Monday, January 20, 2014

Հասան Գյուչլու. « Դինքի հայ լինելը դուր չէր գալիս որոշ շրջանակների»

Յոթ տարի առաջ Շիշլիում սպանված պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին այդ թեման արծարվում է թուրքական մամուլի հրապարակումներում: «61 սաաթ» լրատվականի սյունակագիր Հասան Գյուչլուն իր «Հրանտ Դինքը և հարգանքի բացակայությունը» հոդվածում ափսոսանք է հայտնում Դինքի անժամանակ կորստի կապակցությամբ: Ցավով փաստում է, որ Դինքի քաղաքական հայացքները, կենսակերպը, հայ լինելը, Թուրքիայում ապրող լրագրող լինելը դուր չէր գալիս որոշ շրջանակների:

«Դինքն իր գործն իսկապես սիրող, հետևողական, համարձակ կեցվածքով հանդես եկող լրագրող էր»:

Հոդվածագիրը նշում է, որ Դինքի սպանության պատճառը նաև այն էր, որ նրա հոդվածները սխալ կերպ էին ընկալվում: Օրինակ է բերում Դինքի այն խոսքերը, երբ նա կոչ էր արել«թուրքին հանգիստ թողնել և զբաղվել Հայաստանով, որպեսզի հայի երակում թուրքի նկատմամբ թշնամանքով թունավորված արյան փոխարեն հոսի մաքուր արյուն»: Գյուչլուն նշում է, որ սխալ ընկալման և մեկնաբանությունների հետևանքով թունավորված արյունը վերագրվել է թուրքական արյանը, մինչդեռ իրականում խոսքը վերաբերել է այն արյանը, որն ատելությունից ու թշնամանքից է թունավորվում:

«Եթե այդ հոդվածն ամբողջությամբ կարդաք, կտեսնեք, որ թուրքերի դեմ ռասիստական ոչ մի խոսք չկա»,- գրում է Գյուչլուն: Նա ընդգծում է, որ անկախ քաղաքական դիրքորոշումից, կրոնական պատկանելությունից, լեզվից, գույնից մարդու նկատմամբ հարկավոր է հարգանք տածել` հիշեցնելով միջնադարյան թուրք բանաստեղծ Յունուս Էմրեի խոսքը.

«Արարածին սիրեմ Արարիչի շնորհիվ»:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինք սպանվել է 2007թ. հունվարի 19-ին թիկունքից գլխին արձակված 3 հրազենային կրակոցից: Մինչև սպանությունը Դինքը բազմիցս ստացել էր մահվան սպառնալիքներ, բայց խիզախորեն շարունակում էր իր ակտիվ գործունեությունը, բարձրաձայում էր Հայոց ցեղասպանության և Թուրքիայի հայ համայնքի իրավունքներիմասին: Դինքի հուղարկավորությունը ոտքի է հանում հազարավոր մարդկանց, նա դառնում էազատության ու մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշ:

Սպանության գործով դատավարությունը տևում է 5 տարի: Մարդասպան Օգյուն Սամասթը դատապարտվում է 22 տարվա ազատազրկման, իսկ պատվիրատուներից մեկը՝ Յասին Հայալը, ցմահ ազատազրկման: Հրապարակված դատավճռի համաձայն` Դինքի սպանության հետևում չկա որևէ հանցավոր խմբավորում: Դատավճռին իրենց անհամաձայնությունն են հայտնում Դինքի փաստաբանները և ընտանիքը: 2013թ. հունվարին Թուրքիայի հանրապետական դատախազությունը Դինքի գործով դատավճիռը չեղյալ է հայտարարում: Սկսվում է նոր դատավարություն, բայց Դինքի ընտանիքի անդամները չեն հավատում թուրքական դատարանի արդարությանը և հրաժարվում են մասնակցել դատական նիստերին:

Իր վերջին հոդվածի մեջ Հրանտ Դինքն իրեն նմանացրել էր մի աղավնու, որը միշտ ստիպված է զգոն լինել վտանգից խուսափելու համար։ «Բայց ես չեմ սարսափում, քանի որ այս հասարակության մեջ աղավնիներին չեն կրակում»,- գրել էր Դինքը:

Աղբյուրը` ermenihaber.am

1 comments:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic