Friday, January 10, 2014

Անրի Գրիգորյան | ԲԻԼ ԵՐԿԻՆՔ

Երբ Բիլը գիտակցեց, որ փակվել է մռայլ սենյակում, տագնապը համակեց նրան, ու սիրտը սկսեց այնքան արագ խփել, որ կարծես ուր որ է դուրս էր թռչելու հրազենի գնդակի պես: Հուսահատ դիպչում էր պատերին, շոշափում, հոտոտում էր պատերը. ոչ մի ելք չկար: Միակ ելքը ծանր ու համր երկաթե դուռն էր, որը պինդ փակված էր դրսից, ուստի կոտրել նրա համառ համրությունն ու ծանրությունը հնարավոր չէր:

Դրսում նա հաճախ էր իրեն մենակ զգացել, բայց փակված միայնությունը ավելի սարսափելի թվաց, քանի որ նրանից պատսպարվելու ոչ մի միջոց չկար:
Նա հիշեց մոր խոսքերը՝ նեղն ընկած պահին չպիտի կորցնես ինքնատիրապետումդ, այլապես այդ վիճակից երբեք դուրս չես գա, ու փորձեց հանդարտվել: Կուչ եկավ մի անկյունում ու ականջ դրեց սրտի տրոփին: Ահաբեկված սիրտը մեկ այնքան արագ էր խփում, որ ասես ճայթյունով դուրս է պրծնելու, մեկ էլ՝ այնքան դանդաղ, որ կարծես ուր-որ է կքարանա ու կլռի:
Բիլը վախվխելով հայացքը նետում էր մի պատից մյուսը, մի անկյունից մյուսը, մի կետից մյուսը, մեկ՝ առաստաղին ու մեկ՝ հատակին: Մարմինը դողդողում էր, շուրթերը կափկափում էին, արցունքը կաթկթում էր աչքերից: Ախր մայրը միշտ զգուշացնում էր նրան, որ հեռու տեղ չգնա, չխաղա կասկածելի վայրերում: Իսկ ինքը հրապուրվելով բանվորների նավակ հիշեցնող թղթե գլխարկներով՝ առավոտից քարշ էր գալիս նրանց հետևից: Բանվորները կերակրեցին Բիլին, կատակեցին ու խաղացին հետը: Հետո Բիլը թափառում էր մի սենյակից մյուսը. բանվորները ամեն տեղ ներկում էին պատերը, քանդում ու կառուցում էին:Այս մի սենյակում ոչ ոք չկար: Անպատուհան, փոշեկոլոլ սենյակ էր, որտեղ ոչ մի բանվոր երևի ոտք չէր դրել: Բիլը այն է ուզում էր դուրս գար սենյակից, երբ բանվորներից մեկը՝ նրան չնկատելով, դուռը փակեց: Բիլը ճչում էր, աղաղակում, հարվածում ու ճանկռոտում դուռը, բայց նրան լսող չեղավ… Իսկ հիմա դրսից ոչ մի ձայն չէր լսվում, երևի բանվորները արդեն տուն էին գնացել:
Մի՞թե կմեռնեմ այստեղ, մտածում էր Բիլն ու հուսահատ աչքերը հառել առաստաղին:
Հիմա այնտեղ՝ դրսում, բիլ երկնքի տակ թռչուններն ու մարդիկ լող են տալիս օդում, թևերը լայն բացած գլխակորույս նետվում երկնքի մի պատից մյուսը, մի անկյունից մյուսը, մի կետից մյուսը, մեկ իջնում են ծառերին, մեկ մոտենում երկնքի առաստաղին:
Թռչուններն ու մարդիկ այնքան նման են միմյանց, բայց երբ թռչունները հանգիստ նստում են ծառերին, հանկարծ, որտեղից որտեղ մի որսորդ է հայտնվում ու կրակում նրանց վրա. թռչունները պոկվում են ճյուղերից ու պատսպարվում երկնքում: Թաքստոցից նայում են ներքև ու տեսնում, որ նրանցից մեկն ընկած է երկնքից հեռու. մեռնողը ծանր մարմնի տակ զգում է սեփական արյունից տաքացած փշոտ հողը, նրա աչքերից ծիկրակում է երկինքը, նա հպարտ տնկում է կտուցը, թևերը չի զգում, ուստի գիտակցում է, որ մեռնելու ժամանակն է, ու մեռնում է որսորդի նուրբ, մոմե ձեռնափի վրա:
Անկյունում կուչ եկած Բիլը հայացքը աննպատակ պտտում էր խավարի մեջ: Նա փորձում էր հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի՝ իրեն կգտնեն ու կփրկեն: Հենց հավատում էր դրան՝ թեթևություն էր զգում, համարձակ սկսում էր ճեմել սենյակում: Բայց հանկարծ հավատը անհետանում էր ուր-որ, ու տագնապը նրան նորից առնում էր իր զորեղ թևերի մեջ: Բիլը զարմանում էր, թե ինչու է հավատը այդքան փխրուն: Հեշտությամբ կարող է գա՝ լցվել սրտիդ, մարմնիդ, գլխիդ, մազերիդ մեջ, թվում է՝ փրկությունը այնքան մոտ է, բայց հանկարծ հավատը փշրվում, փոշիանում է, ու նորից զգում ես, թե որքան անելանելի վիճակում ես հայտնվել:
Մի՞թե կմեռնեմ այստեղ, նորից մտածեց Բիլը, հիշեց անցյալ տարվա պատերազմն ու ավելի սարսափեց: Նա պատերազմին չի մասնակցել: Պատահական ծառի տակ կուչ եկած, երկյուղած աչքերով հետևում էր թռչուններին, որոնք հիմա պատսպարվում էին ծառերի ներսում, քանի որ երկնքի հանգիստը հիմա խանգարվում էր ռազմական ինքնաթիռների երամներից: Թռչուններն ու մարդիկ թաքնվում էին տերևների հետևում, որոնք երբեմն թրթռում էին նրանց ցնցվող մարմիններից:
Բիլը նստում էր ծառի տակ ու տխրամած խորհում, որ ինչ-որ տեղ տղերքը մեռնում էին՝ տեսնելով, թե ոնց է կործանվում գահընկեց մարմինների, արյան լճակների ու հողի շատրվանների մասին միֆը: Տղերքը մեռնում էին՝ զգալով գարեջրի ու պտուկների համը շուրթերին: Տղերքը մեռնում էին՝ երկնքից հեռու, արնաքամ մարմինների տակ զգալով սեփական արյունից տաքացած հողը, ու նրանց մտքերը հետզհետե փոքրանում էին, կծկվում էին, դառնում փոքրիկ բառեր՝ մայր, քույր, տուն, փայտ:
Բիլը նայում էր երկնքին, որը այդքան կապույտ երբեք չէր եղել, իսկ արևը՝ այդքան դաղող: Բիլը լիզում էր ձկան ողնաշարը՝ զգալով ջրաբույսերի համը, քանդում էր ձկան գլուխը՝ մերկացնելով նրա հուշերը գիշատիչների լուռ աչքերի, ջրահարսերի սառը ստինքների ու ալիքների ճողփյունի մասին, բզկտում էր ձկան մարմինն ու ինչ-որ ցավ էր զգում, որը չէր թողնում՝ օղակել էր սիրտն ու սեղմում էր: Բիլը գրկում էր ծառը՝ հրճվելով այն մտքից, որ նրա արմատները թաղված են խորը՝ վտանգված երկնքից հեռու:
Բիլը այդպես էլ չմոռացավ այդ տղերքին, քանի որ նրանք միասին ապրում էին այդ ամառն ու ապրելու էին նաև հետո: Բիլը երբեք չէր տեսել նրանց, բայց չէր մոռանում նրանց դեմքը: Ու հիմա, երբ փակված էր մութ սենյակում, նրանց դեմքը գալիս կանգնում էր աչքի առաջ. դեմք՝ լայն բիբերով, թմրած շուրթերով, սփրթնած այտերով, երկնքին կպած աչքերով, սառը ճակատով ու սև, բայց ծերացած թրաշով:
Մի՞թե կմեռնեմ այստեղ, նորից մտածեց Բիլն ու անհանգիստ շրջեց սենյակը՝ խարխափելով խավարի մեջ, ցնցելով բոլոր փոշեհատիկները, որոնք դանդաղ իջնում էին նրա աչքերին ու խառնվում արցունքներին: Հետո ակնդետ հայացքը պտտում էր առաստաղի վրա, որ գոնե մի բան նշմարի, հույսի մի հատիկ, որ ագահորեն վրա պրծնի ու կուլ տա: Բայց շուրջը մարդակուլ խավար էր ու գարշահոտ… Բիլը քսվում էր պատերին, կարծես որևէ ծվարած անցք փնտրելով, մի նեղլիկ անցք, որը նրան նորից կմերձեցներ դրսի աշխարհի հետ:
Բիլը հիշեց իր պատանի ընկերոջը՝ Հենրիին, որը հաճախ խաղում էր իր հետ ու ինչ ասես պատմում ու վստահում էր նրան:
-Ավտոբուսում կողքիս նստած՝ նա ցավակցում էր ինչ-որ մեկի մահը,- մի անգամ պատմում էր նա Բիլին,- Բիլ… նրա մահը այրեց թուշս… Ամեն անգամ սափրվելիս, տեսնում եմ, որ նրա մահը դեղին սպի է դարձել թշիս… Ամեն անգամ սափրվելիս, սափրում եմ նաև նրան… Իմ թրաշը միշտ նույն երկարությունն է ունենում, իսկ նրանը… նրա՜նը, Բի՛լ, ամեն անգամ ավելի ու ավելի երկար է լինում… Ձգվում է նրա մորուքը… գալարվում դեղին օձի պես… փաթաթվում բոլոր տռզած ավտոբուսներին ու պարանի տեսք ընդունած կախաղան հանում վշտերը… ավտոբուսներում պարփակված վշտերը… Ամեն անգամ սափրվելիս ես մտածում եմ, որ մորուքս մի օր կծերանա… իսկ նրանը… նրա՜նը, Բի՛լ, միշտ կմնա նույնը… սև ու սարսափելի երկար… Քսան, քսան, քսան… Փայտփորիկը կտցում է վայրկյանում քսան անգամ… Քսան, քսան, քսան… Նա ընդամենը քսան էր, Բի՛լ…
Բիլը լսում էր նրան ու տմբտմբացնում գլուխը՝ տխրամած դեմքով, կարեկցանքով լի աչքերով, իսկ մտքում ծիծաղում էր Հենրիի վրա, որի փոշեպատ աչքերից հոսում էր արցունքը՝ հավաքվելով բերանի անկյուններում:
-Հենրի, բա ի՞նչ կասես էն տղերքի մասին, ովքեր մեռնում էին գարեջրի ու պտուկների համը շուրթերին, բա գիտե՞ս՝ ինչ է զգում թռչունը, երբ հրացանի կրակոցից պատսպարվում է երկնքում, երբ կրծքում թեժ գնդակի ծանրությունից ընկնում է գետնին՝ առաջին անգամ սեփական մարմնի վրա զգալով մոլորակի ձգողական ուժը…
Հենրին ժպտաց՝ նրա ժպիտը նմանվեց ջրափոսում կծկված արևին:
-Բա ձո՞ւկը,- շարունակեց Բիլը,- ձո՜ւկը, որի գլուխը քանդում են, քրքրում ու ուտում ծովի բազմաթիվ շերտերի մասին նրա հիշողությունները… Հը՞, Հենրի… ո՞նց ես, ա՛յ տղա… թեթևացա՞ր… հա՞…
Իսկ ի՞նչ կլինի Հենրիի հետ, եթե ես… Ախր նա ամեն ինչ սրտին այնքան մոտ է ընդունում… Բիլը վեր թռավ տեղից ու տագնապահար շրջեց սենյակը՝ մեկ անգամ ևս տնտղելով պատերը: Հետո կուչ եկավ սենյակի մեջտեղում: Նրան թվում էր, թե չորս կողմից պատերը անշտապ մոտենում են իրեն. կսեղմեն, կտրորեն նրա մարմինը, նա շունչը կփչի, ու ոչ ոք չի իմանա, թե որտեղ է անհայտացել ինքը: Բիլը ցնցվում էր տեղում:
Հանկարծ ինչ-որ շրշյուն լսվեց, որին հաջորդեց միալար, կարճատև աղմուկ: Բիլը վախվորած աչքերով նայեց վերև. անկյունից լույսի նեղ շերտ ձգվեց սենյակ՝ փռվելով հատակին: Հավանաբար անցքը խցանված էր հողով, ու մի անզգույշ թռչուն վերևից տեղաշարժեց այն:
Բիլը հենարան գտնելով ոտքերի տակ՝ մի կերպ հասավ անցքին: Անցքը այնքան էլ նեղ չի, ինքն էլ փոքրամարմին տղա է, գուցե կարողանա անցնել նրա միջով: Գլուխը անցավ անցքից. թարմ օդը գուրգուրեց դեմքը: Իսկ ահա մարմինը խցանվեց անցքի մեջ: Ամեն ճիգ գործադրեց մարմինն էլ ազատելու համար, բայց ապարդյուն: Անցքը շատ նեղ էր՝ մարմինը առաջ չէր գնում:
Դրսում ոչ ոք չկար: Նրա գլուխն էլ այնքան փոքր էր, դժվար թե մեկը հեռվից նկատեր նրան: Բիլը ճչում էր, աղաղակում, բայց ոչ ոք այդպես էլ չարձագանքեց:
Բիլը որոշեց վերադառնալ սենյակ: Սակայն հայացքը սուզեց բիլ երկնքի մեջ… ու մնաց տեղում… Անիմաստ էր վերադառնալ գարշելի սենյակը, երբ այստեղ, թեկուզ խցանված ու անշարժ, նա տեսնում էր երկինքը, որը կարծես փլվում էր գլխին, փշրվում մանր-մունր մասերի, հետո դանդաղ հավաքվում ու կրկին բարձրանում ու տարածվում գլխավերևում: Բիլը ճպճպացնում էր աչքերն ու նորից տեսնում անհասանելի, անծայրածիր երկինքը, որտեղ ամպի մի կծիկ անգամ չէր գլորվում: Միայն հայելանման մակերևույթին հատուկենտ շարժվում էին սև կետերը՝ թռչունները… Սա հենց այն էր, ինչ իրեն պետք էր… Եթե այսպես մեռնի՝ աչքերը բիլ երկնքին հպած, սա թերևս այդքան էլ սարսափելի մահ չլինի… Հիմա էլ մենակ էր, բայց երկինքը միայնությունից փախչելու միջոց էր…
Մարմնի մեջ արյունը դժվարությամբ էր հոսում, անցքի պատերը շատ էին սեղմում… Հետզհետե բոլոր տհաճ զգացողությունները անհետանում էին… Իսկ մտքերը փոքրանում էին, կծկվում էին, դառնում ընդամենը փոքրիկ բառեր՝ մայր, քույր, տուն, փայտ…
-Բիլ, ո՞ւմ ես ավելի շատ սիրում՝ մո՞րդ, թե՞ հորդ:
-Հորս սպանեցին, նրան չեմ հիշում, ուրեմն մորս:
-Բիլ, տուն ունե՞ս:
-Փոքրիկ տուն:
-Քո՞ւյր, եղբա՞յր:
-Քույր: Տան համար միասին փայտ էինք հավաքում:
Հենց աչքերը փակվում էին, Բիլը սարսափահար իսկույն բացում էր, քանի որ փակվում էր նաև երկինքը: Բիլը չռում էր աչքերը՝ քշելով երկնքի վրա ընկած ստվերները: Բիլը դնչով հենվեց անցքի բերանին ու հայացքը հառեց բիլ հորիզոնին: Նա մարմինը այլևս չէր զգում: Վերջին միտքը հսկայական խատուտիկի մասին էր, որը գալարվում, պորտապար էր պարում հեռվում:
Երկինքը մոխրագույն էր դարձել, երբ ինչ-որ մեկը բռնեց նրա ոտքերից ու զգույշ քաշեց ներքև: Բիլը չէր հասկանում, թե ինչ էր տեղի ունենում: Նա կրկին տեսնում էր մոխրագույն երկինքն ու ոտնաձայներ լսում: Հետո ունկերը լցվեցին զվարթ ձայնով. ձայնը ինչ-որ բան էր պատմում, անհնար էր տարբերել բառերը:
Հետո ջրի սառը կաթիլներ ցողացին գլխին, Բիլը չռեց աչքերն ու շուռումուռ եկավ բանվորի կոշտ ու կեղտոտ ձեռնափի վրա: Երբ գիտակցեց տեղի ունեցածը, սկսեց տենդագին ինչ-որ բան պատմել բանվորին, թեև ինքն էլ չէր հասկանում արտաբերած բառերը: Բանվորը բարձրացրեց ձեռքն ու Բիլի մարմինը նետեց դեպի երկինք: Բիլը բացեց թևերը, ճվճվոցով մի պտույտ գործեց բանվորների գլխին ու խատուտիկի պես հալվեց երկնքի մակերևույթին:

1 comments:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic