Sunday, January 26, 2014

Միջակությունը՝ գովելի տեսակ

Լիանա Ամիրխանյան, 
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան: 

Անգամ զարգացած հասարակությունները բախվում են մի ամենակուլ խնդրի` արժեքային ճգնաժամի: Հոգևոր մշակույթին փոխարինելու է գալիս նյութականը, այն որ կոչված է բավարարելու միայն մարդկային հիմնական բնազդները: Նման իրավիճակներում հասարակության առավել պնդաճակատ ներկայացուցիչները կարողանում են գտնել իրենց տեղը: Նրանց միակ ու կարևոր նպատակն է շարունակել սեփական տեսակը, մնալ ջրի երեսի վրա:
Մարդկության մեծամասնությունը միաձայն ուզում է ամեն ինչին տիրանալ և լինել «ամենա – ամենա» - ն ` առավել բոլորից, սակայն ոչինչ անգամ չի անում դրան հասնելու համար: Չեմ ժխտում, նյութականն էլ իր հերթին է կարևոր, սակայն ու՞մ է պետք նյութականը, եթե դիմացինդ քեզ կեղծ է վերաբերվում: Ո՞ւմ են պետք փողերը, տները, շքեղ հագուստները, եթե ներքինումդ ոչինչ չկա… Շատ անգամ, երբ մենք դուրս ենք գալիս մեր հնարավորությունների շրջանակից, բոլորը սկսում են քննադատել մեզ, չգնահատել մեր կարողությունները: Դրանից հետո թեթևամիտ ենք դառնում և անպատասխանատու…. Սակայն թեթևամտությամբ չես կարող գոյատևել: Կյանքի իմաստը հասկանալ մեզ չի տրված, քանզի այն անիմանալի է, մեզ մի բան է հայտնի. մենք նետված ենք այս աշխարհ, որպեսզի կատարելագործվենք: Մեզ տրված են հնարավորություններ, որոնք օգտագործելով մենք պետք է գոյատևենք, քանի դեռ մեր ուժերը կբավականացնեն: Պետք է բացահայտել կյանքի գերագույն իմաստը, նշանակությունը և երբեք չպետք է մոռանանք դա… Պետք է սովորենք, ճանաչենք, հայտնագործենք, ազատ լինենք…

Պատկերացրեք… Քանի – քանի կյանք պիտի ապրենք, մինչև կհայտնվի աղոտ ենթադրություն, որ կյանքը չի սահմանափակվում ուտելիքով, պայքարով և հասարակությանը իշխելով: Հազարավո~ր… Իսկ հետո ևս հարյուր կյանք` մինչև կսկսենք հասկանալ, որ գոյություն ունի կատարելություն կոչվածը, և էլի հարյուրը` մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելության հասնելն է և մյուսներին դրա մասին պատմելն է:

Եթե ոչինչ էլ չանենք այս կյանքում, հաջորդ աշխարհը կթվա նույնը, և ստիպված կլինենք հաղթահարել նույն արգելքները և դժվարությունները` ձեռքերից կախված նույն ծանր, կապարե գնդերով: Պետք է կյանքում գործել արագ… Արագությունը հզորություն է, արագությունը երջանկություն է, արագությունը չխամրած գեղեցկություն է…

Մեր կյանքում պետք է թռչենք… Որքան բարձր թռչենք, այնքան հեռու կտեսնենք… Պետք է ձգտենք երկնքին` կատարելությանը, իսկ ով չի ուզում, կանգնած կմնա գետնին, կկռվի իր նմանների հետ:

ՍՈՎՈՐԵԼ, ՁԳՏԵԼ, ԱՊՐԵԼ…. Սա է դարձել իմ կարգախոսը, որը ինձ ուղեկցում է և օգնում ամենուր….

1 comments:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic