեռ շարունակում էր ինձ հետապնդել: Դեմքը շշնջում էր, և ես հասկացա, որ ցանկանում է ինչ-որ բան խոստովանել: Զգում էի, որ խորասուզվում եմ արատավոր ու հաճելի մի աշխարհ, որտեղ ինձ սպասում էր նույն դեմքը: Նա շշնջացող ձայնով սկսեց ինձ խոստովանել, և ես չէի հասկանում, թե ինչու էր անվերջ ժպտում և ինչու էին նրա շուրթերը այդքան թաց։ Հետո հիշեցի, որ նա մահացել է կաթվածից. և զգացի, որ ես նույնպես ամաչկոտ ժպտում եմ, կարծես թողություն եմ տալիս նրա սիմոնականությանը:

Հաջորդ առավոտ, նախաճաշից հետո, գնացի տեսնելու Գրեյթ Բրիթըն սթրիթի վրա գտնվող փոքրիկ տունը: Դա ան­հրապույր տեսքով և «Գործվածքեղեն» ցուցանակով մի կրպակ էր: Կրպակում հիմնականում մանկական կոշիկներ էին և հովանոցներ: Սովորական օրերին պատուհանից կախված էր «Հովանոցների վերանորոգում» հայտարարությունը: Այսօր այդ հայտարարությունը չկար, որովհետև ծածկափեղկերը փակ էին, իսկ դռան թակիչին ժապավենով ամրացված էր կրեպե մի ծաղկեփունջ: Երկու աղքատիկ հագնված կանայք և հեռագրատան ցրիչը կարդում էին ժապավենին ամրացված բացի­կը: Ես նույնպես մոտեցա և կարդացի.Հուլիսի I, 1895 թ.Հարգարժան Ջեյմս Ֆլին(Սուրբ Կատարինայի եկեղեցու նախկին քահանա,Սեթ սթրիթ) վաթսունհինգ տարեկան:Հանգստություն նրա աճյունին:

Բացիկը ընթերցելով, համոզվեցի, որ հայր Ֆլինը մահացել է և շփոթվեցի այդ անակնկալ խոչընդոտից: Եթե նա չմահա­նար, ներս կմտնեի կրպակի խորքում գտնվող փոքրիկ սենյա­կը և կտեսնեի նրան վերարկուի մեջ փաթաթված, օջախի մո­տի բազկաթոռում: Մորաքույրս երբեմն ուղարկում էր մի տուփ «Ընտիր» ծխախոտ և այդ նվերը նրան սթափեցնում էր բթացնող նիրհից: Սովորաբար ինքս էի լցնում ծխախոտը նրա սև ծխախոտատուփի մեջ, որովհետև ծերուկի ձեռքերը խիստ դողում էին և այդ գործողությունը անելիս նա անպայ­ման ծխախոտի կեսը շաղ էր տալիս հատակով մեկ: Անգամ այն ժամանակ, երբ նա իր մեծ, դողացող ձեռքը մոտեցնում էր քթին ծխախոտի փոշեհատիկները թափվում էին հագուստի վրա։ Հավանաբար հենց այդ մշտական նստվածքն էր նրա հին քահանայական փարաջային խունացած-կանաչագույն տեսք տալիս, որովհետև շաբաթվա ընթացքում ծխախոտի բծերից սևացած կարմիր թաշկինակը, որով նա փորձում էր թափ տալ շորին կպած փոշեհատիկները, ոչ մի օգուտ չէր տալիս:

Ցանկացա ներս մտնել և տեսնել նրան, բայց չհամարձակվեցի դուռը ծեծել: Դանդաղ քայլեցի փողոցի արևոտ կողմով, ճանապարհին կարդալով համարյա բոլոր թատերական ազդերը: Ինձ տարօրինակ էր թվում, որ ոչ ես էի սգի մեջ, ոչ էլ օրը, և տհաճություն զգացի, երբ հասկացա, որ ինձ համակում է ազատության զգացումը, ասես նրա մահը ազատել էր ինձ ինչ-որ բանից: Դա ինձ զարմացրեց, որովհետև հորեղբայրս երեկ երեկոյան իսկապես ճիշտ Էր ասում, ծերուկը ինձ շատ բան Էր սովորեցրել: Նա ավարտել Էր Հռոմի իռլանդական քո­լեջը և ինձ սովորեցրել Էր ճիշտ կարդալ լատիներեն: Նա պատմում էր ինձ կատակոմբների և Նապոլեոն Բոնապարտի մա­սին, բացատրում պատարագի բազմաթիվ արարողությունների և քահանայի տարբեր զգեստավորումների նշանակություննե­րը: Նա հաճույք Էր ստանում, երբ դժվար հարցեր Էր տալիս, օրինակ, ինչպե՞ս վարվել տվյալ դեպքում, կամ՝ արդյոք գոր­ծած այս կամ այն մեղքը համարվո՞ւմ Է մահացու, թույլատրելի, կամ Էլ պարզապես թուլություն: Նրա հարցերը բացահայտում Էին, թե որքան բարդ և խորհրդավոր են եկեղեցու այդ կանոնները, որոնք ես միշտ համարում Էի սովորական ծիսա­կատարություններ: Քահանայի պարտականությունները հա­ղորդության և խոստովանության գաղտնիքի հարցում ինձ այն­քան կարևոր Էին թվում, որ ես զարմանում Էի, թե մարդիկ ինչ­պես են համարձակվում հանձն առնել այդ պարտականությունը: Եվ ես բոլորովին չզարմացա, երբ նա պատմեց, որ այս խճճված հարցերը բացատրելու համար եկեղեցու հայրերը գրել են «Փոստային տեղեկագրի» հաստության գրքեր, որոնք տպված են նույնպես խտաշար, ինչպես թերթերում դատական պրո­ցեսների մասին տպագրված հայտարարությունները: Հաճախ, երբ մտածում Էի այդ մասին. ես չէի կարողանում նրան որևէ բան պատասխանել կամ էլ դուրս էի տալիս ինչ-որ հիմարու­թյուն, և սխալիս վրա նա սովորաբար ժպտում էր ու գլուխը տմբտմբացնում: Երբեմն ստիպում էր, որ մենք միասին եր­գենք պատարագը, որը ես անգիր էի արել և երբ շեղվում էի, նա նորից գլխով էր անում, մտազբաղ ժպտում և ժամանակ առ ժամանակ մի պտղունց ծխախոտ վերցնելով, հերթով մո­տեցնում քթանցքերին: Երբ ժպտում էր, երևում էին նրա մեծ, դեղին ատամները, իսկ լեզուն հայտնվում էր ներքևի շուրթի վրա՝ մի սովորություն, որից ես անհարմար էի զգում մեր ծանոթության սկզբում:

Քայլելով փողոցի արևոտ կողմով, ես հիշում էի Քոթերի խոսքերը և փորձում մտաբերել, թե երազիս մեջ հետո ինչ կա­տարվեց: Վերհիշեցի, որ մի թավշյա վարագույր կար և մի հնաձև կախովի լամպ: Ես գտնվում էի ինձ անծանոթ սովո­րույթների մի հեռավոր երկրում՝ երևի Պարսկաստանում... Բայց երազիս վերջը չկարողացա հիշել:

Երեկոյան մորաքույրս ինձ հետը տարավ հանգուցյալի տունը: Արևն արդեն մայր էր մտել, բայց դեպի արևմուտք Նա­յող շենքերի պատուհանների ապակիները արտացոլում էին ամպերի երկար շղթայի բոսորագույն ոսկին:

Նաննին մեզ դիմավորեց ընդունարանում և որովհետև բարձրաձայն բարևելն անհարմար էր, մորաքույրս միայն լուռ սեղմեց նրա ձեռքը: Պառավը ձեռքով հարցական Նշան արեց դեպի վեր, և երբ մորաքույրս համաձայնեց, մեզ տա­րավ նեղ աստիճաններով վերև, թեքելով գլուխն այնպես, որ հավասարվեց բազրիքին: Սանդղահարթակին նա կանգ առավ և ձեռքի շարժումով մեզ հրավիրեց ներս մտնել հանգուցյալի բաց սենյակը: Մորաքույրս ներս մտավ, բայց պառավը, տես­նելով, որ տատանվում եմ, նորից մի քանի անգամ ձեռքով նշան արեց:

Ես ներս մտա աշխատելով քայլել անձայն: Սենյակը հա­գեցված էր մայր մտնող արևի լույսով, որ ներս էր թափան­ցել վարագույրի ժանյակազարդ երիզից և լույսի մեջ մոմերը նման էին գունատ, նուրբ բոցի լեզուների: Նա պառկած էր դագաղում: Նաննին նշան արեց, և մենք ծնկի իջանք հան­գուցյալի ոտքերի մոտ: Ես ձևացրի, թե աղոթում եմ, բայց չէի կարողանում կենտրոնանալ, որովհետև պառավի քրթմնջոցը խանգարում էր: Նկատեցի, որ պառավի շրջազգեստը թարս ու շիտակ է կոճկված, իսկ քաթանե կոշիկների կրունկները մի կողմի վրա համարյա մաշված են: Հանկարծ մտքովս անցավ որ ծեր քահանան դագաղի մեջ ժպտում է:

Բայց ոչ: Երբ մենք ոտքի ելանք և մոտեցանք հանգուց­ային, տեսա, որ նա չի ժպտում: Պառկած էր հանդիսավոր ու լուրջ և հագնված էր, ասես ուր որ է ժամասության պետք է գնար, իսկ մեծ, անշարժ ձեռքերով պահում էր թասը: Նրա դեմքի արտահայտությունը շատ խիստ էր: Այդ դեմքը գորշ էր՝ բոլոր խոռոչանման սև քթանցքերով և մազակալել էր: Սենյակում տարածվել էր ծաղիկների ծանր բույրը:

Մենք խաչակնքեցինք և դուրս եկանք: Ներքևի փոքրիկ սենյակում Էլիզան նստել էր քահանայի պատվավոր բազկա­թոռին: Ես տեղավորվեցի անկյունում գտնվող իմ սովորական տեղում, իսկ Նաննին մոտեցավ բուֆետին, հանեց գինու սա­փորը ու մի քանի գավաթ, և դնելով սեղանին, առաջարկեց մի փոքրիկ գավաթ գինի խմել: Նա ինձ առաջարկեց սերուցքային պաքսիմատներ, բայց ես հրաժարվեցի, մտածելով, որ ուտելիս բարձրաձայն կխրթխրթացնեմ: Նա կարծես փոքր-ինչ ափսո­սանքով ընդունեց իմ մերժումը և լուռ մոտենալով գահավո­րակին, նստեց քրոջ մոտ: Ոչ ոք ոչ մի բառ չասաց՝ բոլորս նայում էինք դատարկ բուխարիկին: Մորաքույրս սպասեց, և, երբ Էլիզան հոգոց հանեց, ասաց.

- Էհ, ինչ արած, հիմա նա այն աշխարհում է:— Էլիզան մի անգամ էլ հոգոց հանեց և որպես համաձայնության նշան, գլուխը թեքեց:

Մորաքույրս նախքան ըմպելը, ձեռքում պտտեցրեց գինու գավաթը:

- Իսկ նա ո՞նց... խաղա՞ղ,— հարցրեց մորաքույրս:

- Նա այնքան խաղաղ էր, տիրուհի, երբ հոգին ավանդեց, որ ուղղակի անհավատալի էր, լավ մահ էր, փառք տի­րոջը:

- Եվ ամե՞ն ինչ...

- Երեքշաբթի օրը հայր Օ'Ռուրկը այստեղ էր: Նա օծման վերջին խորհուրդը կատարեց և հաղորդեց:

- Ուրեմն հայր Ֆլինը գիտե՞ր...

- Այո, նա մահացավ անտրտունջ:

- Եվ տեսքն էլ է խաղաղ,— ասաց մորաքույրս: Եվ այժմ, երբ ամեն ինչ վերջացել է, դուք նոր-նոր կզգաք նրա բացակայությունը,֊ ասաց մորաքույրս։

- Ես գիտեմ,— ասաց էլիզան,— որ նրան գավաթով ար­գանակ այլևս չեմ բերի, և ոչ էլ դուք նրան ծխախոտ կուղարկեք: Օ՜, խեղճ Ջեյմս:

Նա լռեց, ասես խորասուզվեց անցյալի հուշերում և հետո ասաց խորիմաստ և հանդիսավոր ձայնով.

- Վերջերս ես նկատում էի, որ նրա հետ ինչ-որ բան էր կատարվում: Երբ արգանակ էի նրան տանում, հաճախ էի տես­նում, աղոթագիրքը ընկած է հատակին, ինքը ընկած է բազկաթոռին՝ գլուխը ետ գցած, իսկ բերանը՝ բաց:— Նա մատը մոտեցրեց քթին, խոժոռվեց, հետո շարունակեց:

- Բայց ինչ վիճակում էլ լիներ, չէր հանձնվում: Ասում էր, քանի դեռ ամառը չի վերջացել, մի օր Այրիշթաուն կգնանք, այն տունը տեսնելու, որտեղ ծնվել ենք մենք, միայն թե Ջոն Ռոշից էժան գնով անաղմուկ և փափուկ մի սայլակ գնենք: Հայր Օ'Ռուրկը ասում էր, որ հատուկ անիվներով ինչ-որ սայլակներ կան, և երեքով՝ ինքը, ես ու Նաննին այնտեղ կգնանք։ Շաբաթ երեկոյան... Այդ միտքը նրա գլխից դուրս չէր գալիս... Խեղճ Ջեյմս...

- Աստված թող նրա հոգուն հանգստություն տա,— ասաց մորաքույրս:

Էլիզան հանեց թաշկինակը, սրբեց աչքերը, հետո թաշկի­նակը դրեց գրպանը և որոշ ժամանակ նայում էր դատարկ բու­խարիկին:

- Իսկ ինչքա՜ն բծախնդիր էր,— ասաց Էլիզան,— եկե­ղեցական աստիճանը նրա բանը չէր և կյանքում էլ, պետք է խոստովանել, նա ծանր ճակատագիր ունեցավ:

- Այո,— ասաց մորաքույրս,— նա հուսահատված մարդ էր, դա երեում Էր նրա տեսքից:

Լռություն տիրեց փոքրիկ սենյակում, օգտվելով առիթից մոտեցա սեղանին, ըմպեցի իմ գավաթից ու վերադարձա անկյունում դրված իմ աթոռին: Էլիզան թվում Էր, ընկղմվեց խոր թմրության մեջ: Մենք հարգալից սպասեցինք, մինչև որ նա խախտեց լռությունը և երկարատև դադարից հետո սկսեց դան­դաղ խոսել:

- Եվ այդ ամենի պատճառը թասն Էր, որը նա ջարդեց այն ժամանակ... Դրանից էլ սկսվեց ամեն ինչ... Իհարկե, մենք ասում էինք՝ ոչինչ, թասը դատարկ էր: Ասում էինք, որ փոքրավորն է մեղավոր... բայց այնուհանդերձ, այդ բանից հետո խեղճ Ջեյմսը ջղային դարձավ, աստված հանգստություն տա նրա ոսկորներին:

- Ուրեմն պատճառը թա՞սն էր,— հարցրեց մորաքույրս:— Ես լսել էի իբր...

Էլիզան գլխով արեց.

- Դա էր պատճառը, որ նա խելքը թռցրեց,— ասաց նա,— դրանից հետո մտազբաղ էր և ոչ ոքի հետ չէր խոսում, մենակ թափառում էր: Մի անգամ, երեկոյան, եկան ծեսի կանչելու, բայց ոչ մի տեղ չգտան: Էլ ուր ասես չնայեցին, փնտրում էին ամենուրեք՝ չկար ու չկար: Ահա այդ ժամանակ, տիրացուն խորհուրդ տվեց նրան փնտրել եկեղեցում: Նրանք վերցրին բանալիները, բացեցին եկեղեցու դուռը և տիրացուն, հայր Օ'Ռուրկը ու մի քահանա, որը նրանց հետ էր, սկսեցին փնտրել: Անգամ կրակ էին վերցրել հետները: Եվ ինչ եք կար­ծում, նա հենց այնտեղ էր... Նստել էր մեն-մենակ իր խոստովանախցում, նրանց էր նայում ակնապիշ հայացքով և կարծես մեղմ ծիծաղում էր ինքն իրեն:

Էլիզան հանկարծ լռեց, ասես ինչ-որ բան լսեց: Ես նույն­պես ականջ դրի, բայց տանը ոչ մի ձայն չէր լսվում, և ես գի­տեի, որ ծեր քահանան պառկած էր դագաղում այնպես, ինչ­պես մենք նրան տեսել էինք մահվան մեջ՝ հանդիսավոր ու ահեղ, դատարկ թասը կրծքին:

Էլիզան կրկնեց.

- Նայում էր ակնապիշ և կարծես ծիծաղում էր ինքն իրեն... Դե՜, հենց որ այդ տեսան, գլխի ընկան, որ նրա հետ ինչ-որ բան է կատարվում...

Աղբյուրը՝ Քույրերը

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic