Friday, January 24, 2014

Սեփական տեսակետի բացառիկության սիմպտոմ

Վիկա Մարկոսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Սա տիեզերքն է: Մեզ հայտնի միակ տիեզերքը: Մոլորակներ ունի…Իրար նման կլոր գնդեր: Նման են չէ՞: Նման են:

Երկիր մոլորակ: Աշխարհամասեր, երկրներ… Թվում է՝ տարբեր են, հետաքրքիր, մեկը մեկից տարօրինակ: Բայց իրականում իրար նման են: Նույն հողի, մոլորակի վրա կառուցված, նույն շենքերը, թեկուզ և տարբեր լուծումներով: Ախր նման են:
Ազգեր, մշակույթ: Տարբեր չեն այնքանով, որ բոլորն էլ ազգ ու մշակույթ են կոչվում:
Մարդիկ… Կասես տարբե՞ր են: Չէ: Նման են: Այ, տես, թեկուզ հենց ֆիզիկապես: Երկու ոտք, երկու ձեռք… Ու ամեն ինչից զույգ զույգ: Մի բերան, քիթ: Ինչ կուզես, ասա, միևնույն է, նման են: Կարծիքնե՞րը: Գուցե նրանք կարողանում են տարբեր կերպ արտասանել այն՝ տարբեր լեզուներով, ձևակերպումներով: Բայց միևնույն է՝ երկու կարծիք կա՝ «այո» ու «ոչ»: Հա, չե՞ս նկատել, որ «այո»-ն ու «ոչ»-ն էլ իրար նման են: Էլի ձևակերպման հարց է:
Հականիշները իրականում հականիշ չեն, այլ հոմանիշ: Ընդհանրապես՝ հականիշներ չկան:
Ամեն ինչ ու բոլորը իրար նման են, տարբեր ձևակերպում-ձևերով միայն:

Բայց ճի՞շտ եմ ասում: Արի մտածենք:

Տես, սա տիեզերքն է, մեզ հայտնի միակ տիեզերքը աշխարհում: Իսկ սրանք մոլորակներն են: Հա՜, ի՞նչ անեմ, որ բոլորին էլ «մոլորակ» են կոչում, տարբեր են չէ՞: Այնքանով, որ մեր իմացած միակ տեսակի մարդիկ ապրում են երկրում, որ էստեղ ջուր կա, որ կա կարմիր մոլորակ, այնքանով, որ… թեկուզ չափսերին ու դրանց կատած աշխատանքին նայիր: Տարբեր են:
Եկանք երկիր: Աշխարհամասեր, քաղաքներ: Մի տեղ ամառ, իսկ մյուսում միշտ ձմեռ է, էստեղ ծովը իր մեջ կրում է երկնքի արտացոլումը, իսկ այ էստեղ սառույց է, որը մոտական հարյուրամյակում դժվար թե հալվի: Ասում էինք նման են…
Ազգերն ու մշակույթը: Գիտե՞ս, նախորդ տեսակետից մի քիչ պետք կգա: Նույն տարածաշրջանում ապրողները, չնայած հսկայական տարբերություններին, նմանություններ էլ ունեն: Բայց միևնույն է՝ տարբեր են, շատ տարբեր:
Վերջապես մարդիկ: Արդյո՞ք իրար նման են նրանք:
Արդյոք ես կամ դու նման ենք Էյնշտեյնին, Բախին: Արդյո՞ք դու Նապոլեոնն ես, իսկ ես… Ժաննա դը Արկը: Հա, կարող էիր/ես լինել, բայց փաստն այն է, որ չես: Դա բնավ էլ վատ չէ: Չէ՞ որ դու հենց դու ես: Ինչո՞ւ փորձել նմանվել նրանց, հետո ի՞նչ որ հանճար էին: Դու կարող ես մի քիչ բնական, անկեղծ լինել ու կստացվի այն, ինչ նրանց մոտ ստացվեց (մի քիչ ավել, կամ պակաս գուցե): Բայց արդյո՞ք տեսել ես մեկին, ով քո աչքերից ունի, էդքան գեղեցիկ/տգեղ է, որքան դու, ունի առանց բացառության նույն կարծիքը: Եթե գիտես, ցույց տուր լա՞վ, նախորդ տեսակետս մասամբ կհաստատվի: Բայց նախորդը իմ տեսակետը չէր: Ուղղակի գրում էի այս մեկը (որը իրականում իմն է) ընդգծելու, հաստատելու համար:
Ուրեմն, ըստ իս՝ երբ մարդ ծնվում է, նա ունի բոլոր նախադրյալները բոլորից տարբերվելու, իրեն հարազար արժեքներ ստեղծելու համար: Երբ երկիրը կառուցվում է, պիտի տարբերվի հենց իրեն կառուցող ժողովրդով, որից յուրաքանչյուր մեկը արդեն քիչ թե շատ «կառուցել է» իր եսը: Երբ աշխարհի ընդհանուր պատկերը գծենք, կտեսնենք, որ իրար նման ոչ մի կետ չկա էստեղ: Բնությունը տարբեր է, մարդը՝ բնության մի մասնիկ:
Տիեզերքն էլ մոռացանք: Դե՜… տարբերվելու խնդիր չունի, միակն է:

1 comments:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic