Թարգմանությունը՝ Լիլիթ Աղաջանյանի,
Կենդանի օրգանիզմները զարգանում են, բարդանում, դառնում են բազմազան, բայց նրանց հիմքը մնում է անփոփոխ: Երբ գիտակցության որոշակի փուլը նվաճվում է, լսվում է ճիչ: Նրանից է սկսվում պոեզիան: Հոդաբաշք խոսքը՝ նույնպես:
Պոետիկ առաջին թրթիռը սկզբաց սկզբին դիմելն է: Այսինքն՝ տառապանքին:
Տառապանքի տարատեսակներն, անշուշտ, արժանի են հետաքրքրության, բայց դա չէ կարևոր: Ցանկացած տառապանք հարմար է, ցանկացած տառապանք լավ է, ցանկացած տառապանք պտուղ է տալիս, ցանկացած տառապանք հենց ինքը՝ աշխարհն է:
Մեկ տարեկան Անրին կեղտոտ տակդիրով պառկած է գետնին. նա ճչում է: Մայրը, կրունկներով թմբկահարելով սալահատակը, կրծկալի ու կիսաշրջազգեստի որոնումներով անցնում է մոտով: Նա ժամանակ չունի` ուշանում է հանդիպումից: Իր կեղտի մեջ գետնին թավալավող այդ փոքրիկ ճչացող էակը է հունից հանում է մորը: Վերջինս էլ է սկսում գոռալ: Անրին ավելի է խրվում: Մայրը հեռանում է:
Անրին պոետ դառնալու հրաշալի շանս ունի:
Մարկը տաս տարեկան է: Նրա հայրը հիվանդանոցում մեռնում է քաղցկեղից: Ռետինե փողրակներով կապկպված այդ կիսադիակը նրա հայրն է: Միայն տառապանք ու վախ արտահայտող հայացքն է դեռ կենդանի: Մարկը նույնպես տառապում է: Նա էլ է վախենում: Նա սիրում է հորը, բայց սկսում է ցանկություն առաջանալ, որ նա հնարավորինս շուտ մեռնի, և Մարկը դրա համար մեղադրում է իրեն:
Մարկը պետք է աշխատի: Իր մեջ նա պետք է զարգացնի տառապանքի հատուկ ու բավականին արդյունավետ տեսակ` Մեղքի Սուրբ Զգացումը:
Միշելը տասնհինգ տարեկան է: Երբեք աղջկա հետ չի համբուրվել: Նա ուզում է պարել Սիլվիայի հետ, բայց Սիլվիան պարում է Պատրիսի հետ, և պարզ երևում է` նրան դա դուր է գալիս: Միշելը խարացել է. երաժշտությունը ներխուժել է իր էության ամենախորքերը: Այդ դանդաղ ու հրաշալի արտակարգ գեղեցկության ֆոքստրոտ է, : Նա չէր էլ պատկերացնում, որ հնարավոր է տառապել այդքան ուժեղ: Նրա մանկությունը մինչ օրս երջանիկ էր:
Տառապանքից քարացած իր հոգու մեջ տեղի ունեցածի ու հրաշալի երաժշտության կոնտրաստը Միշելը երբեք չի մոռանա:
Տղան ճիշտ ուղղությամբ է զարգանում:
Աշխարհը կազմված է տառապանքից, որովհետև նա իր հիմքում ազատ է: Տառապանքը համակարգի մասերի ազատ փոխգործակցության անհրաժեշտ հետևանքն է: Դուք պետք է դա իմանաք և խոսեք դրա մասին:
Ձեզ չի սպառնում տառապանքը նպատակ համարելը, որին պետք է ձգտել: Տառապանքը կա, հետևաբար, չի կարող լինել նպատակ:
Ցավ ցավի հետևից տալով` կյանքը հերթագայում է նենգամտությունն ու բաց դաժանությունը:
Պետք է դրանք ճանաչել: Վարժվեք: Սեփական փորձով մինչև վերջ ուսումնասիրեք այդ ձևերը: Հասկացեք, թե ինչ տարբերություն կա դրանց մեջ, և ինչն է դրանց ընդհանրությունը: Այդ ժամանակ շատ հակասություններ իրենք իրենց լուծում կստանան: Ձեր խոսքերին դա կավելացնի ուժ ու խորաթափանցություն:
Ժամանակակից դարաշրջանի առանձնահատկությունից սիրո դրսևորումները գործնականում հավասարեցված են զրոյի: Բայց սիրո իդեալը չի փոխվել: Ինչպես ցանկացած իդեալ, այն, գտնվելով ժամանակից դուրս, չի կարող ոչ փոխվել, ոչ էլ անհետանալ:
Այստեղից էլ իդեալի ու իրականության անհամապատասխանությունը, ճչացող անհամերաշխությունը, տառապանքի ամենահորդ աղբյուրը:
Ամեն ինչ որոշվում է պատանեկության շրջանում: Եթե դուք սիրո մասին մի այնպիսի պատկերացում եք կազմել, որը թեկուզ շատ չնչին չափով մոտ է իդեալին, ազնիվ է ու վսեմ, դուք կորած եք: Ձեզ արդեն ոչինչ չի փրկի: Ձեզ համար միշտ քիչ կլինի այն, ինչ կա:
Եթե դուք չեք հանդիպում կանանց հետ(այն պատճառով, որ ամաչկոտ եք, տգեղ և այլն), կարդացեք կանացի ամսագրեր: Դա ձեզ կապահովի տառապանքի գրեթե նույն կրակը:
Մինչև վերջ զգալ սիրո բացակայության ողջ անսահմանությունը: Ատելությունն ինքդ քո հանդեպ դարձնել պաշտելի: Քո հանդեպ ատելությունը ուրիշների հանդեպ արհամարհանք է: Ուրիշների հանդեպ ատելությունը քո նկահմամբ արհամարհանք է։ Ամեն ինչ խառնել: Ընդհանրացնել: Ցանկացած իրավիճակոմ նախօրոք համարել քեզ պարտված: Աշխարհը նման է դիսկոտեկի: Կուտակել հիասթափություն. որքան շատ, այնքան լավ: Սովորել լինել պոետ, նշանակում է մոռանալ, թե ինչպես ապրել:
Կարող եք սիրել կամ ատել ձեր անցյալը, բայց այն միշտ պետք է լինի ձեր աչքի առաջ: Ինքդ քո մասին պետք է հասնես ամբողջական ճանաչման: Այդ ժամանակ, ձեր խորքային «ես»-ը կառանձնանա ու կսողա դեպի արևը, իսկ մարմինը կմնա` ուռած, այտուցված, գրգռված… պատրաստ նոր տառապանքների:
0 comments:
Post a Comment