Աննա Գսպոյան,
Ավգա դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
Հասարակությունը դատարան է, որտեղ յուրաքանչյուրն ունի իր աթոռը: Դատավորը հասարակության դատող անհատների մարմնավորումն է, ովքեր իրենց իշխանությունը օգտագործում են դատելու համար: Միշտ չէ, որ «դատավորի» երկու կողմերից մեկին հասցեագրված վիրավորանքը, զրպարտանքը կամ փնովումը ողջունելի չեն վկաների կամ ամբոխի կողմից: «Դատավորը» կարող է փայլել միայն այն դեպքում, եթե ցեխ շպրտի այն կողմի վրա, ում ուզում են ցեխատված տեսնել նաև մյուսները:Հասարակությունը մարդկանց կույտ է, ով կյանքի կռիվ է տալիս միմյանց հրմշտելով, վիրավորելով կամ կոպտելով, ծաղր ու ծանակի ենթարկելով, քարկոծելով և գլխատելով: Եռանկյունաձև կույտի գագաթին հայտնվելու համար մարդը պետք է ոտնատակ անի մյուսներին, իսկ գագաթին հասնելուց հետո և ներքև չտապալվելու համար էլ պետք է շարունակի ոտնատակ անել:
Մյուսների վրա ցեխ շպրտողները փայլում են միայն իրենց կողմնակիցների առաջ, քանզի կա նաև հակառակ կողմը, ում աչքին իրենք խամրած են երևում: Մարդկային հասարակությունը միշտ էլ անմարդկային է եղել: Մարդու խելքը գնում է մարդուն տապալված տեսնելու համար, քանզի դա արտացոլում է մարդկային կույտի դասավորությունը:
Ոչ ոք ապահովագրված չի ուրիշին ցեխոտելու բերկրանքից և ցեխոտվելու ճղճիմ երևույթից: Մենք բոլորս էլ մեծ խանդավառությամբ դատապարտում ենք նրանց, ովքեր չեն ենթարկվում կամ չեն ուզում ենթարկվել հասարակությանը, և նրանք էլ մեզ են դատապարտում, քանզի մենք չենք կսիում նրանց կարծիքը: Առհասարակ, հասարակությունը մեծամիտ, պահանջկոտ և դատող ամբոխ է, հասարակությունում կուռքերը կարող են մեկ վայրկյանում աստղերի նման մարել ու սկսել վառվել անհիշատակվողները:
Մարդը բարու և չարի խառնուրդ է, որոնց օգնությամբ էլ պահպանում է իր մարդկային ցեղը: Աստծուն նմանվելու համար մարդը նախևառաջ պետք է գտնի այն լրացումը, որով կարող է լցնել չարի թողած դատարկությունը: Սահմանափակ չարությամբ և սահմանափակ բարությամբ օժտված մարդկային արարածը հագենում է միայն չարով և բարությամբ: Այդ իսկ պատճառով է, որ մարդը կարող է և՛ բարի և՛ չար գործեր անել, նա ամենևին զուրկ չի կարող լինել այն արատներից, որոնք բնատուր են և չբուժվող:
երբ աստղը ուզում է իր փայլով նկատելի դառնալ երկնքում, որտեղ շատ աստղեր կան, ապա նա ավելի ուժեղ է փայլում, իսկ մարդը փայլում է, երբ խամրում են մյուսները:
Այդուհանդերձ կարելի է մի քիչ նմանվել աստղերին, քանզի, երբ դու սկսում ես փայլել, մյուսները ակամա խամրում են:
0 comments:
Post a Comment